Ինչպես հայտնի է, հիպոթիրեոզով հիվանդների մոտ ինկրետինային հորմոնները, հատկապես ինկրետինային համակարգի «անհապաղ արձագանքը», ենթարկվում են զգալի փոփոխությունների: Մասնավորապես, էապես փոփոխվում է ինկրետինային համակարգի ակտիվությունը հիպոթերիոզի շտկման ժամանակ [1,2]։
Վերջին տարիներին գլյուկագոնանման պեպտիդ-1-ի ընկալիչների համակորդների (ԳՆՊ-1 ԸՀ-ներ, անգլ.՝ Glucagon-like peptide-1 receptor agonists, GLP-1 RAs) կիրառումը զգալիորեն աճել է, ինչը հետազոտողների ուշադրությունը բևեռել է այդ խմբի դեղամիջոցների վրա՝ նյութափոխանակային շեղումների վարման, ինչպես նաև բազմաթիվ բարդությունների հետևանքները մեղմելու նպատակով։
ԳՆՊ-1 ԸՀ-ների ազդեցությունը դրսևորվում է ինսուլինի արտազատման խթանման, գլյուկագոնի արտազատման արգելակման և ստամոքսի դատարկման դանդաղեցման երևույթներով [3]:
Այնուամենայնիվ, թեև ԳՆՊ-1 ԸՀ-ների ազդեցությունը գլիկեմիկ կարգավիճակի կարգավորման, քաշի կորստի և զարկերակային ճնշման նվազեցման առումով լայնորեն փաստագրված է, բազմաթիվ ուսումնասիրություներ կարևորում են վահանաձև գեղձի (ՎԳ) գործունեության վրա դրա ազդեցության պարզաբանման անհրաժեշտությունը, մասնավորապես ՎԳ-ի հորմոնների բարդ փոխազդեցությունների և նյութափոխանակության հետ դրանց փոխկապակցվածության համատեքստում։ Հուսեյնի և համահեղ. (2021) կարծիքով, ՎԳ-ի հիվանդությունների զուգակցումը նյութափոխանակային խանգարումների հետ (2-րդ տիպի շաքարային դիաբետ՝ ՇԴ2Տ, ճարպակալում) ընդգծում և կարևորում է ՎԳ-ի աուտոիմուն ախտահարումների և նյութափոխանակային խանգարումների միջև կապը, ինչի մանրակրկիտ ուսումնասիրությունը կօգնի արդյունավետորեն կազմակերպել նյութափոխանակության հիվանդությունների վարումը՝ ուղղակիորեն ազդելով ՎԳ-ի գործունեության վրա [4]:
Կենդանական մոդելների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառումը ՎԳ-ի C բջիջներում առաջացնում է ախտաբանական փոփոխություններ՝ հիպերպլազիայի և ադենոմայի աստիճանական ձևավորմամբ [5]: Չնայած ԳՆՊ-1 ԸՀ-ով բուժվող հիվանդների մոտ ՎԳ-ի քաղցկեղի հավանական աճի ռիսկի վերաբերյալ նախնական ուսումնասիրություններին՝ կլինիկական փորձարկումների երկարաժամկետ արդյունքները հանգեցրել են նվազ ռիսկի վերաբերյալ կարծիքին՝ բայց և այնպես շեշտելով թեմայի վերաբերյալ համակարգված հետազոտության անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով ՎԳ-ի ախտահարումների հաճախակի դեպքերը ախտաբանական ճարպակալման և ՇԴ2Տ-ի ժամանակ՝ մի շարք հետազոտողներ մանրամասնորեն ուսումնասիրել և գնահատել են ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառման և ՎԳ-ի խանգարումների առաջացման միջև կապը՝ միտված լինելով ՎԳ-ի դիսֆունկցիա ունեցող հիվանդների մոտ պարզություն մտցնել ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառման անվտանգության հարցերում: Բացի դրանից, գնահատվել է շաքարախտով հիվանդների մոտ ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառման դեպքում ՎԳ-ի գործառույթի պարբերական ստուգումների անցկացման անհրաժեշտությունը [5]:
Վահանաձեվ գեղձի գործառույթի և նյութափոխանակային խանգարման միջև փոխկապվածությունը
ՎԳ-ի դիսֆունկցիան և ՇԴ2Տ-ն կլինիկական պրակտիկայում հաճախ հանդիպող և համակցված ախտաբանական վիճակներ են: Շաքարային դիաբետ չունեցող հիվանդների համեմատությամբ, և՛ հիպերթիրեոզը, և՛ հիպոթիրեոզը ավելի հաճախ են հանդիպում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ [6]:
Ըստ Սենտոնո Մաքսուդի և համահեղ. (2016)՝ ընդհանուր ազգաբնակչության համեմատությամբ ՎԳ-ի դիսֆունկցիայի տարածվածությունը զգալիորեն ավելի բարձր է ՇԴ2Տ-ով հիվանդների շրջանում [7]։
Պալման և համահեղ. (2013) հայտնել են, որ 386 չափահաս դիաբետիկների 14.7%-ը նաև ունեցել է ՎԳ-ի հիվանդություն [8]: ՎԳ-ի դիսֆունկցիայի նմանատիպ տարածվածություն հայտնաբերվել է նաև Հունաստանի (12.3%), Սաուդյան Արաբիայի (16%), Բրազիլիայի (14.7%), Հորդանանի (12.5%) դիաբետիկների մոտ [1]։ Թվով 36 աղբյուր ներառած գրականության մի համակարգված ակնարկ արձանագրել է ենթակլինիկական հիպոթիրեոզի և նյութափոխանակային ախտահարումների միջև կապ 10.2% դեպքերում [9]:
ՎԳ-ի գործառույթի և նյութափոխանակության հիվանդությունների միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ ՎԳ-ի հորմոններն ազդում են գլյուկոզի և ճարպային փոխանակության կարգավորման վրա, հատկապես թիրախային այնպիսի օրգաններում կամ հյուսվածքներում, ինչպիսիք են լյարդը, կմախքային մկանները, ենթաստամոքսային գեղձը (ԵՍԳ), ճարպային հյուսվածքը և կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) [1]:
Ավելին, որոշ ուսումնասիրություններ դիտարկել են ածխաջրային փոխանակության և ՎԳ-ի քաղցկեղի միջև կապը մասնավորապես կանանց մոտ: Յեոն և համահեղ. (2014) իրենց կատարած մետավերլուծությամբ փաստել են, որ շաքարախտով հիվանդների մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգը 20%-ով բարձր է [10]։ Ինսուլինակայունությունը, դիսգլիկեմիան, մարմնի զանգվածի ցուցիչը (ՄԶՑ) և զարկերակային գերճնշումը զգալիորեն մեծացնում են ՎԳ-ի քաղցկեղի զարգացման ռիսկը: Գերինսուլինեմիան կարող է նվազեցնել բջջային ապոպտոզը և նպաստել բջիջների բազմացմանը ինսուլինի և ինսուլինանման աճի գործոն-1-ի (ԻԱԳ-1) միջոցով [11]: Նկատվել է, որ ինսուլինային ընկալիչները գերէքսպրեսիայի են ենթարկվում ՎԳ-ի ուռուցքների ժամանակ՝ «ազդարարելով» ՎԳ-ի քաղցկեղի զարգացման հատկապես վաղ փուլը [12]: Ավելին, Ճաոն և համահեղ. (2022), Բրենտան և համահեղ. (2024) և Աբու Արարն ու համահեղ. (2024) իրենց ուսումնասիրություններում ցույց են տվել, որ գերինսուլինեմիան և ինսուլինակայունությունը զգալիորեն կապված են ՎԳ-ի քաղցկեղածնության և քաղցկեղի «ագրեսիվության հետ» [13-15]:
Գնպ-1 ըհ-ների գործողության մեխանիզմները
ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառման վրա հիմնված բուժումը գլյուկոզի մակարդակը վերահսկում է բազմաթիվ մեխանիզմներով, և հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեպքում գլյուկոզի ներքին ընդունումն առաջացնում է ինսուլինի ավելի մեծ արտազատում, քան ներերակային ներմուծումը: Այս երևույթը «կառավարում» են ԳՆՊ-1 աղեներզատիչ (էնտերոէնդոկրին) հորմոնը և ստամոքս-արգելակիչ պեպտիդը կամ գլյուկոզ-կախյալ ինսուլինոտրոպ պոլիպեպտիդը (ԳԻՊ, անգլ.՝ gastro-inhibitory peptide կամ glucose-dependent insulinotropic polypeptide, GIP), որոնք երկուսն էլ միաժամանակ նպաստում են ինսուլինի արտազատմանը (Պատկեր 1), որը շարունակաբար վատթարանում է ՇԴ2Տ-ով հիվանդների մոտ [16]: ԳՆՊ-1-ը և ԳԻՊ-ը «ինկրետինային» հորմոններ են, որոնք արտազատվում են սնունդ ընդունելու ընթացքում գլյուկոզի, սպիտակուցի, ճարպի ընդունումից և կլանումից հետո։ Դրանք ապահովում են սնունդ ընդունելու և ինսուլինի արտազատման միջև ֆիզիոլոգիական փոխկապակցվածությունը [16,17]:
ԳՆՊ-1Ը-ի խթանումը գործի է գցում բարդ ներբջջային ազդանշանային կասկադ, որն ավարտվում է պրոտեին կինազ Ա-ի (ՊԿԱ) ուղու ակտիվացմամբ՝ ցիկլիկ ադենոզին միաֆոսֆատի (ցԱՄՖ) առաջացման միջոցով (Պատկեր 2): ԵՍԳ-ից զատ, ԳՆՊ-1Ը-ներ առկա են այլ հյուսվածքներում ևս՝ թոքեր, երիկամներ, ԿՆՀ, ստամոքս, սրտամկան և անոթային էնդոթել [17]:
