Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

Մեր մասին

Պատմության շրջադարձային բոլոր փուլերում, երբ քաղաքական և տնտեսական ղեկը փոխանցվել է նախորդ դասից՝ նոր, առավել առաջադեմ դասին, տեղի է ունեցել մշակութային վերելք: Հայաստանում ևս անցումային տարբեր փուլեր ուղեկցվել են մշակութային ու գիտակրթական ոլորտների զարթոնքով ու զարգացմամբ:

Նույնիսկ նախորդ դարի՝ 1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո, ձեռք բերելով անկախություն, Հայաստանը սկսեց հետզհետե ոտքի կանգնել: Հարյուրամյակներ անց վերականգնված ազգային պետությունը հնարավորություններ ստեղծեց գիտության, արվեստի, մշակույթի և բժշկության զարգացման համար:

Հայկական բժշկագիտության զարգացման մեջ իրենց մեծ ավանդն ունեցան Եվրոպայում ու Ռուսական կայսրությունում կրթություն ստացած և մասնագիտական կարիերան սկսած հայ գիտնականներն ու բժիշկները: Նրանց նախաձեռնությամբ էր տեղի ունենում նաև բժշկական հրատարակչությունը, այդ թվում նաև հայերենով:
Հայալեզու բժշկական գրականությունը միշտ էլ ունեցել է իր ընթերցողն ու հրատարակվել է աշխարհի տարբեր երկրներում: Տարբեր աղբյուրների հավաստմամբ՝ նախորդ դարասկզբում հրատարակվում էր շուրջ 30 հայկական բժշկական պարբերական, հրատարակման բավականին լայն աշխարհագրությամբ՝ Կոստանդնուպոլսից (շուրջ 14 պարբերական) մինչև Բոստոն, Կահիրեից ու Ալեքսանդրիայից մինչև Վառնա և Սալոնիկ, Փարիզից մինչև Թիֆլիս ու Բաքու և այլն: Բժշկական հրապարակումների հիմնադիրների շարքում էին հայ անվանի բժիշկ-հայրենասերներ Լ.Տիգրանյանը, Վ.Արծրունին և այլոք:
Խորհրդային Հայաստանում մեծ թափով զարգացան արդյունաբերության, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, բացառություն չէր նաև բժշկագիտությունը:
Բժշկագիտության ոլորտում ավելացավ գիտական ամսագրերի, տպագրված աշխատանքների քանակը, բացվեցին և ակտիվ գործունեություն ծավալեցին գիտահետազոտական ինստիտուտները, քաղաքային ու մարզային բժշկական հաստատությունները: Երևանում հիմնադրվեց Բժշկական համալսարանը, 1963 թվականին հիմնադրվեց Բժիշկների կատարելագործման ինստիտուտը, որը բժշկական կադրերի շարունակական կրթության առաջին դարբնոցն էր: Այդ տարիներին լույս տեսան մի քանի տասնյակ գիտական հանդեսներ ու ամսագրեր: Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում, տպագրվեցին 156 բժշկական գրքեր, որոնցից 59-ը ՝ բժշկական բուհերի ուսանողների համար դասագիրք, 9-ը ՝ բժշկական տեխնիկումների ուսանողների համար, 28 բժշկական ամսագիր, 60 գիտամեթոդական և այլ աշխատանքներ: Հատկանշական է նաև, որ նշված հրապարակումներից 10-ը լույս են տեսել ռուսերեն, իսկ մնացածը՝ հայերեն:
Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանի բժշկական մասնագետներին հասանելի դարձավ հայալեզու մասնագիտական գրականությունը:
Խորհրդային Հայաստանում հասարակարգային փոփոխություններին հաջորդեց կայացման նոր շրջանը՝ Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը: Այս շրջանը ևս ուղեկցվեց օրենսդրական, տնտեսական, գիտակրթական բազմաթիվ բարեփոխումներով: Այս շրջանում Հայաստանն իր առաջին ինքնուրույն քայլերն էր կատարում կայացման ճանապարհին: Անկախության սերունդը կանգնած էր ոչ միայն պետականաշինության, այլև տեխնոլոգիական բուռն զարգացմանը համաքայլ ընթանալու մարտահրավերների առջև:
