Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկությունները
Գայանե Հովհաննիսյան*, Արմինե Վահանյան, Հրաչյա Տաթևյան
Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևան, Հայաստան
*Կոնտակտային հեղինակ. էլ-փոստ. grhovhannisyan@bryusov.am, հեռ. +374 44 24 75 53
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Մեթոդական բնույթի սույն հոդվածում քննարկվում է «թարգմանչական գործ» մասնագիտության կրթական ծրագրերում «առողջապահական-բժշկական ոլորտային թարգմանություն» առարկաների շարքի դասավանդման անհրաժեշտությունը և դրանց նշանակությունը բազմապրոֆիլ թարգմանիչների պատրաստման հարցում: Խնդիրն արդիական է ոչ միայն պրոֆեսիոնալ թարգմանիչների պատրաստման տեսակետից, այլև հայոց լեզվում գիտական բառապաշարի և նեղ ոլորտային՝ առողջապահական-բժշկական տերմինահամակարգի զարգացման առումով, որն անհրաժեշտ է գիտական լեզվի, ասել է թե ուրույն քննական մտածողության և մտքի խթանման համար: Մասնավորապես, հատկորոշվում են բժշկական, կամ ավելի լայն առումով՝ առողջապահական ոլորտի թարգմանության հոգելեզվաբանական, իրավական, գործաբանական և լայն իմաստով, հաղորդակցական առանձնահատկությունները: Առանձնակի շեշտադրվում է ոլորտային գիտելիքի որոնման, տեղեկության ճշգրտման, հավաստի աղբյուրներից օգտվելու պահանջը: Առաջարկվում է թարգմանչական գործ կրթական ծրագրի առարկայացանկում ներառել ոլորտային տերմինաբանության հայացման հետազոտական բաղադրիչ, որը ներառում է նաև հապավումների երկլեզու և եռալեզու շտեմարանների ստեղծում, տերմինաշինական հմտություններ, տերմինների և հապավումների նեղ մասնագիտական և ընդհանուր ոլորտային դասակարգում: Անդրադարձ է կատարվում ապագա թարգմանիչների պատրաստման և հետագայում նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներին ու խոչընդոտներին: Առանձին դիտարկվում է բժշկական նյութերում օգտագործվող հոգեբանական թեստերի/հարցաթերթիկների և կյանքի որակի հարցաշարերի թարգմանության և դրանց ադապտացիայի խնդիրը, որն ինքնին ներկայումս առողջապահական հաղորդակցման կարևոր հարցերից է: Քննարկվող ոլորտի դասավանդման առաջարկվող կաղապարի հիման վրա մասնագետ-ընթերցողները կարող են զարգացնել իրենց հետաքրքրող այլ ոլորտների թարգմանչական հմտությունների ձևավորմանը միտված դասընթացների համալիրը:
Հիմնաբառեր. բժշկական թարգմանություն, հանրամշակութային հարմարեցում, ոլորտային տերմինաշինություն, հապավումներ:
DOI: 10.54235/27382737-2023.v3.2-56
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հիպոկրատյան հայտնի «Մի՛ վնասիր» սկզբունքը, երևի թե, հավասարապես կիրառելի է նաև բժշկության ոլորտում թարգմանություններ կատարող յուրաքանչյուրի գործունեությանը: Բժշկության ոլորտի թարգմանչությունը, մի քանի այլ ոլորտների հետ մեկտեղ՝ թարգմանչի համար, թերևս, ամենաբարդ և ամենապատասխանատու բնագավառներից է: Բժշկական որակյալ և ճշգրիտ թարգմանությունները կարող են օգնել կյանքեր փրկելուն, իսկ անորակ և սխալ թարգմանությունները՝ ուղղակի վնաս հասցնել մարդկանց: Այս առումով առաջին հերթին հարկ է ընդգծել տվյալ ոլորտում խորը գիտելիքներ, լայն մտահորիզոն ու տարատեսակ հանրագիտական իրազեկվածություն, ինչպես նաև թարգմանություն կատարող անձի բարձր պատասխանատվության զգացողություն ունենալու անհրաժեշտությունը:
Այս ամենն էական է թարգմանության ուղղակի կամ անուղղակի սխալներից խուսափելու և հնարավոր վնասները կանխելու համար, քանի որ բժշկական թարգմանությունների սխալները կարող են հիվանդի ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտներում զգալի խնդիրներ առաջացնել, երբեմն էլ նույնիսկ սպառնալ մարդու կյանքին ու ողբերգական հետևանքներ ունենալ, ինչպես ստորև բերված հղման մեջ նկարագրված դեպքում է [11]: Բացի առողջական խնդիրներից, սխալ թարգմանությունները կարող են նաև լուրջ ֆինանսական և իրավական հետևանքներ ունենալ:
ԽՆԴՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ
Խնդրի արդիականությունն առաջին հերթին պայմանավորված է այսօրվա կյանքի իրողություններով, հատկապես՝ միջազգային մասնագիտական շփումների ինտենսիվացմամբ և արդի գիտության զարգացման ու որակյալ մասնագետների պատրաստման հրամայականով: Խնդրի հրատապության հիմքում ընկած է նաև այն ցավալի իրողությունը, որ չափազանց հաճախ կարելի է հանդիպել խիստ ցածրորակ թարգմանությունների:
Միջազգային ընդհանուր շփումների կտրուկ ավելացումը, որը հետևանք է նաև գլոբալ գործընթացների ֆոնին համաշխարհային միգրացիոն հոսքերի մեծացման, առավել ակտուալ է դարձնում նաև միջմշակութային հաղորդակցումը և իրազեկվածությունը, ներգաղթյալների հատուկ՝ մասնավորապես առողջության հետ կապված կարիքները բավարարելու պահանջը, ինչն էլ իր հերթին կարևորում է նաև համընդհանուր բժշկագիտական լեզվի կիրառման և համապատասխան թարգմանություններ ունենալու անհրաժեշտությունը:
Որակյալ կրթություն ապահովելու համար, բարձրորակ մասնագետներ և գիտնականներ պատրաստելու գործում առանձնահատուկ կարևորություն է ստանում արդի համաշխարհային գիտության նորագույն ձեռքբերումների իմացությունը, ինչը ենթադրում է օտար լեզուների լավ իմացություն կամ նվազագույնը՝ բժշկական տեքստերի հայերեն համարժեք թարգմանությունների առկայություն: Կարևոր է նաև այլ երկրների ժամանակակից դասագրքերի հայալեզու թարգմանություններ ունենալը:
Բժշկական թարգմանությունների ուսուցումը (եթե դա իսկապես արվել է) ավանդաբար սահմանափակված է եղել բժշկական ուսումնական հաստատություններում օտար լեզուների ուսուցման դասընթացներում օտարալեզու բժշկագիտական աղբյուրների թարգմանության գործընթացն ապահովելու նպատակով: Հայերենը, լինելով գլոբալ մասշտաբով փոքրաթիվ խոսողների լեզու, լուրջ դժվարությունների է բախվում մասնավորապես ուրույն տերմինաբանական համակարգի ստեղծման առումով:
Բժշկագիտության ոլորտում հայերը բազմադարյա հարուստ փորձ ունեն: Դեռ վաղ միջնադարից ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում լայնորեն հայտնի էին Գրիգորիսի, Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու և այլոց աշխատութունները: Նրանց օգտագործած որոշ եզրույթներ և հասկացություններ բժշկության մեջ կիրառվում են մինչ օրս, սակայն դրանց մի զգալի մասը դարերի ընթացքում իրենց տեղը զիջել է ավելի նոր, միջազգային տերմիններին:
Խորհրդային ժամանակներում, ինտեգրված լինելով ռուսալեզու առողջապահական համակարգին, մեր բժիշկները հիմնականում մասնագիտական թե՛ բանավոր և թե՛ մանավանդ գրավոր հաղորդակցումն իրականացնում էին ռուսաց լեզվով: Բացի մինչխորհրդային շրջանում՝ քսաներորդ դարի սկզբին արտասահմանում՝ մասնավորապես Եվրոպայում, բարձրագույն կրթություն ստացած բժիշկներից, քչերը կային, որ մասնագիտական շփման մակարդակով գերազանց տիրապետում էին եվրոպական այլ լեզուների: Օտար լեզվի իմացությունը մասամբ նաև նպաստում էր բժիշկների մասնագիտական կապերի հաստատմանը՝ գիտաժողովների մասնակցելու, հոդվածների տպագրության, նեղ մասնագիտական փորձի փոխանակման հարցերում: Խորհրդային տարիներին բժշկական գրականությունը հիմնականում ռուսերենից էր թարգմանվում հայերեն, և հասկանալի պատճառներով, նույնպես գրվում և հրատարակվում էր ռուսերենով: Այսպիսով, կարող ենք պնդել, որ հայրենական բժշկության և առողջապահական ոլորտի լեզուն, չհաշված միջնադարյան բժշկագիտական հուշարձանները, հիմնականում սկսել է հայերենով զարգանալ առավելապես վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում: Հաջորդելով քաղաքական անկախացմանը՝ լեզվական անկախացումը սակայն, ժամանակ է պահանջում օտար ազդեցությունները դրական կերպով յուրացնելու համար։
Այսօրվա հայ առողջապահական հաղորդակցման ոլորտի թերևս ամենամեծ և առայժմ դեռ չլուծված խնդիրներից են միջազգային բժշկական տերմինաբանության փոխառությունն ու դրանց տեղայնացումը, ոլորտային լեզվի շտեմարանների ստեղծումն ու հետևողական կիրառումը: Այս ամենը կարևոր դեր ունեն ինչպես մասնագիտական գրականության, այնպես էլ առերես ու հեռակա բժշկական միջոցառումների և գիտաժողովների թարգմանության համար:
Մյուս կարևոր, ու ևս դեռ չլուծված (ու չլուծվող) հարցն այն է, թե ով պետք է բժշկական թարգմանություններ կատարի՝ բժիշկները, թե տվյալ ոլորտի մասնագետ չհանդիսացող թարգմանիչները:
Բնականաբար, լավագույն տարբերակը կլիներ բժիշկ-թարգմանիչը, ով իր մասնագիտությունից զատ լավ է տիրապետում ինչպես օտար, այնպես էլ մայրենի լեզվին: Սակայն, նման մասնագետի առաջնահերթ խնդիրն է բուժել մարդկանց, և նրանք հաճախ բավարար ժամանակ չեն կարողանում գտնել թարգմանություններով զբաղվելու համար: Մյուս կողմից խիստ սակավաթիվ են օտար լեզուներին գերազանց տիրապետող բժիշկները: Բայց, իհարկե, կան նաև բացառություններ: Այդ առումով հիշատակման է արժանի խորհրդային հայտնի բժիշկ Գ.Ս. Վասիլչենկոն, ով ազատորեն տիրապետում էր տասնհինգ լեզվի, ու օտարալեզու գիտական ամսագրերի համար հոդվածներ էր գրում հենց այդ լեզուներով (և ոչ թե ռուսերեն, ու հետո թարգմանում իտալերենի, անգլերենի կամ ճապոներենի):