Ինկրետինները պեպտիդային հորմոններ են, որոնք արտազատվում են աղիքներից և ուղեղաբնից՝ ի պատասխան սննդանյութերի սպառման, և հիմնականում գործում են արյան շիճուկի գլյուկոզի իջեցման և հագեցվածության բարձրացման մեխանիզմով: ԳՆՊ-1-ը և ԳԻՊ-ը նյութափոխանակային համախտանիշի բուժման համար օգտագործվող ինկրետինային հորմոնների անալոգներ են: ԳՆՊ-1-ը 30 ամինաթթուներից բաղկացած պեպտիդային շղթա է, որն արտադրվում է էնտերոէնդոկրին L բջիջների կողմից զստաղու հեռադիր հատվածում, հաստ աղիքում և ուղեղաբնի մենավոր ուղու (tractus solitarius) նեյրոնների կորիզներում: Այն ԵՍԳ-ի β-բջիջներում խթանում է ինսուլինի արտադրությունը գլյուկոզ-կախյալ ձևով և նվազեցնում է ԵՍԳ-ի α-բջիջներից գլյուկագոնի արտազատումը: ԳՆՊ-1-ը թողնում է նաև լրացուցիչ արտաենթաստամոքսագեղձային ազդեցություններ՝ ուղղակիորեն ճնշելով ախորժակի կենտրոնը և դանդաղեցնելով ստամոքսի դատարկումը՝ դրանով իսկ ուժեղացնելով հագեցվածության զգացողությունը և թուլացնելով սնունդ ընդունելու ցանկությունը: ԳԻՊ-ը 4-ամինաթթուներից բաղկացած պեպտիդ է, որն արտազատվում է 12-մատնյա աղիքի և բարակ աղիքների K բջիջների կողմից: Այս կարճ պեպտիդային հորմոնը խթանվում է աղիքներում գլյուկոզի գերօսմոլյարությամբ՝ առաջացնելով ինսուլինի արտազատում: Հաշվի առնելով այս հատկությունները՝ ճարպակալման և ՇԴ2Տ-ի բուժման նպատակով կիրառվող ԳՆՊ-1 և ԳԻՊ համակորդները ենթարկվել են ինտենսիվ դեղաբանական հետազոտությունների [18]:
Որոշ ուսումնասիրություններ արձանագրել են ԳՆՊ-1Ը-ների առկայությունը լյարդաբջիջներում [19], ՎԳ-ի C և այլ տեսակի բջիջներում [20]: Օրինակ, Հեն և համահեղ. (2017) իրականացրել են հետազոտություն՝ ուսումնասիրելով ինսուլինային ընկալիչների, ԻԱԳ-1 ընկալիչների (ԻԱԳ-1Ը) և ԳՆՊ-1Ը-ների արտահայտվածությունը (էքսպրեսիան) ՎԳ-ի առողջ հյուսվածքներում, ՎԳ-ի պապիլյար քաղցկեղի (ՎՊՔ) հյուսվածքներում և ՎՊՔ բջիջներում, ինչպես նաև ինսուլինի անալոգների և ԳՆՊ-1 ԸՀ-ների պոտենցիալ դերը բջիջների բազմացման և էներգափոխանակության մեջ [21]:
Մեկ այլ հետազոտությամբ Բոեսն ու համահեղ. (2013) ուսումնասիրել են առնետի և մարդու ՎԳ-ի բջիջների առաջնային կուլտուրաները՝ C բջիջներում ԳՆՊ-1Ը-ների էքսպրեսիան ու գործառույթը գնահատելու նպատակով: Այս հետազոտության ընթացքում, ի տարբերություն մարդու առաջնային C բջիջների, ԳՆՊ-1Ը-ների էքսպրեսիա դիտվել է միայն առնետի առաջնային C բջիջներում: ԳՆՊ-1 ԸՀ-ներով խթանումը հանգեցրել է կալցիտոնինի արտազատման և էքսպրեսիայի չափավոր աճի առնետների ՎԳ-ի առաջնային կուլտուրաներում: Մինչդեռ մարդու ՎԳ-ի կուլտուրաներում ԳՆՊ-1 ԸՀ-ներին ոչ մի գործառութային արձագանք չի գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ մարդու C բջիջները գործող ԳՆՊ-1Ը-ների շատ ցածր մակարդակ ունեն կամ լիովին զուրկ են դրանցից: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ մարդու ՎԳ-ի առաջնային կուլտուրաներում ԳՆՊ-1 ԸՀ-ներին արձագանքելու բացակայությունը պայմանավորված է C բջիջների ցածր տոկոսով և կալցիտոնինի շատ ցածր արտազատմամբ, ինչը հնարավոր չէ հայտնաբերել անցկացվող վերոնշյալ հետազոտության մեջ կիրառված մեթոդներով [22]:
Նշանակման ցուցումները և կիրառման եղանակները
Առաջին թերապևտիկ ԳՆՊ-1 ԸՀ-ն էքսենատիդ-4-ն էր՝ թունատամ մողեսի (Heloderma suspectum) թքից ստացված բնական պեպտիդային հորմոն, որը ցուցաբերում է ԳՆՊ-1-ի հետ համեմատելի ակտիվություն, սակայն օժտված է ավելի երկար կիսատրոհման պարբերությամբ՝ դիպեպտիդիլ պեպտիդազ 4-ի (ԴՊՊ-4) նկատմամբ իր բարձր կայունության շնորհիվ, ինչը բացատրվում է ճեղքման տեղում Ala-8-ի՝ Gly-8-ով փոխարինմամբ: ՇԴ2Տ-ով չափահասների մոտ արյան գլյուկոզի մակարդակի իջեցման նպատակով ԱՄՆ Պարենի և դեղորայքի վարչությունը (ՊԴՎ, անգլ.՝ Food and Drug Administration, FDA) թույլատրել է էքսենատիդի պարենտերալ կիրառումը ի հավելումն սննդակարգի և ֆիզիկական վարժությունների։
Ճարպակալման տարածվածությունը վերջին ժամանակներում զգալիորեն աճել է, և ներկայումս դրա բուժման համար ապացուցված անվտանգությամբ և արդյունավետությամբ քիչ դեղամիջոցներ կան: Սա դրդել է հետազոտողներին ՇԴ2Տ-ով և ճարպակալումով տառապողների մոտ գնահատել լիրագլյուտիդի ազդեցությունը մարմնի քաշի և տանելիության վրա: Լե Ռուի և համահեղ. (2017) կողմից անցկացված հետազոտության ժամանակ լիրագլյուտիդով բուժվող մասնակիցները քաշի զգալի կորուստ են ունեցել՝ համեմատած պլացեբոյով բուժվողների հետ, ինչն ուղեկցվել է գիրության հետ կապված որոշ ռիսկային գործոնների չեզոքացմամբ [29]:
ԳՆՊ-1 ԸՀ-ների ազդեցությունը մարմնի քաշի վրա ուսումնասիրվել է բազմաթիվ հետազոտողների կողմից: ՇԴ2Տ-ով տառապող մեծահասակների մոտ Յաոի և համահեղ. (2024) կողմից կատարված մետավերլուծությունը համեմատել և գնահատել է 16 տարբեր ԳՆՊ-1 ԸՀ-ների արդյունավետությունը գլիկեմիկ կարգավիճակի հսկողության, մարմնի քաշի և լիպիդային պրոֆիլների առումով [23]: Մասնավորապես, մարմնի քաշի փոփոխությունների գնահատման համար ներառվել է 53 հետազոտություն՝ 21349 մասնակիցների ներգրավմամբ: Հեղինակները եզրակացրել են, որ կագրինտիդի և սեմագլյուտիդի համադրությունը եղել է ամենաարդյունավետ ԳՆՊ-1 ԸՀ-ն մարմնի քաշը նվազեցնելու համար: Բացի այդ, տիրզեպատիդը, ռետատրուդիտը, օրֆոգլիպրոնը, սեմագլյուտիդը և լիրագլյուտիդը նույնպես ցույց են տվել քաշի զգալի կորուստ՝ պլացեբոյի համեմատությամբ [23]:
Ստրետոնի և համահեղ. (2023) կատարած հետազոտության ժամանակ մարմնի քաշի վրա սեմագլյուտիդի ազդեցությունը գնահատվել է այլ ԳՆՊ-1 ԸՀ-ների, այդ թվում՝ լիրագլյուտիդի, էքսենատիդի, դուլագլյուտիդի և ԳՆՊ-1/ԳԻՊ ընկալիչների կրկնակի համակորդ տիրզեպատիդի համեմատությամբ: Գրականության տվյալ վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ՇԴ2Տ-ով հիվանդների մոտ սեմագլյուտիդը նպաստում է քաշի նվազմանը մոտավորապես 1-2%-ով յուրաքանչյուր 10 շաբաթը մեկ անգամ և ավելի արդյունավետ է, քան մյուս ԳՆՊ-1 ԸՀ-ները, բացառությամբ տիրզեպատիդի: Քաշի կորուստը հաճախ ավելի նշանակալի է եղել սեմագլյուտիդի ավելի բարձր չափաբաժինների դեպքում, ընդ որում 1.0 մգ ենթամաշկային ներմուծումը եղել է ամենաարդյունավետ բուժումը՝ առանց անցանկալի երևույթների [24] ։
Ներկայումս հասանելի են ԳՆՊ-1 ԸՀ-ների նշանակման տարբեր սխեմաներ, որոնց դեպքում դեղամիջոցի ընդունումը տատանվում է օրական 1 անգամից (ինչպիսիք են լիքսիսենատիդը և լիրագլյուտիդը) մինչև օրական 2 անգամ (էքսենատիդ) կամ նույնիսկ շաբաթը 1 անգամ (դուլագլյուտիդ, ալբիգլյուտիդ և սեմագլյուտիդ): Վերջերս հաստատվել է սեմագլյուտիդի ամենօրյա ներքին ընդունման ամենարդյունավետ կիրառումը [25]:
2016 թվականից ի վեր բազմաթիվ ուսումնասիրություններ հիմնավորել են ԳՆՊ-1 ԸՀ-ների արդյունավետությունը սիրտանոթային այնպիսի հիվանդությունների հետ կապված մահացության նվազեցման գործում, ինչպիսիք են սրտամկանի սուր ինֆարկտը և գլխուղեղի կաթվածը (ինսուլտ): ԳՆՊ-1 ԸՀ-ները հատկապես հարմար են մետֆորմինի (և/կամ ներքին ընդունման այլ միջոցների) հետ համատեղ օգտագործման այնպիսի դեպքերում, ինչպիսիք են աթերոսկլերոզի առկայությունը, գլիկոլիզացված հեմոգլոբինի բարձր մակարդակը՝ մարմնի քաշի կորուստ որպես առաջնային նպատակ սահմանելու կամ հիպոգլիկեմիայից խուսափելու դեպքում։ Քրոնիկ երիկամային հիվանդությունների դեպքում նախապատվությունը տրվում է նատրիում-գլյուկոզային համափոխադրող-2-ի (ՆԳՀՓ2, անգլ.՝ sodium-glucose cotransporter-2, SGLT2) արգելակիչներին, թեև կարելի է դիտարկել ԳՆՊ-1 ԸՀ-ի ընտրությունը, եթե ՆԳՀՓ2 արգելակիչները հակացուցված են կամ եթե անհրաժեշտ է արյան գլյուկոզի մակարդակի հետագա իջեցում [26,27]։
Ըստ Մաքլինի և համահեղ. (2021)՝ ԵՍԳ-ի և ստամոքսի գործունեության վրա թողած ազդեցությունից բացի, ԳՆՊ-1-ը կարող է ազդել գլխուղեղի վրա՝ սննդից հագեցվածություն առաջացնելու և սննդի ընդունումը նվազեցնելու նպատակով: Նախորդ հետազոտությունները հայտնաբերել են ԳՆՊ-1Ը-ների էքսպրեսիան մարդկանց եթնատեսաթմբի (հիպոթալամուսի) կորիզներում, երկարավուն ուղեղում և և գագաթային բլթի կեղևում, ինչը համապատասխանում է կրծողների և պրիմատների մոտ կենտրոնների նմանատիպ տեղակայմանը [28]:
Ըստ Լաֆերտիի և համահեղ. (2023)՝ մեխանիզմները, որոնցով ԳՆՊ-1 ԸՀ-ները նպաստում են քաշի կորստին, բազմատեսակ են և կապված են ԳՆՊ-1Ը-ների ակտիվացման հետ ինչպես աղիքների կենտրոնական, այնպես էլ ծայրամասային նեյրոններում՝ դանդաղեցնելով ստամոքսի դատարկումը և ներաղիքային փոխադրումը, ինչպես նաև ճնշելով ախորժակը հիպոթալամուսի մակարդակով՝ հանդես գալով որպես «զստաղիքային արգելակ»: Աղիք-գլխուղեղային բարդ հարաբերություններն ակնհայտ են. սննդից հագեցվածության վրա ԳՆՊ-1Ը-ների ակտիվացումը տեղի է ունենում ԿՆՀ-ում, մինչդեռ աղիքները հետագայում մոդուլացվում են վագուսային խոլիներգիկ ազդանշաններով: Ենթադրվում է, որ հագեցվածության էֆեկտների համար պատասխանատու է անոռեքսիգեն պրոոպիոմելանոկորտինային նեյրոնների մոդուլավորումը, քանի որ դրանք ունեն ԳՆՊ-1Ը-ներ և հայտնաբերված են մենավոր ուղու կորիզում՝ գլխուղեղում ԳՆՊ-1-ի արտադրության վայրում [30]:
Ներկայումս լիրագլյուտիդը և սեմագլյուտիդը ԳՆՊ-1 ԸՀ-ների մեջ միակ երկու դեղամիջոցներն են, որոնք ցածր կալորիականությամբ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ ցուցված են ≥30կգ/մ2 ՄԶՑ-ով մեծահասակների մարմնի քաշի կառավարման համար, ինչպես նաև 27-30կգ/մ2 ՄԶՑ-ի դեպքում՝ առնվազն մեկ համակցված հիվանդության (դիսգլիկեմիա, զարկերակային գերճնշում, դիսլիպիդեմիա կամ քնի օբստրուկտիվ ապնոէ ) առկայության պայմաններում [31]:
Գնպ-1 ըհ-ների ազդեցությունը հիպոթալամուս-հիպոֆիզ-վահանագեղձ համակարգի վրա
Մի շարք հետազոտողներ գտնում են, որ ԳՆՊ-1Ը-ների ակտիվացումը կարող է ազդել ՎԳ-ի հորմոնների մակարդակի և, ընդհանուր առմամբ, ՎԳ-ի գործառույթի գնահատման ցուցանիշների վրա, թեև ճշգրիտ մեխանիզմը և արդյունքները դեռևս պարզվում են: Այնուամենայնիվ, մի քանի ուսումնասիրություն արձանագրել է հակասական բացահայտումներ՝ ԳՆՊ-1Ը-ների ակտիվացման արդյունքում թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) մակարդակի նվազման վերաբերյալ [35-37]:
Սենջարն ու համահեղ. (2015) հետազոտություն են անցկացրել էքսենատիդով բուժվող և ՇԴ2Տ-ով տառապող 46 հիվանդների շրջանում, և հայտնաբերել են ԹՏՀ շիճուկային կոնցենտրացիայի զգալի նվազում՝ առանց ազատ թիրոքսինի (աԹ4), ազատ եռյոդթիրոնինի (աԹ3) և կալցիտոնինի՝ ելակետային մակարդակների համեմատությամբ զգալի փոփոխության [35]։ Նույն համոզման են հանգել Քյոսեօղլուն և համահեղ. (2020) 6 ամիս շարունակ էքսենատիդով բուժվող դիաբետիկ և ճարպակալած 38 հիվանդների հետազոտության ադյունքում [36]: Ըստ Յեի և համահեղ. (2022) [39]՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ (ԼՈԱՃՀ) 49 դիաբետիկ հիվանդների մոտ կատարված ուսումնասիրության արդյունքներով՝ լիրագլյուտիդով բուժումը նվազեցնում է ԹՏՀ մակարդակը և բարելավում լյարդի՝ ՎԳ-ի հորմոնների նկատմամբ կայունությունը, ինչը բնորոշ է ԼՈԱՃՀ-ով հիվանդներին [35-37]:
Համաձայն Ֆառռի և համահեղ. (2016)՝ ԳՆՊ-1 ԸՀ-ները կարող են ունենալ ուղղակի կենտրոնական արգելակող ազդեցություն, քանի որ ԳՆՊ-1Ը-ներն էքսպրեսիայի են ենթարկվում հիպոթալամուսի հարփորոքային կորիզներում (ՀՓԿ), որտեղ տեղակայված են թիրոտրոպին-ռելիզինգ հորմոն (ԹՌՀ) արտադրող նեյրոնները: Վերոնշյալը ենթադրում է ԳՆՊ-1 ԸՀ-ների հնարավոր ուղղակի ազդեցությունը հիպոթալամուսում ԹՌՀ արտադրող նեյրոնների գործունեության վրա [38]:
ԳՆՊ-1-ի ազդեցության մեխանիզմը հիպոթալամուս-հիպոֆիզ-ՎԳ համակարգի վրա լիովին հասկանալի չէ, և հետազոտողները ենթադրում են, որ ԳՆՊ-1Ը-ները կարող են վերափոխել ՎԳ-ի հորմոնների արտադրությունը նյութափոխանակության այնպիսի ուղիների վրա իրենց ազդեցության միջոցով, ինչպիսիք են ախորժակի և էներգիայի հավասարակշռության կենտրոնական կարգավորումը:
Ռուսկան և համահեղ. (2024) ուսումնասիրել են ԳՆՊ-1 համակարգի և հիպոթալամուսի ՀՓԿ-ների ԹՌՀ արտադրող նեյրոնների հարաբերություններն ու փոխազդեցությունը արու մկների մոտ: Արդյունքները ցույց են տվել, որ ԳՆՊ-1Ը-ների ակտիվացումը բազմակի ազդեցություն է ունենում ԹՌՀ արտադրող նեյրոնների վրա։ ԳՆՊ-1Ը-ների ակտիվացումը մի կողմից ուղղակիորեն խթանում է ՀՓԿ-ներում ԹՌՀ արտադրող նեյրոնները, իսկ մյուս կողմից կարող է նաև արգելակել դրանք՝ կա՛մ ուժեղացնելով դրանց արգելակող ներգործությունը, կա՛մ ուղղակիորեն արգելակելով դրանց աքսոնային տերմինալները միջնակ բարձրության (eminentia mediana) մեջ [39]:
Բացի դրանից, շիճուկում ԹՏՀ-ի մակարդակի նվազումը դժվար թե պայմանավորված լինի հենց ՎԳ-ի վրա անմիջական ազդեցությամբ, քանի որ ԳՆՊ-1Ը-ները հիմնականում էքսպրեսվում են ՎԳ-ի C բջիջներում, որոնք պատասխանատու չեն ՎԳ-ի հորմոնների սինթեզի համար: Ճանգի ու համահեղ. (2019) և Վանգի ու համահեղ. (2021) կատարած հետազոտությունների համաձայն՝ ԹՏՀ-ի շիճուկային կոնցենտրացիայի տատանումները կարող են կապված լինել քաշի կորստի հետ [40,41]:
Այնուամենայնիվ, ոչ բոլոր ուսումնասիրություններն են հաստատել քաշի նվազման և ԹՏՀ-ի շիճուկային կոնցենտրացիայի միջև փոխկապակցվածությունը, այդ թվում նաև Սենջարի և համահեղ. կողմից իրականացված վերոնշյալ հետազոտությունը [35]:
Ընդհակառակը, Թին (2023) հայտնաբերել է ԹՏՀ միջին մակարդակի նշանակալի, բայց փոքր (-0.23ՄՄ/լ) անկում, սակայն ոչ աԹ4 մակարդակի նվազում ՇԴ2Տ-ով և ճարպակալումով տառապող տղամարդկանց և կանանց մոտ, որոնք կորցրել են մարմնի քաշի 6.5%-ը՝ 12 ամիս էքսենատիդով բուժումից հետո: Պարզվել է, որ այն անհատները, որոնք քաշի կորուստ չեն ունեցել էքսենատիդով թերապիա ստանալիս, շիճուկում ԹՏՀ մակարդակներում փոփոխություններ չեն արձանագրել: Այս արդյունքների հիման վրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարմնի քաշի նվազումը առաջնային գործոն է, որն ազդում է ԹՏՀ-ի շիճուկային կոնցենտրացիայի նկատվող փոփոխությունների վրա՝ առանց աԹ4 մակարդակի որևէ փոփոխության: Այս ազդեցությունը հավանաբար վերագրվում է ՎԳ-ի հորմոններին հիպոթալամուսի և/կամ հիպոֆիզի «բարելավված» արձագանքմանը: Հիմքում ընկած մեխանիզմը, թե ինչպես է քաշի կորուստը փոխում շիճուկում ԹՏՀ մակարդակը, մնում է անհասկանալի [42]:
Նույն կերպ՝ ՎԳ-ի գործառույթի վրա ԳՆՊ-1-ի ազդեցության վերաբերյալ տվյալները սահմանափակ են և հակասական. որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ԳՆՊ-1Ը-ների ակտիվացումը չի ազդում ՎԳ-ի հորմոնների մակարդակի վրա [43]:
Ներկայումս ՊԴՎ կողմից հաստատված ԳՆՊ-1 ԸՀ-ների կիրառման սխեման ինչպես ՇԴ2Տ-ի, այնպես էլ ճարպակալման բուժման համար ներառում է օրական 1 անգամ լիրագլյուտիդ, շաբաթական 1-ական անգամ սեմագլյուտիդի և տիրզեպատիդի ներարկումներ: Վերջինս ԳՆՊ-1/ԳԻՊ կրկնակի համակորդ է և զգալի արդյունքներ է գրանցել քաշի նվազեցման և գլյուկոզի վերահսկման առումով՝ համեմատած իր «նախորդների» հետ: 3-րդ փուլի SURMOUNT-1 փորձարկումը ուսումնասիրել է տիրզեպատիդով 72-շաբաթյա բուժման արդյունավետությունը քաշի կորստի առումով՝ համեմատած պլացեբոյի հետ: Արդեն 20 շաբաթ անց տիրզեպատիդի բոլոր երեք չափաբաժինները (5, 10 և 15 մգ) արձանագրել են քաշի հավաստիորեն ավելի մեծ նվազում, քան պլացեբոն: Այս արդյունքներն ավելի նշանակալի էին, քան միջին պլացեբո-ճշգրտված քաշի նվազեցումը լիրագլյուտիդով և սեմագլյուտիդով, բայց նմանատիպ անվտանգությամբ: Տիրզեպատիդով քաշի նվազեցումն ուղեկցվում էր պլացեբոյի համեմատությամբ նաև զարկերակային ճնշման, գոտկատեղի շրջագծի, քաղցած վիճակում գլյուկոզի, խոլեստերինի մակարդակի և ասպարտատ ամինոտրանսֆերազի մակարդակների նվազմամբ [44]:
Նույն կերպ, SURPASS-3 MRI մագնիսառեզոնանսային շերտագրական (ՄՌՇ) հետազոտությունը ևս 3-րդ փուլի փորձարկում է, որն ուսումնասիրել է տիրզեպատիդի արդյունավետությունը՝ սակայն հատուկ ուշադրություն դարձնելով դրա՝ ՄՌՇ-հաստատված լյարդային փոփոխությունների վրա։ Ցույց է տրվել լյարդի ճարպերի պարունակության, ընդերային և որովայնի ենթամաշկային ճարպային հյուսվածքի զգալի կրճատում ՇԴ2Տ-ով հիվանդների մոտ, որոնք 52 շաբաթ շարունակ ստացել են 10մգ կամ 15մգ տիրզեպատիդ են ստացել՝ համեմատած ինսուլին դեգլուդեկ ընդունածների հետ [45]: Այս դեղամիջցների ազդեցությունը, մասնավորապես, տիրզեպատիդի արդյունավետությունը քնի օբստրուկտիվ ապնոէի վրա դեռևս հանդիսանում է շարունակական հետազոտության առարկա [46]:
Եռակի գ համակորդներ կամ եռահամակորդներ
Այս դեղամիջոցները գործում են 3 ընկալիչների միջոցով՝ ԳՆՊ-1, ԳԻՊ, իսկ երրորդ «Գ»-ն գլյուկագոնն է: Վերջինս ԵՍԳ-ի α-բջիջների կողմից արտադրվող 29-ամինաթթվանի պեպտիդային հորմոն է, որը հայտնի է լյարդի միջոցով իրականացվող իր հիպերգլիկեմիկ ազդեցությամբ և աշխատում է ԳԻՊ-ի և ԳՆՊ-1-ի հետ հետադարձ կապի սկզբունքով՝ գլյուկոզի հոմեոստազը պահպանելու նպատակով: Բացի դրանից, գլյուկագոնը նաև կատաբոլիկ պեպտիդ է, որն ուժեղացնում է ճարպալուծումը (լիպոլիզ) և ջերմածնությունը (թերմոգենեզը): Ճաոի և համահեղ. (2022) կենսաքիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ գլյուկագոնը նաև ազդում է ԿՆՀ-ի վրա՝ խթանելով սննդից հագեցվածությունը: Նախակլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ եռահամակորդը կարող է խթանել գլյուկագոնի կատաբոլիկ ազդեցությունը՝ առանց հիպերգլիկեմիայի խորացման [47]:
Նման եռակի Գ համակորդներից ռետատրուտիդը արդյունավետորեն կիրառվել է ճարպակալմամբ ուղեկցվող ՇԴ2Տ-ի բուժման մեջ: Երեք ուսումնասիրությունների նախնական տվյալները բացահայտվել են Դիաբետի ամերիկյան ասոցիացիայի (անգլ.՝ American Diabetes Association)՝ 2023 թ. համաժողովում:
Ռետատրուտիդն անցել է ճարպակալման ցուցումով 2-րդ փուլի փորձարկում, որը հետազոտել է այդ դեղամիջոցի տարբեր չափաբաժիններով և դեղաչափի աճման ռեժիմներով բուժման արդյունավետությունը ճարպակալմամբ տառապողների մոտ: Յաստրեբոֆն ու համահեղ. (2023) պարզել են, որ 48 շաբաթվա ընթացքում բոլոր մասնակիցները, որոնք ընդունել են երկու ամենաբարձր չափաբաժինները՝ 8մգ և 12մգ, կորցրել են քաշի առնվազն 5%-ը, իսկ նրանք, ովքեր ընդունել են 12մգ, կորցրել են մարմնի քաշի 24%-ը: 12մգ ստացողների մոտ գոտկատեղի միջին շրջագիծը կրճատվել է 19.6սմ-ով: Ընդհանուր անվտանգային բնութագիրը նմանվել է այլ ԳՆՊ-1 ԸՀ-ների բնութագրին, որոնք նախկինում հաստատված են եղել ճարպակալման բուժման համար և որոնց ամենատարածված անցանկալի երևույթը եղել է աղեստամոքսային ուղու վրա թողած կողմանկը ազդեցությունը [48]: Փորձարկման ենթաուսումնասիրությունը հավաքագրել է ճարպակալում ու նյութափոխանակային դիսֆունկցիա-ասոցված ստեատոզային լյարդային հիվանդություն (ՆԱՍԼՀ, անգլ.՝ metabolic dysfunction-associated steatotic liver disease, MASLD) ունեցող մասնակիցներ և օգտագործել ՄՌՇ և լյարդի ախտահարման կենսամարկերներ՝ լյարդի ստեատոզային փոփոխությունները հետևելու նպատակով: ԴԱԱ-ի մամլո տեղեկագրի տվյալները ցույց են տվել, որ ռետատրուտիդի ամենաբարձր չափաբաժնով 48 շաբաթ բուժելուց հետո ՆԱՍԼՀ ունեցող հիվանդների լյարդում նկատվել է ճարպի մակարդակի նվազում, ինչը ենթադրում է, որ ՆԱՍԼՀ-ը կարող է բուժելի և դարձելի լինել: Ռոզենշտոկն ու համահեղ. (2023) ուսումնասիրել են ռետատրուտիդի արդյունավետությունն ու անվտանգությունը ՇԴ2Տ-ի բուժման ժամանակ [49]։ Հետազոտության մասնակիցների շրջանում գրանցվել է A1c-ի հավաստի նվազում 1.3-2%-ով՝ ռետատրուտիդի 4-12մգ դեղաչափի 6-ամսյա ընդունման, և 1.4% նվազում՝ դուլագլյուտիդի ընդունման դեպքում, և անփոփոխ ցուցանիշներ պլացեբո ստացած հիվանդների մոտ [50]:
Գնպ-1 ըհ-ների անվտանգությունը
Գլիկեմիկ կարգավիճակի վերահսկողությունից բացի ԳՆՊ-1 ԸՀ-ները դրական ազդեցություն են ունենում տարբեր սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վրա՝ նվազեցնելով սիրտանոթային հիվանդությունների և վերջիններից մահացության մակարդակը [32]:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ԳՆՊ-1-ի վրա հիմնված թերապիայի անցնանկալի երևույթները հիմնականում դրսևորվում են աղեստամոքսային ուղու այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը: Վերջիններս կարող են ազդել հիվանդի կողմից բուժումն ընդունելու որոշման վրա, թեև այս երևույթները հիմնականում լինում են մեղմից մինչև միջին ծանրության՝ ժամանակի ընթացքում նվազման միտումով: Դեղաչափի աստիճանական փոփոխությունը բավական արդյունավետ է սրտխառնոցը մեղմելու կամ կանխելու հարցում: Սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը կարող են դրսևորվել նաև գաստրոպարեզի կամ ծանր գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում: Ըստ Գարբերի և համահեղ. (2016)՝ ԳՆՊ-1 ԸՀ-ներով բուժվող հիավադներն ունեն մշտադիտարկման կարիք ուղեցույցների համաձայն [33]:
ԳՆՊ-1 ԸՀ-ների հետ կապված անվտանգության և տանելիության գնահատումը ցույց է տվել հիպոգլիկեմիայի, ներարկման վայրում ռեակցիաների, պանկրեատիտի, նորագոյացությունների և լեղապարկի հիվանդությունների ընդհանուր ցածր ռիսկ: Ավելին, նախակլինիկական հետազոտություններն արձանագրել են ԳՆՊ-1 ԸՀ-ների օգտագործման և ՎԳ-ի C բջիջների ուռուցքների նկատմամբ բարձր զգայունության հնարավոր հարաբերակցությունը կրծողների մոդելներում: ԳՆՊ-1 ԸՀ-ները հակացուցված են ՎԳ-ի մեդուլյար քաղցկեղի անհատական կամ ընտանեկան անամնեզի կամ 2-րդ տիպի բազմակի ներզատական նորագոյացությամբ (անգլ.՝ multiple endocrine neoplasia type 2) և դեղամիջոցի նկատմամբ գերզգայունության ունեցող անձանց [34]:
Քաշի կորստի դեղորայքային միջամտությունների ազդեցությունը քնի օբստրուկտիվ ապնոէի վրա
Հաշվի առնելով ինկրետինի համակորդների (ԻՀ) կամ «ինկրետինամիմետիկների» ազդեցությունը քաշի կորստի, գլիկեմիայի վերահսկման, սիրտանոթային ախտաբանությունների, ճարպային հեպատոզի և աուտոիմուն խանգարումների վրա՝ կարելի է հիմնավորված համարել դրանց արդյունավետությունը քնի օբստրուկտիվ ապնոէ (ՔՕԱ) ունեցող հիվանդների բուժման համար [51]:
Համեմատած վիրահատական և ապրելակերպի փոփոխության հետ՝ ավելի քիչ ուսումնասիրություններ են իրականացվել քաշի կորստի դեղորայքային բուժման ազդեցությունը ՔՕԱ-ի ծանրության վրա ուսումնասիրելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր, Ամերիկյան կրծքային միությունը (անգլ.՝ American Thoracic Society) ճանաչել է քաշի կորստի դեղամիջոցների կիրառումը որպես ՔՕԱ-ի բուժման հնարավոր եղանակ: Հետագայում, և հատկապես վերջին տարիներին, ավելացել են նիհարեցնող դեղամիջոցների հետազոտությունները, որոնք հավանաբար պայմանավորված են ճարպակալման տարածվածության աճով և այն ընկալմամբ, որ ավելորդ քաշը ՔՕԱ-ի վերահսկելի թիրախավորված ախտածնական մեխանիզմ է [51]:
Վերջերս սկսվել են հետազոտություններ ԳՆՊ-1 ԸՀ-ների՝ մարմնի քաշի վրա դրանց էական ազդեցության շնորհիվ ՔՕԱ-ով ճարպակալմամբ տառապող հիվանդների բուժման մեջ կիրառման ուղղությամբ [52,53]: Ըստ Բաջիոյի և համահեղ. (2014) հետազոտության արդյունքների՝ ԳՆՊ-1 ԸՀ-ները նպաստում են քաշի կորստին մի շարք մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են գլյուկագոնի արտազատման արգելակումը, հագեցման նյարդահորմոնալ խթանումը, ինսուլինի արտազատման ավելացումը և ստամոքսի դանդաղած դատարկումը [54]:
Որոշ կլինիկական փորձարկումներում օրական 1 անգամ լիրագլյուտիդի 3մգ ենթամաշկային ներմուծումը գեր (ՄԶՑ >30կգ/մ2), միջին (33.3%) կամ ծանր (66.7%) ՔՕԱ-ով ոչ դիաբետիկ հիվանդների մոտ հանգեցրել է քաշի միջինում 4% պլացեբո-ճշգրտված կրճատման, ինչպես նաև ապնոէ-հիպոպնոէ ցուցիչի (ԱՀՑ) 6 դրվագ/ժամ պլացեբո-ճշգրտված կրճատման, ընդ որում, ծանր ՔՕԱ-ով մասնակիցների 50%-ը ստացել է լիրագլյուտիդ 32-շաբաթյա հսկողության ընթացքում: Հետազոտողները եկել են այն եզրակահանգման, որ ՔՕԱ-ի ծանրության բարելավումը կապված է եղել քաշի կորստի հետ: ՔՕԱ-ի նվազեցման (ԱՀՑ <5 դրվագ/ժամ) հասել է լիրագլյուտիդով բուժում ստացած մասնակիցների 5%-ը՝ ի տարբերություն պլացեբոյի 1%-ի [55]:
ՇԴ2Տ-ով հիվանդների շրջանում օդուղիների շարունակական դրական ճնշման (ՕՇԴՃ, անգլ.՝ continuous positive airway pressure, CPAP) սարքով թերապիայի կիրառմամբ կատարված ուսումնասիրությունը փաստել է, որ լիրագլյուտիդը հանգեցնում է ԱՀՑ-ի համեմատական ճշգրտված նվազման (6 դրվագ/ժամ), որը կապված է 3 ամսում ՄԶՑ-ի 2 միավորով նվազման հետ [56]: Մեկ այլ, ավելի լայնածավալ հետազոտություն գնահատել է 26 շաբաթվա ընթացքում լիրագլյուտիդի օրական ենթամաշկային ավելացող (սկսած 0.6մգ-ից մինչև 1.8մգ) չափաբաժինների ազդեցությունը ՔՕԱ-ի ծանրության և այլ արդյունքների (ՄՌՇ-ով հաստատված ճարպային զանգված, այդ թվում՝ ընդերային և պարանոցային ճարպ, կմախքային մկանների զանգված, սիրտանոթային դիսֆունկցիայ) վրա ՔՕԱ ունեցող և ճարպակալմամբ ու ՇԴ2Տ-ով տառապող հիվանդների մոտ [57]:
Սեմագլյուտիդը՝ երկրորդ սերնդի ԳՆՊ-1 ԸՀ է, որը նշանակվում է շաբաթական 1 անգամ և քաշի ավելի մեծ կորուստ է առաջացնում, քան լիրագլյուտիդը [58]: Սեմագլյուտիդի անվտանգությունն ու արդյունավետությունը հետազոտվել է STEP փորձարկումներում (մինչ օրս հրապարակված է յոթը), որոնք բոլորն էլ ընթացել են 68-շաբաթյա հսկողությամբ: Այս փորձարկումներում 2.4մգ չափաբաժինը ցույց է տվել հետևողական, վիճակագրորեն նշանակալի պլացեբո-ճշգրտված քաշի կորուստ՝ միջինը 11% (միջակայքը՝ 6-13%)՝ վեց փորձարկումների ընթացքում [59-64]։ Սեմագլյուտիդը չի ուսումնասիրվել ճարպակալում և ՔՕԱ ունեցող բուժառուների շրջանում:
Տիրզեպատիդը ԳՆՊ-1/ԳԻՊ համակորդ է և վերջերս ուսումնասիրվել է միջին ծանրության ՔՕԱ-ով (ԱՀՑ ≥15 դրվագ/ժամ) և ճարպակալումով (ՄԶՑ ≥30կգ/մ2) տառապող 469 հոգու մոտ՝ 52 շաբաթվա ընթացքում, շաբաթական 1 ենթամաշկային ներարկումով՝ մինչև առավելագույն հանդուրժելի չափաբաժին (10 կամ 15մգ) տիտրումով: Այս ռանդոմացված վերահսկվող փորձարկումը կոչվել է SURMOUNT-OSA և հետազոտվողները բաժանված են եղել 2 խմբի՝ ՕՇԴՃ-ի կիրառումից կախված. ովքեր չեն ցանկացել կամ ի վիճակի չեն եղել (1-ին փորձարկում, n=234), և ովքեր շարունակել են ՕՇԴՃ օգտագործել ամբողջ փորձարկման ընթացքում (2-րդ փորձարկում, n=235): Տիրզեպատիդի ազդեցությունը ՔՕԱ-ի ծանրության (առաջնային վերջնակետ) և մարմնի քաշի (երկրորդային վերջնակետ) վրա ավելի զգալի է եղել, քան լիրագլյուտիդի կիրառման դեպքում և առաջացրել է դեղորայքային թերապիայի ժամանակ երբևէ գրանցված ԱՀՑ-ի ամենամեծ անկումը. տիրզեպատիդը ԱՀՑ-ն կարողացել է նվազեցնել միջինը 20-24 դրվագ/ժամով ավելի քան պլացեբոն [65]: Ընդհանուր առմամբ, տիրզեպատիդով բուժված հիվանդների 70%-ի (1-ին փորձարկում) և 86%-ի (2-րդ փորձարկում) մոտ արձանագրվել է ԱՀՑ-ի 50% անկում: Այնուամենայնիվ, տիրզեպատիդը կարողացել է նվազեցնել ԱՀՑ-ը մինչև <5 դրվագ/ժամ ցուցանիշի 42% (1-ին փորձարկում, պլացեբո՝ 16%) և 50% (1-րդ փորձարկում, պլացեբո՝ 14%) դեպքերում։ Մարմնի քաշի պլացեբո-ճշգրտված տոկոսային նվազումը 1-ին և 2-րդ փորձարկումներում (ելակետային ՄԶՑ՝ համապատասխանաբար 39.1կգ/մ2 և 38.7կգ/մ2) համապատասխանաբար եղել է 16% և 17%: Նաև արձանագրվել է սուբյեկտիվ և կլինիկական արդյունքների զգալի բարելավում (Ց-ռեակտիվ սպիտակուցի մակարդակի, զարկերակային ճնշման կարգավորում) [65]:
Նմանապես, SURMOUNT-1-ի խմբում (ոչ դիաբետիկ ավելցուկային քաշով/ճարպակալմամբ բուժառուներ) տիրզեպատիդն ունեցել է դեղաչափ-կախյալ ազդեցություն քաշի կորստի վրա՝ մարմնի քաշի 18% նվազում (պլացեբո-ճշգրտված), իսկ մասնակիցների 91%-ը կորցրել է մարմնի ելակետային քաշի առնվազն 5%-ը դեղամիջոցի ամենաբարձր դեղաչափի (15մգ) 72-շաբաթյա կիրառման պայմաններում [46]: Քաշի կորուստ (12%՝ պլացեբո-ճշգրտված) դիտվել է նաև SURMOUNT-2-ում, երբ 15մգ տիրզեպատիդը փորձարկվել է դիաբետիկների մեծ խմբում [66]: Տիրզեպատիդի ազդեցությունը պահպանվել է 88 շաբաթվա ընթացքում [67]: ԱՄՆ ՊԴՎ-ն հաստատել է լիրագլյուտիդը, սեմագլյուտիդը և տիրզեպատիդը որպես ճարպակալման բուժման դեղամիջոցներ։
ԳՆՊ-1-ի, ԳԻՊ-ի և գլյուկագոնի ընկալիչների եռակի համակորդ ռետատրուտիդը ցույց է տվել բարիատրիկ վիրաբուժության ազդեցության հետ համեմատելի քաշի կորստի նշանակալի արդյունքներ: 2-րդ փուլի մի փորձարկման մեջ, որին մասնակցել է ավելի քան 300 չափահաս, ռետատրուտիդի ամենաբարձր (12մգ) դեղաչափի շաբաթական 1-անգամյա ենթամաշկային ներարկումը 48 շաբաթ անց հանգեցրել է մարմնի քաշի 22% պլացեբո-ճշգրտված անկման: Ընդ որում այդ դեղաչափը ստացած մասնակիցների 100%-ը 48 շաբաթ անց ունեցել է քաշի առնվազն 5% նվազում [68]: Ռետատրուտիդը չի ուսումնասիրվել ճարպակալում և ՔՕԱ ունեցող բուժառուների մոտ:
Այսպիսով, ԻՀ-ների կիրառման արդյունքները ցույց են տալիս դրանց ազդեցության արդյունավետությունը ՔՕԱ-ի ծանրության վրա: Այդուհանդերձ, հարկ է նշել մի շարք բացասական կողմեր. նախ, այս դեղամիջոցների ընդունման տևողությունը քաշի կորուստը պահպանելու նպատակով անորոշ է: Մի կլինիկական հետազոտության արդյունքների համաձայն՝ սեմագլյուտիդի ընդունման դադարեցումն առաջին տարվա ընթացքում հանգեցրել է քաշի ավելացման՝ ելակետային քաշի կորստի 2/3-ի վերադարձի տեսքով, ինչը շարունակվել է մինչև 120-րդ շաբաթը (+12% քաշի հավաքում), հատկապես քաշի առավելագույն կորստով անձանց մոտ [69]: Նման միտում է նկատվել նաև տիրզեպատիդի դադարեցումից հետո [70]: Այս երևույթը կրկին հաստատում է ճարպակալման՝ քրոնիկ հիվանդություն կամ նյարդահումորալ ախտաբանություն հանդիսանալու փաստը: Որպես այդպիսին, ցանկացած քրոնիկ վիճակի բուժումը, այդ թվում՝ ՔՕԱ-ի ներկայիս թերապիաները, ինչպիսին է ՕՇԴՃ-ը, գրեթե անխուսափելիորեն պահանջում է անժամկետ կիրառում և կապված է ՔՕԱ-ի անմիջական սրացման հետ [71]։ Հատկանշական է, սակայն, որ դեղամիջոցները, որոնք ցույց են տվել նախնական կայուն, դեղաչափ-կախյալ քաշի կորուստ բուժումը դադարեցնելուց հետո (մարիտիդ՝ ամիսը 1 անգամ, 12 շաբաթ) մշակման փուլում են [72]: Երկրորդ, դեղորայքային բուժումից (կամ վիրահատությունից) հետո քաշի կորուստը հանգեցնում է մարմնի մկանային զանգվածի զգալի անկման (25%), մինչդեռ քաշի վերադարձն իրականանում է ճարպային հյուսվածքի տեսքով [67]: Ներկայումս անհայտ են նաև մկանային և ճարպային զանգվածի միջև հնարավոր անհավասարակշռության՝ քաշի վերականգնումով պայմանավորված կարդիոմետաբոլիկ հետևանքները, որոնք առաջացել են ինկրետինային թերապիայի դադարեցումից հետո: Երրորդ, ԻՀ-ների քրոնիկ օգտագործումը կարող է ունենալ այլ էական հետևանքներ: Օրինակ, դրանք ընդհանուր առմամբ լավ են տարվում, բայց փորձարկումների ընթացքում հատկապես լեղապարկի կամ ԵՍԳ-ի հետ կապված անցանկալի երևույթները (հիմնականում աղեստամոքսային և հիմնականում դեղաչափ-կախյալ) կարող են էական մարտահրավեր հանդիսանալ երկարաժամկետ հեռանկարում: Չորրորդ, ենթամաշկային ներարկումը ողջ կյանքի ընթացքում կիրառման համար հարմարավետ չէ, ուստի մշակվել է ենթամաշկային տարբերակի արդյունքներին հավասարազոր 50մգ սեմագլյուտիդի ներքին նշանակումը (ՊԴՎ-ի կողմից հաստատված չէ), սակայն վերջինս մասնակիցների 80%-ի մոտ առաջացրել է թեթև և չափավոր աստիճանի անցանկալի երևույթներ [73]:
ՔՕԱ-ն բավականին տարածված է ճարպակալում չունեցողների մոտ, և անգամ քաշի կորստից հետո ՔՕԱ-ն կարող է դրսևորվել տարբեր աստիճանով: Այնուամենայնիվ, գիրության դեմ վիրահատական կամ դեղորայքային եղանակով մղվող պայքարը կարևորվում է նաև այն պատճառով, որ ավելորդ քաշը առանցքային դեր է խաղում ՔՕԱ-ի ախտաֆիզիոլոգիայում: Բացի դրանից, նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ քաշի կորուստը ՔՕԱ-ի դրսևորման աստիճանը նվազեցնելուն զուգահեռ ինքնին պակասեցնում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը [77]: ՔՕԱ-ով հիվանդների շրջանում կատարված վերջին ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է սիրտանոթային համակարգի ցուցանիշների բարելավում ՔՕԱ-ի ՕՇԴՃ-ով բուժումից հետո 24 շաբաթվա ընթացքում առանց քաշի լիրագլյուտիդ-միջնորդավորված իջեցման [75]: Սեմագլյուտիդն արդյունավետ ազդեցություն է ունեցել. մասնավորապես պլացեբոյի համեմատությամբ 40 ամսում 20%-ով նվազեցրել է ոչ դիաբետիկ գեր հիվանդների մոտ երկրորդային սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը [76]:
ՔՕԱ-ի վրա քաշի կորստին միտված բարիատրիկ վիրահատության կամ դեղորայքային թերապիայի ազդեցության ուսումնասիրությանը նվիրված հետազոտության արդյունքները կարող են տատանվել կախված գործողության հստակ մեխանիզմներից և ուսունասիրութկյան դիզայնից՝ ներառյալ հսկողության տևողությունը և ներառման չափանիշները: Այնուամենայնիվ, բարիատրիկ վիրահատության արդյունքում քաշի զգալի և մնայուն կորուստը գործնական ուղենիշ է քաշի նվազեցման վերին սահմանի համար, որը հասանելի է դեղորայքային նորագույն մոտեցումներով: ԻՀ-ների համար համադրելի տվյալների կուտակումը կպահանջի մի քանի տարվա հետազոտություն՝ բարիատրիկ վիրաբուժության հետ կապված առկա ապացույցների հետ համադրման համար:
Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ իրականացված հետազոտության արդյունքները փաստում են, որ նորահայտ համակցված ԻՀ-ները կարող են հանգեցնել քաշի կորստի, որը համեմատելի է բարիատրիկ վիրահատության հետ (Պատկեր 3): Այնուամենայնիվ, հաշվի առնելով քաշի կորստի արդյունքների զգալի անհատական տատանումները [77] և քաշի կորստի ազդեցությունը ՔՕԱ-ի ծանրության վրա, ոչ բոլոր հիվանդներն են կարող հասնել իրենց ՔՕԱ-ի բուժական վերահսկմանը քաշի կորստի վիրահատության կամ նոր ԻՀ-ների միջոցով [65], հատկապես երկարաժամկետ հեռանկարում (պայմանավորված, օրինակ՝ դեղորայքին համապատասխանության բացակայությամբ և քաշի վերադարձով): Սա հավանաբար պայմանավորված է ՔՕԱ-ի ախտածնական, բայց ավելորդ քաշի հետ կապ չունեցող գործոնների հետ: Հետևաբար քաշի կորստի թերապիան նպատակահարմար է համակցել բուժման այլ եղանակների հետ, որն ուղղված է ՔՕԱ-ի ոչ անատոմիական գործոնների դեմ, հատկապես այն անհատների մոտ, որոնք ունեն ՔՕԱ-ի ախտաֆիզիոլոգիական բնութագրեր [78,79]: Այնուամենայնիվ, սա ճիշտ է գրեթե ՕՇԴՃ քաշի կորստին միտված բոլոր մյուս այլընտրանքային բուժումների համար, որոնք ունենում են բուժման նկատմամբ բավականին տարաբնույթ արձագանք և կարող են լավագույնս աշխատել այլ թերապիաների հետ համակցված [80,81]: Այս բազմազանության մեկ այլ բացատրությունն այն է, որ բոլոր սկզբնաղբյուրային ուսումնասիրությունները որպես ՔՕԱ-ի ծանրության տարբերակման և բուժման արդյունավետության գնահատման գործիք օգտագործել են ԱՀՑ-ն: Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՔՕԱ-ի ծանրության այլ մարկերներն ավելի սերտ փոխկապվածություն ունեն սիրտանոթային հիվանդացության և մահացության ցուցանիշների հետ, քան ԱՀՑ-ն, և կարող են ավելի ճշգրիտ որոշել նշանակված բուժման արդյունավետությունը [82,83]: SURMOUNT-OSA փորձարկումը ցույց է տվել, որ հիպօքսիկ բեռի պլացեբո-ճշգրտված տոկոսային նվազումը տիրզեպատիդով 52-շաբաթյա բուժումից հետո համեմատելի է ԱՀՑ-ի կրճատման հետ (-45%), սակայն քաշի կորստի իրական ազդեցությունը ՔՕԱ-ի վրա որոշելու համար հետագա հետազոտությունները պետք է հստակեցնեն բուժման միջամտություններ այն մարդկանց մոտ, որոնց ՔՕԱ-ի ծանրության աստիճանը ստրատիֆիկացվել է նոր մարկերներով, ինչպես նաև գնահատվել է քաշի կորուստի ազդեցությունն ընդհանուր սիրտանոթային ռիսկի վրա՝ ԱՀՑ-ի փոփոխությունից անկախ:
ՔՕԱ-ով հիվանդների մոտ կենսակերպի փոփոխությունը և դեղաբուժությունը կարող է տարաբնույթ ազդեցություն ունենալ մարմնի քաշի վրա: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ քաշի ավելացման դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցները չեն փորձարկվել ՔՕԱ-ով բուժառուների շրջանում: Ի վերջո, բարիատրիկ վիրահատությունն ավելի հստակ ազդեցություն ունի ՔՕԱ-ով մասնակիցների վրա՝ ելնելով երկու առանցքային կլինիկական փորձարկումների արդյունքներից [84]:
Բացի դրանից, քաշի կորուստը կարող է որպես օժանդակող գործոն ծառայել բուժման տարբեր եղանակների համար: Գործնականում հիվանդագին ճարպակալմամբ հիվանդների համար քաշի զգալի կորուստը կարող է բերել նրանց քաշն այնպիսի մակարդակի, որը չի վերացնում ՔՕԱ-ն, բայց բավական ցածր է, որպեսզի մի շարք ոչ ՕՇԴՃ-ային ՔՕԱ թերապիաներ խորացնեն բուժական ազդեցությունը: Օրինակ, ՔՕԱ-ով տառապող ոչ գեր անհատների մոտ ստորին ծնոտի առաջ մղումը պոտենցիալ կերպով մեծացնում է վերին շնչուղիների ոսկրային հատվածը և նվազեցնում ըմպանի կոլապսունակությունը: Այնուամենայնիվ, ճարպակալումով հիվանդների մոտ դա ավելի հազվագյուտ է տեղի ունենում, ինչը հավանաբար պայմանավորված է ճարպի շուրջըմպանային տեղակայումով, ինչը ընդգծում է, որ քաշի կորուստը կարող է բացել առանցքային թիրախները, որոնք հասանելի չեն ավելորդ քաշի առկայության դեպքում: Նմանապես, ոչ անատոմիական գործոններին ուղղված դեղորայքային բուժումը կարող է ավելի լավ արդյունքի հանգեցնել ավելի թեթև աստիճանի ճարպակալման պարագայում [85]:
Քաշի նվազեցումը, ինչպես նաև համակցված թերապիայի մոտեցումները դիտարկելու ունակությունը շարունակում է մնալ ճարպակալումով տառապող անձանց մոտ ՔՕԱ-ի բուժման արդյունավետությունն ապահովող կարևոր գործոն՝ հաշվի առնելով բարենպաստ ազդեցությունները սիրտանոթային, նյութափոխանակային հիվանդությունների և առողջությանն առնչվող կյանքի որակի վրա [51]:
Այսպիսով, քաշի նվազեցումը բարիատրիկ վիրահատության կամ ԻՀ-ների միջոցով օգնում է նվազեցնել ավելցուկային քաշը և շնչառական խանգարումները ՔՕԱ-ով հիվանդների մոտ, սակայն բուժման «արձագանքին» վերաբերող տվյալները բավականին տարաբնույթ են։ Բացի դրանից, քաշի կորստին ուղղված բուժումը ՔՕԱ-ն ամբողջությամբ չի վերացնում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ թերապևտիկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բուժման այլընտրանքային կամ համակցված եղանակների կիրառում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրված տվյալների վերլուծությունը (վերջին 5 տարում հրապարակված ավելի քան 80 գիտական աշխատություն) ցույց է տվել, որ տվյալ կոնտինգենտի տարբեր պոպուլյացիաներում թիրեոիդիտի ընթացքի և նյութափոխանակության ակտիվության վրա ԻՀ-ների ազդեցության ուսումնասիրությունների արդյունքները բավականին հակասական են, ինչը հաստատում է հետագա, ավելի խոր ուսումնասիրության անհրաժեշտությունը: Բացի դրանից, ԻՀ-ների՝ աուտոիմուն թիրեոիդիտի բուժման բաղադրիչների հետ համակցված թերապիայի շատ ասպեկտներ դեռ մնում են թերի ուսումնասիրված: Վերոնշյալից բխում է հիվանդների այս ընտրանքի վարման օպտիմալ ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, աուտոիմուն թիրեոիդիտով, ճարպակալմամբ և ՔՕԱ-ով հիվանդների նյութափոխանակության վրա՝ ԻՀ-ների տարբեր խմբերի ազդեցության վերլուծությանը միտված ուսումնասիությունները կնպաստեն այդ հիվանդների վարման օպտիմալացված ռազմավարության մշակմանը և իրականացմանը:

Պատկեր 1. Գլյուկագոնանման պեպտիդ-1-ը (ԳՆՊ-1) նպաստում է ինսուլինի արտազատմանը: Դիպեպտիդիլ պեպտիդազ-4-ը (ԴՊՊ-4) ճեղքում է ԳՆՊ-1-ի պեպտիդային շղթան Ala-8-ի և Glu-9-ի միջև: ԳՆՊ-1Ը՝ ԳՆՊ-1-ի ընկալիչ: Ըստ թիվ 1 հղման: | Պատկեր 2. Ներբջջային ազդանշանային կասկադի սխեման, որտեղ գլյուկագոնանման պեպտիդ-1-ը (ԳՆՊ-1) խթանում է ինսուլինի արտազատումը ենթաստամոքսագեղձի β բջիջներում: ԱԵՖ՝ ադենոզինեռֆոսֆատ, ԳՆՊ-1Ը՝ ԳՆՊ-1-ի ընկալիչ, ՊԿԱ՝ պրոտեին կինազ Ա, ցԱՄՖ՝ ցիկլիկ ադենոզին միաֆոսֆատ: Ըստ թիվ 1 հղման: |

Պատկեր 3. Տարբեր բուժական ռազմավարությունների ազդեցությունը քաշի կորստի վրա:

Գրականություն
- Capuccio S, Scilletta S, La Rocca F, et al. Implications of GLP-1 receptor agonist on thyroid function: a literature review of its effects on thyroid volume, risk of cancer, functionality and TSH levels. Biomolecules. 2024;14(6):687.
