The relationship of social media addiction and aggressive behavior
Armine H. Iskajyan
Khachatur Abovyan Armenian State Pedagogical University, Yerevan, Armenia
Yerevan Haybusak University, Yerevan, Armenia
ABSTRACT
Introduction: Social networks, being an integral part of modern life, provide an opportunity to communicate with friends and relatives, exchange information, share news, and express yourself. However, social networks have their downsides and can be addictive.
Aim: The aim of the article is to determine whether social media addiction (SMA) can lead to aggression.
Methods: The issue of SMA is of particular concern to parents, teachers, psychologists, and doctors. The latter are especially concerned about teenagers spending too much time online. Therefore, the target group for the research was 12-17 year-olds. Specifically, 165 adolescents participated in the study: 90 girls and 75 boys. In the conducted research, the “Internet Addiction Test” by Young, the method of psychological interview, and the “Personality Aggressiveness and Conflictuality” methodology by Ilyin and Kovalyov were utilized.
Results: The findings revealed that SMA among teenagers is as high as 65%. Research participants actively use social networks for communication purposes. Additionally, the study confirmed the initial hypothesis: adolescents with SMA exhibit higher levels of personality aggressiveness and conflictuality than those without SMA.
Conclusion: This article holds significant practical importance because SMA is a relatively recent phenomenon, and the current scientific literature on this subject is scarce. Additionally, the relationship between SMA and aggression in Armenia has not been previously examined.
Keywords: social media, aggressiveness, conflictuality, adolescence, addiction, Internet
DOI: 10.54235/27382737-2024.v4.1-65
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ցանցերից կախվածության (ՍՑԿ) խնդիրը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) զարգացող և բնաչության շրջանում մտահոգություն առաջացնող առողջական խնդիր է: Այս հարցը հատկապես անհանգստացնում է ծնողներին, ուսուցիչներին և անչափահասների հետ աշխատող մասնագետներին՝ հոգեբաններին և բժիշկներին։ Վերջիններիս հատկապես մտահոգում է այն փաստը, որ դեռահասները չափից շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ տիրույթում, և անհանգստանում են, որ նման տարվածությունը վիրտուալ աշխարհով կարող է առաջացնել բացասական հետևանքներ՝ հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ, ցածր առաջադիմություն դպրոցում կամշփմանխնդիրներիրականկյանքում:Հետևաբար, ՍՑԿ-ն ունի ուսումնասիրությունների կարիք։ Դեռահասների համար սոցիալական ցանցերի միջոցով հաղորդակցությունը սոցիալական հարաբերությունները պահպանելու կարևոր միջոց է, սակայն չափից շատ կիրառումը կարող է հանգեցնել ՍՑԿ ձևավորման: Մեր օրերում, սոցիալ-տնտեսական իրավիճակից անկախ, դեռահասների մեծամասնությունն ունի սմարթֆոններ (խելախոսներ)՝ համացանցի հասանելիությամբ։ Վերջիններս հատկապես ցանկանում են շփվել և հարաբերություններ հաստատել հասակակիցների հետ, իսկ սոցիալական ցանցերը նրանց հնարավորություն են տալիս կապի մեջ լինել այլ օգտատերերի հետ ցանկացած վայրում և ցանկացած պահի: Բացի դրանից, սոցիալական հարթակները տալիս են «հավանումների», ինչպես նաև կարծիքների արտահայտման հնարավորություն, ինչը կարևոր է դեռահասների համար և ցույց է տալիս, թե որքանով են իրենք ընդունված և սիրված հասարակության կողմից։ Ժամանակակից գիտական գրականությունը, որն անդրադառնում է ՍՑԿ երևույթին, սակավ է, սակայն կան հետազոտություններ տարբեր հեղինակների կողմից, որոնց անդրադարձել ենք։ Սոցիալական ցանցերը վիրտուալ համայնքներ են, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել անհատական հանրային պրոֆիլներ, շփվել իրենց իրական կյանքի ընկերների հետ կամ ծանոթանալ այլ անձանց հետ՝ ըստ ընդհանուր հետաքրքրությունների։ Դրանք դիտվում են որպես
«համաշխարհային սպառողական ֆենոմեն»՝ վերջին մի քանի տարիների ընթացքում օգտագործման աննախադեպ աճով [1]:
Համացանցը լայն տիրույթ է, որտեղ մարդիկ տարատեսակ ակտիվություն են ցուցաբերում։ Հետևաբար, որոշ օգտատերեր կարող են կախվածություն ձեռք բերել որոշակի օնլայն (առցանց) գործողություններից։ Մասնավորապես, բժիշկ Ք. Յանգը, լինելով համացանցային կախվածության և առցանց վարքի փորձագետ, կարծում է, որ համացանցից կախվածությունը կարող է լինել հինգ հիմնական տեսակի [2].
► Վիրտուալ հարաբերություններից կախվածություն. Այս տեսակ կախվածություն ունեցող անձինք իրենց ժամանակի զգալի մասն անցկացնում են հաղորդագրություններ գրելու և պատասխանելու վրա, անդիմադրելի պահանջ են զգում ստուգելու էլեկտրոնային փոստը։ Նրանց համար վիրտուալ ընկերների հետ առցանց շփումն ավելի կարևոր է դառնում, քան իրական կյանքում ընկերների և ընտանիքի անդամների հետ հարաբերությունները։
► Տեղեկատվական կախվածություն. Համացանցում առկա տեղեկությունների առատությունը ստեղծում է վարքային կախվածություն, որը կապված է տվյալների շտեմարանում անվերջանալի փնտրտուքի, տեղեկատվության նպատակային ու աննպանակ որոնումների հետ:
► Համացանցային «նավարկություններ». Սա տարվածությունն է դրամախաղերով և էլեկտրոնային գնումներով: Վիրտուալ խաղատների, ինտերակտիվ խաղերի և առցանց խանութների անմիջական հասանելիության հետևանքով նման կախվածությունից տառապող անձինք կորցնում են հսկայական գումարներ։
► Համակարգչից կախվածություն. Սա ընդգրկում է կոմպուլսիվ աշխատանք համակարգչով՝ ծրագրավորում, վեբ դիզայն, խաղեր կամ համակարգչի հետ կապված այլ գործունեություն:
► Կիբերսեքսուալ կախվածություն. Մեծահասակների համար նախատեսված կայքերի դիտում, նյութերի ներբեռնում կամ մասնակցություն չաթերում (զրուցարաններում):
ՍՑԿ-ն հատկապես վերաբերում է վիրտուալ հարաբերություններից կախվածությունը, քանի որ սոցիալական ցանցերի հիմնական նպատակներից մեկը հաղորակցությունն է և հարաբերությունների պահպանումը։ Թեև պետք է նշել, որ սոցիալական ցանցերը ներկայումս ոչ միայն հաղորդակցության միջոց են, այլև տեղեկատվության փոխանակման միջոց, դրանք իրենցում ներառում են տարբեր խաղային և բիզնես հնարավորություններ, որոնք գրավում են օգտատերերի ուշադրությունը։
ՍՑԿ-ն ներառում է կախվածության
«դասական» ախտանիշները։ Կախվածության հոգեբանության ոլորտում ամենամեջբերված հեղինակներից մեկը՝ Մ. Գրիֆիթսը, նշում է կախվածության հետևյալ ախտանիշները [3].
