Պատերազմի ընթացքում որդի կորցրած, բարձր ռեպրոդուկտիվ տարիքի զույգերի վերարտադրողական պոտենցիալի վերլուծություն
Տաթևիկ Կիրակոսյան1, Էդուարդ Համբարձումյան1,2
1Պտղաբերության կենտրոն
2Առողջապահության ազգային ինստիտուտ, Մարդու վերարտադրողականության ամբիոն (Երևան, ՀՀ)
Ամփոփագիր
Ներածություն. Մեր հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել պատերազմի ընթացքում որդի կորցրած, բարձր ռեպրոդուկտիվ տարիքի զույգերի վերարտադրողական պոտենցիալը, որոնք դիմել են մեր կենտրոն կրկին ծնող դառնալու նպատակով։
Մեթոդներ. Մարդու պտղաբերության կենտրոնում կատարվել է պատերազմում որդի կորցրած բարձր ռեպրոդուկտիվ տարիքի զույգերի վերարտադրողական տվյալների ռետրոսպեկտիվ վերլուծություն։ 2021թ-ից մինչև 2024թ. մեր կենտրոն դիմել է 252 զույգ։ Նրանցից 215-ին կատարվել է ԱՄԲ, որոնցից 83-ին սեփական ձվաբջջով, 132-ին դոնորական ձվաբջջով։ Առաջին խմբում կանանց միջին տարիքը եղել է 42,4 ± 5.6 տարեկան, երկրորդ խմբում՝ 46.3± 8,1 տարեկան։
Առաջին խմբում ձվարանների խթանումը կատարվել է ագոնիստ կամ անտագոնիստ գործելակարգով։ Երկու խմբում արգանդի լորձաթաղանթի պատրաստումը սաղմի տեղադրման կատարվել է ՀՓԹ (հորմոնալ փոխարինող թերապիայի) միջոցով։ Հետազոտության ընթացքում վերլուծել ենք հետևյալ ցուցանիշները. կլինիկական հղիություն, կրեխախտի ցուցանիշ, կենդանածնության կուտակային հաճախականություն, հղիության հասնելու միջին ժամանակը։
Արդյունքներ. Հետազոտվող խմբում վերլուծության պահին ունեցել ենք ընդհանուր 97 հղիություն (44.1%)։ ԱՄԲ-ի արդյունքում գրանցվել է 87 (40.4%) հղիություն։ Հղիության ընդհանուր քանակությունից 33-ը (34%) ավարտվել են կրելախախտով վաղ ժամկետում։ Առաջին խմբում, չնայած կանանց ավելի երիտասարդ տարիքին, կենդանածնության կուտակային հաճախականությունը եղել է բավական ցածր (4.9%)։ Երկու խմբում միասին գրանցվել է կենդանածնության 53 դեպք (24.6%)։ Հղիության հասնելու միջին ժամանակը առաջին խմբում եղել է 7 ± 4.4 ամիս, երկրորդ խմբում 11.6 ± 4.8 ամիս։
Եզրակացություններ. Չնայած ապրած ծանրագույն սթրեսին, բարձր որակավորված բժշկական օգնության և պետության կողմից ադեկվատ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է հասնել դրական ելքի վերարտադրողական ոլորտում։