Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Սոցիալական ցանցերից կախվածության և ագրեսիվ վարքի փոխհարաբերակցությունը

Արմինե Հ. Իսկաջյան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, Հայաստան
Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ներածություն. Սոցիալական ցանցերը, լինելով ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասը, հնարավորություն են տալիս շփվել ընկերների և բարեկամների հետ, փոխանակվել տեղեկատվությամբ, կիսվել նորություններով, ինքնարտահայտվել: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերն ունեն իրենց բացասական կողմերը և կարող են առաջացնել կախվածություն (ՍՑԿ)։
Նպատակ. Հոդվածի նպատակն է բացահայտել, թե արդյոք ՍՑԿ-ն կարող է հանդիսանալ ագրեսիվության առաջացման պատճառ։
Մեթոդներ. ՍՑԿ խնդիրը հատկապես անհանգստացնում է ծնողներին, ուսուցիչներին, հոգեբաններին և բժիշկներին։ Վերջիններիս հատկապես անհանգստացնում է դեռահասների կողմից չափից շատ առցանց ժամանակի անցկացումը։ Հետևաբար, հետազոտության համար թիրախային խումբ է ընտրվել 12-17 տարեկան անձինք։ Մասնավորապես, հետազոտությանը մասնակցել է 165 անձ՝ 90 աղջիկ և 75 տղա։ Հետազոտությունն իրականացնելու համար կիրառվել է Յանգի «Համացանցային կախվածության թեստը», հոգեբանական զրույցի մեթոդը, Իլյինի-Կովալյովի «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկան։
Արյունքներ. Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ՍՑԿ-ն դեռահասների շրջանում բարձր է՝ 65%: Հետազոտության մասնակիցները ակտիվորեն կիրառում են սոցիալական ցանցերը շփման նպատակով։ Հետազոտությունը նաև հաստատեց մեր սկզբնական վարկածը. ՍՑԿ ունեցող դեռահասների մոտ ավելի բարձր է անձնային ագրեսիվությունն ու կոնֆլիկտայնությունը՝ ի տարբերություն այն դեռահասների, որոնց մոտ բացակայում է ՍՑԿ-ն։
Եզրակացություն. Այս հոդվածն ունի կարևոր գործնական նշանակություն, քանի որ ՍՑԿ-ն համեմատաբար նոր երևույթ է, և ժամանակակից գիտական գրականությունը այս հարցի վերաբերյալ սակավ է: Բացի դրանից, Հայաստանում ՍՑԿ և արգեսիայի փոխհարաբերակցությունը նախկինում ուսումնասիրված չէ։
Հիմնաբառեր. սոցիալական ցանցեր, ագրեսիվություն, կոնֆլիկտայնություն, դեռահասություն, կախվածություն, համացանց

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-65