► Տրամադրության տատանումներ. Կարող է նկատվել տրամադրության կտրուկ բարձրացում և, ընդհակառակը, անկում:
► Գերարժևորում. Սա տեղի է ունենում, երբ որոշակի գործունեություն դառնում է մարդու կյանքում ամենակարևորը և առաջատար դիրք է գրավում նրա մտքում, զգացմունքներում և վարքում՝ դուրս մղելով մնացած արժեքները: Օրինակ, նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ անձը զբաղված չէ տվյալ գործողությամբ, նա միայն մտածում է այն մասին, թե երբ հնարավորություն կլինի անել դա:
► Համբերատարություն. Սա գործընթաց է, որտեղ պահանջվում է գործողության պարամետրերի պարբերական ավելացում՝ նախկին էֆեկտին հասնելու համար: Օրինակ, խաղամոլը պետք է աստիճանաբար ավելացնի խաղադրույքը, որպեսզի ապրի այնպիսի զգացումներ, ինչպիսիք ապրել է նախկինում՝ շատ ավելի քիչ խաղադրույքի դեպքում:
► Հանման (ժուժկալության) ախտանշաններ. Սրանք տհաճ զգացողություններ են կամ ֆիզիկական ախտանիշներ (օրինակ՝ ցնցումներ, վատ տրամադրություն, դյուրագրգռություն և այլն), որոնք առաջանում են, երբ սիրված գործունեությունը դադարեցվում է կամ հանկարծակի նվազեցվում:
► Կոնֆլիկտ. Սա վերաբերում է կախվածություն ունեցողի և նրան շրջապատող մարդկանց միջև (միջանձնային) կամ մարդու ներքին (ներանձնային) կոնֆլիկտներին:
► Կրկնողություն. Սա վերադարձի հակվածությունն է նույն զբաղմունքին որոշակի դադարից հետո:
Հոգեբաններ Ա. Չենդլերը և Է. Լոուրենսը ագրեսիան սահմանում են որպես անձի կողմից նպատակաուղղված գործողություն, որը կարող է վնաս հասցնել իրեն, այլ անձանց կամ շրջակա միջավայրին [4]։ Ագրեսիան կարող է լինել ֆիզիկական կամ խոսքային։ Խոսքային ագրեսիան շատ հաճախ կիրառվում է դեռահասների կողմից, արտահայտվում է զայրույթի և թշնամանքի միջոցով՝ առաջացնելով բացասական մտածողություն, հուզական և հոգեբանական խնդիրներ։ Ֆիզիկական ագրեսիան ներառում է հարված բռունցքներով, ոտքերով, որը նույնիսկ կարող է ավարտել սպանությամբ [5]:
Ագրեսիվ անհատների մեծամասնությունը չի կարողանում հարմարվել միջավայրին ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում։ Պրոֆ. Թ. Սալիվանը նշում է, որ հասակակիցներին ուղղված ագրեսիան կարող է առաջացնել ֆիզիկական տրավմաներ, հոգեբանական խնդիրներ, ինչպես նաև լարված միջանձնային փոխհարաբերություններ [6]:
Ներկայումս սոցիալական ցանցերը ևս կիրառվում են որպես ագրեսիայի արտահայտման միջոց։ Մասնավորապես, ագրեսիան սոցիալական ցանցերում կարող է արտահայտվել մեկ այլ անձին ընկերների ցուցակից ջնջելու, այլ անձի վերաբերյալ բացասական մեկնաբանություններ գրելու, ինչպես նաև՝ կկիբերբուլինգի (կիբերհալածանքի) միջոցով։
Այսպիսով, արտասահմանյան գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերի և ագրեսիայի միջև եղած կապը լուրջ հետազոտությունների կարիք ունի։
ՆՊԱՏԱԿ
Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե արդյոք գոյություն ունի կապ դեռահասների սոցիալական ցանցերից կախվածության և ագրեսիվության միջև։
ՄԵԹՈԴՆԵՐ
Հետազոտությունն անց է կացվել Երևանի Մովսես Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոցում և նույն քաղաքի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում սովորղ 165 աշակերտների շրջանում, այդ թվում՝ 90 աղջիկ և 75 տղա։ Մասնակիցների միջին տարիքը թե՛ աղջիկների, թե՛ տղաների դեպքում եղել է 15 տարեկան (12-17 տարեկան)։ Հետազոտությունն իրականացվել է կամավորության սկզբունքով երկու փուլով։ Առաջին փուլում կիրառվել է Յանգի անգլերեն «Համացանցային կախվածության թեստի» մեր կողմից հայերեն թարգմանված ու դեռևս չվալիդացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս որոշել համացանցից կախվածության ցածր, միջին և խիստ մակարդակները [7]։ Այնուհետև, կիրառվել է հոգեբանական զրույցի մեթոդը, որպեսզի բացահայտվի, թե հատկապես ինչ նպատակով են դեռահասները կիրառում համացանցը և ինչն է նրանց գրավում համացանցում՝ նպաստելով հոգեբանական կախվածության ձևավորմանը։
