21-րդ դարի գիտատեխնոլոգիական զարգացումների պայմաններում նեյրոտեխնոլոգիաները կարևոր տեղ են զբաղեցնում որպես բարձրարդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերել, ձևափոխել և որոշ դեպքերում վերահսկել մարդու ուղեղային գործունեությունը։ Այս տեխնոլոգիաներն արդեն իսկ ինտեգրվել են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ առողջապահություն, կրթություն, զինված ուժեր ու արտադրական գործընթացներ՝ նպաստելով ինչպես բուժման մեթոդների կատարելագործմանը, այնպես էլ ճանաչողական ունակությունների բարելավմանը։ Սակայն նեյրոտեխնոլոգիաների դերն այս շրջանակով չի սահմանափակվում։ Ներկայումս ավելի ու ավելի է աճում նեյրոտեխնոլոգիաները պետական և ինստիտուցիոնալ վերահսկման համակարգեր ներառելու միտումը՝ իբրև անհատների վարքի վերահսկման, սոցիալական կարգի պահպանման և ինքնության կառուցման գործիքներ։ Տեխնոլոգիական միջամտությունները, որոնք ի սկզբանե ուղղված էին վերականգնողական կամ օժանդակ նպատակներին, այսօր ավելի ու ավելի հաճախ են ներթափանցում անհատի ինքնագիտակցության, ինքնակարգավորման և ինքնաընկալման խորքային շերտերը։
Այս իրողությունը նեյրոտեխնոլոգիաների սոցիալ-քաղաքական քննությունն է՜լ ավելի հրատապ է դարձնում՝ իշխանության տեսության համատեքստում։ Ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Միշել Ֆուկոյի (1926-1984թթ.) կողմից առաջարկված կարգապահական (դիսցիպլինար) և կենսաքաղաքական իշխանության վերլուծությունները վերածվում են կարևոր տեսական գործիքակազմի՝ հասկանալու, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիական միջամտությունները գործում ոչ թե բացահայտ բռնության, այլ նորմատիվ կարգավորման, ինքնադիտարկման և ներքին վերահսկման մեխանիզմների միջոցով [1,2]։ Այս տեսանկյունից նեյրոտեխնոլոգիաները կարելի է դիտարկել որպես արդիականացված կարգապահության գործիքներ, որոնք միաժամանակ ապահովում են ուղեղի շարունակական մշտադիտարկում, վարքագծի նորմալացում և սուբյեկտի ինքնավերահսկման խթանում։
Նման փոխակերպումների արդյունքում է ձևավորվում այն, ինչ կարելի է բնութագրել որպես «նեյրոսուբյեկտ»՝ մի անհատ, որը վերահսկում է սեփական նեյրոճանաչողական գործընթացները, ձգտում է օպտիմալ գործունակության և ներքինացնում է սոցիալապես թելադրված նորմերը որպես իր ինքնության անբաժան մաս։
Հոդվածի հիմնական նպատակն է վերլուծել նեյրոտեխնոլոգիաները որպես կարգապահական իշխանության գործիքներ՝ բացահայտելով դրանց դերը սուբյեկտի ձևավորման և սոցիալական կարգավորման գործընթացներում։ Սակայն տեխնոլոգիական միջավայրը, որի մեջ կիրառվում են այս գործիքները, էապես փոխվել է։ Վերահսկողության ժամանակակից մեխանիզմները գերազանցում են ավանդական ինստիտուցիոնալ սահմանները՝ ձևավորվելով տվյալահեն կառավարման և ալգորիթմային կանխատեսման ռեժիմներում։ Ուստի այս իրողությունը պահանջում է տեսադաշտի ընդլայնում նաև Ֆուկոյի տեսությունից դուրս՝ հասնելու հսկողական իշխանության վերլուծությանը։ Այդ նպատակով հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ժիլ Դելյոզի «վերահսկողական հասարակության» [3] և Շոշանա Զուբոֆի «հսկողության կապիտալիզմի» [4] տեսություններին։ Նրանց վերլուծությունները հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպես են նեյրոտեխնոլոգիաները վերածվում ոչ միայն կարգապահեցման, այլ նաև կանխատեսման, ուղղորդման, մանիպուլյացիայի և տնտեսական շահարկման գործիքների՝ ընդլայնելով վերահսկողության տրամաբանությունն ընդհուպ ապագա ցանկությունների, ընտրությունների և վարքագծի նախագծում։
Այսպիսով, հոդվածը նպատակ ունի երկակի վերլուծական հայացքով՝ թե՛ կարգապահական, թե՛ հսկողական իշխանության տեսական հեռանկարներից, քննության առնել նեյրոտեխնոլոգիաների ազդեցությունը սուբյեկտի ձևավորման, սոցիալական կարգավորման և ինքնության կառուցման գործընթացների վրա՝ միաժամանակ ընդգծելով դրանց էթիկական, հասարակական և քաղաքական հետևանքները։
Նեյրոտեխնոլոգիաները գիտելիքի, նորմալացման և վերահսկողության խաչմերուկում
Նեյրոտեխնոլոգիաները, ինչպիսիք են նեյրովիզուալիզացիայի գործիքները (օրինակ՝ գործառութային մագնիսառեզոնանսային շերտագրություն [fMRI] և էլեկտրաուղեղագրություն [EEG]), նեյրոմոդուլյացիայի մեթոդները (օրինակ՝ անդրգանգային մագնիսական խթանում [TMS] և գլխուղեղի խորանիստ խթանում [DBS]), ուղեղ-համակարգիչ միջերեսները (BCI), այսօր աստիճանաբար դուրս են գալիս նեղ կլինիկական կիրառության շրջանակներից՝ տեղափոխվելով սոցիալական, կրթական և աշխատանքային ոլորտներ։ Այս անցումն արձանագրում է նեյրոտեխնոլոգիաների վերափոխումը ոչ միայն որպես կենսաբժշկական, այլև որպես սոցիալ-քաղաքական միջամտության գործիքների, որոնք այսօր արդեն հասանելի են ոչ միայն բժիշկներին կամ գիտնականներին, այլև ուսուցիչներին, գործատուներին, կանոնակարգեր մշակողներին և այլոց՝ ձևավորելով նյարդահեն կարգավորման նոր մեխանիզմներ։
Ներկայիս պայմաններում նեյրոտեխնոլոգիաներն օգտագործվում են ոչ միայն ուղեղային գործընթացները պատկերելու կամ չափելու, այլև տվյալ գիտելիքը նորմատիվ եղանակով կիրառելու՝ «նորմալ», «առողջ» կամ «բարելավման ենթակա» ուղեղային ակտիվության սահմանումներ տալու նպատակով։ Դրանք գործում են որպես գիտելիք-իշխանություն համակարգի մի մաս, որը միաժամանակ ինչպես նկարագրում, այնպես էլ ձևավորում է գլխուղեղը՝ ըստ նախապես սահմանված չափանիշների։ Այսպիսով, նեյրոտեխնոլոգիաները միաժամանակ և՛ ճանաչողական են, և՛ կարգավորող. դրանք արտադրում են մի գիտելիք, որը ոչ թե պարզապես արձանագրում է ուղեղային վիճակները, այլև սահմանում է նորմերը, որոնց պետք է ենթարկվեն այդ վիճակները։
Ֆուկոյի կարգապահական իշխանության վերլուծության շրջանակում նեյրոտեխնոլոգիաները դրսևորվում են որպես գործիքներ, որոնք միավորում են հսկողության (surveillance), նորմալացման (normalization) և քննության (examination) մեխանիզմները՝ նպաստելով կարգապահ ու արդյունավետ սուբյեկտի ձևավորմանը [1]։ Այս գործընթացը ներառում է ուղեղային տվյալների հավաքում, համեմատում սահմանված նորմերի հետ և հնարավոր միջամտություն՝ դրանց ուղղման կամ օպտիմալացման նպատակով։
Այդ գիտելիքը չի կարելի դիտարկել որպես չեզոք. այն ներգրավված է իշխանության գործառույթների մեջ և ուղղակիորեն մասնակցում է սուբյեկտների վարքի ու ինքնաընկալման ձևավորմանը։ Ինչպես Ֆուկոն է նշում, «չկա իշխանական հարաբերություն առանց դրան ուղեկցող գիտելիքի դաշտի» [1]։
Նիկոլաս Ռոուզը, զարգացնելով կենսաքաղաքականության ըմբռնումը, ընդգծում է, որ ժամանակակից իշխանությունը գործում է ոչ թե բացահայտ ճնշմամբ, այլ սուբյեկտի ներսում՝ ինքնակառավարման և ինքնադիտարկման ճշգրտման միջոցով։ Նրա պնդմամբ՝ «ժամանակակից անհատը կառավարելի է դառնում իր մասին գիտելիքի միջոցով» [5]։ Այս գիտելիքը, որն առավելապես հիմնված է նյարդաբանական ցուցիչների վրա, անհատին վերածում է նեյրոքաղաքական սուբյեկտի, որը միաժամանակ և՛ կառավարող է, և՛ կառավարվող։ Ռոուզն այս համակարգը բնութագրում է որպես «առաջադեմ լիբերալ կառավարականություն» (կառավարման մտածողություն, ոչ թե պար-
զապես վարչարարություն) (advanced liberal governmentality), որի պայմաններում անհատներն իրենք են դառնում վերահսկման օբյեկտ ու սուբյեկտ՝ պատասխանատու իրենց ճանաչողական արդյունավետության և նեյրոնային «կարգապահության» համար։