- Alemdar S, Yilmaz N, Özdem S, Sari R. Incretin levels in patients with hypothyroidism and the evaluation of incretin levels alterations with treatment. Asian Biomedicine. 2019;13(1):3-9.
- Andreasen CR, Andersen A, Knop FK, Vilsbøll T. How glucagon-like peptide 1 receptor agonists work. Endocr Connect. 2021;10(7):R200-R212.
- Mohammed Hussein SM, AbdElmageed RM. The relationship between type 2 diabetes mellitus and related thyroid diseases. Cureus. 2021;13(12):e20697.
- Rosol TJ. On-target effects of GLP-1 receptor agonists on thyroid C-cells in rats and mice. Toxicol Pathol. 2013;41(2):303-9.
- Nederstigt C, Corssmit EP, de Koning EJ, Dekkers OM. Incidence and prevalence of thyroid dysfunction in type 1 diabetes. J Diabetes Complications. 2016;30(3):420-5.
- Centeno Maxzud M, Gómez Rasjido L, Fregenal M, et al. [Prevalence of thyroid dysfunction in patients with type 2 diabetes mellitus] [in Spanish]. Medicina (B Aires). 2016;76(6):355-358.
- Palma CC, Pavesi M, Nogueira VG, et al. Prevalence of thyroid dysfunction in patients with diabetes mellitus. Diabetol Metab Syndr. 2013;5(1):58.
- Han C, He X, Xia X, et al. Subclinical hypothyroidism and type 2 diabetes: a systematic review and meta-analysis. PLoS One. 2015;10(8):e0135233.
- Yeo Y, Ma SH, Hwang Y, et al. Diabetes mellitus and risk of thyroid cancer: a meta-analysis. PLoS One. 2014;9(6):e98135.
- Chen LH, Xie T, Lei Q, et al. A review of complex hormone regulation in thyroid cancer: novel insights beyond the hypothalamus-pituitary-thyroid axis. Front Endocrinol (Lausanne). 2024;15:1419913.
- Tsatsoulis A. The role of insulin resistance/hyperinsulinism on the rising trend of thyroid and adrenal nodular disease in the current environment. J Clin Med. 2018;7(3):37.
- Zhao J, Tian Y, Jia Z, et al. Abnormal glucose metabolism parameters and the aggressiveness of differentiated thyroid carcinoma: a hospital-based cross-section study in China. Front Endocrinol (Lausanne). 2022;13:806349.
- Brenta G, Di Fermo F. Thyroid cancer and insulin resistance. Rev Endocr Metab Disord. 2024;25(1):19-34.
- Abu Arar Y, Shilo M, Bilenko N, et al. Are higher body mass index and worse metabolic parameters associated with more aggressive differentiated thyroid cancer? A retrospective cohort study. Healthcare (Basel). 2024;12(5):581.
- Calanna S, Scicali R, Di Pino A, et al. Alpha- and beta-cell abnormalities in haemoglobin A1c-defined prediabetes and type 2 diabetes. Acta Diabetol. 2014;51(4):567-75.
- Lee YS, Jun HS. Anti-diabetic actions of glucagon-like peptide-1 on pancreatic beta-cells. Metabolism. 2014;63(1):9-19.
- Gu C, Bernstein N, Mittal N, et al. Potential therapeutic targets in obesity, sleep apnea, diabetes, and fatty liver disease. J Clin Med. 2024;13(8):2231.
- Petrovic A, Igrec D, Rozac K, et al. The role of GLP1-RAs in direct modulation of lipid metabolism in hepatic tissue as determined using in vitro models of NAFLD. Curr Issues Mol Biol. 2023;45(6):4544-4556.
- Song Y, Zhou M, Cao Y, et al. Expression of GLP-1 receptor and CD26 in human thyroid C-cells: the association of thyroid C-cell tumorigenesis with incretin-based medicine. Oncol Lett. 2017;13(4):2684-2690.
- He L, Zhang S, Zhang X, et al. Effects of insulin analogs and glucagon-like peptide-1 receptor agonists on proliferation and cellular energy metabolism in papillary thyroid cancer. Onco Targets Ther. 2017;10:5621-5631.
- Boess F, Bertinetti-Lapatki C, Zoffmann S, et al. Effect of GLP1R agonists taspoglutide and liraglutide on primary thyroid C-cells from rodent and man. J Mol Endocrinol. 2013;50(3):325-36.
- Yao H, Zhang A, Li D, et al. Comparative effectiveness of GLP-1 receptor agonists on glycaemic control, body weight, and lipid profile for type 2 diabetes: systematic review and network meta-analysis. BMJ. 2024;384:e076410.
- Stretton B, Kovoor J, Bacchi S, et al. Weight loss with subcutaneous semaglutide versus other glucagon-like peptide 1 receptor agonists in type 2 diabetes: a systematic review. Intern Med J. 2023;53(8):1311-1320.
- Davies MJ, Aroda VR, Collins BS, et al. Management of hyperglycemia in type 2 diabetes, 2022. A Consensus Report by the American Diabetes Association (ADA) and the European Association for the Study of Diabetes (EASD). Diabetes Care. 2022;45(11):2753-2786.
- Di Marco M, Scilletta S, Miano N, et al. Cardiovascular risk and renal injury profile in subjects with type 2 diabetes and non-albuminuric diabetic kidney disease. Cardiovasc Diabetol. 2023;22(1):344.
- Scilletta S, Di Marco M, Miano N, et al. Update on diabetic kidney disease (DKD): focus on non-albuminuric DKD and cardiovascular risk. Biomolecules. 2023;13(5):752.
- McLean BA, Wong CK, Campbell JE, et al. Revisiting the complexity of GLP-1 action from sites of synthesis to receptor activation. Endocr Rev. 2021;42(2):101-132.
- le Roux CW, Astrup A, Fujioka K, et al. 3 years of liraglutide versus placebo for type 2 diabetes risk reduction and weight management in individuals with prediabetes: a randomised, double-blind trial. Lancet. 2017;389(10077):1399-1409.
- Lafferty RA, Flatt PR, Irwin N. GLP-1/GIP analogs: potential impact in the landscape of obesity pharmacotherapy. Expert Opin Pharmacother. 2023;24(5):587-597.
- Deng Y, Park A, Zhu L, Xie W, Pan CQ. Effect of semaglutide and liraglutide in individuals with obesity or overweight without diabetes: a systematic review. Ther Adv Chronic Dis. 2022;13:20406223221108064.
- Sinha R, Papamargaritis D, Sargeant JA, Davies MJ. Efficacy and safety of tirzepatide in type 2 diabetes and obesity management. J Obes Metab Syndr. 2023;32(1):25-45.
- Garber AJ, Abrahamson MJ, Barzilay JI, et al. Consensus statement by the American Association of Clinical Endocrinologists and American College of Endocrinology on the comprehensive type 2 diabetes management algorithm – 2016 Executive Summary. Endocr Pract. 2016;22(1):84-113.
- Trulicity (Dulaglutide) Injection for Subcutaneous Use; Prescribing Information. Available at: https://pi.lilly.com/us/trulicity-uspi.pdf. Accessed 23 Nov 2025.
- Sencar ME, Sakiz D, Calapkulu M, et al. The effect of exenatide on thyroid-stimulating hormone and thyroid volume. Eur Thyroid J. 2019;8(6):307-311.
- Köseoğlu D, Özdemir Başer Ö, Berker D, Güler S. Exenatide treatment reduces thyroid gland volume, but has no effect on the size of thyroid nodules. Acta Endocrinol (Buchar). 2020;16(3):275-279.
- Ye J, Xu J, Wen W, Huang B. Effect of liraglutide on serum TSH Levels in patients with NAFLD and its underlying mechanisms. Int J Clin Pract. 2022;2022:1786559.
- Farr OM, Sofopoulos M, Tsoukas MA, et al. GLP-1 receptors exist in the parietal cortex, hypothalamus and medulla of human brains and the GLP-1 analogue liraglutide alters brain activity related to highly desirable food cues in individuals with diabetes: a crossover, randomised, placebo-controlled trial. Diabetologia. 2016;59(5):954-65.
- Ruska Y, Peterfi Z, Szilvásy-Szabó A, et al. GLP-1 receptor signaling has different effects on the perikarya and axons of the Hypophysiotropic thyrotropin-releasing hormone synthesizing neurons in male mice. Thyroid. 2024;34(2):252-260.