Երկրորդ փուլում, ստուգիչ և փորձարարական խմբերն առանձնացնելուց հետո, կիրառվել է Իլյինի-Կովալյովի «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» ռուսերեն մեթոդիկայի մեր կողմից հայերեն թարգմանված ու դեռևս չվալիդացված տարբերակը։ Այս մեթոդիկայի նպատակն է գնահատել, թե որքանով է անձը հակված կոնֆլիկտայնության և ագրեսիվության։ Ընդհանուր առմամբ, այն թույլ է տալիս բացահայտել, թե ինչքանով է անձը հակված բռնկվողականության կամ այլոց կարծիքների հանդեպ կոմպրոմիսային (փոխզիջական) վերաբերմունքի, ձգտում է գնալ փոխզիջումների, խուսափում է արդյոք կոնֆլիկտներից (բախումներից), թե ընդահակառակը՝ փորձում է սրել դրանք։
Նշված երկու թեստերի կիրառման արդյունքում հնարավոր է պարզել, թե արդյոք գոյություն ունի կապ ՍՑԿ և ագրեսիվության միջև։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հետազոտության 1-ին փուլում, կիրառելով Յանգի «Համացանցային կախվածության թեստը», պարզվեց, որ 165 հետազոտվողներից 65%-ի մոտ (n = 107) առկա է ցածրից խիստ համացանցային կախվածություն, իսկ 35%-ի (n = 58) մոտ այն բացակայում է։ Այսպիսով, համացանցային կախվածության ունեցող դեռահասների թիվը մոտ 2 անգամ գերազանցում է կախվածություն չունեցողների ցուցանիշը։
Ընդ որում, նկատվել է հետևյալ օրինաչափությունը. 12 տարեկան աղջիկների մոտ բացակայում է խիստ մակարդակի համացանցային կախվածությունը, սակայն, տարիքին զուգահեռ աճում է նաև կախվածության մակարդակը, և արդեն 14 տարեկանում շուրջ 7%-ի մոտ նկատվում է խիստ կախվածություն, իսկ ավելի բարձր 3 տարիքային խմբերում՝ 15-ում, 16-ում և 17-ում, նկատվում է խիստ կախվածության մակարդակի կայուն աճ (Գծապատկեր 1)։ Այսպիսով, եթե 12 տարեկանում համացանցային կախվածությունը բացակայում է հետազոտվողների 58%-ի մոտ, ապա 17 տարեկանների դեպքում արդեն այս ցուցանիշը կազմում է 16%։ Միաժամանակ, միջին և ցածր մակարդակի համացանցային կախվածության կայուն աճ է նկատվում տարիքին զուգահեռ։ Եթե 12 տարեկանների մոտ ցածր մակարդակի համացանցային կախվածությունը 28% է, իսկ միջինը՝ 14%, ապա 17 տարեկանում արդեն այս ցուցանիշերը կազմում են, համապատասխանաբար, 41% և 28%:
Նույն օրինաչափությունը նկատվում է տղաների մոտ (Գծապատկեր 2)։ Մտահոգիչ է հատկապես 16 և 17 տարեկանների շրջանում գրանցված համացանցային կախվածության բարձր մակարդակը։ 16 տարեկան տղաների 29%-ի մոտ գրանցվել է ցածր մակարդակի համացանցային կախվածություն, 45%-ը՝ միջին, իսկ 17%-ը՝ խիստ, իսկ 17 տարեկանների մոտ նշված ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 30%, 46% և 13%:
Հոգեբանական զրույցի արդյունքում պարզվեց, որ դեռահասներն ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։ Բոլոր հետազոտվողները գրանցված են տարբեր սոցիալական ցանցերում, հաճախ՝ միաժամանակ մի քանիսում։ Ամենատարածված սոցիալական ցանցերը դեռահասների շրջանում Ինստագրամն է, Ֆեյսբուքը և Յութուբը։ Հարցվողների մեծամասնությունը կիրառում է նշված սոցիալական ցանցերը ընկերների և բարեկամների հետ շփվելու (տղաների 82%-ը և աղջիկների 72%-ը), տեղեկատվություն ստալանու (տղաների 74%ը և աղջիկների 64%-ը) կամ նկարներ դիտելու և տեղադրելու նպատակով (տղաների 31%-ը և աղջիկների 78%-ը)։
Ըստ ստացված արդյունքների առանձնացվեցին ստուգիչ և փորձարարական խմբեր.