Ինչպես ապագայի նկատմամբ նոր հույսերով լցված Հայաստանը, այնպես էլ ողջ աշխարհը հայտնվեց լրջագույն մարտահրավերների առջև՝ համավարակ, արտակարգ իրավիճակներ: Ցայտուն դարձավ, որ զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց միասին ու միաժամանակ աշխատելու նմանատիպ խնդիրների լուծման ուղղությամբ՝ արագ տարածելով ձեռք բերած փորձառությունը ունենալով տարածական նոր ընկալումներ:
Միջազգային բժշկագիտական հանրույթը, լինելով այս մարտահրավերների դեմ պայքարի առաջնագծում, անկասկած, մոբիլիզացրեց ու վերագնահատեց իր հնարավորությունները: Սա նոր խթան հանդիսացավ բժշկության մեջ տեխնոլոգիական նոր լուծումների, գիտական հետազոտությունների ավելացման ու նոր ուղղությունների զարգացման համար: Համակերպվելով ու հաշտվելով նոր իրականության հետ՝ անշուշտ, մարդկությունը կքաղի նաև այս էվոլյուցիոն շրջանի պտուղները:
Այսօր թվայնացման ու տեխնոլոգիաների զարգացման գործընթացներն իրենց ազդեցությունն ունեն բժշկագիտության ոլորտի տարբեր ուղղությունների ձևավորման ու զարգացման վրա: Այս գործընթացներն ավելի դյուրին ու արագ դարձրեցին բժշկական վիճակագրության հավաքագրման և վերլուծության պրոցեսները, գրադարանների թվայնացումն ընդլայնեց ու հասանելի դարձրեց ապացուցահեն բժշկական գրականությունը, էլեկտրոնային կրթական հարթակներն ու հեռավար ուսուցման ծրագրերը հնարավոր դարձրեցին ուսումը հեղինակավոր համալսարաններում՝ անկախ ուսանողների աշխարհագրությունից:
Առաջնահերթություն տալով ու գիտակցելով բուժաշխատողների շարունակական կրթության և Հայաստանում բժշկագիտության զարգացման կարևորությունը որակյալ կադրային ներուժի կազմավորման պրոցեսում, վճռականորեն տրամադրված լինելով ինտեգրվելու միջազգային գիտաբժշկական գործընկերության գործընթացներին՝ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) շարունակում է սատարել բժշկական գիտական ներուժի զարգացմանն ու բազմապատկմանը:
Այդ ճանապարհին կարևոր է նաև Հայաստանում բժշկագիտության ասպարեզի աշխատանքների պատշաճ ներկայացման համար ունենալ ավելի մեծ ընտրություն, համապատասխան պատշաճ մակարդակ ապահովող հարթակներ, մասնավորապես՝ գիտական հանդեսներ։ Այդ իսկ նպատակով ԱԱԻ-ի կողմից հիմնադրվեց նոր՝ « Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես»-ը (ԱԲՀՀ), որը լինելու է ԱԱԻ-ի պաշտոնական գիտական պարբերականը։ Ստեղծման նպատակն է ունենալ մի տպագիր հարթակ, որի էջերում տեղ կգտնեն հայաստանյան առողջապահության և բժշկագիտության նշանակալից առողջապահական և գիտաբժշկական աշխատանքներն ու նախագծերը։ Այն կարտացոլի ոչ միայն ԱԱԻ-ի ամբիոնների գիտական ակտիվությունը, այլև հայաստանյան և արտասահմանյան բժշկագիտական միտքը։ Գիտությամբ ապրող այս հանդեսի խմբագրական կազմը վստահաբար նոր շունչ կտա ԱԱԻ գիտական կյանքին։ ԱԲՀՀ-ի խմբագրակազմը խանդավառ մասնագետների թիմ է՝ ի դեմս գլխավոր համախմբագիրներ՝ ԱԱԻ նյարդաբանության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանի և ԱԱԻ պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Դավիթ Աբրահամյանի։ Վերջիններս մարմնավորում են ԱԱԻ գիտական ներուժի սերնդափոխությունը, ունեն բարձր վարկանիշ ունեցող մի շարք միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրվելու և խմբագրելու փորձ։
Հուսով եմ նաև, որ հանդեսը կդառնա տրամաբանական շարունակությունն այն աշխատանքների, որոնք իրականացվել են տասնյակ տարիների ընթացքում նախկինում Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի, իսկ այնուհետև ԱԱԻ-ի կողմից և ուղղված են եղել մեր կրթական և գիտական մտքի զարգացմանը, հայաստանյան բժշկագիտության միջազգայնացմանը։

Ալեքսանդր Բազարչյան
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն