Եղջերաթաղաթի իմուն խոցերի բուժումը տեկտոնիկ կերատոպլաստիկայի կիրառմամբ. կլինիկական դեպքերի նկարագրություն
Անի Համբարձումյան1,*, Մ Ալոյան2, Օֆելյա Գինոյան1,3
1 Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Երևան, Հայաստան
2 Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևան, Հայաստան
3 Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
*Կոնտակտային հեղինակ՝ էլ-փոստ. anihambardz111@gmail.com, Հեռ. +374 94 22 09 58
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ներածություն. Եղջերաթաղանթի փոքր տրամաչափի փոխպատվաստումները (տեկտոնիկ կերատոպլաստիկա կամ patch graft՝ կարկատանային փոխպատվաստ) կատարվում են եղջերաթաղանթի թափածակման կամ դեսցեմետոցելեի ժամանակ, հյուսվածքի մշտական կամ ժամանակավոր վերականգնման համար։ Վիրահատության նպատակն է վերականգնել ակնագնդի ամբողջականությունը և կանխել հետագա բորբոքումներն ու բարդությունները՝ միաժամանակ բարելավելով տեսողության սրությունը։
Մեթոդներ. 2016-2022 թթ. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եղջերենու իմունային ախտահարումով 3 հիվանդի կատարվել է տեկտոնիկ (ծածկային) կերատոպլաստիկա։ Երկուսի մոտ առկա է եղել եղջերենու թափածակում, իսկ երրորդի մոտ՝ դեսցեմետոցելե լիմբալ ցողունային բջիջների տոքսիկ անբավարարությամբ։
Արդյունքներ. Երեք հիվանդների մոտ էլ կատարված վիրահատությունից հետո դիտվել է դրական արդյունք։ Վերականգնվել է ակնագնդի ամբողջականությունը, կանխվել է հնարավոր բարդությունների զարգացումը, անգամ բարելավվել է տեսողության սրությունը։
Եզրակացություն. Տեկտոնիկ կերատոպլաստիկան կամ կարկատանային փոխպատվաստումը կարելի է համարել եղջերաթաղանթի թափածակման անամնեզով հիվանդների համար օպտիմալ վիրաբուժական եղանակներից մեկը։
Հիմնաբառեր. կերատոպլաստիկա, եղջերաթաղանթ, դեսցեմետոցելե, թափածակում