Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

Ալբերտ Ղազարյան

Ալբերտ Ղազարյանը ծնվել է 1945թ. հունիսի 21ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում: 1969թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, որից հետո սանիտարական բժիշկ է աշխատել Ալավերդի քաղաքի սանիտարահամաճարակային կայանում: 1970-1972թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ զորամասի ավագ բժիշկն էր: 1972-1982թթ. աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման թունաբանության լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող: 1983թ.-ից Ա.Ղազարյանի աշխատանքային կենսագրությունը հյուսվում է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ՝ ԱԱԻ) Հիգիենայի ամբիոնում, սկզբում որպես դասախոս, դոցենտ, իսկ 1993թ.-ից՝ ամբիոնի վարիչ: Այնուհետև նրա աշխատանքային գործունեությունը ներառում է ԱԱԻ-ի Հիգիենայի դասընթացների, պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության գիտագործնական կենտրոնի ղեկավարի աշխատանքները: Պրոֆ. Ղազարյանը հանդիսանում էր ԱԱԻ-ի Սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի ղեկավարը:
1978թ., պաշտպանելով գիտական ատենախոսությունը, Ա.Ղազարյանը ստանում է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2001թ.՝ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: 2002թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: Հեղինակել է 100-ից ավելի գիտական աշխատանքներ: ԱԱԻի Գիտական խորհրդի անդամ էր: Երկար տարիներ եղել է ԱԱԻ-ի Արհկոմի նախագահը:
Պրոֆ. Ղազարյանը զբաղվում էր նաև դասախոսական գործունեությամբ, նրա ղեկավարությամբ իրենց մասնագիտական աշխատանքային գործունեությունն են սկսել բազմաթիվ հիգիենիստներ: Եղել է իր իսկ հիմնադրած՝ Հայաստանի հիգիենիստների ասոցիացիայի նախագահ, Բարձրագույն որակավորման կոմիտեի մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ Չափորոշիչների ազգային ինստիտուտի «Խաղալիքների չափորոշիչների տեխնիկական խորհրդի» նախագահ, «Համապատասխանության գնահատում», «Ջրի որակ», «Կաթ և կաթնամթերք» տեխնիկական խորհուրդների անդամ:
Առողջապահական համակարգում երկարատև աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Սոցիալիստական մրցության հաղթող», ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության «Տասներորդ հնգամյակի հարվածային» կրծքանշաններով, ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրերով:

DOI:10.54235/27382737-2021.v1.2-68