► Փորձարարական (առկա է ՍՑԿ)՝ 107 անձ, որից 58 աղջիկ և 49 տղա, միջին տարիքը՝ 15 տարեկան:
► Ստուգիչ (ՍՑԿ բացակայություն)՝ 58 անձ, որից 32 աղջիկ և 26 տղա, միջին տարիքը՝ 15 տարեկան:
Հետազոտության 2-րդ փուլում կիրառվել է Իլյինի-Կովալյովի «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկան։ Ստացված արդյունքները ներկայացված են Գծապատկերներ 3-ում և 4-ում, համապատասխանաբար աղջիկների և տղաների համար։
Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 3-ը, ՍՑԿ խմբի աղջիկները ստուգիչ խմբի աղջիկների համեմատ ավելի հակված են անհանդուրուրժողականության (տարբերությունը՝ Δ = 8%), վրեժխնդրության (Δ = 12%), անհարմարվողականության (Δ = 9%), անզիջողականության (Δ = 8%), նեղացկոտության (Δ = 3%), հարձակվողականության (Δ = 12%) և բռնկվողականության (Δ = 12%)։ Սակայն ստուգիչ խմբի աղջիկների մոտ 6%-ով բարձր է կասկածամտությունը ՍՑԿ խմբի համեմատությամբ։ Այսպիսով, ՍՑԿ խմբի աղջիկներն հակված են դրսևորել ավելի բարձր ընդհանուր կոնֆիլկտայնություն և ագրեսիվություն, քան ստուգիչ խմբի աղջիկները, և t-թեստ վիճակագրական վերլուծության ար
դյունքում պարզվել է, որ այդ տարբերությունը եղել է վիճակագրորեն հավաստի՝ p = 0.006։
Նմանատիպ դինամիկա է նկատվում Գծապատկեր 4-ում, որը ցույց է տալիս տղաների ՍՑԿ և ստուգիչ խմբերի անձնային ագրեսիվության և կոնֆլիկտայնության ցուցանիշները։ Ինչպես աղջիկների դեպքում, այստեղ ևս ՍՑԿ խմբի մոտ համեմատաբար ավելի բարձր են բոլոր ցուցանիշները, բացառությամբ կասկածամտության և նեղացկոտության, որոնք ստուգիչ խմբի մոտ բարձր են եղել, համապատասխանաբար, 3%-ով և 1%-ով։ Ամենաբարձրը ՍՑԿ ունեցող տղաների մոտ եղել է բռնկվողականության ցուցանիշը՝ 31%, որը, ստուգիչ խմբի մոտ ցածր է եղել 12%-ով՝ կազմելով 19%։ Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը ՍՑԿ խմբի տղաների մոտ անհանդուրժողականությունն է (30%)՝ գերազանցելով փորձարարական խմբի համապատասխան ցուցանիշը 8%-ով։ Փորձարարական և ստուգիչ խմբերի ցուցանիշների միջև եղած տարբերության հավաստիությունը տղաների դեպքում ևս փաստվել է t-թեստի միջոցով՝ p = 0.009։
Առանձնացվել են նաև, այսպես կոչված, դրական ու բացասական ագրեսիվության և կոնֆլիկտայնության ընդհանրացված ցուցանիշները փորձարարական և ստուգիչ խմբերի համար։ ՍՑԿ-ով աղջիկների մոտ դրական ագրեսիվությունը եղել է 29%, բացասականը՝ 27%, իսկ կոնֆիլկտայնությունը՝ 23%: Առանց ՍՑԿ աղջիկների դեպքում դրական ագրեսիվությունը եղել 19%, բացասական ագրեսիվությունը՝ 17%, իսկ կոնֆիլկտայնությունը՝ 19%: Համեմատական վերլուծության արդյունքում ստացվել է, որ ՍՑԿ խմբի աղջիկներն ունեն համեմատաբար ավելի բարձր ինչպես դրական (Δ = 10%), այնպես էլ բացասական ագրեսիվություն (Δ = 10%) և կոնֆիլկտայնություն (Δ = 16%)՝ p = 0.02 բոլոր երեք համեմատությունների դեպքում:
