Անհասների ռետինոպաթիայի և անհասների հետին ագրեսիվ ռետինոպաթիայի էթիոպաթոգենեզը և կլինիկական դրսևորումները
ABSTRACT
Ներածություն. Անհասների ռետինոպաթիան (ԱՌ) ցանցաթաղանթի անոթային պրոլիֆերատիվ հիվանդություն է վաղաժամ ծնված նորածինների մոտ, որը մոտ 50,000 երեխայի կուրության պատճառն է ամբողջ աշխարհում։
Նպատակ. Գրականության սույն ակնարկի նպատակն է, հիմնվելով ուսումնասիրված հետազոտությունների տվյալների վերլուծության և ընդհանրացման վրա, ամփոփել ժամանակակից գրականության տվյալները ԱՌ-ի և անհասների հետին ագրեսիվ ռետինոպաթիայի (ԱՀԱՌ-ի) էթիոպաթոգենեզի և կլինիկական դրսևորումների վերաբերյալ:
Մեթոդներ. Ուսումնասիրվել են հետազոտության թեմային վերաբերող վերջին 10 տարվա ընթացքում հրապարակված շուրջ 80 աղբյուրներ, քննարկվել են ԱՌ-ի և ԱՀԱՌ-ի պատճառագիտությանը, ախտածագմանը, կլինիկական դրսևորումներին, ուղեկցող վիճակներին և նախատրամադրող գործոններին վերաբերող հիմնահարցերը։
Արդյունքներ. Լուսաբանվել է մի շարք գործոնների (հղիության ժամկետ, պտղի քաշը ծնվելիս, վարակի առկայություն, ճարպային փոխանակության խանգարումներ և այլն) կարևորությունը անհաս նորածինների ցանցաթաղանթի անգիոգենեզի խանգարումների զարգացման հարցում։ Ուսումնասիրվել են ԱՌ-ի և ԱՀԱՌ-ի ձևավորման և զարգացման հավանականության վրա ազդող գործոնների բազմաթիվ տարաբնույթ, հաճախ նաև հակասական տվյալները և փոխազդեցությունը։
Եզրակացություն. Գրականության ակնարկը թելադրում է ԱՌ-ի և ԱՀԱՌ-ի զարգացման և հրահրող գործոնների, ինչպես նաև դրանց ազդեցության մեխանիզմների հետ կապի ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչն անկասկած կնպաստի բուժման տարբերակված և ավելի արդյունավետ մոտեցումների մշակմանը:
