Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Նիգերիայի Հյուսիս-Կենտրոնական շրջանի իլորինցի ֆուլանիների դեմքի, աչքերի, քթի և բերանի թվային կենսաչափությունը

Ադելայա Ակինլոլու1, Մոշուդ Յուսուֆ2, Գաբրիել Էբիտա3
1 Անատոմիայի ամբիոն, Օտուկպոյի բժշկագիտական դաշնային համալսարան, Բենուե նահանգ, Նիգերիա
2 Անատոմիայի ամբիոն, Իլորինի համալսարան, Իլորին, Կվարա նահանգ, Նիգերիա
3 Անատոմիայի ամբիոն, Էկիթիի պետական համալսարան, Ադո-Էկիթի, Էկիթի նահանգ, Նիգերիա

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Դեմքի գանգաչափությունը մեծ նշանակություն ունի դատաբժշկական քաղաքացիական և քրեական հետաքննության մեջ: Նիգերիան բաժանվում է վեց տարբեր աշխարհաքաղաքական Հյուսիս-կենտրոնական, Հյուսիսարևելյան, Հյուսիսարևմտյան, Հարավարևելյան, Հարավ-հարավային և Հարավարևմտյան շրջանների: Այն բաղկացած է ավելի քան 250 էթնիկ խմբերից, որոնցից յորուբաներն ու ֆուլանիները, հավանաբար, երկրորդ և չորրորդ ամենամեծ էթնիկ խմբերն են: Ֆուլանիների դեմքի եռաչափ գանգաչափությունը ուսումնասիրող հետազոտությունները սակավ են: Ըստ այդմ, Նիգերիայի ֆուլանիների բացակայող նորմատիվային կենսաչափական տվյալները տրամադրելու նպատակով այս հետազոտությունն ուսումնասիրել է նրանց դեմքի, աչքերի, քթի և բերանի եռաչափ թվային գանգաչափությունը՝ համեմատելով նրանց հարևան յորուբաների հետ, որոնք բնակվում են Նիգերիայի Հյուսիս-կենտրոնական շրջանի Կվարա նահանգի Իլորին քաղաքում: Իրազեկ համաձայնություն ստանալուց հետո հավաքվել են 25-ական ֆուլանի և յորուբա տղամարդկանց (նրանց էթնիկ պատկանելությունը և բարեկամական կապի բացակայությունը հաստատվել է երեք սերունդներով՝ հայրական և մայրական) տարիքային, հասակային ու մարմնի քաշի տվյալները, ինչպես նաև նրանց դեմքի լուսանկարները: Դեմքի, աչքերի, քթի և բերանի առաջամիջնակ կողմերի եռաչափ կենսաչափական տվյալները հաշվարկվել և վիճակագրորեն վերլուծվել են: Ընդհանուր առմամբ, սույն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իլորինցի ֆուլանիներն ունեն հիպերլեպտոպրոզոպիկ կամ շատ երկար նեղ դեմքի տիպ և մեզոռին կամ միջին քթային տիպ՝ ի տարբերություն իրենց հարևան յորուբաների լեպտոպրոզոպիկ կամ երկար նեղ դեմքի տիպի և պլատիռին կամ լայնաքիթ տեսակի: Բացի դրանից, Ֆուլանիներն ունեն ավելի փոքր աչքի ճեղքի լայնություն, բայց ավելի մեծ բերանի լայնություն՝ համեմատած իրենց համաբնակիչ յորուբաների հետ:
Հիմնաբառեր. դեմքի գանգաչափություն, եռաչափ կենսաչափություն, ֆուլանիներ, յորուբաներ, Նիգերիա

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-54