Մարդ, ով իր կյանքն ու գործունեությունը անմնացորդ ծառայեցրեց գիտությանը՝ թողնելով աշխատանքային հարուստ կենսագրություն, վաստակած սեր ու հարգանք:
Ռուբեն Հովհաննեսյանը ծնվել է 1951թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (ԵրԲԻ): 1977-1978թթ. աշխատել է ԵրԲԻ-ի Գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ: Այնուհետև, 1978-1993թթ. եղել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղի միկրոշրջանառության լաբորատորիայի վարիչ և գլխավոր բժիշկ: 1993-1997թթ. աշխատել է ԱԱԻ-ի Համալսարական կլինիկայում որպես գլխավոր բժիշկ: 1993թ. պաշտպանել է գիտական ատենախոսություն: 1998-2012թթ. եղել է ԱԱԻ-ի կլինիկական ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը: Զուգահեռաբար, 1999-2001թթ. ղեկավարել է ՀՀ ԱՆ գիտության, կրթության և կադրային ներուժի վարչության աշխատանքները: 2012-2016թթ. եղել է ԱԱԻ-ի գլխավոր փորձագետը: 2016-2017թթ. եղել է ԵՊՀ-ի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնի վարիչը: 2017թ. եղել է ԵՊՀի Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչը: Այնուհետև, մինչև կյանքի վերջն աշխատել է ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, որպես գիտական խմբագիր: Վերջին 10 տարվա ընթացքում զբաղվել է նաև Հայաստանում ապացուցողական բժշկության ներդրման հիմնախնդիրներով:
Ռուբեն Հովհաննեսյանը եղել է Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ, Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի գլխավոր խմբագիր, Պաթոֆիզիոլոգների համաշխարհային ընկերության անդամ, Բժշկական ամսագրերի խմբագիրների համաշխարհային միության անդամ, Քոքրենյան համագործակցության (Cochrane Collaboration) անդամ: Եղել է 110 գիտական աշխատությունների հեղինակ:
Ռուբեն Հովհաննեսյանը միշտ կմնա իրեն ճանաչողների հուշերում որպես վառ անհատականություն, ով հետապնդել է Հայաստանում մեծ նպատակներ և իր կարևորագույն ներդրումն ունեցել մեր բժշկագիտության առաջխաղացման գործում։