Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի մեթոդաբանությունը և արդյունավետությունը համաշխարհային պրակտիկայում
Վահե Տեր-Մինասյան
Ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Այս հոդվածում ձեռնարկվել է արգանդի վզիկի քաղցկեղի (ԱՎՔ) համաճարակաբանական ասպեկտների վերաբերյալ տվյալների ընդհանրացված ներկայացում, ԱՎՔ սքրինինգի մեթոդաբանության ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև տարբեր սքրինինգային ռազմավարությունների կլինիկատնտեսական արդյունավետության վերլուծության արդյունքները, որոնք հասանելի են եղել անգլերեն, հայերեն և ռուսերեն գրականության մեջ: Վերլուծվել է 118 աղբյուր, որոնցից մոտ 95%-ը հրապարակվել է վերջին 10 տարում։ Հետազոտությունների ընտրությունը կատարվել է ԱՎՔ այս ասպեկտների վերաբերյալ իրականացված հետազոտության առարկաների համապատասխանության սկզբունքով։ Ուսումնասիրված տվյալները ներառել են ԱՀԿ, առանձին երկրների (մասնավորապես՝ ՀՀ) առողջապահական մարմինների զեկույցներն ու առաջարկությունները, առանձին հեղինակների կլինիկական և տնտեսական ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև գրականության համակարգված ակնարկներ, առանձին սքրինինգային մեթոդները և դրանց համակցությունները: Հատկապես ուշագրավ են ԱՀԿ և ԱՄՆ կանխարգելման ծառայությունների հատուկ աշխատանքային խմբերի, ինչպես նաև եվրոպական բազմակենտրոն հետազոտությունների տվյալները, որոնք համեմատում են տարբեր սքրինինգային ռազմավարությունների կլինիկատնտեսական արդյունավետությունը եկամտի տարբեր մակարդակ ունեցող երկրներում: Ինչպես հայտնի է, ԱՎՔ սքրինինգի մեթոդների զինանոցը, որը նախկինում ներկայացված էր հիմնականում բջջաբանական հետազոտությամբ և դրա մոդիֆիկացիաներով, վերջին տարիներին համալրվել է տարբեր նորարարական մեթոդներով, ինչը նպաստում է դրանք ներառող սքրինինգային ռազմավարությունների կլինիկատնտեսական արդյունավետության բարձրացմանը: Բջջաբանական հետազոտությունն աստիճանաբար փոխարինող (առաջինի համեմատաբար ցածր զգայունության պատճառով) ՄՊՎ թեստը նույնպես միանշանակորեն ընդունելի չի համարվում (կախված մի շարք հանգամանքներից) իր բարձր արժեքի պատճառով։ Տարասեռ (առողջապահության մատչելիության, ծախսարդյունավետության և այլն) շրջաններում կոլպոսկոպիայի արդյունքներն ուսումնասիրելիս ցույց է տրվել, որ սքրինինգային ծրագրում կոլպոսկոպիայի ընդգրկումը նպաստում է ՄՊՎ-դրական կանանց արդյունավետ տեսակավորման գործելակարգի պատշաճ ստանդարտացմանը: Այդուհանդերձ, կոլպոսկոպիստների ուսուցումն ու փորձը, հավաքված բիոպսիաների քանակը և էնդոցերվիկալ նմուշների (TZ2 կամ TZ3) ու էկտոցերվիքսի բիոպսիաների հավաքման կոնկրետ վայրը գործոններ են, որոնք էապես ազդում են սքրինինգային ծրագրերի կլինիկատնտեսական արդյունավետության վրա: Կոլպոսկոպիայի արդյունքների որակավորման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ վերջին տարիներին հրապարակված տվյալները միանշանակորեն ցույց են տալիս այս տարբերակի վավերականությունը՝ որպես ԱՎՔ սքրինինգի կլինիկատնտեսական արդյունավետության բարձրացմանը նպաստող գործոն: Վերոնշյալ տվյալների համեմատությունը 2015-2021 թթ. ՀՀ-ում իրականացված սяրինինգի վերլուծության արդյունքների հետ թույլ է տալիս եզրակացնել, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակների ախտորոշման ու բուժման կլինիկապես և տնտեսապես արդյունավետ ալգորիթմ ԱՎՔ հայտնաբերումը դրա զարգացման վաղ բուժելի փուլերում ապահովելու համար: Կարծում ենք, որ ԱՎՔ սքրինինգային ախտորոշման ռազմավարության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդնումը կլինի հիվանդների այս կոնտինգենտի վարման արդյունավետության բարձրացման ճանապարհին կարևորագույն հանգրվաններից մեկը:
Հիմնաբառեր. արգանդի վզիկի քաղցկեղ, սքրինինգ, կլինիկատնտեսական արդյունավետություն