Ռադիոմոդիֆիկացիան ճառագայթային թերապիայում Համառոտ ակնարկ
Լուսինե Մ. Մուրադյան 1,*, Պարույր Մ. Անտոնյան 2, Դիանա Մ. Մուրադյան 3
1 Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան
2 «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
3 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճառագայթային թերապիայի (ՃԹ) զարգացումը ընթանում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինը գործիքային և ապարատային մասի օպտիմալացումն է, որը նպաստում է դոզավորման ճշգրտության բարձրացմանը և ճառագայթի ազդեցության ճշգրտությանը բացառապես ուռուցքի վրա։ Երկրորդ ուղղությունը ռադիոմոդիֆիկացիան է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել ուռուցքային բջիջների զգայունությունը ճառագայթման նկատմամբ, մեծացնել տեղային օքսիդատիվ սթրեսը և նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները։
ՃԹ արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներից մեկն այնպիսի մեթոդների և միջոցների օգտագործումն է, որոնք թույլ են տալիս ընդլայնել ռադիոթերապևտիկ ներուժը, այսինքն՝ ընտրողաբար ուժեղացնել ուռուցքային և նվազեցնել նորմալ հյուսվածքների վնասումները: Այս տեսանկյունից խոստումնալից է թվում ոչ ստանդարտ բաժնևորման եղանակների և ռադիոմոդիֆիկատորների ուսումնասիրությունը: Ռադիոմոդիֆիկատորները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ քիմիական (դեղամիջոցների տեսքով): Ապացուցված է, որ ճառագայթման կուտակային չափաքանակի ավելացումը 10-20%-ով կարող է նպաստել մի շարք ուռուցքների ամբողջական բուժմանը, սակայն նորմալ հյուսվածքների վնասումը զգալիորեն կաճի՝ հանգեցնելով ծանր բարդությունների: Ուստի ռադիոմոդուլյացիայի հարցերը մնում են որոշիչ գործոն ՃԹ արդյունավետության հետագա բարձրացման գործում:
Հիմնաբառեր՝ ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա, ռադիոմոդիֆիկացիա, ռադիոսենսիբիլիզացիա, ռադիոպրոտեկցիա