- Zhang X, Li Y, Zhou X, et al. Association between serum thyrotropin within the euthyroid range and obesity. Endocr J. 2019;66(5):451-457.
- Wang X, Gao X, Han Y, et al. Causal association between serum thyrotropin and obesity: a bidirectional, mendelian randomization study. J Clin Endocrinol Metab. 2021;106(10):e4251-e4259.
- Tee SA, Tsatlidis V, Razvi S. The GLP-1 receptor agonist exenatide reduces serum TSH by its effect on body weight in people with type 2 diabetes. Clin Endocrinol (Oxf). 2023;99(4):401-408.
- Hu W, Song R, Cheng R, et al. Use of GLP-1 receptor agonists and occurrence of thyroid disorders: a meta-analysis of randomized controlled trials. Front Endocrinol (Lausanne). 2022;13:927859.
- Jastreboff AM, Aronne LJ, Ahmad NN, et al. Tirzepatide once weekly for the treatment of obesity. NEJM. 2022;387(3):205-216.
- Gastaldelli A, Cusi K, Fernández Landó L, et al. Effect of tirzepatide versus insulin degludec on liver fat content and abdominal adipose tissue in people with type 2 diabetes (SURPASS-3 MRI): a substudy of the randomised, open-label, parallel-group, phase 3 SURPASS-3 trial. Lancet Diabetes Endocrinol. 2022;10(6):393-406.
- Malhotra A, Grunstein RR, Fietze I, et al. Tirzepatide for the treatment of obstructive sleep apnea and obesity. NEJM. 2024;391(13):1193-1205.
- Zhao F, Zhou Q, Cong Z, et al. Structural insights into multiplexed pharmacological actions of tirzepatide and peptide 20 at the GIP, GLP-1 or glucagon receptors. Nat Commun. 2022;13(1):1057.
- Jastreboff AM, Kaplan LM, Frías JP, et al. Triple-hormone-receptor agonist retatrutide for obesity - a phase 2 trial. NEJM. 2023;389(6):514-526.
- Sanyal AJ. Retatrutide NAFLD – Phase 2 trial results in subset of patients with obesity and NAFLD. In: Proc. ADA Meeting, San Diego, CA, 23-26 June 2023.
- Rosenstock J, Frias J, Jastreboff AM, et al. Retatrutide, a GIP, GLP-1 and glucagon receptor agonist, for people with type 2 diabetes: a randomised, double-blind, placebo and active-controlled, parallel-group, phase 2 trial conducted in the USA. Lancet. 2023;402(10401):529-544.
- Hudgel DW, Patel SR, Ahasic AM, et al. The role of weight management in the treatment of adult obstructive sleep apnea. An official American Thoracic Society clinical practice guideline. Am J Respir Crit Care Med. 2018;198(6):e70-e87.
- Hamilton GS, Edwards BA. The potential impact of GLP-1 agonists on obstructive sleep apnoea. Respirology. 2023;28(9):824-825.
- Grunstein RR, Wadden TA, Chapman JL, et al. Giving weight to incretin-based pharmacotherapy for obesity-related sleep apnea: a revolution or a pipe dream? Sleep. 2023;46(10):zsad224.
- Baggio LL, Drucker DJ. Glucagon-like peptide-1 receptors in the brain: controlling food intake and body weight. J Clin Invest. 2014;124(10):4223-6.
- Blackman A, Foster GD, Zammit G, et al. Effect of liraglutide 3.0 mg in individuals with obesity and moderate or severe obstructive sleep apnea: the SCALE Sleep Apnea randomized clinical trial. Int J Obes (Lond). 2016;40(8):1310-9.
- Jiang W, Li W, Cheng J, Li W, Cheng F. Efficacy and safety of liraglutide in patients with type 2 diabetes mellitus and severe obstructive sleep apnea. Sleep Breath. 2023;27(5):1687-1694.
- Sprung VS, Kemp GJ, Wilding JP, et al. Randomised, cOntrolled Multicentre trial of 26 weeks subcutaneous liraglutide (a glucagon-like peptide-1 receptor Agonist), with or without contiNuous positive airway pressure (CPAP), in patients with type 2 diabetes mellitus (T2DM) and obstructive sleep apnoEa (OSA) (ROMANCE): study protocol assessing the effects of weight loss on the apnea-hypnoea index (AHI). BMJ Open. 2020;10(7):e038856.
- Rubino DM, Greenway FL, Khalid U, et al. Effect of weekly subcutaneous semaglutide vs daily liraglutide on body weight in adults with overweight or obesity without diabetes: the STEP 8 randomized clinical trial. JAMA. 2022;327(2):138-150.
- Davies M, Færch L, Jeppesen OK, et al. Semaglutide 2·4 mg once a week in adults with overweight or obesity, and type 2 diabetes (STEP 2): a randomised, double-blind, double-dummy, placebo-controlled, phase 3 trial. Lancet. 2021;397(10278):971-984.
- Garvey WT, Batterham RL, Bhatta M, et al. Two-year effects of semaglutide in adults with overweight or obesity: the STEP 5 trial. Nat Med. 2022;28(10):2083-2091.
- Kadowaki T, Isendahl J, Khalid U, et al. Semaglutide once a week in adults with overweight or obesity, with or without type 2 diabetes in an east Asian population (STEP 6): a randomised, double-blind, double-dummy, placebo-controlled, phase 3a trial. Lancet Diabetes Endocrinol. 2022;10(3):193-206.
- Rubino D, Abrahamsson N, Davies M, et al. Effect of continued weekly subcutaneous semaglutide vs placebo on weight loss maintenance in adults with overweight or obesity: the STEP 4 randomized clinical trial. JAMA. 2021;325(14):1414-1425.
- Wadden TA, Bailey TS, Billings LK, et al. Effect of subcutaneous semaglutide vs placebo as an adjunct to intensive behavioral therapy on body weight in adults with overweight or obesity: the STEP 3 randomized clinical trial. JAMA. 2021;325(14):1403-1413.
- Wilding JPH, Batterham RL, Calanna S, et al. Once-weekly semaglutide in adults with overweight or obesity. NEJM. 2021;384(11):989-1002.
- Malhotra A, Bednarik J, Chakladar S, et al. Tirzepatide for the treatment of obstructive sleep apnea: Rationale, design, and sample baseline characteristics of the SURMOUNT-OSA phase 3 trial. Contemp Clin Trials. 2024;141:107516.
- Wadden TA, Chao AM, Machineni S, et al. Tirzepatide after intensive lifestyle intervention in adults with overweight or obesity: the SURMOUNT-3 phase 3 trial. Nat Med. 2023;29(11):2909-2918.
- Ruder K. At ObesityWeek, More Data and Questions About Semaglutide, Tirzepatide, and Retatrutide. JAMA. 2024;331(1):9-11.
- Jastreboff AM, Kaplan LM, Frías JP, et al. Triple-hormone-receptor agonist retatrutide for obesity - a phase 2 trial. NEJM. 2023;389(6):514-526.
- Wilding JPH, Batterham RL, Davies M, et al. Weight regain and cardiometabolic effects after withdrawal of semaglutide: The STEP 1 trial extension. Diabetes Obes Metab. 2022;24(8):1553-1564.
- Aronne LJ, Sattar N, Horn DB, et al. Continued treatment with tirzepatide for maintenance of weight reduction in adults with obesity: the SURMOUNT-4 randomized clinical trial. JAMA. 2024;331(1):38-48.
- Quan SF, Budhiraja R, Clarke DP, et al. Impact of treatment with continuous positive airway pressure (CPAP) on weight in obstructive sleep apnea. J Clin Sleep Med. 2013;9(10):989-93.
- Véniant MM, Lu SC, Atangan L, et al. A GIPR antagonist conjugated to GLP-1 analogues promotes weight loss with improved metabolic parameters in preclinical and phase 1 settings. Nat Metab. 2024;6(2):290-303.
- Knop FK, Aroda VR, do Vale RD, et al. Oral semaglutide 50 mg taken once per day in adults with overweight or obesity (OASIS 1): a randomised, double-blind, placebo-controlled, phase 3 trial. Lancet. 2023;402(10403):705-719.
- Chirinos JA, Gurubhagavatula I, Teff K, et al. CPAP, weight loss, or both for obstructive sleep apnea. NEJM. 2014;370(24):2265-75.
- O’Donnell C, Crilly S, O’Mahony A, et al. Continuous positive airway pressure but not GLP1-mediated weight loss improves early cardiovascular disease in obstructive sleep apnea: a randomized proof-of-concept study. Ann Am Thorac Soc. 2024;21(3):464-473.
- Lincoff AM, Brown-Frandsen K, Colhoun HM, et al. Semaglutide and cardiovascular outcomes in obesity without diabetes. NEJM. 2023;389(24):2221-2232.
- Bray GA, Ryan DH. Evidence-based weight loss interventions: Individualized treatment options to maximize patient outcomes. Diabetes Obes Metab. 2021;23(S1):50-62.
- Messineo L, Gell L, Calianese N, et al. Effect of pimavanserin on the respiratory arousal threshold from sleep: a randomized trial. Ann Am Thorac Soc. 2022;19(12):2062-2069.
- Schweitzer PK, Taranto-Montemurro L, Ojile JM, et al. The combination of aroxybutynin and atomoxetine in the treatment of obstructive sleep apnea (MARIPOSA): a randomized controlled trial. Am J Respir Crit Care Med. 2023;208(12):1316-1327.
- Edwards BA, Sands SA, Owens RL, et al. The combination of supplemental oxygen and a hypnotic markedly improves obstructive sleep apnea in patients with a mild to moderate upper airway collapsibility. Sleep. 2016;39(11):1973-1983.
- Joosten SA, Tan M, Wong AM, et al. A randomized controlled trial of oxygen therapy for patients who do not respond to upper airway surgery for obstructive sleep apnea. J Clin Sleep Med. 2021;17(3):445-452.
- Messineo L, Sands SA, Schmickl C, et al. Treatment of sleep apnea and reduction in blood pressure: the role of heart rate response and hypoxic burden. Hypertension. 2024;81(5):1106-1114.
- Pinilla L, Esmaeili N, Labarca G, et al. Hypoxic burden to guide CPAP treatment allocation in patients with obstructive sleep apnoea: a post hoc study of the ISAACC trial. Eur Respir J. 2023;62(6):2300828.
- Mitchell LJ, Davidson ZE, Bonham M, et al. Weight loss from lifestyle interventions and severity of sleep apnoea: a systematic review and meta-analysis. Sleep Med. 2014;15(10):1173-83.
- Messineo L, Sands S, Wellman A, Azarbarzin A. Obesity and self-reported symptoms as determinants of responses to atomoxetine and aroxybutynin for sleep apnea. Eur Respir J. 2023;62(S67):PA3594.
