Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Վագինիզմը որպես անպտղության պատճառ

Սևադա Հակոբյան
Առողջապահության ազգային ինստիտուտ, Մարդու վերարտադրողականության ամբիոն (Երևան, ՀՀ)

Ամփոփագիր

Հետազոտության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ առկա է սերտ փոխկապակվածություն սեռական կոստիտուցիայի և վագինիզմի միջև: Որքան ցածր է սեռական կոնստիտուցիան, այնքան արտահայտված են դեպրեսիան և հոգեբանական ու նևրոտիկ խանգարումները, որոնց հետևանքով նաև վագինիզմի արտահայտվածությունը: Վագինիզմով կանանց մոտ անհաջող սեռական հարաբերության փորձը խորացնում է նրանց սեքսուալ խնդիրները և միաժամանակ անդրադառնում նրանց զուգընկերների էրեկտիլ ֆունկցիայի վրա: Պետք է փաստել, որ տևական ժամանակով վագինիզմով տառապող զույգերի մոտ, ինչը սեքսոլոգիայում անվանվում է նաև կուսական ամուսնություն (վիրգոգամիա), արձանագրվում են սեքսուալ ֆունկցիայի այլ խանգարումներ, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում և բացակայություն, ուշացած կամ դժվարացած սերմնաժայթքում: Անպտղությամբ կանանց մոտ փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումները հանգեցնում են կանանց սեքսուալ ֆունկցիայի փսիխիկ կարգավորման խանգարման: Այդ ժամանակ արձանագրվող վախը, տագնապը, անվստահությունը, անհաջողության սպասումը կարող են հանգեցնել կնոջ սեռական ցանկության նվազման կամ բացակայության և գրգռման փուլի՝ լյուբրիկացիայի խանգարման:
Հիմնաբառեր. Վագինիզմ, էրեկտիլ դիսֆունկցիա, անպտղություն, սեքսուալ խանգարում

DOI 10.54235/27382737-2024.v4.2-25