Այս երկակի դերակատարմամբ՝ նեյրոսուբյեկտն ընկալվում է իբրև բարելավման պատասխանատու «գործիչ», որն ունի քաղաքացիական պարտավորություն՝ հետևել սեփական ճանաչողական գործունեությանը և ձեռնարկել դրա օպտիմալացման քայլերը [5]։ Նման վերահսկողական տրամաբանության պայմաններում նեյրոտեխնոլոգիաները միաժամանակ և՛ չափման, և՛ կարգավորման մեխանիզմներ են՝ տարածվելով սուբյեկտի ներաշխարհի վրա՝ հասնելով ընդհուպ մտածողություն, հուզական արձագանքներ, վարքի կառավարման մակարդակ։
Այս հեռանկարն առավել ընդգծված է Կատրին Մալաբուի նեյրոգիտության քննադատական վերլուծության մեջ։ Ըստ նրա՝ ուղեղը վերածվում է սահմանային օբյեկտի. այն միաժամանակ և՛ ուսումնասիրության ենթակա կենսաբանական նյութ է, և՛ մարդու սուբյեկտիվության ու ընկալողական կարողությունների որոշման պայման [6]։ Այս համատեքստում նեյրոտեխնոլոգիաները ոչ միայն բացահայտում են, թե ինչպիսին է ուղեղը, այլև սահմանում են՝ ինչպիսին պետք է այն լինի։
Այսպիսով, նեյրոսուբյեկտը, որը մշտապես հետևում է իր մտքերին, զգացմունքներին և վարքագծին, պատասխանատու է իր ուղեղի «ճիշտ» գործունեության ապահովման համար և գործում է տեխնոլոգիական վերահսկողության և ինքնադիտարկման միջավայրում։ Նրան բնորոշ վարքագծային ու կոգնիտիվ դինամիկան պայմանավորված է ոչ թե արտաքին պարտադրանքով, այլ ներշնչված կարգապահությամբ, ինչը համապատասխանում է Ֆուկոյի ներկայացրած «հնազանդ սուբյեկտի» դինամիկային՝ այժմ արդեն վերարտադրված նեյրոտեխնոլոգիական միջավայրում։
Իշխանական տրամաբանության նման փոխակերպումն առավել տեսանելի է դառնում Թոմաս Լեմկեի մեկնաբանություններում: Վերջինս փաստում է, որ ժամանակակից իշխանությունը գործադրվում է ոչ թե ուղղակի ճնշմամբ, այլ անհատի ինքնավերլուծության և բարելավման կամքի հետ համագործակցությամբ [7]։ Իսկ վերջինս առանձնապես տեսանելի է այն դեպքերում, երբ անհատը ձգտում է իր ներսում հաստատված նեյրոնորմերի համապատասխանությանը՝ ինքնակամ վերահսկելով սեփական մտքերը, հույզերը և վարքը։ Այս երևույթը տեսանելի է նաև Տարոն Աբրահամյանի դիտարկումներում, ով խոսում է նեյրոտեխնոլոգիաների մասին որպես մի համակարգ, որը գործադրում է «ճանաչողական անվտանգության» և «նեյրոկենսաքաղաքական կարգավորման» ռազմավարություններ՝ միտված մտածողության ուղղորդմանը, կանխատեսմանը և կարգաբերմանը որպես նեյրոքաղաքական ռիսկերի կառավարման մեթոդ [8]։
Հետևապես, նեյրոտեխնոլոգիաները, գործելով գիտելիքի, նորմալացման և վերահսկողության խաչմերուկում, վերածվում են ժամանակակից կարգապահական իշխանության առանցքային գործիքների։ Դրանք ոչ միայն վերահսկում են ուղեղը որպես տվյալների աղբյուր, այլև վերաձևում են նորմատիվ պատկերացումները՝ կապված «նորմալ», «արդյունավետ» և «քաղաքականապես ընդունելի» նեյրոճանաչողական գործունեության հետ։
Նեյրոտեխնոլոգիաները որպես կարգապահական իշխանության գործիք. պանօպտիկոնն արդիական դրսևորումներում
Նեյրոտեխնոլոգիաներն արմատապես վերափոխում են վերահսկողության և ինքնակառավարման դաշտերը՝ հատկապես աշխատավայրերում, կրթական համակարգում և առողջապահական միջավայրերում։ Հաճախ այս տեխնոլոգիաներն անընդհատ և բացահայտ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն չեն ունենում։ Փոխարենը դրանք գործում են մի համակարգի տրամաբանությամբ, որը Ֆուկոն բնութագրում է «պանօպտիկոն» եզրույթի միջոցով։ Պանօպտիկոնը ճարտարապետական և հասարակական վերահսկողության մոդել է, որը նախագծվել է Ջերեմի Բենթամի կողմից 18-րդ դարում՝ իբրև բանտի կառուցվածքային նախագիծ, որի դեպքում մի կենտրոնական աշտարակից հնարավոր կլիներ վերահսկել բոլոր խցերը, մինչդեռ այդ խցերում գտնվողները երբեք չէին իմանա՝ տվյալ պահին արդյոք իրենց դիտո՞ւմ են, թե՞ ոչ։ Ֆուկոյի մեկնաբանությամբ՝ սա մի համակարգ է, որտեղ վերահսկողության դինամիկան հիմնված է ենթադրյալ, այլ ոչ թե փաստացի ներկայության վրա. «Պանօպտիկոնն արդյունավետ է հենց այն պատճառով, որ չի պահանջում տեսանելի հսկողություն. այն գործում է՝ օգտագործելով տեսանելիության մի տրամաբանություն, որին սուբյեկտը ենթարկվում է, թեկուզ և ոչ ոք նրան չի դիտում» [1]։ Այս պայմաններում սուբյեկտն սկսում է ինքնակարգավորել սեփական վարքը՝ հպատակվելով մշտադիտարկման հնարավորության ֆանտազմին։ Ժամանակակից նեյրոտեխնոլոգիաները վերարտադրում են նույն տրամաբանությունը՝ ձևավորելով մշտադիտարկման պատրանք, որն ունի անտեսանելի, բայց մշտապես հնարավոր ներկայության ազդեցություն։ Սա ոչ միայն ձևավորում է վարքային ինքնակարգապահություն, այլև ազդում է ավելի խորը՝ ճանաչողական և հուզական մակարդակներում։ Այժմ դիտարկման օբյեկտը միայն սուբյեկտի գործողություններն ու վարքը չեն, այլ նաև՝ նրա մտքերն ու զգացումները։ Այլ կերպ ասած՝ դիտարկվողը միայն «ինչ ես անում»-ը չի, այլ՝ «ինչ ես մտածում կամ զգում»։
Այսպիսով, վերահսկողության որակը փոխվում է՝ վերածվելով նեյրոպանօպտիկոնային կառույցի, որը համադրում է ճարտարապետական վերահսկողության սկզբունքները ժամանակակից նեյրոտեխնոլոգիական գործիքակազմի հետ։ Այլ կերպ ասած՝ վերահսկողությունը դառնում է ներգործուն, անտեսանելի և բազմաշերտ՝ միաժամանակ կարգավորելով ինչպես արտաքին վարքը, այնպես էլ ներքին կյանքը։ Ինչպես նշում է Ֆուկոն, ինքնությունը ձևավորվում է որպես սուբյեկտացման պրակտիկա, երբ անհատն ինքն է աշխատում իր վրա՝ վերափոխելով իրեն իշխանության կողմից նախանշված ձևերով [9]։
Ակադեմիական բաց. պանօպտիկոնն ու նեյրոտեխնոլոգիաները
Համեմատաբար սուղ են աշխատությունները, որոնք ուղղակիորեն ուսումնասիրում են պանօպտիկոնի և նեյրոտեխնոլոգիաների փոխհարաբերությունը։ Սակայն որոշ հեղինակներ բարձրաձայնել են վերահսկողության այս նոր ձևերի մասին։ Օրինակ՝ Քարեն Յոնգը «գերհրահանգում» (hypernudge` համակարգային, շարունակաբար հարմարվող և անհատին ուղղված թվային միջամտություն, որն օգտագործում է մեծ տվյալներ [big data], արհեստական բանականություն (ինտելեկտ) ու ալգորիթմներ՝ մարդուն որոշակի վարք ունենալուն մղելու կամ որոշումներ կայացնելու գործընթացում ուղղորդելու համար) հասկացությամբ նկարագրում է ալգորիթմական միջամտությունները, որոնք պարբերաբար ուղղորդում են անհատի ընտրությունները՝ առանց նրա հստակ գիտակցության [10]։ Նեյրոմարքեթինգում կիրառվող տեխնոլոգիաները, մասնավորապես աչքերի հետագծման (eye-tracking) համակարգերը, որոնք թույլ են տալիս պարզել սպառողի ուշադրության և հուզական արձագանքների նյարդաբանական նախանշանները, երբ վերջինս նայում է որևէ գովազդային բովանդակություն։ Հիմնվելով այդ տվյալների վրա՝ ալգորիթմները հետագայում անհատին ցուցադրում են հատուկ ձևով ընտրված գովազդներ, պատկերներ, նույնիսկ՝ գույներ ու ձայներ, որոնք առավել «ազդու» են տվյալ սպառողի ուղեղային արձագանքների համատեքստում։ Ահա այստեղ է գործում hypernudge-ը. համակարգը կրկնակի օղակով ազդում է ընտրության վրա՝ նախքան անձը կձևավորի այդ ընտրությունն իր գիտակցության մակարդակում։ Նա կարծում է, թե այդ ընտրությունն իրենն է, մինչդեռ իրականում այն կառուցված է նրա վրա ներգործած նյարդաբանական ազդեցությունների և ալգորիթմային կանխատեսումների միջոցով։ «Չնայած ոչ ֆորմալ և թաքուն լինելու հանգամանքին՝ այդ միջամտությունները կարող են ունենալ խորքային ազդեցություն մարդու ինքնավարության վրա՝ ձևավորելով ընտրություններ դեռ մինչև դրանց գիտակցումը» [10]։
