ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Սրտացավության, Էնտուզիազմի, Դիմակայության, Անձնուրացության եվ Անաչառության 5 տարիներ
10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Հարգելի՛ ընթերցողներ,
Սա մեր 10-րդ հոբելյանական համարն է, իսկ 2021 թ. սեպտեմբերի 21-ին մեր առաջին համարի թողարկումից անցել է 5 տարի։
Մենք սկսեցինք հրատարակել «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը» (ԱԲՀՀ) գործընկերների փոքր խմբով՝ փաստահեն գիտելիքներ տարածելու և ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործընկերների աշխատությունները միջազգային գիտական հանրության ուշադրությանը հասցնելու համար։ Մեր խմբագրակազմը հետագայում ընդլայնվեց՝ ներգրավելով տարբեր երկրների գործընկերների, որոնք տոգորվեցին մեր առաքելությամբ և հարստացրին մեզ իրենց փորձով և գիտելիքներով։ Սակայն մեզ համար ամենաոգևորիչն այն է, որ մենք կարողացանք «վարակել» մեր տեղացի գործընկերներին «փոխադարձ գրախոսության» վիրուսով՝ տարածելով ինքնա- և փոխ-քննադատություն ընդունելու մշակույթ, ինչպես նաև գրագողության, տվյալների կեղծման, ցածրորակ ու անհավաստի արդյունքների հանդեպ անհանդուրժողականություն։
Այս 5 տարիների ընթացքում մենք դարձել ենք հիրավի միջազգային ամսագիր՝ ստանալով 20 երկրներում գործող հեղինակների աշխատություններ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Բելգիա, Դանիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Հայաստան, Հունաստան, Միացյալ Թագավորություն, Նիգերիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սլովենիա, Ֆրանսիա), որոնք գրախոսվել ու խմբագրվել են 7 տարբեր երկրներից (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիա, Կանադա, Հայաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, Ֆրանսիա) մեր ներքին ու արտաքին գրախոսների և խմբագիրների կողմից (Պատկեր):

Պատկեր. Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսում ներդրում ունեցած հեղինակների (կարմիր աստղեր) և գրախոսների ու խմբագիրների (նարնջագույն աստղեր) աշխարհագրական բաշխումը
Մեր բաց մատչելիությամբ հանդեսի կայքն այցելում են բազմաթիվ երկրներում, քանի որ ԱԲՀՀ-ն առաջարկում է հետաքրքրաշարժ գրական ակնարկներ, օրիգինալ հոդվածներ և կլինիկական դեպքերի նկարագրություններ աշխարհի հայախոս, անգլախոս և ռուսախոս լսարանին: ԱԲՀՀ-ի 10 թողարկումները պարունակում են հոդվածներ ոչ միայն կլինիկական բժշկության, այլև փորձարարական և փոխադրական բժշկության, հանրային առողջապահության, բժշկական կրթության, հոգեբանության, նեյրոգիտության և նույնիսկ հասարակական գիտությունների, էկոլոգիայի և այլ հարակից գիտակարգերի վերաբերյալ: Այս տասը համարներից երկուսը հատուկ թողարկումներ են՝ նվիրված Մարդու վերարտադրողականության ժամանակակից տեսակետներին (2024թ. հատոր IV, թողարկում 2) և Փոխադրական նեյրոգիտությանը (2025թ. հատոր V, թողարկում 1): Այս 10 համարներից զատ, ԱԲՀՀ-ն հրատարակել է 3 հավելված՝ հպարտությամբ լույս ընծայելով Մանկական ուղեղային կաթվածի և զարգացման բժշկության արևելաեվրոպական և միջերկրածովյան 9-րդ գիտաժողովի (2022թ. հատոր II, թողարկում 1S), Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումար (2023թ. հատոր III, թողարկում 1S) և 14-րդ Հայկական բժշկական միջազգային կոնգրեսի (2025թ.) նյութերը:
Թեև մենք հեղինակների համար մշակել ենք ուղեցույցներ, որոնք հասանելի են ոչ միայն առցանց [https://ahms.am/hy/submit-an-article/author-guidelines], այլև յուրաքանչյուր համարի վերջում, մենք հաճախ ընդունում ենք նույնիսկ այն ձեռագրերը, որոնք չեն համապատասխանում այդ ուղեցույցներին՝ մեր գործընկերներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ հրատարակման չափորոշիչներին և ունենալ հրատարակվելու հնարավորություն։
ԱԲՀՀ-ն հոդվածները հրապարակում է նախ առցանց՝ ahms.am կայքում, ապա տպագիր տարբերակով: Ի դեպ, թե՛ առցանց, թե՛ տպագիր տարբերակները գունավոր են: Եվ այս ամենն արվում է անվճար հիմունքներով՝ մեր գրախոսների և խմբագիրների էնտուզիազմի, ինչպես նաև Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և դրա տնօրեն՝ բժիշկ Ալեքսանդր Բազարչյանի առատաձեռնության շնորհիվ:
2023 թվականին՝ 2 տարվա համառ ու անձնվեր աշխատանքից հետո, ԱԲՀՀ-ն ներառվեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: ԱԲՀՀ-ն նաև ներառված է ՔրոսՌեֆ (CrossRef) տվյալների շտեմարանում, ինչի շնորհիվ յուրաքանչյուր հոդված ստանում է եզակի թվային օբյեկտի նույնականացուցիչ (Digital Object Identifier, DOI) ծածկագիր, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում: Մեր նպատակն է մոտ ապագայում ԱԲՀՀ-ն ներառել նաև Սկոպուս (Scopus), Վեբ ու սայենս (Քլարիվեյթ) (Web of Science, Clarivate) և Փաբմեդ (Մեդլայն) (PubMed, Medline) տվյալների շտեմարաններում: Այս հավակնոտ նպատակին հասնելու համար մենք պետք է սահմանենք ամենաբարձր նշաձողերը՝ հրապարակման համար ընտրված հոդվածների որակն է՛լ ավելի բարելավելու համար: Այս առումով մենք ճիշտ ուղու վրա ենք, քանի որ շարունակում ենք վարել անաչառ և անկողմնակալ գրախոսության քաղաքականություն՝ ապացուցահեն լավագույն գիտելիքներն ընտրելու և դրանց մշակմանը նպաստելու համար: Դրա լավագույն վկայությունը մերժված ձեռագրերի թիվն է (մերժման տոկոս), որը ցույց է տալիս աճի միտում՝ չնայած ներկայացված ձեռագրերի դեռևս ոչ շատ մեծ քանակին. այս 5 տարիների ընթացքում 100-ից ավելի ձեռագրերից 7-ը մերժվել է: Շատ հոդվածներ ընդունվել են հրապարակման միայն զգալի վերանայումից հետո:
Այս ամենից զատ, հայտնի է, որ հեղինակները յուրաքանչյուր հրապարակված հոդվածի համար ստանում են շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) որոշակի կրեդիտներ: Բժիշկ Ալեքսանդր Բազարչյանի օգնությամբ նախատեսում ենք գործարկել հատուկ նախաձեռնություն, որը ՇՄԶ կրեդիտներ կտրամադրի ոչ միայն հեղինակներին, այլև գրախոսներին ու խմբագիրներին, որոնք այդքան թանկարժեք ժամանակ ու ջանք են ներդնում այդ հոդվածների հրատարակման գործում:
Կլինիկական և շարունակական բժշկական կրթության առումով նախատեսում ենք համագործակցել ՀՀ Առողջապահության նախարարության և մասնագիտական միությունների հետ՝ այդ մարմինների կողմից մշակված ուղեցույցներ հրապարակելու նպատակով՝ բժիշկների ուշադրությունն այդ ուղեցույցներին հրավիրելու, վերջին հանձնարարականներին նրանց ծանոթացնելու և իրենց կլինիկական գործունեության մեջ դրանք ներդնելու նպատակով։
Վերադառնալով այս հոբելյանական համարին, այն պարունակում է գրականության ակնարկներ ակնեի համակարգային բուժման և բերանի խոռոչի առողջության, անհասների ռետինոպաթիայի և աուտոիմուն ու նյութափոխանակային հիվանդությունների դեպքում ինկրետինի համակորդների դերի վերաբերյալ: Նաև խորհուրդ ենք տալիս կարդալ օրիգինալ հոդվածներ Հայաստանում հեռավար բժշկական կրթության ծրագրերի, անպտղության դեպքում ադենոմիոզի և դրա ուլտրաձայնային համարժեքների տարածվածության, ճարպակալմամբ հիվանդների կյանքի որակի վրա ստամոքսի երկայնակի մասնահատման ազդեցության և հիբրիդային օտոպլաստիկայի վերաբերյալ: Կարող եք նաև գտնել կլինիկական դեպքերի նկարագրություններ զույգ միզածորանային բացվածքների ընդգրկմամբ միզապարկի աղիքային մետապլազիայի և ընտանեկան միջերկրածովյան տենդի սրացման դեպքում արտամարմնային հեմոկոռեկցիայի և ֆոտոհեմոթերապիայի կիրառման վերաբերյալ: Վերջապես, հոդվածների այս տպավորիչ փունջը եզրափակվում է խմբագրությանը մեր հարգարժան իրանցի գործընկերոջ նամակով՝ Իրանում զարկերակային գերճնշման աճող բեռի մասին, և հայոց բժշկության դարանի ավանդական հոդվածով՝ խորհրդային կառավարման առաջին տասնամյակում Հայաստանում առողջապահության զարգացման մասին:
Սիրելի՛ ընթերցողներ, մենք քաջալերում ենք ձեզ և ձեր գործընկերներին շարունակել ձեռագրեր ուղարկել ԱԲՀՀ-ում հրապարակվելու համար։
բ.գ.թ. Դավիթ Օ. Աբրահամյան և բ.գ.թ. Սամսոն Գ. Խաչատրյան
ԱԲՀՀ գլխավոր համախմբագիրներ
Հ.Գ. Երևի նկատեցիք, որ այս խմբագրականի վերնագիրը պարունակում է աքրոստիկոս (ընդգծված տառերը): Առաջին 10 ընթերցողները, որոնք ճիշտ պատասխանը կուղարկեն
