Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

Հայաստանում առկա պատվաստանյութերը COVID-19-ի դեմ. արդյունավետություն և անվտանգություն

Հայաստանում առկա պատվաստանյութերը COVID-19-ի դեմ. արդյունավետություն և անվտանգություն

Միլիտոնյան Հ.,1, Իսահակյան Ա.,1 Բազարչյան Ա.,1 Սահակյան Գ.2
1ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
2ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ
COVID-19 համավարակն իրական մարտահրավեր է համաշխարհային անվտանգության, տնտեսության և առողջապահության ոլորտների համար: Նման իրավիճակում ճիշտ ու ժամանակին պատվաստում ստանալը կարևոր նախադրյալ է համավարակը եթե ոչ ամբողջովին հաղթահարելու, ապա վարակելիության ընթացքը դանդաղեցնելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար: Հայաստանում պատվաստումներն իրականացվում են բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ V» և չինական «Կորոնավակ» պատվաստանյութերով: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր պատվաստանյութերը ցույց են տվել բարձր արդյունավետություն հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերում հոսպիտալացման և մահացության դեմ: Հայաստանում պատվաստվող քաղաքացիների թիվը մեծացնելու նպատակով ներդրվել է պատվաստումների շարժական կլինիկաների մոդելը:
Հիմնաբառեր. COVID-19 համավարակ, պատվաստանյութեր, պատվաստման գործընթաց:

DOI:10.54235/27382737-2021.1.1-14.


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

COVID-19 համավարակն իրական մարտահրավեր է համաշխարհային անվտանգության, տնտեսության և առողջապահության ոլորտների համար: Այս ամենի մեջ բացառություն չի նաև Հայաստանի Հանրապետությունը:

Նման իրավիճակում ճիշտ ու ժամանակին պատվաստում ստանալը կարևոր նախադրյալ է համավարակը, եթե ոչ ամբողջովին հաղթահարելու, ապա ընթացքը դանդաղեցնելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար [1]: Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի՝ 2021թ. մայիսի 15-ի հետազոտության տվյալների համաձայն՝ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց գրանցվել է վարակման, հոսպիտալացման և մահացության ցուցանիշների, համապատասխանաբար, 80%, 90% և 95% նվազում [2]:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու երկրում հասանելի երեք տեսակի պատվաստանյութերից ցանկացածը: Պատվաստվել կարող են բոլոր չափահաս (≥18 տ.) անձինք՝ դիմելիության ու կամավորության սկզբունքով: Զանգվածաբար իրականացվող այս անվճար պատվաստումները միտված են կասեցնելու COVID-19-ի հնարավոր չորրորդ ալիքը: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ 2021թ. օգոստոսի 22-ի դրությամբ, կատարվել է 239,342 պատվաստում, այդ թվում 153,888 հոգի ստացել են միայն առաջին դեղաչափ, իսկ 85,454 հոգի՝ նաև երկրորդ դեղաչափ [3]։

Սույն հոդվածում ներկայացվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ նորաստեղծ պատվաստանյութերի տեսակները, պատվաստման գործընթացի վերաբերյալ միջազգային փորձը և դրանց կիրառումը Հայաստանում: Հաշվի առնելով այն, որ հոդվածը գրելու պահին ՀՀ-ում պատվաստումներն իրականացվում են բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ V» և չինական «Կորոնավակ» պատվաստանյութերով՝ անդրադարձ կկատարվի միայն դրանց արդյունավետությանն ու անվտանգությանը և վիճակագրական տվյալներին:

ԱՍՏՐԱԶԵՆԵԿԱ

Այս պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանում (հաճախ այս պատվաստանյութն անվանում են նաև «Օքսֆորդյան պատվաստանյութ»): Ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների՝ պատվաստանյութը ցուցաբերում է 76% արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ և 100% արդյունավետություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, հոսպիտալացման և մահացության իմաստով [4]: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է Դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) կողմից ամբողջ Եվրոպական Միությունում (ԵՄ)՝ 2021թ. հունվարի 29-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո [5]: 2021թ. մարտի 11-ից մի շարք եվրոպական երկրներ ժամանակավորապես դադարեցրել են Օքսֆորդյան պատվաստանյութի օգտագործումը պատվաստված անձանց մոտ թրոմբոզի ձևավորման ու մահացու դեպքերի հաղորդումների հիման վրա [6]: Հետագայում երկրների մեծ մասը վերադարձել են «ԱստրաԶենեկայի» օգտագործմանը՝ ներառելով տարիքային սահմանափակումներ (հաշվի առնելով, որ ավելի բարձր տարիքում «ԱստրաԶենեկան» ապահովում է բարձր պաշտպանություն առանց ծանր կողմնակի ազդեցությունների):

Ըստ վիճակագրական տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 28.5 միլիոն (2021թ. մայիսի 7-ի դրությամբ) պատվաստման դեղաչափ ստացողների մեջ արյան մակարդուկների ձևավորման տոկոսը կազմել է 0,0085%, իսկ մահացու դեպքերի թիվը՝ 0,0017% [7]: Պատվաստումից առաջացած թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիան կամ թրոմբոզ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով (ԹԹՀ) վերջնական ախտորոշում իրականացնելու համար այն պետք է համապատասխանի թվարկված բոլոր 5 չափանիշներին.

1) COVID-19-ի դեմ պատվաստում ախտանիշների ի հայտ գալուց 4-ից 42 օր առաջ,

2) ցանկացած երակային կամ զարկերակային թրոմբոզ (հաճախ ուղեղային կամ որովայնային),

3) թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակը <150×109/լ)1,

4) Դրական PF4 «HIT» (հեպարինով առաջացած թրոմբոցիտոպենիա) ELISA և

5) զգալիորեն բարձրացված D-dimer (նորմի վերին շեմից ավելի քան 4 անգամ):

Նմանատիպ դեպքերը չափազանց հազվագյուտ են [8]: Ըստ ուսումնասիրության՝ երիտասարդների շրջանում նմանատիպ բարդությունների ռիսկն ավելի բարձր է, ինչի հետևանքով Մեծ Բրիտանիայում երիտասարդներին հնարավորություն է տրվում օգտվելու այլընտրանքային պատվաստանյութից, իսկ 40 տարեկանից բարձր անձինք կշարունակեն ստանալ «ԱստրաԶենեկա» [7]: COVID-19-ից մահվան կամ լուրջ հետևանքների, ներառյալ թրոմբոզի, ռիսկը շատ ավելի բարձր է, քան ենթադրաբար պատվաստանյութի ներարկման հետ կապված ԹԹՀ-ի զարգացման հավանականությունը [8]:

ՍՊՈՒՏՆԻԿ V

Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ինչպես և «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում ևս ադենովիրուսն է, սակայն այս դեպքում կիրառվել է մարդու ադենովիրուս [9]:

Թեև «Սպուտնիկ V-ն» գրանցվել է մոտավորապես 60 երկրներում, սակայն դեռևս պետք է հավանություն ստանա EMA-ի կողմից՝ Եվրոպա ներմուծման և օգտագործման համար:

2020թ. սեպտեմբերին հեղինակավոր բժշկական «The Lancet» ամսագրում լույս են տեսել

«Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 1-ին և 2-րդ փուլի որոշ արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ պատվաստանյութը ձևավորում է ուժեղ իմուն պատասխան՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների [10]:

Իսկ արդեն 2021թ. փետրվարի 2-ին նույն «The Lancet» ամսագրում հրապարակվել են «Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի արդյունքները, ըստ որոնց՝ ռուսական պատվաստանյութը ցուցաբերում է 91.6% արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների և 100% արդյունավետություն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերում և հոսպիտալացումների դեմ [11]:

Չնայած սրան, ռուսական պատվաստանյութի թե՛ 1-ին և 2-րդ փուլերի, թե՛ 3-րդ փուլի կլինիկական փորձարկումների արդյունքները ենթարկվել են միջազգային մի շարք գիտնականների քննադատությանը: Մասնավորապես՝ 1-ին և 2-րդ փուլերի կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ ավելի քան 60 մասնագետ բաց նամակով իրենց կասկածներն են հայտնել արդյունքների հավաստիության, ինչպես նաև փորձարկումների ոչ ճշգրիտ և թերի լինելու վերաբերյալ [11,12]: Նմանատիպ քննադատական հոդվածով գիտանականները հանդես են եկել նաև 3-րդ փուլի կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ [11]:

2021թ. Սան Մարինոյում սկսվել է բնակչության պատվաստման գործընթացը՝ ընդ որում օգտագործելով «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Պատվաստվելուց հետո բնակչության շրջանում կողմնակի ազդեցությունների մասին հուլիսի 8-ին լույս տեսած հոդվածում ներկայացվել է, որ առաջին դեղաչափը ստանալուց հետո պատվաստվողների 53.3% մոտ նկատվել են կողմնակի ազդեցություններ (50,4% համակարգային ռեակցիա), իսկ երկրորդ դեղաչափից հետո կողմնակի ազդեցությունների թիվը հասել է 66.8% (50,4% համակարգային ռեակցիա): Սակայն ծանր կողմնակի ազդեցություններ դիտվել են պատվաստվողների ընդամենը 2,1%-ի՝ մեծ մասամբ 60-89 տարեկանների մոտ [13]:

Հետաքրքիր ուղղությամբ է զարգանում պատվաստման գործընթացn Արգենտինայում: Չնայած երկրում «Սպուտնիկ V» և «ԱզտրաԶենեկա» պատվաստանյութերով սկսված զանգվածային պատվաստումները մահացության դեպքերը նվազեցրել են 70-80%-ով, սակայն 45 միլիոն բնակչություն ունեցող Արգենտինայում ընդամենը 5,8 միլիոնն է ամբողջովին պատվաստվել COVID-19-ի դեմ [14]:

Այդուհանդերձ, ԵՄ-ում «Սպուտնիկ V-ի» կիրառումը գտնվում է քննարկման փուլում: Սակայն Հունգարիան, Սլովակիան և ԵՄ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել այն գնելու՝ EMA-ի կողմից պատվաստանյութի հաստատվելու դեպքում [15]: Հետագայում Հունգարիան դարձել է ԵՄ-ի միակ երկիրը, որը բնակչությանը սկսել է պատվաստել «Սպուտնիկ V–ով»: Ավելին, Հունգարիան ներկայումս բանակցությունների մեջ է Ռուսաստանի հետ պատվաստանյութը տեղում արտադրելու համար [16]: Իր հերթին Սլովակիան, Ռուսաստանից գնելով 200 հազար դեղաչափ պատվաստանյութ, դրանք նույն գնով հետ է վաճառել արտադրող երկրին:

Սա տեղի է ունեցել հանրային շրջանում ռուսական պատվաստանյութի հանդեպ հետաքրքության անկման պատճառով՝ եվրոպական կարգավորող մարմինների կողմից չհաստատված արտադրանքն օգտագործելու հարցում կառավարության կողմից ամիսներ շարունակ երկմտելուց հետո [17]:

Ըստ Ռուսաստանում արված վերջին ուսումնասիրության՝ «Սպուտնիկ V-ն» ցուցաբերում է 97,6% արդյունավետություն [18]: Ուսումնասիրությունը հիմնված է Ռուսաստանում «Սպուտնիկ V-ի» երկու բաղադրիչներով պատվաստվածների շրջանում կորոնավիրուսային վարակի մակարդակի վերաբերյալ տվյալների վերլուծության վրա [18]:

 
ԿՈՐՈՆԱՎԱԿ

Չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակվել է Պեկինում գտնվող Սինովակ կենսադեղագործական ընկերության կողմից: Ի տարբերություն ՀՀ-ում առկա մյուս պատվաստանյութերի՝ «Կորոնավակն» ավելի դասական պատվաստանյութ է, որը գործում է սպանված վիրուսային մասնիկների միջոցով մարմնի իմուն համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով [19]: Ինչ վերաբերում է պատվաստանյութի արդյունավետությանը՝ ներկայումս այդ հարցի շուրջ համակարծություն չկա, և տարբեր երկրներ ներկայացնում են տարբեր թվեր: Կախված կլինիկական փորձարկումներից՝ արդյունավետությունն ախտանշանային COVID-19-ի դեմ տատանվել է 50,38%-ից մինչև 91,25% և դրսևորվել է 100% արդյունավետություն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերում և հոսպիտալացումների ժամանակ [20]: Ըստ Բրազիլիայում իրականացված կլինիկական հետազոտությունների՝ «Կորոնավակի» արդյունավետությունը կազմել է 50,4% [21], իսկ թուրք հետազոտողները պնդում են, որ արդյունավետությունը կազմում է 84% [22]: Չիլիում կատարված կլինիկական հետազոտությունների համաձայն՝ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ [23]: Ավելին, Չիլիում «Կորոնավակով» իրականացվող զանգվածային պատվաստումների արդյունքում պատվաստվածների 89%-ը պաշտպանված են եղել ինտենսիվ խնամք պահանջող COVID-19-ի ծանր դեպքերից [23]: Իսկ ըստ Ինդոնեզիայում իրականացված վերջին ուսումնասիրության՝ չինական պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո բուժաշխատողների 98%-ը պաշտպանված է եղել հիվանդության մահացու դեպքերից և 96%ը նույնիսկ չեն հոսպիտալացվել: Այս նոր թվերը ցույց են տալիս չինական պատվաստանյութի բարձր արդյունավետությունը՝ Բրազիլիայում կատարված վաղ կլինիկական փորձարկումների և դրա արդյունքում ստացված ցածր թվերի ֆոնին [24]: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար [25]:

 
ԱՄԵՐԻԿՅԱՆ DRIVE-THROUGH ՄՈԴԵԼԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Ամերիկյան Drive-Through (շարժական կլինիկաներ) մոդելը մշակվել է դեռևս 2009թ. H1N1 գրիպի համաճարակի ժամանակ: Մոդելն իրենից ներկայացնում է պատվաստման իրականացում հենց մեքենայի մեջ կամ փողոցում տեղակայված պատվաստումային շարժական կայաններում:

Վիճակագրության համաձայն՝ դեռևս 2009թ. պատվաստումների ժամանակ 1,5 օրվա ընթացքում ավելի քան 19,318 մարդ պատվաստվել է մեքենայում կամ փողոցում տեղակայված շարժական կայաններում [26]: Ըստ հոդվածի հեղինակների՝ մարդիկ նախընտրում են նմանատիպ կլինիկաների հարմարավետությունը, համարում են, որ դրանք ավելի անվտանգ են և պակաս վարակիչ [26]: Նմանատիպ կլինիկաների շնորհիվ զգալիորեն մեծանում է պատվաստված ամերիկացիների թիվը:

Մասնավորապես ՀՀ-ում նմանատիպ փորձ կիրառվել է դեռևս 2007թ. կարմրուկի-կարմրախտի դեմ համակցված զանգվածային պատվաստումների արշավի ընթացքում, երբ կարճ ժամանակահատվածում՝ 10 օրվա ընթացքում, երկրում պատվաստվել է շուրջ 1 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության գրեթե 30%): Այս հաջողված գործընթացում իր ուրույն դերն է ունեցել շարժական պատվաստումային թիմերի կողմից արտագնա պատվաստումների իրականացումը կոլեկտիվներում, հանրակրթական, բարձրագույն ուսումնական և այլ հաստատություններում, ինչպես նաև շարժական կլինիկաների գործարկումը: Հետևաբար, հիմք ընդունելով հանրապետության նախկինում հաջողված փորձը, ինչպես նաև միջազգային փորձը, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացում ներգրավվել են նաև շարժական կայանները: Հոդվածը գրելու պահին Հայաստանում գործում է պատվաստումային շարժական 8 կետ, որտեղ կարելի է ստանալ COVID-19-ի դեմ պատվաստում, ինչը կարևոր է թե՛ երկրի բնակչության առողջության պահպանման, թե՛ կորոնավիրուսային համավարակի հետագա ընթացքը կասեցնելու առումով:

ԱՄՓՈՓՈՒՄ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մշակվել են տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող գիտական փորձի հիման վրա: COVID-19-ի պատվաստանյութերը փորձնական համարել չի կարելի: Լայնածավալ փորձարկումները և մոնիտորինգը ցույց են տվել, որ այդ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:

