Ձվաբջիջների ասպիրացիա դուգլասյան խոռոչից արտամարմնային բեղմնավորման (ամբ) ընթացքում վաղաժամ ձվազատման դեպքերում, ցածր ձվարանային պաշար (ՑՁՊ) ունեցող հիվանդների մոտ
Ամփոփագիր
Նախաբան: Քանի որ յուրաքանչյուր ձվաբջիջ արժեքավոր է, դուգլասյան խոռոչից ձվաբջջի ասպիրացիան որպես ձվաբջիջների ստացման մեթոդ կարող է օգտակար լինել ցածր ձվարանային պաշար (ՑՁՊ) ունեցող հիվանդների համար վաղաժամ ձվազատման դեպքում։ Այս պրոցեդուրան կարող է կանխել ցիկլի դադարեցումը՝ ձվաբջիջներ ստանալով հետագա բեղմնավորման և հղիության համար:
Նպատակ: Սույն կլինիկական դեպքի ներկայացման նպատակն է ցույց տալ դուգլասյան խոռոչից ձվաբջիջների ստացման հնարավորությունը վաղաժամ ձվազատման դեպքում և դրանց կենսունակությունը ՑՁՊ ունեցող հիվանդների մոտ։
Նյութեր և մեթոդներ: Ներկայացված է հազվագյուտ դեպք, երբ դուգլասյան խոռոչից ձվաբջիջներ են ստացվել վաղաժամ ձվազատումից հետո ՑՁՊ ունեցող հիվանդի մոտ։ Նկարագրված է ձվաբջիջների ասպիրացիայի գործընթացը և դրանց հաջող բեղմնավորումը ICSI մեթոդով։
Դուգլասյան խոռոչից ստացված երկու ձվաբջիջները հասուն և կենսունակ էին, մշակվեցին մինչև 3-րդ օրը և սառեցվեցին հետագա սաղմնապատվաստման համար: Հաջորդ դաշտանային ցիկլում կատարվեց սաղմիկի ապասառեցում և տեղադրում արգանդի խոռոչ: Գրանցվել է կլինիկական հղիություն՝ դրական սրտի բաբախով: Ներկայումս հղիությունը զարգանում է առանց բարդությունների:
Եզրակացություն: Դուգլասյան խոռոչից ձվաբջիջների ստացումը կարող է արդյունավետ մեթոդ լինել ՑՁՊ ունեցող հիվանդների վաղաժամ ձվազատման դեպքում։