Գամմա ճառագայթված մանրէազերծ եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունների մեր փորձը
Սյուզաննա Քեչյանց 1, Օֆելյա Գինոյան 1,2, Լուսինե Կամբուլյան 1, Անի Համբարձումյան 2, Աննա Հովակիմյան 1,2
1 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
2 Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ներածություն. Գամմա ճառագայթված մանրէազերծ եղջերաթաղանթը (ԳՃՄԵ կամ GISC) ոչ իմունածին, քրոս-լինքինգի ենթարկված, ստերիլ փոխպատվաստ է, որից դոնորի կերատոցիտները և էնդոթելիալ բջիջները հեռացված են։ Այն կարող է ծառայել որպես փոխպատվաստ գլաուկոմայի դրենաժային համակարգերը ծածկելու համար, որպես փոխպատվաստային հյուսվածք տեկտոնիկ կերատոպլաստիկաների ժամանակ եղջերաթաղանթի թափածակումները կանխելու կամ բուժելու համար, լամելյար կերատոպլաստիկաներում և որպես պահպանողական հյուսվածք կերատոպրոթեզների համար։ Հեղինակները ներկայացնում են միկրոթափածակումներով եղջերաթաղանթային խոցերի բուժման սեփական փորձը GISC-ի միջոցով:
Մեթոդներ. 2021 թվականին Մալայան ակնաբուժական կենտրոնում (Երևան, Հայաստան) հաջողությամբ իրականացվել է 8 վիրահատություն VisionGraft® GISC-ի կիրառմամբ։ Բոլոր 8 հիվանդներն ուղղորդվել էին բուժող բժիշկների կողմից դեղորայքային բուժման չենթարկվող եղջերաթաղանթային խոցերով։
Արդյունքներ. Ութ հիվանդներից վեցի մոտ պատվաստը հաջողությամբ կիրառվել է որպես տեկտոնիկ հենարան՝ ծառայելով որպես ժամանակավոր միջոց մինչև օպտիկ կերատոպլաստիկայի իրականացումը (տեսողության սրության բարձրացման որոշում կայացնելու դեպqում)։ Փոխպատվաստներից երկուսը չեն էպիթելացվել և զարգացել է եղջերաթաղանթի ստերիլ հալում։
Եզրակացություն. Կլինիկական դեպքերի սույն շարքը վկայում է այն մասին, որ VisionGraft® GISC-ը եղջերաթաղանթի թափածակման պայմաններում կարող է կիրառվել ակնագնդի ամբողջականությունը վերականգնելու համար։
Հիմնաբառեր. մանրէազերծ եղջերաթաղանթ, գամմա ճառագայթված, փոխպատվաստ