Այլընտրանքն այս դեպքում բժիշկ չհանդիսացող թարգմանիչն է: Տվյալ դեպքում էլ ոչ մասնագետ թարգմանչից լեզուների գերազանց իմացությունից բացի պահանջվում է առողջապահական ոլորտի, բժշկական նեղ մասնագիտությունների, այնտեղ օգտագործվող հասկացությունների, տերմինաբանության լավ իմացություն, բարձր ինտելեկտ ու ընդհանուր կրթվածություն, և ինչը չափազանց կարևոր է՝ սեփական կարողությունների հանդեպ քննադատական մոտեցում ու իր գործի նկատմամբ պատասխանատվություն: Բավարար իմացության, տարատեսակ գիտելիքներ չունենալու, ոչ այնքան բարձր ինտելեկտի և ցածր պատասխանատվության դեպքում հանդիպում ենք այնպիսի արտառոց թարգմանությունների, ինչպիսիք են «սրտի փոխարժեքը» (heart rate, «սրտի զարկերի հաճախություն»), «հղի զուգընկերը» (pregnant partner, ոչ թե «հղի զուգընկերուհի»), «տղամարդ կապիկները» (male monkeys, ոչ թե «արու կապիկները»), «գիտակից առնետները» (conscious rats, ոչ թե «արթմնի վիճակում գտնվող առնետները») և այլն: Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ «շագանակագեղձի քաղցկեղը» թարգմանության արդյունքում դառնում է «թութք»:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարածված թյուր կարծիք կա, որ թարգմանչական դասընթացների ոլորտային կազմակերպումն ինչ-որ տեղ շռայլություն է, էական հաղորդակցական խնդիրներ չի լուծում, հետևապես կրթական ծրագրերում ոլորտային ուղղվածություններն ընդգրկելու անհրաժեշտություն իբր չկա: Անտարակույս, այս մոտեցումը սխալ է մի շարք ակնհայտ պատճառներով:
Ինչպես որ մի մարդ չի կարող տիրապետել միանգամից բոլոր մասնագիտությունների, այնպես էլ մինչև անգամ ամենաբարձր որակավորում ունեցող թարգմանիչը հավասարապես գրագետ չի կարող թարգմանել տարբեր ոլորտների տեքստեր: Ավելին, նույնիսկ մեկ գիտակարգի շրջանակներում, տվյալ գիտության տարբեր ուղղությունների և ճյուղերի տեքստերի թարգմանությունն ունի իր յուրահատկությունը: Օրինակ՝ բժշկության ոլորտում սրտաբանության, հոգեբուժության, ուռուցքաբանության, դեղաբանության, կլինիկական հետազոտությունների և այլնի տեքստերը թարգմանչից տարբեր գիտելիքներ ու հմտություններ են պահանջում: Թարգմանչի առջև հավելյալ դժվարություններ են հառնում, երբ հաճախ պետք է լինում դուրս գալ կոնկրետ մասնագիտական շրջանակներից և գործ ունենալ տվյալ գիտության հարակից գիտակարգերի հետ: Անհրաժեշտ է, որ նա մասնագիտական կոնկրետ գիտակարգի և դրա մեկ կամ մի քանի հարակից ուղղություններում տիրապետի ոլորտի ոչ միայն բառապաշարին, այլև բովանդակությանն ու մասնագիտական գործընթացներին, իսկ առողջապահության ոլորտում՝ նաև էթիկական և իրավական առանձնահատկություններին։
Առողջապահության ոլորտի թարգմանության ուսուցման առարկայացանկն՝ ըստ մեր պատկերացումների և փորձառության, պետք է բաղկացած լինի մի քանի դասընթացներից, որոնցից առաջին կարևոր երկու բաղադրիչներն են ոլորտի ներածությունը, բառապաշարի և լեզվական կառույցների ու տերմինաբանության ուսուցումն ու դրանց թարգմանաբանական առանձնահատկությունները: Բացի այդ, կարևոր է ընդգրկել նաև ոչ բժշկական, բայց տվյալ ոլորտին առնչվող հատուկ դասընթացներ ունենալու կարևորությունը, քանի որ բազմապիսի բժշկական տեքստերում, բացի զուտ հիվանդությունների, դրանց ախտանիշների, լաբորատոր քննությունների, բուժումների, դեղերի և այլնի հետ կապված հասկացություններից և տերմիններից, հանդիպում են նաև գիտության այլ ոլորտներից, օրինակ՝ իրավագիտությունից, տեխնիկայից, մաթեմատիկայից, կենսաքիմիայից և հոգեբանությունից վերցված հասկացություններ:
Մասնավորապես, նորագույն դեղերի և բուժումների կլինիկական փորձարկումներին նվիրված տեքստերը կարող են պարունակել բժշկական սարքավորումների նկարագրություններ, դեղերի կենսաքիմիական ձևափոխումներ, գենետիկական ազդեցություններ և այլն: Նման նյութերում նշվում են ուսումնասիրության արդյունքների մշակման և վերլուծության վիճակագրական մեթոդները, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների իրավական նորմերը, իսկ որպես հավելված՝ հաճախ բերվում են հիվանդներին/գիտափորձի մասնակիցներին տրվող՝ ուսումնասիրության համար կարևոր ինչպես հոգեբանական, այնպես էլ կյանքի որակի հետ կապված հարցաթերթիկներ [3]:
Ընդհանրապես, բժշկության մեջ օգտագործվող հոգեբանական բազմաթիվ թեստերի ու սանդղակների, ինչպես նաև կյանքի որակի հարցաթերթիկների թարգմանությունը առանձնահատուկ խնդիրներ է առաջ քաշում, յուրատեսակ գիտելիքների և իրազեկությունների կարիք ունի, սակայն այդ խնդրի դիտարկումն առանձին ու մեծ քննություն է պահանջում:
Առողջապահության ոլորտի այդպիսի համալիր տեքստերի թարգմանության համար թարգմանիչը կամ ինքը որոշակի մակարդակի պատկերացումներ պետք է ունենա այլ գիտությունների և այնտեղ օգտագործվող տերմինաբանության վերաբերյալ, կամ պետք է ստիպված լինի դիմել այդ ոլորտների մասնագետներին՝ բացատրական օգնություն ստանալու համար: Վերջին տարբերակը բավական խնդրահարույց է. մի բան է գրավոր թարգմանությունը, երբ թարգմանիչը բավարար ժամանակ ունի արտաքին շփումների համար, և այլ բան է բժշկական գիտաժողովների համընթաց թարգմանություն ապահովելը:
Մյուս կարևոր պայմանն այն է, որ թե՛ ոլորտի ներածական դասընթացը և թե՛ լեզվական կառույցների ուսուցումը, մատուցեն գերազանցապես գործնական փորձառություն ունեցող մասնագետները: Այս սկզբունքն, ի դեպ, ընդհանուր է տեխնիկական բաղադրիչ պարունակող բոլոր ոլորտների համար, որտեղ խնդիրներն ըմբռնելու և դրանց հընթացս լուծումներ տալու ունակությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում:
ԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՐՊԸ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Համաեվրոպական European Master’s in Translation ցանցի դրույթների համաձայն՝ թարգմանչական ծառայությունների մատուցումը ներառում է լեզվական, թեմատիկ, միջմշակութային, տեղեկությունների որոնման և տեխնիկական կոմպետենցիաները [4]: Հետևաբար, ապագա ոլորտային թարգմանիչների պատրաստման գործում պետք է հաշվի առնել նշված կոմպետենցիաների ձևավորման առաջնահերթությունը:
Կարևոր է նաև, որ ապագա թարգմանիչները գիտակցեն, որ զուտ բժշկական տվյալների հաղորդման ժամանակ որոշակի ներգործություն է իրականանում, ուստի և թարգմանության մեջ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բովանդակությանը, այլև դրա ներգործման արժեքաբանական և էթիկական կողմերին: Դասագրքային օրինակ է ԽՍՀՄ հայտնի դերասաններից մեկի՝ Արևմտյան Եվրոպայում բուժում ստանալու օրինակը․ հիվանդը սրտի կաթված ստացավ այն բանից հետո, երբ ուղղակի տեքստով իր համար թարգմանեցին և բացատրեցին նախնական բժշկական հետազոտության եզրակացությունը [14]։
Միջմշակութային կոմպետենցիաները թարգմանչին պետք են նաև բնագրի հետ միևնույն ներգործական արդյունքին հասնելու և համապատասխան լեզվական փոխակերպումներ իրականացնելու համար [6]: Ուստի, անհրաժեշտ է, որ ուսանողներն ստանան որոշակի միջմշակութային գիտելիքներ և հմտություններ, որպեսզի պատկերացում կազմեն հաղորդակցման տարբեր մշակութային համակարգերի մասին:
Թեմատիկ և լեզվական կոմպետենցիաները կամ իրազեկությունները սկզբունքորեն կարելի է միավորել «բովանդակության և լեզվի ինտեգրված ուսուցման», այսպես կոչված՝ CLIL (Content and Language Integrated Learning) մեթոդական համակարգում, որի փորձն արդեն Հայաստանում առկայացված է Ժամանակակից Եվրոպական լեզուների կոմիտեի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրերի [5] և բակալավրական կրթության մեջ կիրառություն գտած հարակից ոլորտի՝ հոգեբանության դասագրքային համալիր ձեռնարկների շնորհիվ [15]: Մենք չենք պնդում, որ ESP (English for Specific Purposes) կամ CLIL մեթոդական համակարգերն էապես տարբերվում են իրարից և բացարձակ հաջողություն են ապահովում թարգմանչական գործ մասնագիտության կրթական ծրագրերում, սակայն միանշանակորեն, դրանց հասկացական գործիքակազմի մի քանի տարրեր անհրաժեշտ են ոլորտային թարգմանիչների պատրաստման գործում: Հատկապես, նկատի ունենք, տերմինաբանական բառագործածության դեպքերը, երբ ընդհանուր բառաշերտի բառերը ոլորտում գործածվում են նեղ տերմինաբանական նշանակությամբ:
Այս և մի շարք այլ հանգամանքներ պահանջում են, որ ոլորտային թարգմանության դասընթացներն ուսանողների մոտ ձևավորեն թարգմանության ընթացքում այս զգայուն ոլորտի գիտելիքը հաղորդելու ճշգրիտ գործաբանական հմտություններ: Ոլորտային թարգմանության գործաբանական հմտությունները հենված են այն համալիր կարողությունների վրա, որոնք անմիջական հասցեատիրոջ և հնարավոր տարաբնույթ ընթերցողի համար հասկանալի, հմտորեն խմբագրված լեզվով՝ համապատասխան բառապաշարի ընտրությամբ, տեքստի արդյունավետ կառուցվածքով և ոճով ապահովում են հասկանալը որպես վերջնարդյունք:
Բժշկական թարգմանությանը նվիրված դասընթացը պետք է մշակվի և դասավանդվի լեզվական և հաղորդակցական-գործաբանական վերջնարդյունքների հետհաշվարկային իրագործման մեթոդով: Եթե ավելի մանրամասնենք, ապա բժշկական թարգմանության դասընթացի նպատակը պետք է լինի.