Թեև Յոնգն ուղիղ չի խոսում նեյրոտեխնոլոգիաների մասին, նրա վերլուծությունը վերաբերելի է ուղեղի՝ որպես ընտրության և նախատրամադրվածության օբյեկտ դիտարկման համատեքստին։ Նման դիտարկում անում է նաև Շոշանա Զուբոֆն իր «հսկողության կապիտալիզմի» մեջ՝ ընդգծելով, որ ժամանակակից վերահսկողության մեխանիզմները համակարգային, շարունակաբար հարմարվող և անհատին ուղղված թվային միջամտություններ են, որոնք օգտագործում են մեծ տվյալներ, արհեստական բանականություն (ինտելեկտ) և ալգորիթմներ՝ ձևավորելու այնպիսի միջավայր, որն ի վիճակի է կանխատեսել ու նախապես պայմանավորել մարդու վարքը՝ կանխելով ոչ նպատակային համարվող ցանկությունների արտահայտումը դեռ մինչև որոշման կամ գործողության կայացումը [4]։
Նեյրոտեխնոլոգիաներն այս տեսակետից հայտնվում են նախախնամ վերահսկողության դաշտում, երբ տվյալները չեն արձանագրում անցյալը, այլ ձևավորում են ապագա վարքագիծ։
Ինքնակառավարող ուղեղ՝ կարգապահ մարմնի փոխարեն
Ֆուկոյի պանօպտիկոնում մարմինը վերափոխվում էր կարգապահ մարմնի, նոր հարացույցում ուղեղը դառնում է կարգապահության նոր «տարածք»։ Ինքնավերահսկողությունը, որը հնազանդության առանցք էր դասական մոդելում, այժմ վերածվում է ինքնանեյրոկառավարման՝ ճանաչողական աշխատանքի, արդյունավետության, կենտրոնացման, տրամադրվածության մշտադիտարկման միջոցով։ Ռոուզը գրում է. «Սուբյեկտը կոչված է կառավարելու սեփական կենսաբանական ներուժը՝ այդ թվում՝ ուղեղային ռեսուրսները, ինչպիսիք են հիշողությունը, ուշադրությունը կամ ինքնակարգավորումը» [5]։
Վերահսկողական իշխանության ձևերը նեյրոտեխնոլոգիական դաշտում
Թեև Ֆուկոյի կարգապահական իշխանության վերլուծությունը շարունակում է մնալ կարևոր տեսական հիմք նեյրոտեխնոլոգիաների՝ որպես ինքնակարգապահ սուբյեկտների արտադրող մեխանիզմների քննության համար, սակայն ներկայիս տեխնոլոգիական իրողությունները՝ հատկապես նեյրոհսկողության և տվյալահեն կառավարման աճը, պահանջում են իշխանության վերաիմաստավորում նաև հետֆուկոյական տեսանկյունից։ Այս նպատակով, Դելյոզի «վերահսկողական հասարակության» (société de contrôle) և Զուբոֆի «հսկողության կապիտալիզմի» (surveillance capitalism) տեսությունները հնարավորություն են տալիս բացահայտելու նեյրոտեխնոլոգիաների իշխանական կիրառությունների նոր տրամաբանությունը՝ տարածական կարգապահությունից անցում կատարելով դեպի ժամանակային կանխատեսում և ալգորիթմական միկրոհսկողություն։ Արդի տեխնոլոգիական ու թվայնացված միջավայրում վերահսկողության ձևերը որակական փոփոխության են ենթարկվում։ Իշխանությունն այլևս սահմանափակված չէ ինստիտուցիոնալ տարածքներով կամ ֆիզիկական կարգապահության սահմաններով։ Ինչպես ցույց է տալիս Դելյոզը, ժամանակակից հասարակությունները կարգապահեցումից անցում են կատարել վերահսկողական հասարակության, որտեղ կարգավորումը տեղի է ունենում հոսքային, մոդուլային և տվյալահեն մեխանիզմների միջոցով [3]։ Ըստ Դելյոզի՝ հսկողությունը գործում է ոչ թե փակ տարածքներում, այլ բաց համակարգերի, ծածկագրերի, մուտքի ու ելքի թույլտվությունների ծածկագրային տիրույթում։ Այս դեպքում իշխանությունն այլևս չի պահանջում տեսանելիություն կամ ուժի կիրառություն. այն փոխարինվում է անընդհատ մշտադիտարկմամբ, որին անհատը ենթարկվում է իբրև տվյալների մշտական մատակարար։ Նեյրոտեխնոլոգիաներն այս համակարգում օգտագործվում են՝ հավաքելու, վերլուծելու և մշակելու մարդու ուղեղի ակտիվության տվյալները։ Այս տեղեկատվության հիման վրա հնարավոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արդեն տեղի ունեցել, այլ նաև կանխատեսել, թե ինչ կմտածի կամ ինչպես կվարվի մարդն ապագայում։ Այս տրամաբանությունն առավել տեսանելի