Առկա բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերում, հոսպիտալացման և մահացության դեմ [27]:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
  1. COVID-19 Vaccines Advice. Accessed July 23, 2021. https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavi- rus-2019/covid-19-vaccines/advice.
  2. Italian study shows COVID-19 infections, deaths plum- meting after jabs | Reuters. Accessed July 23, 2021. https:// www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/ italian-study-shows-covid-19-infections-deaths-plummet- ing-after-jabs-2021-05-15/.
  3. Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Accessed August 27, 2021. https://www.moh.am/#1/4232.
  4. COVID-19 Vaccine AstraZeneca confirms 100% protection against severe disease, hospitalisation and death in the prima- ry analysis of Phase III trials. Accessed July 23, 2021. https:// www.astrazeneca.com/media-centre/press-releases/2021/ covid-19-vaccine-astrazeneca-confirms-protection-against-se- vere-disease-hospitalisation-and-death-in-the-primary-analy- sis-of-phase-iii-trials.html.
  5. EMA recommends COVID-19 Vaccine AstraZeneca for authorisation in the EU | European Medicines Agency. Ac- cessed July 23, 2021. https://www.ema.europa.eu/en/news/ ema-recommends-covid-19-vaccine-astrazeneca-authorisa- tion-eu.
  6. Wise J. Covid-19: European countries suspend use of Ox- ford-AstraZeneca vaccine after reports of blood clots. BMJ. 2021;372:n699.
  7. Under 40s to be offered alternative to AZ vaccine – BBC News. Accessed July 23, 2021. https://www.bbc.com/news/ health-57021738
  8. Thrombosis with Thrombocytopenia Syndrome – He- matology.org. Accessed August 27, 2021. https://www.he- matology.org/covid-19/vaccine-induced-immune-thrombot- ic-thrombocytopenia
  9. Jones I., Roy P. Sputnik V COVID-19 vaccine candidate appears safe and effective. Lancet. 2021;397(10275):642- 643.
  10. Logunov D.Y., Dolzhikova I.V., Shcheblyakov D.V. et al. Safety and efficacy of an rAd26 and rAd5 vector-based heterologous prime-boost COVID-19 vaccine: an interim analysis of a randomised controlled phase 3 trial in Russia. Lancet. 2021;397(10275):671-681.
  11. Bucci E., Andreev K., Björkman A., et al. Safety and efficacy of the Russian COVID-19 vaccine: more information needed. Lancet. 2020;396(10256):e53.
  12. Note of concern. Accessed July 23, 2021. https://cattivi- scienziati.com/2020/09/07/note-of-concern/
  13. Montalti M., Soldà G., Di Valerio Z. et al. ROCCA obser- vational study: Early results on safety of Sputnik V vaccine (Gam-COVID-Vac) in the Republic of San Marino using ac- tive surveillance. EClinicalMedicine. 2021;38:101027.
  14. Argentina’s COVID mortality rate decline by 70-80 per- cent after vaccination with Sputnik V, AstraZeneca – Times of India. Accessed August 27, 2021. https://timesofindia.in- diatimes.com/world/us/argentinas-covid-mortality-rate-de- cline-by-70-80-percent-after-vaccination-with-sputnik-v-as- trazeneca/articleshow/83867354.cms
  15. EMA starts rolling review of the Sputnik V COVID-19 vaccine | European Medicines Agency. Accessed July 23, 2021. https://www.ema.europa.eu/en/news/ema-starts-roll- ing-review-sputnik-v-covid-19-vaccine
  16. Hungary in talks with Russia to produce Sputnik V vac- cine | Reuters. Accessed August 27, 2021. https://www.re- uters.com/business/healthcare-pharmaceuticals/hungary- talks-with-russia-produce-sputnik-v-vaccine-2021-06-03/
  17. Slovakia sells most Sputnik V vaccine doses back to Russia | Reuters. Accessed August 27, 2021. https://www. reuters.com/world/europe/slovakia-sells-most-sputnik-v- vaccine-doses-back-russia-2021-07-02/
  18. Sputnik V demonstrates 97.6% efficacy according to analysis of data from 3.8 million vaccinated persons in Russia making it the most efficient COVID-19 vaccine in the world | Official website vaccine against COVID-19 Sput- nik V. Accessed July 23, 2021. https://sputnikvaccine.com/ newsroom/pressreleases/sputnik-v-demonstrates-97-6-effi- cacy-according-to-the-analysis-of-data-of-3-8-million-vacci- nated-per/
  19. The Sinovac COVID-19 vaccine: What you need to know. Accessed July 23, 2021. https://www.who.int/news-room/ feature-stories/detail/the-sinovac-covid-19-vaccine-what- you-need-to-know
  20. UPDATED Comparing COVID-19 Vaccines: Timelines, Types and Prices | BioSpace. Accessed July 23, 2021. https://www.biospace.com/article/comparing-covid-19-vac- cines-pfizer-biontech- moderna-astrazeneca- ox- ford-j-and-j-russia-s-sputnik-v/
  21. Hitchings M.D.T., Ranzani O.T., Torres M.S.S. et al. Effectiveness of CoronaVac among healthcare workers in the setting of high SARS-CoV-2 Gamma variant transmis- sion in Manaus, Brazil: A test-negative case-control study. Lancet Reg Health Am. 2021;100025.
  22. Evidence Assessment: Sinovac/CoronaVac COVID-19 vaccine. Accessed August 27, 2021. https://cdn.who.int/me- dia/docs/default-source/immunization/sage/2021/april/5_ sage29apr2021_critical-evidence_sinovac.pdf
  23. Bueno SM, Abarca K, González PA, et al. Interim re- port: Safety and immunogenicity of an inactivated vac- cine against SARS-CoV-2 in healthy chilean adults in a phase 3 clinical trial. medRxiv. Published online April 1, 2021:2021.03.31.21254494.
  24. China Sinovac Shot Seen Highly Effective in Real World Study — Bloomberg. Accessed July 23, 2021. https://www. bloomberg.com/news/articles/2021-05-11/china-s-sinovac- shot-found-highly-effective-in-real-world-study
  25. WHO validates Sinovac COVID-19 vaccine for emer- gency use and issues interim policy recommendations. Accessed July 23, 2021. https://www.who.int/news/ item/01-06-2021-who-validates-sinovac-covid-19-vac- cine-for-emergency-use-and-issues-interim-policy-recom- mendations
  26. Van de Kracht T., Heragu S.S. Lessons from model- ing and running the world’s largest Drive-Through mass vaccination clinic. INFORMS Journal on Applied Analytics. 2021;51(2):91-105.
  27. Benefits of Getting a COVID-19 Vaccine | CDC. Ac- cessed August 27, 2021. https://www.cdc.gov/coronavi- rus/2019-ncov/vaccines/vaccine-benefits.html.