● զարգացնել ուսանողների գրավոր թարգմանության հմտությունները բժշկական ոլորտում,
● նպաստել ուսանողների գիտելիքի ձեռքբերման ունակություններին,
● նպաստել ուսանողների քննական մտածողության և վերլուծության հմտություններին,
● զարգացնել ուսանողների բառապաշարը (բժշկական ոլորտում),
● խթանել ուսանողների աշխատանքը սկզբնաղբյուր և թիրախային տեքստերում տերմինների նմանությունների և տարբերությունների բացահայտման գործում,
● օգնել ուսանողներին զարգացնել գնահատման և ուղղելու, ինչպես նաև ինքնագնահատման և ինքնաբարելավման կարողությունները՝ իրենց և համակուրսեցիների առաջընթացը գնահատելու համար:
Նշված նպատակներին հասնելու համար դասընթացում պետք է հստակորեն արտահայտված լինեն առողջապահական երկլեզու հաղորդակցման լեզվական և հարալեզվական առանձնահատկությունները՝ տերմինաբանություն և տերմինաշինություն, հասցեական հաղորդակցում և այլն։ Կարճ ասած, դասընթացում առնվազն, պետք է ներկայացվեն այն հիմնական խնդիրները, որոնք ծագում են բժշկական թարգմանությունների ժամանակ, ուսուցանվեն դրանց լուծման ուղիները:
Բժշկական թարգմանության գործաբանության ուսուցման կարևոր կողմերից է թիրախային հանրության առողջապահական գիտելիքների մակարդակի կամ, ավելի լայն իմաստով՝ առողջապահական գիտակցության կառուցվածքային առանձնահատկությունները հաշվի առնելը: Թարգմանիչը երբեմն ստիպված է լինում ուսումնասիրել տվյալ հանրության մտայնությունները և թարգմանվող նյութի մասին գիտելիքի սահմանները, որպեսզի կարողանա ապահովել թարգմանվող տեքստի ըմբռնումը, հասկանալը հասցեատեր hանրության կողմից: Այլ կերպ ասած՝ նախաթարգմանական գործընթացում էական է հասցեատեր անձի կամ խմբի լեզվական գիտակցության մասին նախնական գիտելիքներ հավաքելը: Փորձառու թարգմանիչները սովորաբար այս գործողություններն ինտուիտիվ մակարդակով են կատարում, նախապես հասցեատիրոջ հետ հաղորդակցվելու ճանապարհով [7]:
Բժշկական տեքստերը տարատեսակ են, ու այդ տեքստերի ընթերցողներն էլ են տարբեր՝ մասնագետներ և ոչ մասնագետներ կամ պարզապես՝ հասարակ մարդիկ, որոնք բժշկության հետ ուղղակի մասնագիտական առնչություն, և հետևաբար, որևէ գիտելիք կարող են չունենալ։ Սրա վառ օրինակ են կլինիկական գիտափորձերի արդյունքների զեկույցի երկու հիմնական տարբերակները՝ «specialist-facing» և «patient-facing», որոնք նախատեսված են համապատասխանաբար մասնագետ-բժիշկների և գիտափորձի մասնակիցների/հիվանդների համար: Երկրորդ տարբերակում, որպես կանոն, զուտ բժշկական տերմինները՝ մասնավորապես ախտանիշները, զուգակցվում են հասարակ մարդուն հասկանալի հասկացություններով: Բժշկագիտության տեքստերը գրելիս (և հետևաբար, թարգմանվելիս) երբեմն ցանկալի է հաշվի առնել հասցեատեր խմբի նաև սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները [12]:
Կա նաև հակառակը, երբ տարբեր բժշկական գիտելիքներ և առողջապահության հետ շփվելու տարբեր փորձ ունեցող անձանց համար բերվում են դեղորայքի ազդեցության մասին միևնույն նկարագրության թարգմանությունները: Որպես օրինակ բերենք բոլորիս ծանոթ մի իրադրություն, երբ կարիք կա ծանոթանալու դեղատներում ազատ վաճառվող դեղերի տուփերի ներդիրների բովանդակությանը: Այդ տեքստերը, ենթադրվում է, որ հավասարապես ընկալելի պետք է լինեն և՛ բժիշկների, և՛ այդ դեղերն օգտագործող մարդկանց համար: Սա ինքնին խնդրահարույց լինելուց բացի, որոշակի դժվարություն է ներկայացնում նաև թարգմանելիս, և կարիք է լինում պատկերացում կազմելու հասցեատիրոջ հետ աշխատելու լեզվի՝ բառերի և ձևակերպումների ճիշտ ընտրության մասին:
ԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ապագա թարգմանիչների ուսուցման գործընթացի արդյունավետ միջոցներից և մասնավոր խնդիրներից են տերմինաբանական շտեմարանների ստեղծումը և հապավումների ուսումնասիրությունը, համակարգչային հմտությունների զարգացումը և թարգմանական ծրագրերին տիրապետելու կարողությունը:
Թարգմանիչների պատրաստման գործում առաջնահերթ նշանակություն ունի ծանոթությունը հայալեզու տերմինների հետ: Բժշկական տերմինների թարգմանությունը և տեղայնացումը կարևոր դեր ունի նաև հայրենական բժկագիտության զարգացման համար: Հայտնի է, որ շատ լեզուներ կիրառում են տերմինների փոխառված, տառադարձված տարբերակները: Մեզ մոտ ևս կատարվում է բնական տերմինաշինական աշխատանք՝ համաձայն նաև հայ լեզվաբանական ավանդույթների: Իհարկե, գովելի է ունենալ տերմինի հայերեն տարբերակը, սակայն, նկատի ունենալով ոլորտի գլոբալացումն ու համարժեք տերմինաբանական համակարգ ունենալու անհրաժեշտությունը, պետք է փաստենք, որ մենք մինչ օրս նման շտեմարան չունենք: Իհարկե, որոշ բժշկական մասնագիտությունների դեպքում ունենք երկլեզու, եռալեզու բառարաններ, որոնք հիմնականում ստեղծվել են հենց բժիշկների կողմից, և շատ հաճախ թարգմանիչները դրանց գոյության մասին կամ տեղյակ չեն, կամ դրանք բազմաթիվ թերությունների պատճառով լայն տարածում չեն գտնում, չեն համապատասխանում միջազգային նորմերին, քանի որ երբեմն ստեղծվում են հապճեպ՝ ներքին օգտագործման համար, կամ տպագրվում են փոքր տպաքանակով [2]: Սովորաբար այդպիսի բառարանները հասանելի չեն թվային տարբերակով, մի բան, որ կարող էր առնվազն հիմք դառնալ տվյալների միավորման և ընդհանրական բժշկական տերմինաբանության թվային բառարանի ստեղծման համար: Թերևս միակ հավաստի, մասնագիտական գրախոսություն անցած բժշկական ընդհանուր տերմինների բառարանը 2001 թվականին հրատարակված «Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարանն» է, որն ի դեպ, հասանելի է առցանց (www.nayiri.com), սակայն, սա էլ արդեն բավականին հնացած է [1]:
Մենք առաջարկում ենք ներկայացվող դասընթացի շրջանակներում նախ սովորեցնել ուսանողներին անգլալեզու տերմինների հայերեն համարժեքների որոնման, ճշգրտման ուղիները, որի համար օգտակար կլինի ուսումնասիրել միջազգային հեղինակավոր կառույցների առցանց աղբյուրները, ինչպիսիք են, օրինակ՝ Կարգավորող նորմատիվ-իրավական գործունեության բժշկական բառարանը (MedDRA) [10] և Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-10 կամ ICD-10) վերանայված ցանկը [8]: Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներում և սահմանափակ թվով այլ երկրներում հոգեբուժության ոլորտում հիմնականում կիրառվում է DSM համակարգը (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ), ցանկալի է, որ ICD-10-ի հետ մեկտեղ ուսանողները ծանոթանան նաև DSM-5-ին (https://kasa-solutions.com/diagnostic-codes-dsm-5-vs-icd-10/):
Հուսալի տերմինաբանական շտեմարաններ ունենալու համար էական է պրակտիկ բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցությունը: Ուսանողներին անհրաժեշտ է հորդորել հաղորդակցվել տվյալ ոլորտի մասնագետների հետ: Երկլեզու՝ անգլերեն-հայերեն թարգմանության ժամանակ սկզբնաղբյուր տեքստի մեջ կարող են հանդիպել սկսնակ թարգմանչի համար անծանոթ, երկիմաստ տերմիններ, իսկ երբեմն էլ ոչ լրիվ հասկանալի հատվածներ: Նման դեպքերում թարգմանչին կարող են օգնել նույն տեքստի արդեն իսկ այլ լեզուներով արված թարգմանությունները, եթե թարգմանիչը տիրապետում է նաև այդ լեզուներին: Այս առումով ավելորդ չէ նշել www.multitran.ru առցանց բառարանը, որն ստեղծվել և ամեն օր թարմացվում է տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ թարգմանիչների կողմից: Այս բառարանից օգտվելը մեծապես կարող է օգնել ապագա թարգմանիչներին, եթե իհարկե, նրանք լավ տիրապետում են ռուսերենին։ Նշենք, որ ռուսերենից բացի, ցանկացած այլ՝ երրորդ լեզվի և մշակութային միջավայրի առանձնահատկությունների իմացությունը, միջնորդավորման գործառույթի շնորհիվ, խիստ արդյունավետ է դարձնում թարգմանչի երկլեզու աշխատանքը: Առանձնահատուկ իմաստաբանական և ձևաբանական իրազեկություն է ձևավորվում նաև տերմինաշինության ոլորտում։
Բժշկական հապավումների իմացությունը և դրանց թարգմանությունը մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր է բժշկական թարգմանության ոլորտում: Հետևաբար, հապավումների ուսումնասիրությունը՝ որպես լսարանային աշխատանք, պետք է օգնի լավ պատրաստված թարգմանիչ ունենալու գործին: Ինչպես նշում է Վ. Կարվացկան, «քանի որ անգլերենն ունի բժշկության lingua franca կարգավիճակ, անգլերենի հապավումները մուտք են գործում այլ լեզուներ և օգտագործվում են ինչպես բժշկական ոլորտի մասնագետների, այնպես էլ հիվանդների կողմից, հատկապես, եթե տեղական լեզվում սովորաբար ոչ մի բնիկ հապավում չի օգտագործվում» [9]: Ասվածը ճիշտ է նաև հայերենի դեպքում. թեև հայ բժշկագիտությունը ձգտում է ապահովել տերմինների և հապավումների թարգմանությունը, այդուհանդերձ դեռ շատ դեպքերում ականատես ենք լինում անգլերեն և ռուսերեն հապավումների, օրինակ՝ լաբորատոր, ախտորոշիչ հետազոտության արդյունքներում: Հաճախ սովորական մարդկանց խոսքում լսում ենք «ԿՏ», «ԷԿԳ» հապավումները, որոնք, փաստորեն, ավելի ծանոթ են, քան հայերեն «ՀՇ», «ԷՍԳ» (համակարգչային շերտագրություն և էլեկտրասրտագրություն): Անգլալեզու հապավումների տարատեսակ ցանկեր և բառարաններ դժվար չէ գտնել համացանցում: Սակայն կարևոր է սովորեցնել ուսանողներին որոնել և գտնել վստահելի աղբյուրներ, ինչպես նաև գտնել դրանց հայերեն ընդունված համարժեքները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ առաջարկել նմանատիպ իմաստով/համարժեք տարբերակներ:
Հարկ է նշել, որ անգլալեզու հապավումների ցանկերը կարող են տարբեր լինել նույնիսկ տարբեր անգլախոս երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում: Այստեղ ևս ոլորտի իմացությունը էական նշանակություն ունի: Տարատեսակ վարժությունների և առաջադրանքների միջոցով ուսանողները պետք է կարողանան տարբերակել հապավումները՝ կախված նրանից, թե որ երկրի համար է թարգմանվում տեքստը: Այդպիսի ոչ զուտ բժշկական, բայց բժշկության մեջ օգտագործվող հապավումներից են նաև ժամանակի, չափի, կշռի, երկարության միավորները: Օրինակ՝ AM/PM հապավումները, որոնք ընդունված են անգլախոս երկրներում, բնավ չարժե թարգմանել, եթե բժշկական տեքստը նախատեսված է Հայաստանից դուրս որևէ երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում ապրող հայերի համար: Սակայն երբ տեքստը (օրինակ՝ բժշկի աշխատանքային ժամերը) նախատեսված է Հայաստանի համար, ապա նշված հապավումների լեզվական համարժեքների (առավոտյան/կեսօրից հետո, երեկոյան, գիշերվա) փոխարեն խորհուրդ է տրվում կիրառել 24-ժամյա ձևաչափը (11AM-5PM > 11:00-17:00):
Ինչպես արդարացիորեն նշում է Յ. Կակզանովան, գոյություն ունեցող հապավումների բառարանները և առցանց բառացանկերը միշտ չէ, որ պարունակում են բոլոր հապավումները, «անհայտ հապավումների տեսքով ստորջրյա խութերի կարելի է հանդիպել ոչ միայն բուժման նկարագրության, անամնեզի կամ կատարված բուժգործողությունների նկարագրության մեջ, այլ նաև բժշկական հաստատության պաշտոնական տվյալների մեջ» [13]: Նմանատիպ դեպքերը շատ են, և հապավումների սահմանումների, նշանակության և տեղայնացման համար Բժշկական թարգմանության դասընթացի շրջանակում ուսանողները կարող են հավաքել և խմբավորել բազմաթիվ հապավումներ, ստեղծել բառացանկեր` հետագայում ընդլայնելով դրանք և ներառելով այլ լեզուներ, և սա կլինի ևս մեկ հետաքրքիր ու արդյունավետ հետազոտական աշխատանք, որը նրանց մոտ կզարգացնի տեքստի գործաբանական փոխակերպման իրազեկություն և համապատասխան կարողություններ ու հմտություններ:
Ժամանակակից գիտության և կրթության զարգացման կարևորագույն պայմաններից է համակարգչային գիտելիքներ ու հմտություններ ունենալը, տարբեր համակարգչային ծրարգրերին տիրապետելը: Այսօրվա աշխարհում մատուցվող թարգմանչական ծառայությունների որակից զատ՝ գնահատվում ու կարևորվում է նաև թարգմանչական ծառայության մատուցման արագությունը, ինչին մեծապես օգնում են նաև համակարգչային տարատեսակ թարգմանչական ծրագրերը: Այդպիսի թարգմանչական գործիքների՝ ինչպիսիք են MemoQ, Trados, OmegaT, Wordfast և այլ ծրագրերը, կիրառումը թարգմանության արագությունը մեծացնելուց բացի ապահովում է նմանատիպ տեքստերի թարգմանության ստանդարտացված միօրինակությունը, ինչը հատկապես կարևորվում է մեծ ծավալի տեքստերի թարգմանության ժամանակ: Դրանք օգնում են նաև տարբեր հարթակների հետ համատեղելի բառացանկերի ստեղծմանը:
Բժշկական թարգմանության դասընթացի մոդուլներից մեկն առաջարկում ենք նվիրել թարգմանության տեխնիկական պատրաստվածությանը, որն ապահովելու նպատակով հարկ է ձեռնարկել մի շարք փոխկապակցված դիդակտիկ և մեթոդական քայլեր։
Նախ անհրաժեշտ է ուսանողներին առաջարկել գրավոր թարգմանության շտկման և սրբագրման համար նախատեսված մի շարք համակարգչային ծրագրեր և դրանցով արդյունավետ ու արագ աշխատելու գիտելիքներ (ուղղագրություն, քերականություն, թարգմանական հիշողություններ, տերմինաբանական շտեմարաններ, ձայնի ճանաչման ծրագրեր): Երկրորդ անհրաժեշտ գործիքը ֆայլերի և տերմինաբանական շտեմարանների ստեղծումն է և կիրարկումը: Հաջորդ հարակից անհրաժեշտությունն է սովորեցնել, թե ինչպես կարելի է շարունակաբար նոր գործիքներ և ծրագրեր յուրացնել, այնպիսիք, որոնք կարող են օգտակար լինել մուլտիմեդիա և տեսաձայնային նյութեր թարգմանելիս, հաղորդակցման հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հետ աշխատելիս: Ապա, պետք է նկատի ունենալ, որ տարբեր տեխնիկական միջոցների համար տարատեսակ ձևաչափերի թարգմանություններ են պետք, ինչն իր հերթին ենթադրում է նաև իմացություն մեքենայական թարգմանության հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ:
Բացի նշված թարգմանչական ծրագրերից, որոնք տեխնիկապես հեշտացնում են ծավալուն բժշկական տեքստերի թարգմանությունը, որոշ թարգմանիչներ բավական հաճախ օգտվում են նաև մեքենայական թարգմանությունների հարթակներից, ինչպիսիք են Google-ը, Yandex-ը, Amazon-ը և այլն: Չնայած վերջին շրջանում դրանց թարգմանությունների որակի որոշակի բարելավմանը՝ նման հարթակների թարգմանությունները դեռ շատ հեռու են ցանկալի որակից: Այս առումով, ուսանողներին անհրաժեշտ է զգուշացնել, որ մեքենայական թարգմանության վատ վերահսկվող արդյունքների կիրառումը անթույլատրելի է մարդկանց առողջության հարցերին վերաբերվող հաղորդակցության մեջ ներդնել, քանի որ դա շատ հաճախ լուրջ խնդիրների է հանգեցնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թարգմանչական գործ» մասնագիտական կրթական ծրագրում բժշկական թարգմանության հատուկ դասընթացն իր ուրույն տեղն ու պահանջարկն ունի, և այն անհրաժեշտ է կազմակերպել ոլորտի գլոբալ և տեղական առանձնահատկություններին իրազեկ լինելու, տեղեկատվական տեխնոլոգիաների թարմացվող հմտություններն ապահովելու և մասնագիտական ոլորտի հետ լեզվաբան թարգմանիչների կայուն շարունակական կապը պահպանելու միջոցով: Այս հոդվածում մենք շոշափեցինք այդ խնդիրներից միայն մի քանիսը, որոնք քիչ թե շատ ընդհանրական բնույթ ունեն ոլորտային թարգմանությունների համար: Ավելորդ է նշել, որ ոլորտային իրազեկության պահանջն ավելի խստորեն է դրվում բժշկության առավել հրատապ արձագանք պահանջող ենթոլորտներում, ինչպիսիք են, ասենք, ախտորոշումը, դեղաբանությունը կամ վիրաբուժությունը:
Բժշկական թարգմանությունների առաջնահերթ պայմաններից է նեղ ենթոլորտի մասնագետների հետ թարգմանչի արդյունավետ հաղորդակցվելու ունակությունը, և կատարած թարգմանությունները բազմակի ու բազմակողմանի ստուգումների ենթարկելու հմտությունը, որով թարգմանիչը կարող է վստահորեն ապահովել իր կատարած աշխատանքի հուսալիությունն ու հավաստիությունը: Մասնավորապես, քննարկեցինք տերմինների թարգմանության, բժշկական հապավումների խնդիրները, թարգմանության ոլորտում տեխնիկական հաղորդակցման հմտությունների անհրաժեշտության հարցը: Կյանքի որակի հարցաթերթիկների թարգմանության և ադապտացիայի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ թարգմանչին հնարավորություն է տալիս մուտք գործել ոլորտի մշակութային բազմազանության տիրույթը, ծանոթանալ տարբեր լեզվական մտածողություններ ունեցող հանրություններում առողջապահական հաղորդակցման հասկացույթներին, ոճերին և արժեհամակարգերին: Դասընթացը, տեսական գիտելիքներից զատ, մեծապես նպաստելու է թարգմանչի ընդհանուր և նեղ ոլորտային գործնական հմտությունների զարգացմանը և կատարելագործմանը, նրանց ընձեռելով մասնագիտական շուկայում էլ ավելի մեծ առաջարկով հանդես գալու հնարավորություն: Առողջապահական ոլորտի միջմշակութային հաղորդակցման դասընթաց ունենալը ժամանակի հրամայական է և ինքնազարգացող ոլորտում պատրաստված մասնագետներ ունենալու գրավականը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ավետիսյան Ա.Գ. Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարան. 12000 տերմին: Եր.: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրատ., 2001. 354 էջ
- Մալայան Ս.Վ., Մուրադյան Ս.Մ., Մալայան Ա.Ս. Ակնաբանական ախտանիշների, ախտանշանահամալիրների ռուս-հայերեն բառարան. Երկրորդ՝ ուղղված և լրացված հրատարակություն. Եր.: Անտարես, 2010. 360 էջ
- Տաթևյան Հ.Ա., Վահանյան Ա.Գ. Հոգեբանության և բժշկության ոլորտներում կիրառվող թեստերի և հարցաթերթիկների թարգմանության և ադապտացիայի խնդիրները: Արդի հոգեբանություն («Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» VI Միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2017:238-243
- Competences for professional translators, experts in multilingual and multimedia communication. EMT expert group. Brussels, January 2009
- Bernaus M, Furlong Á, Jonckheere S, Kervran M. ConBaT+: adding a plurilingual/cultural dimension to content-based teaching. Innovation in Language Learning and Teaching. 2012;6(3):219-241
- Hovhannisyan GR. Psycholinguistic competencies and interculturality in ELT. In: Al-Mahrooqi R and Denman CJ (eds). Individual and Contextual Factors in the English Language Classroom. English Language Education. 2022a. Vol 24. Springer, Cham. doi.org/10.1007/978-3-030-91881-1_2
- Hovhannisyan GR. The architecture of language personality. In: Al-Mahrooqi R and Denman CJ (eds). Individual and Contextual Factors in the English Language Classroom. English Language Education. 2022b. Vol 24. Springer, Cham. doi.org/10.1007/978-3-030-91881-1_5
- International Classification of Diseases, Tenth Revision (ICD-10). https://www.cdc.gov/nchs/icd/icd10.htm. Accessed: 25 December 2023
- Karwacka W. Medical Translation. In: Bogucki Ł, Goźdź-Roszkowski S, Stalmaszczyk P (eds). Ways to Translation. Wydawnictwo Uniwersytetu Łódzkiego. 2015
- Medical Dictionary for Regulatory Activities (MedDRA). https://www.meddra.org. Accessed: 25 December 2023
- The real cost of errors in medical translations. https://www.morningtrans.com/cost-of-errors-in-medical-translations. Accessed: 25 December 2023
- Ваганян АГ, Татевян ГА. Особенности перевода некоторых типов медицинских текстов. В сб.: Русский язык в мировом контексте и международных организациях: Международный форум. 2016, Рим, Италия: Материалы конференции. М.: Изд-во «Форум». 2016:53-60
- Какзанова ЕМ. Сокращения в медицинских текстах и особенности их перевода. Вестник Московского университета. Серия 22. Теория перевода. 2014;3:80-88
- Тер-Минасова СГ. Язык и межкультурная коммуникация. Москва, 2000.
- Hovhannisyan G, Grigorian S, Tatevian H. Psychology in English. The teacher’s book. 2012. Yerevan. 133 p.