Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Ստամոքսի լապարոսկոպիկ երկայնակի մասնահատման և հետվիրահատական վարման մոդիֆիկացված և ստանդարտ եղանակների արդյունավետության գնահատում III աստիճանի ճարպակալմամբ տարեց հիվանդների մոտ. միակենտրոն ռանդոմացված կլինիկական հետազոտություն

Սևակ Ս. Շահբազյան
Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
Շենգավիթ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ներածություն. Ճարպակալումը նյութափոխանակության խանգարումների հետևանքով առաջացող բազմաբաղադրյալ հիվանդություն է, որը բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների, ինսուլինակայունությւան, աթերոգեն դիսլիպիդեմիայի, զարկերակային գերճնշման և այլ հիվանդությունների ռիսկը: Դրա տարածվածությունը կայուն աճի միտում ունի` կապված գիրության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքերի աճի հետ: Ստամոքսի լապարոսկոպիկ երկայնակի մասնահատումն (ՍԼԵՄ) իրեն դրսևորել է որպես քաշի կորստի անվտանգ, արդյունավետ և տեխնիկապես ոչ այդքան պահանջկոտ եղանակ՝ այս բարիատրիկ միջամտությունը հանրաճանաչ դարձնելով ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, այն միշտ չէ, որ ապահովում է ավելորդ քաշի և համակցված հիվանդությունների ցանկալի նվազում:
Նպատակը. Սույն միակենտրոն, առաջահայց, ռանդոմացված, «առաջ-հետո» հետազոտության նպատակն է եղել համեմատել մոդիֆիկացված (ՄՍԼԵՄ) և ստանդարտ (ՍՍԼԵՄ) ՍԼԵՄ-ի անվտանգությունն ու արդյունավետությունը III աստիճանի ճարպակալմամբ տարեց հիվանդների մոտ:
Մեթոդներ. Հետազոտությունն իրականացվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում (Երևան, Հայաստան) 2020 թ. փետրվարից մինչև 2022 թ. փետրվարն ընկած ժամանակահավածում: Ներառվել է 40-50 կգ/մ2 մարմնի զանգվածի ցուցիչով (ՄԶՑ) 50 տարեկանից բարձր 168 բուժառու, որոնց կատարվել է ՍՍԼԵՄ ավանդական հետվիրահատական խնամքով և ՄՍԼԵՄ անհատականացված հետվիրահատական վարմամբ։ Վիրահատական միջամտության արդյունավետությունը գնահատվել է հիվանդների ՄԶՑ և կյանքի որակի (Bariatric Analysis and Reporting Outcome System [BAROS]) չափման և համեմատման միջոցով՝ նախքան վիրահատությունը և վիրահատությունից 6 ու 24 ամիս հետո:
Արդյունքներ. Հետազոտությունը չի հայտնաբերել հավաստի միջխմբային տարբերություններ ՄԶՑ և BAROS-ի ցուցանիշների միջև՝ վիրահատությունից անմիջապես առաջ և դրանից 6 ամիս հետո: Կես տարի անց երկու խմբերում էլ հայտնաբերվել են ներխմբային հավաստի տարբերություններ՝ նախավիրահատական համապատասխան ցուցանիշների համեմատությամբ. ՄԶՑ մակարդակի նշանակալի նվազում և BAROS մակարդակի նշանակալի աճ: Ընդ որում, փոփոխություններն ավելի ցայտուն են եղել ՄՍԼԵՄ խմբում: Բուժումը սկսելուց 24 ամիս անց ՄԶՑ և BAROS-ի ցուցանիշների համեմատությունը բացահայտել է հավաստի ներխմբային փոփոխություններ, իսկ միջխմբային համեմատությամբ բացահայտվել են մակարդակների զգալի տարբերություններ երկու ցուցանիշների առումով հօգուտ ՄՍԼԵՄ խմբի:
Եզրակացություն. Այսպիսով, 50 տարեկանից բարձր և 40-50 կգ/մ2 ՄԶՑ-ով հիվանդների մոտ ՄՍԼԵՄ-ը կարող է արդյունավետ այլընտրանք լինել ՍՍԼԵՄ-ին՝ առաջինի՝ մարմնի քաշի նվազմանը և կյանքի որակի բարելավմանը միտված կայուն երկարաժամկետ ազդեցության շնորհիվ:
Հիմնաբառեր. ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում (ՍԼԵՄ), մարմնի զանգվածի ցուցիչ (ՄԶՑ), Bariatric Analysis and Reporting Outcome System (BAROS), III աստիճանի ճարպակալում, տարեց հիվանդներ, կյանքի որակ

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-80