է Զուբոֆի հսկողական կապիտալիզմի տեսության մեջ։ Ըստ Զուբոֆի՝ ժամանակակից տեխնոլոգիաները հավաքագրում են «ավելցուկային վարքային տվյալներ»՝ անհատների մասին այն տեղեկատվությունը, որը դուրս է իրենց գիտակից վերահսկողությունից։ Այս տվյալները հետագայում օգտագործվում են վարքագծի նախագծման և ուղղորդման նպատակներով՝ ծառայելով ոչ միայն քաղաքական կառավարման, այլ նաև՝ շուկայական շահագործման համակարգերին [4]։ Այս տեսական մոդելներն իրական կիրառություն են ստանում հատկապես կրթության և աշխատանքի ոլորտներում, որտեղ նեյրոտեխնոլոգիաները վերածվում են սոցիալական վերահսկման գործիքների։ Նմանատիպ հսկողական մեխանիզմներ՝ նեյրոդիտարկման սարքեր, այսօր Չինաստանում, ԱՄՆ-ում և Իսրայելում մի շարք ընկերություններ օգտագործում են աշխատողների ուղեղային ակտիվությունն իրական ժամանակում հետևելու համար։ EEG տվիչների միջոցով հնարավոր է արձանագրել կենտրոնացման աստիճանը, հոգնածության նշանները կամ հուզական հակազդումները, որոնք վերածվում են գործատուի համար տվյալների՝ որոշումներ կայացնելու նպատակով։ Այսպես, աշխատակիցն այլևս ընկալվում է ոչ թե որպես ինքնավար մասնագիտական սուբյեկտ, այլ՝ տվյալների աղբյուր՝ օպտիմալ կառավարման ենթակա օբյեկտ։ Նեյրոտեխնոլոգիաների վերահսկողական կիրառությունը տարածվում է նաև զինված ուժերի ոլորտում։ Օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության՝ DARPA-ի մի ծրագիր մշակում է նյարդահաբեկիչ համակարգեր, որոնք արձագանքում են զինծառայողների ուղեղային ակտիվությանը՝ նրանց ուսուցման գործընթացն անհատականացնելու և որոշումների կայացման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այստեղ նեյրոդիտարկումն ուղղված է ոչ միայն ներկայիս վարքի կարգավորմանը, այլ նաև ապագա որոշումների կանխատեսմանը՝ մինչ դրանք կայացվեն գիտակցական մակարդակում։ Այս համատեքստում հետաքրքրական են նաև Չինաստանի որոշ դպրոցներում ներդրված նեյրոհսկող սարքերը՝ հատուկ նախագծված աշակերտների ուղեղային ակտիվության մշտադիտարկման համար։ Այս EEG գոտիները դասի ժամանակ հետևում են աշակերտի ուշադրության մակարդակին՝ հավաքելով ուղեղի տվյալներ իրական ժամանակում։ Դրանք վերլուծվում են ալգորիթմներով, ձևավորվում են վարկանիշային աղյուսակներ և շաբաթական զեկույցները ներկայացվում են ուսուցիչներին ու ծնողներին, որոշ դեպքերում՝ նաև պետական կառույցներին՝ դպրոցական «արդյունավետության» ընդհանուր գնահատման համար։ Այս գործելակերպերի համադրումը վկայում է, որ նեյրոտեխնոլոգիաներն իրականում գործի են դրվում տարբեր հասարակական ենթահամակարգերում՝ աշխատանքից, կրթությունից մինչև բանակ՝ միևնույն՝ տվյալահեն հսկողության տրամաբանությամբ։ Այս ամենը հաստատում է՝ կարգապահական և հսկողական իշխանությունները չեն գործում որպես իրար փոխարինող համակարգեր, այլ միահյուսվում են՝ ստեղծելով նոր կարգավորման ռեժիմներ, որտեղ սուբյեկտի վարքը, ընտրությունները և հուզական վիճակները վերածվում են միկրոհսկողության օբյեկտների՝ հաճախ առանց այդ սուբյեկտների լիովին գիտակցման կամ համաձայնության։ Եթե կարգապահական հսկողության տրամաբանությամբ խթանվում է համապատասխան սուբյեկտների կարգապահությունը, ուշադրության պահպանումն ու ինքնակառավարումը, ապա հսկողական տրամաբանությամբ՝ նրանց ուղեղը վերածվում է տվյալային ռեսուրսի, որը մշակվում է առանց նրանց գիտակցման՝ մատակարարվելով տվյալ ենթահամակարգը պլանավորողներին և պետական համակարգերին։ Այստեղ անհատն այլևս միայն ուսանող, զինծառայող կամ աշխատող չէ. նա դառնում է տեղեկություն՝ տվյալներ կրող, գնահատվող և մոդելավորվող սուբյեկտ։ Այս գործելակերպն ամբողջությամբ արտացոլված է Դելյոզի «կոդային հսկողության» մեջ, որտեղ անհատները ոչ թե կառավարվում են տեսանելի իշխանությամբ, այլ՝ անտեսանելի ալգորիթմների միջոցով [3]։ Իսկ Զուբոֆի տեսանկյունից՝ տվյալների նման հավաքումը հաստատում է, որ հսկողության ներկայիս ձևերը ոչ թե պարզապես արձանագրում են անցյալը, այլ ուղղորդում են ապագան՝ մինչ սուբյեկտը որևէ գիտակցված գործողություն կկատարի [4]։
