Armenian Journal of Health & Medical Sciences

Editorial 3-2

DOI: 10.54235/27382737-2023.v3.2-9

Խմբագրական

Բավականությամբ կարդացինք պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանի և համահեղինակների «Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկությունները» հոդվածը [1]: Մեր երախտագիտությունն ենք հայտնում հեղինակներին այս արդի հարցով այսպիսի լուրջ վերլուծական աշխատանք կատարելու և հնարավոր լուծումներ առաջարկելու համար: Լինելով բժշկագիտական հանդեսի խմբագիրներ և անընդհատ առերեսվելով ոչ միայն զուտ բժշակական, այլև լեզվաբանական, թարգմանչական մարտահրավերների՝ չէինք կարող չարձագանքել այս հոդվածում բարձրացված հրատապ հարցերին:
Հայերեն որակյալ մասնագիտական նյութերի սղության պատճառով մենք՝ հայ բժիշկներս, հաճախ ենք ակամայից զբաղվում բժշկական թարգմանությամբ՝ ինչպես հիմնականում ռուսերենից կամ անգլերենից հայերեն, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Դա օգնում է մեզ չմոլորվել օրավուր զարգացող բժշկության և տեխնոլոգիաների հորձանուտում, տեղեկանալ մեր ոլորտի վերջին նվաճումներին, ստանալ ախտորոշիչ-բուժական տարբեր իրավիճակային հարցերի պատասխաններ և այլն: Իրեն հարգող և ինքնակրթությամբ զբաղվող բժիշկը գրեթե ամեն օր օգտվում է Փաբմեդ [2] կամ Ափթուդեյթ [3] կամ գոնե Գուգլ սքոլար [4] առցանց անգլիալեզու շտեմարաններից: Բացի դրանից, հանրության համար հայերենով որակյալ ուսուցողական, հանրամատչելի բժշկական նյութեր պատրաստելու համար որոշ կամավոր բժիշկներ թարգմանում կամ ստեղծում են հայալեզու հոդվածներ Վիքիպեդիա առցանց հանրագիտարանում: Այդ իմաստով հիշատակման է արժանի «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համատեղ «Ես ստեղծում եմ բժշկական կարևորագույն հոդված» նախագիծը, որի շրջանակներում անգլերենից հայերեն են թարգմանվում 1000 կարևորագույն և ամենապահանջված բժշկական հոդվածները [5]։
Մյուս կողմից, բժշկական հայերենի պահպանման ու զարգացման յուրօրինակ դարբնոց է դարձել մեր գիտական հանդեսը՝ ԱԲՀՀ-ն, որի գրեթե ամեն համարում կարելի է հանդիպել անգլերեն նոր տերմինների նորաստեղծ, հարմարեցված հայերեն թարգմանությունների: Բնականաբար դրանց մի մասը, ինչպես հիրավի նշում են պրոֆ. Գ.Հովհաննիսյանը և համահեղ., այդպես էլ կիրառության մեջ չեն մտնում, բայց որոշները շատ արագ ընդունվում ու տարածվում են բժշկական հանրության և հասարակության լայն շերտերում: Ի դեպ, հետաքրքրական է նշել, որ մեր բազմաթիվ «նորաստեղծ» տերմիններ այդքան էլ նորաստեղծ չեն, այլ կարելի է «պեղելով գտնել» մեր վայելչափայլ գրերից՝ գրաբարից: Այդպիսի տերմինի մի օրինակ է «ռանդոմ» բառի «վայրապար» թարգմանությունը, որն առնվազն 7 անգամ հանդիպում է Աստվածաշնչում [6]: Սակայն վայրապարը կարծես այդքան էլ բարյացակամորեն չընդունվեց բժշկական համայնքի կողմից և երևի կմնա գրաբարի լուսանցքներում: Փոխարենը, կարծես, հաղթող է դուրս գալիս երկայնաշունչ «պատահական բաշխմամբ» արտահայտությունը…