ՍՑԿ-ով տղաների մոտ դրական ագրեսիվությունը եղել է 28%, բացասականը՝ 29%, իսկ կոնֆիլկտայնությունը՝ 22%: Ստուգիչ խմբի տղաների դեպքում դրական ագրեսիվությունը եղել է 17%, բացասական ագրեսիվությունը՝ 21%, իսկ կոնֆիլկտայնությունը՝ 19%: Համեմատելով տղաների փորձարարական և ստուգիչ խմբերի տվյալները, պարզվել է, որ ՍՑԿ խմբի տղաները ևս դրսևորում են ավելի բարձր դրական (Δ = 11%) ու բացասական ագրեսիվություն (Δ = 7%), ինչպես նաև կոնֆիլկտայնություն (Δ = 3%), p = 0.04 բոլոր երեք համեմատությունների դեպքում: Այսպիսով, արդյունքներից պարզ է դառնում, որ ՍՑԿ խմբի ընդհանուր կոնֆիլկտայնության ու ագրեսիվության հակվածությունը բարձր է ստուգիչ խմբի նույնանուն ցուցանիշներից: Իրականացված հետազոտությունն իր կարևոր բացահայտումներին զուգահեռ ունի որոշ սահմանափակումներ: Առաջին սահմանափակումը թերևս հետազոտության մասնակիցների սեռային կազմն է: ՀՀ ժողովրդագրական տվյալների համաձայն, այս տարիքային խմբում գերակշռում է արական սեռը (մոտ 1.14 անգամ)[8]: Մինչդեռ մեր հետազոտության մեջ իգական սեռը թվային առումով գերակշռել է (90 աղջիկ, 75 տղա): Ինչպես նշվել էր «Մեթոդներ» բաժնում, մասնակցությունը հետազոտությանը եղել է կամավորության սկզբունքով։ Իսկ քանի որ աղջիկներն ավելի շատ են ցանկություն հայտնել մասնակցել հարցմանը, ուստի նրանք քանակապես ավելի շատ են եղել: Մեր հետագա հետազոտություններում նախատեսում ենք աշխատանք տանել նաև ավելի շատ տղաներ ներգրավելու ուղղությամբ:
Մյուս սահմանափակումը կարելի է համարել այն, որ հետազոտությունն իրականացվել է միայն մայրաքաղաքում: Նախատեսվում է առաջիկայում հետազոտություններ իրականացնել նաև մարզային քաղաք(ներ)ում և գյուղ(եր)ում՝ ՀՀ մասշտաբով ընդհանուր վիճակն ավելի լիարժեք պատկերացնելու և տարբեր բնակավայրերի միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով: Հաջորդ սահմանափակումը մեր կողմից կիրառված հարցաշարերի (թեստերի) հայերեն թարգմանությունների չվալիդացված լինելն է: Բացի դրանից, պարզվել է, որ արդեն մշակվել է դեռահասների շրջանում Յանգի «Համացանցային կախվածության թեստի» ավելի հարմարեցված տարբերակ (Internet Addiction Test-Adolescence, IAT-A) [9]: Ուստի նախատեսվում է իրականացնել անգլերեն IAT-A-ի և Իլյինի-Կովալյովի ռուսերեն «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկայի հայերեն թարգմանությունների միջմշակութային հարմարեցում և դրանց կիրառում, ինչը կապահովի ստացված արդյունքների ավելի բարձր հավաստիություն և ճանաչում՝ թույլ տալով դրանք համեմատելի դարձնել նաև այլ երկրների նույնատիպ ցուցանիշների հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ընդհանրացնելով կատարված հետազոտության արդյունքում ստացված տեղեկությունները՝ կարելի է եզրակացնել, որ գոյություն ունի փոխկապվածություն ՍՑԿ և անձնային ագրեսիվության միջև։ Հետազոտության առաջին փուլում պարզվեց, որ ՀՀ-ում բավական բարձր է համացանցային կախվածությունը դեռահասների շրջանում՝ 65%: Բացի դրանից, հետազոտության բոլոր մասնակիցները գրանցված են առնվազն մեկ սոցիալական ցանցում, և գլխավորապես կիրառում են համացանցը շփվելու նպատակով։