Այսպիսով, վերահսկողական իշխանության պայմաններում նեյրոտեխնոլոգիաներն այլևս չեն գործում պարզապես որպես դիտարկման կամ կարգապահության միջոցներ։ Ուսումնասիրության սպեկտրի նմանատիպ ընդլայնումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է ձևավորվում ժամանակակից սուբյեկտը՝ ապրելով միաժամանակ ինքնակարգավորման պահանջների, ալգորիթմային ուղղորդված ցանկությունների, ազատության զգացման և անտեսանելի վերահսկման ճնշումների պայմաններում։
Նեյրոտեխնոլոգիաների էթիկական հետևանքները և դիմադրության հնարավոր ձևերը
Նեյրոտեխնոլոգիաների կիրառման ոլորտներում՝ սկսած առողջապահությունից մինչև կրթություն և աշխատանքային հարաբերություններ, ի հայտ են գալիս նաև մի շարք էթիկական հարցադրումներ, որոնք գերազանցում են վերահսկողության կամ անհատական ազատության սահմանները։ Ֆուկոն զգուշացնում էր, որ իշխանությունը գործում է ոչ միայն դրսևորված գործողություններին միջամտելով, այլև՝ սուբյեկտի գիտակցության, վարքի և զգացողությունների միջոցով [11]։ Նման տրամաբանությամբ, նեյրոտեխնոլոգիաները կարող են վերածվել այնպիսի գործիքների, որոնք թույլ են տալիս իշխանությանը գործել ուղեղի ամենանուրբ և նախկինում անձեռնմխելի ոլորտներում։ Ինչպես նշում են Ռոուզն ու Աբի-Ռաշեդը, նեյրոգիտությունը «չափազանցնում է մարդու լինելության մասին մեր պատկերացումները՝ ներկայացնելով նրան որպես նեյրոբանական գոյ, միաժամանակ պատասխանատու և ինքնաօպտիմալացվող» [12]։
Նախ, անհատի ինքնության ձևավորման գործընթացում նեյրոտեխնոլոգիաների ներգրավվածությունը հարց է բարձրացնում՝ արդյոք մարդն ինքն է շարունակում ձևավորել սեփական սուբյեկտիվությունը, թե այն ձևավորվում է համակարգային ռացիոնալություններով։ Այս տեսանկյունից՝ տեխնոլոգիական միջամտությունը կարող է խաթարել անձի ինքնավարության գաղափարը՝ հատկապես այն պայմաններում, երբ նեյրոտեխնոլոգիաները կիրառվում են առանց մարդու լիարժեք և իրազեկ համաձայնության [13]։
Երկրորդ, անհատի մտքի և հույզերի «արտաքնայնացումը, բացումը», վերածելով դիտարկման, ուսումնասիրության ենթակա դաշտի, ի հայտ է բերում մտքի անձեռնմխելիության խախտման վտանգ։ Մտքի ազատությունը, որ մինչ օրս ընդունված է որպես մարդու անքակտելի իրավունք, նեյրոտեխնոլոգիաների միջոցով կարող է աստիճանաբար վերածվել չափելի, վերլուծելի և կառավարվող տարրի։ Սա ուղիղ սպառնալիք է մարդու արժանապատվությանը և ազատությանը, ինչպես ձևակերպված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 18)։
Երրորդ, անհամաչափ վերահսկողության ռիսկը, որն ի հայտ է գալիս այս տեխնոլոգիաների կիրառմամբ, կարող է փոխել իշխանության դասավորվածությունը։ Ինչպես նշում է Ռոուզը, «նեյրովերահսկողության մեխանիզմները վերարտադրում են ոչ թե պարզապես իշխանության տեղաբաշխումը, այլ նրա էությունը՝ վերածելով ուղեղը քաղաքական դաշտի» [5]։