Վերոնշյալ հեղինակային խմբի հետ համամիտ ենք նաև բժշկական գիտաժողովների համընթաց թարգմանության խնդիրների առումով: Խորապես համոզված ենք, որ նմանատիպ գիտաժողովներից օրեր առաջ թարգմանչին (լինի բժիշկ, թե ոչ) պետք է տրամադրվեն բոլոր ելույթների բնագրերը կամ գոնե պրեզենտացիաները, որպեսզի ինքը պատրաստվի և բոլոր ծագած հարցերին նախապես պատասխաններ ստանա նեղ մասնագետներից: Այլապես հազվագյուտ չեն դեպքերը, երբ գիտաժողովի ժամանակ համընթաց թարգմանիչը, չհասկանալով բուն նյութը կամ հետ մնալով ելույթ ունեցողի տեմպից, կամ պարզապես հայտնվում է ստուպորի մեջ, կամ սկսում է զբաղվել «ինքնագործունեությամբ»՝ բոլորիս հայտնի հետևանքներով: Հատկապես կարևոր է նախապատրաստությունը բժշկական կրթություն չունեցող թարգմանիչների համար, հաշվի առնելով, որ բժշկի ուսումնառության ընթացքում տերմինների հիմնական մասը սովորական ուսումնական գործընթացի ընթացքում պահեստավորվում է, ի տարբերություն այլ կրթություն ունեցողների։ Ընդ որում տերմինների յուրացումը պետք է իրականացվի շարունակական կերպով, նույնիսկ առանց կոնկրետ թարգմանչական նախագծերի։
Առանձին ցավոտ թեմա է, որին նույնպես անուղղակիորեն անդրադարձել էին հեղինակները, էպիկրիզների և բժշկական տարատեսակ տեղեկանքների, ախտորոշիչ միջամտությունների արձանագրությունների նոտարի կողմից վավերացված թարգմանությունը, երբ մարդիկ իրենց բժշկական թարգմանությունների գործը վստահում են նոտարական տարատեսակ գրասենյակների և երբեմն ստանում են այնպիսի թարգմանություններ, որոնք այդպես էլ չեն ծառայում իրենց նպատակին, քանի որ պարունակում են բազմաթիվ իմաստային ու մասնագիտական սխալներ:
Ըստ այդմ պրոֆ. Հովհաննիսյանը և համահեղ. կարևոր հարց են բարձրացնում, «թե ով պետք է բժշկական թարգմանություններ կատարի՝ բժիշկները, թե տվյալ ոլորտի մասնագետ չհանդիսացող թարգմանիչները»: Եվ մենք միանգամայն համամիտ ենք նրանց հետ, որ լավագույն տարբերակը կլիներ բժիշկ-թարգմանիչը, ով գրեթե հավասարապես տիրապետում է բժշկությանը և մայրենի ու օտար լեզուներին: Ի թիվս այլ նպատակների ու խնդիրների, հենց այս հիբրիդային մասնագիտության զարգացման և բժշկական հաղորդակցության կատարելագործման նպատակով 2022 թվականին հիմնադրվեց Հայ բժշկագիրների ասոցիացիան (ՀԲԳԱ, անգլերեն՝ Armenian Medical Writers Association, ArMWA) (նկար)՝ ոգեշնչվելով արդեն ավելի քան 80 տարի գոյություն ունեցող Ամերիկյան բժշկագիրների ասոցիացիայով (American Medical Writers Association, AMWA) [7] և ավելի քան 30 տարեկան Եվրոպական բժշկագիրների ասոցիացիայով (European Medical Writers Association, EMWA) [8]: Ի դեպ, «բժիշկ-թարգմանչի» փոխարեն կառաջարկեինք օգտագործել հենց «բժշկագիր» (medical writer) մեր կողմից ստեղծված տերմինը, որն ավելի լիարժեք պատկերացում է տալիս այդ մասնագիտության մասին: Ինչպես ժամանակին գրել է Մարսել Պրուստն իր «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վիպաշարում՝ «Գրողի պարտականությունն ու անելիքը նույնն են, ինչ թարգմանչինը»։

