Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես

ամփոփագիր Հետբուհական բժշկական կրթության համակարգը Հայաստանում. ներկա իրավիճակի համեմատական վերլուծություն

Գոհար Ա. Երիմյան
Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հետբուհական կրթությունը բժշկի ձևավորման ու կայացման գործընթացի անքակտելի մասն է։ Հայաստանում բժշկի հետբուհական կրթության մասին դրույթներն ամրագրված են օրենքով և պարտադիր են ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար։ Կատարվել են ուսումնասիրություններ ու համեմատական վերլուծություններ Հայաստանում գործող բժիշկների հետբուհական կրթական համակարգի և մի քանի զարգացած երկրներում գործող կրթական մոդելների միջև։ Հայաստանի Հանրապետությունում գործում է Սովետական Հայաստանում հաստատված բժշկական հետբուհական կրթության մոդելը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել նորանկախ Հայաստանում։ «Աշխատանքային տեղերում» և կարճատև դասընթացներում մասնագիտական որակավորման պահանջի փոխարեն օրենքով սահմանվել է հետբուհական մասնագիտական կրթության պարտադիր պահանջը։ Դա համապատասխանում էր Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation for Medical Education, WFME) կողմից առաջարկվող եռաստիճան մոդելին՝ բազային բժշկական կրթություն, հետբուհական կրթություն և շարունակական մասնագիտական զարգացում։ Ուսումնասիրությունների տվյալներով կան որոշակի սկզբունքային տարբերություններ բժշկական հետբուհական կրթության՝ առաջատար երկրներում գործող համակարգերի բաղադրիչների միջև, որոնք առանձնացվել ու համեմատվել են։ Առանձնացվել են ٤ հիմնական բաղադրիչները՝ մասնագիտացողների ընտրություն, ֆինանսավորում, կրթական ծրագրեր, որակի վերահսկողություն, որոնք ներառում են գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքորեն տարբեր մոտեցումներ։ Կատարված վերլուծությունը թույլ է տվել խմբավորել այն հիմնական բաղկացուցիչները (մասնագիտացողների ընտրություն, ֆինանսավորում, կրթական ծրագրեր, որակի վերահսկում), որոնք սկզբունքորեն տարբերվում են և որոնց վերանայումը կարող է որակական փոփոխություններ առաջացնել հետբուհական բժշկական կրթության համակարգում։
Հիմնաբառեր. հետբուհական բժշկական կրթություն, առողջապահական կադրային ներուժ

DOI: 10.54235/27382737-2024.v4.1-30