Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Թոքի քաղցկեղի միաժամանակյա վերիֆիկացիա և N փուլավորում վիդեոմեդիաստինոսկոպիայով

Գևորգ Ս. Ոսկանյան,* Ռուբեն Ս. Ստեփանյան, Շահեն Ն. Դանիելյան
Կրծքային վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
Կրծքային վիրաբուժության բաժանմունք, «Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

ամփոփագիր

Ներածություն. Թոքի չարորակ ուռուցքների փուլավորման համար սկզբունքային կարևորություն ունի միջնորմային ավշային հանգույցների ախտահարման գնահատումը՝ N փուլավորումը: Գոյություն ունեն փուլավորման բազմաթիվ ինվազիվ մեթոդներ, որոնց մեջ իր հաստատուն տեղն ունի վիդեոմեդիաստինոսկոպիան (տեսամիջնորմադիտումը)։ Մետաստատիկ ավշահանգույցի բիոպտատը բավարար է լիարժեք ախտահյուսվածաբանական, իմունահյուսվածաբանական և գենետիկ հետազոտություններ կատարելու համար:
Նպատակ. Հետազոտության նպատակն է ցույց տալ, որ համակարգչային շերտագրության (ՀՇ) պատկերների վրա ախտահարված միջնորմային ավշահանգույցներով թոքի ուռուցքի առկայության դեպքում, երբ հյուսվածաբանական ախտորոշումը հնարավոր չէ կատարել բրոնխոսկոպիայով, վիդեոմեդիաստինոսկոպիան հնարավորություն է տալիս կատարել բիոպսիա հետագա հյուսվածաբանական ախտորոշմամբ և փուլավորման միաժամանակյա ճշգրիտ որոշմամբ։
Մեթոդներ. Հետազոտությունն իրականացվել է ռետրոսպեկտիվ: Ընտրվել են այն բուժառուները, որոնց իրականացվել է վիդեոմեդիաստինոսկոպիա՝ 2022թ. հունվարից մինչև 2023թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում «Աստղիկ» բժշկական կենտրոնի (Երևան, Հայաստան) կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վերոնշյալ բուժառուների մոտ ըստ ՀՇ և պոզիտրոն-էմիսիոն շերտագրությամբ (ՊԷՇ/ՀՇ) տվյալների ենթադրվել է թոքի կենտրոնական կամ ծայրամասային քաղցկեղ, միջնորմային ավշահանգույցների ախտահարում, առանց հեռավոր մետաստազի M₀, և որոնք դեռևս չեն ունեցել հյուսվածաբանական ախտորոշում:
Արդյունքներ. Հետազոտությունն ընդգրկել է 22 բուժառու թոքի կենտրոնական և ծայրամասային ուռուցքներով, որոնց մոտ կատարված ՀՇ և ՊԷՇ/ՀՇ հետազոտություններով ենթադրվել է քաղցկեղ և միջնորմի ավշահանգույցերի ախտահարում: 20 բուժառուներից 22-ի ավշահանգույցներում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի մետաստազ` 18-ը ոչմանրբջջային, 2-ը մանրբջջային: Երկու բուժառուի մոտ N₂-ը ժխտելուց հետո կատարվել է լոբեկտոմիա, հետվիրահատական հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա մեկի մոտ pN2, մյուսի մոտ pN0: Կատարված վիդեոմեդիաստինոսկոպիաներից հետվիրահատական բարդություններ չեն գրանցվել: Հոսպիտալացման տևողությունը եղել է 8-ից 24 ժամ:
Եզրակացություն. ՀՇ և ՊԷՇ/ՀՇ հետազոտություններով ախտորոշված թոքի ուռուցքի և միջնորմի ավշահանգույցների ենթադրյալ ախտահարումով բուժառուների դեպքում վիդեոմեդիաստինոսկոպիան կարող է հանդիսանալ առաջնային հյուսվածաբանական ախտորոշման մեթոդ՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով կատարել քաղցկեղի փուլավորում, կրճատելով ինվազիվ միջամտությունների քանակը և ժամանակ խնայելով բուժումը վաղ սկսելու համար:
Հիմնաբառեր. թոքի քաղցկեղ, N փուլավորում, վիդեոմեդիաստինոսկոպիա, էնդոսոնոգրաֆիա

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-89