Նկար. Հայ բժշկագիրների ասոցիացիայի խորհրդանշանը

ՀԲԳԱ-ն տարբեր լեզուների տիրապետող պրոֆեսիոնալ բժիշկ-մասնագետների խումբ է, որոնք հավաքվել են մեկ հարկի տակ բժիշկների, բուժհաստատությունների, դեղագործական ու կենսատեխնոլոգիական ընկերությունների և առողջապահական այլ կառույցներին տարբեր կանոնակարգային փաստաթղթերի, գիտական, հետազոտական ծրագրերի, դրամաշնորհների մշակման, թարգմանության ու ներկայացման գործում աջակցություն տրամադրելու համար: Բժշկագիրները նաև զբաղվում են սեղմագրերի (թեզիսներ), գիտական հոդվածների, գրականության ակնարկների, թեկնածուական ու դոկտորական թեզերի, կլինիկական ուղեցույցների, դասակարգումների, գործելակարգերի, ընթացակարգերի, սանդղակների և հարցաթերթիկների մշակմամբ, թարգմանությամբ և հարմարեցմամբ, ինչպես նաև բժշկագիտական, դեղագիտական և այլ առողջապահական գիտակարգերին վերաբերող գրքերի ու մեթոդական ձեռնարկների նախապատրաստմամբ, թարգմանությամբ և խմբագրմամբ: Իր շատ կարճ գոյության ընթացքում ՀԲԳԱ-ն արդեն հասցրել է թարգմանել ԿՈՎԻԴ-19-ի գործելակարգերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Ռազմադաշտային վիրաբուժություն» տեղեկագրքի երկու հաստափոր հատորները [9,10] և այլն: Եվ անշուշտ, այդ ընթացքում ՀԲԳԱ-ն նույնպես բազմիցս բախվել է մի շարք անգլերեն, հատկապես նորահայտ տերմինների ճիշտ հայերեն թարգմանությունը գտնելու կամ ստեղծելու խնդրին՝ երբեմն ստիպված լինելով եզրույթի հայերեն մեկնակերպը գտնելու կամ ստեղծելու համար խորհրդակցել ոչ միայն ոլորտի առաջատար նեղ մասնագետների, այլև լեզվաբանների հետ, կամ հայերեն տերմինին կից փակագծերում տալ նաև հայատառ անգլերեն կամ լատիներեն բնագիր տարբերակը, որպեսզի նաև այդ կերպ նպաստենք հայերեն տերմինաբանության պահպանմանը, հարստացմանն ու տարածմանը:
Իհարկե, վերոնշյալ խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեին, եթե ունենայինք որակյալ ու վստահելի տերմինաբանական շտեմարաններ (հատկապես առցանց հասանելի), որոնց մասին իրենց հոդվածում նշում են նաև պրոֆ. Հովհաննիսյանը և համահեղ.: Հարցի լուծում կարող է հանդիսանալ նաև Լեզվի տեսչության և հայոց լեզվի զարգացման հետ կապված այլ մարմինների հետ համատեղ կոմիտեների ստեղծումը բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։ Դրա աշխատանքի հիմնական շոշափելի արդյունքը պետք է լինի տերմինների պաշտոնական շտեմարանը, որը կարող է հետագայում թարմացվել։ Տերմինների հստակեցումն ու ստանդարտացումը կհեշտացնի թե՛ բժիշկների, թե՛ թարգմանիչների աշխատանքը։ Սակայն, պարզ է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Այդ առումով ձեռքբերում կարելի է համարել Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի գլխավոր խմբագիր երջանկահիշատակ Ռուբեն Հովհաննեսյանի բազմամյա աշխատանքների ամփոփումն ու «Ապացուցողական բժշկության տերմինների բացատրական բառարանի» լույսընծայումը 2023 թվականին: Այն պարունակում է ապացուցողական բժշկության 163 եզրույթ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Սակայն մեր հպանցիկ վերլուծությունը ցույց տվեց, որ այս բառարանն էլ զուրկ չէ թերություններից:
Ինչպես նշում են պրոֆ. Հովհաննիսյանը և համահեղ., և մենք լիովին համաձայն ենք նրանց հետ, որ ամենաօրախնդրական հարցը թերևս Հիվանդությունների միջազգային դասակարգչի (ՀՄԴ-10) հայերեն տարբերակի, մեղմ ասած, անլիակատարությունն է: Շտեմարան, որին այսօր, Արմեդ առցանց համակարգի ներդնումից հետո, ամեն բժիշկ ու բուժքույր առնչվում է բառացիորեն ամեն օր: Եթե կարճ, ապա այն շատ լուրջ, եթե ոչ արմատական վերանայման կարիք ունի: Կան հայերեն «տերմիններ», որոնք որևէ աղերս չունեն անգլերեն բնագրի հետ: Այնպես որ ՀԲԳԱ-ի նախաձեռնող խումբն ուրախ կլինի, եթե մի քանի կամավոր պրոֆեսիոնալ թարգմանիչներ ցանկություն հայտնեն միանալ և միասին թարմացնել-շտկել ՀՄԴ-10-ի հայերեն թարգմանությունը և ՀՀ Առողջապահության նախարարությանն առաջարկել փոխարինել այն մեր վերանայած-թարմացրած տարբերակով: Հաջորդիվ կարելի է մտածել նաև Հովհաննիսյանի և համահեղ. մեջբերած DSM դասակարգումը հայերեն թարգմանելու մասին:
Կարծում ենք, որ հայ բժշկական թարգմանչության դպրոցի զարգացմանը միանշանակ կօգնեն նաև ՀԲԳԱ-ի, տարբեր նեղ մասնագիտական բժշկական ասոցիացիաների և պրոֆեսիոնալ թարգմանիչների համատեղ դասընթացներն ու աշխատաժողովները բժիշկների և թարգմանիչների համար՝ ինչպես լեզվագիտական-բժշկական, այնպես էլ համակարգչային-համացանցային գիտելիքների ու հմտությունների զարգացման համատեքստում:
Այդ առումով հնարավոր նախատիպ հանդիսացող հետաքրքիր փորձ էր Թարգմանչական շաբաթ 2022 և 2023 նախագծերի շրջանակում ինչպես նաև այլ հարթակներում բժշկական թարգմանություններին նվիրված նեղ քննարկումների կազմակերպումը և փորձի փոխանակումը բժիշկ-թարգմանիչների և լեզվաբան-թարգմանիչների միջև [11]։ Դրանց իրականացումն ինքնին վկայում է դաշտի ակտիվացման, ինչպես նաև հստակ պահանջարկի ձևավորման մասին։
Այսպիսով, վաղուց ժամանակն է ձևավորելու պրոֆեսիոնալ լեզվաբան-թարգմանիչների և փորձառու բժշկագիրների փոխշահավետ տանդեմ, որը կկարողանա արագ և արդյունավետ կերպով լուծել վերոնշյալ մի շարք գիտակարգերում ծառացած բազմաթիվ խնդիրներ:

բ.գ.թ., դոցենտ Դավիթ Աբրահամյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Հայ բժշկագիրների ասոցիացիա

բ.գ.թ. Սամսոն Խաչատրյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Քնի խանգարումների հայկական ասոցիացիա

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Հովհաննիսյան Գ., Վահանյան Ա., Տաթևյան Հ. Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկությունները: ԱԲՀՀ. 2023;3(II):
  2. pubmed.ncbi.nlm.nih.gov – Accessed: 25 December 2023
  3. uptodate.com – Accessed: 25 December 2023
  4. scholar.google.com – Accessed: 25 December 2023
  5. am.wikimedia.org/wiki/Նախագծեր/Բժշկական1000կարևորագույն_հոդվածներ – Accessed: 25 December 2023
  6. bible.armeniancathedral.org/w/w41042.htm – Accessed: 25 December 2023
  7. amwa.org – Accessed: 25 December 2023
  8. emwa.org – Accessed: 25 December 2023
  9. irg.am/arm/battlefield-surgery – Accessed: 25 December 2023
  10. investmagazine.am/2022/11/10/5352 – Accessed: 25 December 2023
  11. facebook.com/photo/?fbid=371040228637572&set=a.196545972753666 – Accessed: 28 December 2023