Չորրորդ, նեյրոտեխնոլոգիաների միջոցով ստացված տվյալների չարաշահման հնարավորությունը՝ հատկապես առևտրային շահերի շրջանակում, կարող է հանգեցնել մարդու մասին աննախադեպ նեղ անձնային (ինտիմ) տեղեկատվության կուտակման և շահարկման։ Տվյալների պաշտպանության իրավական համակարգերը դեռևս չեն հասցնում համահունչ արձագանքել այս փոփոխություններին։ Բացի այս ամենը՝ հասարակական ազդեցության տեսանկյունից, երբ նեյրոտեխնոլոգիաները ներթափանցում են կրթական համակարգ, դրանք կարող են ձևավորել յուրատիպ սորտավորման մեխանիզմներ՝ ըստ նեյրոճանաչողական ցուցանիշների։ Արդյունքում, կարող է առաջանալ նոր սոցիալական տարանջատում, որը հիմնված չէ սոցիալ-տնտեսական կամ մշակութային տարբերությունների, այլ՝ նեյրոֆիզիոլոգիական տվյալների վրա [14]։ Սա խորացնում է «նեյրոէլիտայի» կամ «նեյրոգենիտիկ վերնախավի» ի հայտ գալու վտանգը՝ տեխնոլոգիական բացառիկության պայմաններում։
Վերջապես, կարևոր է անդրադառնալ նաև դիմադրության հնարավոր ձևերին։ Դիմադրությունը կարող է լինել ոչ միայն քաղաքական ակտիվիզմի կամ իրավական կարգավորումների մակարդակով, այլև անհատի կողմից իր նեյրոինքնության գիտակցման, ինքնավերլուծության և դիմադրողական ռազմավարությունների մշակման միջոցով։ Այստեղ կարևոր դեր է ստանձնում գիտակցության դաստիարակումը։ Ֆուկոն ընդգծում էր, որ իշխանության ցանկացած ձև, նույնիսկ ամենաանտեսանելին, ենթադրում է դիմադրություն՝ որպես ներքին բաղադրիչ [11]։
Այս համատեքստում կարելի է առանձնացնել հակազդեցության երեք հիմնական ուղի`
- քաղաքացիական վերահսկողություն և թափանցիկության պահանջ.
- իրավական համակարգերի արդիականացում՝ մարդու նեյրոիրավունքները պաշտպանելու համար.
- կրթություն՝ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով, որը կնպաստի անձնական ինքնագիտակցության և տեխնոլոգիական ազդեցությունների ընկալման կարողությունների ձևավորմանը։
Այս ամենը վկայում է, որ նեյրոտեխնոլոգիաների տարածումը բացահայտում է ժամանակակից կենսաքաղաքականության նոր էջը, որտեղ իշխանությունը գործում է ուղեղի և գիտակցության մակարդակում, իսկ դիմադրությունը սկսվում է այն պահին, երբ անհատը գիտակցում է սեփական նեյրոսուբյեկտ լինելու փաստը։
Գրականություն
- Foucault M. Discipline and punish: the birth of the prison. 1977. New York: Pantheon Books.
- Foucault M. The history of sexuality, volume 1: An introduction. 1978. New York: Pantheon Books.
- Deleuze G. Postscript on the societies of control. JSTOR. 1992;59:3-7.
- Zuboff S. The age of surveillance capitalism: The fight for a human future at the new frontier of power. 2019. New York: PublicAffairs.
- Rose N. The politics of life itself: Biomedicine, power, and subjectivity in the twenty-first century. 2007. Princeton: Princeton University Press.
- Malabou C. What should we do with our brain? 2008. New York: Fordham University Press.
- Lemke T. Biopolitics: An advanced introduction. 2011. New York: NYU Press.
- Abrahamyan T. Neurobiopolitics and the logic of cognitive governance. J Crit Neurosci. 2022. 2(1):41-52.
- Foucault M. Technologies of the self. In Ethics: Subjectivity and Truth, edited by Paul Rabinow. 1988. New York: The New Press.
- Yeung K. Hypernudge: Big data as a mode of regulation by design. Information, Communication & Society. 2017;20(1):118-136.
- Foucault M. The archaeology of knowledge. Translated by A. M. Sheridan Smith. 1982. New York: Pantheon Books.
- Rose N, Abi-Rached J. Neuro: The new brain sciences and the management of the mind. 2013. Princeton: Princeton University Press.
- O’Connor C, Joffe H. How has neuroscience affected lay understandings of personhood? A review of the evidence. Public Understanding of Science. 2013;22(3): 254-268.
- Ienca M, Andorno R. Towards new human rights in the age of neuroscience and neurotechnology. Life Sciences, Society and Policy. 2017; 13(1): 1-27.