Հետազոտության երկրորդ փուլում, բաժանելով մասնակիցներին ստուգիչ և փորձարարական խմբերի, պարզվեց, որ hետազոտությանը մասնացկած այն դեռահասները, որոնց մոտ հայտնաբերվել էր ՍՑԿ, հակված էին դրսևորել անձնային ագրեսիվության և կոնֆլիկտայնության ավելի բարձր ցուցանիշներ, քան ՍՑԿ չունեցող դեռահասները։ Այսպիսով, այս հետազոտությունը կարևոր նշանակություն ունի համացանցային կախվածության մասին բարձրաձայնման և իրազեկման հարցում։ Այն ցույց տվեց, որ ՍՑԿ հիմնախնդիրը ՀՀ-ում իսկապես մտահոգիչ է և կարող է բացասաբար անդրադառնալ դեռահասի՝ ապագա չափահասի հոգեկան առողջության վրա։ Հետևաբար, լրացուցիչ ուսումնասիրությունների կարիքն այս բնագավառում ակնհայտ է։ Անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերի չարաշահումը կանխելու և, հետևաբար, առողջության վրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով:
ՑԱՆԿ
- Kuss DJ, Griffiths MD. Online social networking and addiction – A review of the psychological literature. Int J Environ Res Public Health. 2011;8(9):3528-52
- Young KS. The research and controversy surrounding internet addiction. Cyberpsychol Behav. 1999;2(5):381-3
- Griffiths M. A ‘components’ model of addiction within a biopsychosocial framework. J Substance Use. 2005;10(4):191-7
- Chandler AB, Lawrence E. Covariations among attachment, attributions, self-esteem, and psychological aggression in early marriage. J Fam Psychol. 2021;36:46-56
- Archer J, Coyne SM. An integrated review of indirect, relational, and social aggression. Pers Soc Psychol Rev. 2005;9:212-30
- Sullivan TN, Ross KM, Carlson MM, Hitti SA, Behrhorst KL. Handbook of Research on Emotional and Behavioral Disorders: Interdisciplinary Developmental Perspectives on Children and Youth. Routledge/Taylor & Francis Group; New York, NY, USA: 2020. Implementation of Violence Prevention Programs; pp. 140-52
- Young KS. Internet addiction: the emergence of a new clinical disorder. Cyberpsychol Behav. 1998;1(3):237-44
- Հայաստանի վիճակագրական տարեգիրք. Available at: https://armstat.am/file/doc/99526823.pdf – Accessed: June 04, 2024
- Internet Addiction Test-Adolescence (IAT-A). Available at: https://emerge.ucsd.edu/r_6xqudtqqkitelhr/#:~:text=The%20Internet%20Addiction%20Test%2DAdolescence,%2C%20sleeping%20patterns%2C%20and%20 feelings. – Accessed: June 04, 2024
Գծապատկեր 1. Ք. Յանգի համացանցային կախվածության թեստի արդյունքների գրաֆիկական արտահայտությունը 12-17 տարեկան աղջիկների համար
Գծապատկեր 2. Ք. Յանգի համացանցային կախվածության թեստի արդյունքների գրաֆիկական արտահայտությունը 12-17 տարեկան տղաների համար
Գծապատկեր 3. «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկայի արդյունքների գրաֆիկական արտահայտությունը 12-17 տարեկան աղջիկների համար
Գծապատկեր 4. «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկայի արդյունքների գրաֆիկական արտահայտությունը 12-17 տարեկան տղաների համար