Մեծահասակների մոտ ՈւՊԳՀ-ի ախտորոշման խնդիրը Հայաստանի հոգեբուժական ծառայությունում
ABSTRACT
Ուշադրության պակասի/գերակտիվության համախտանիշ (ՈւՊԳՀ) շարունակում է մնալ թերըմբռնված և հաճախ սխալ ախտորոշվող խանգարում չափահասների շրջանում։ Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 83 հիվանդ, որոնց նախկինում հետազոտել են այլ հոգեբույժներ, սակայն ՈւՊԳՀ-ն հաճախ կամ չի հայտնաբերվել, կամ սխալ ախտորոշում է տրվել։ Մեր գնահատմամբ, սխալ ախտորոշումների հիմնական պատճառներն են ախտանիշների բազմազանությունը և տարբեր հոգեբուժական խանգարումների հետ համընկնումը, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների առկայությունը։ Հոգեպաթոլոգիական դժվարություններից զատ, բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ՝ ՈւՊԳՀ-ի վերաբերյալ ցածր իրազեկվածություն, չափահասների համար հարմարեցված ուղեցույցների և գործիքակազմի բացակայություն, ծառայությունների տեսակով պայմանավորված ախտորոշման կողմնակալ մոտեցումներ, ինչպես նաև անչափահասների և մեծահասակների ծառայությունների միջև կապի բացակայություն։ Այս խոչընդոտների հաղթահարումը պահանջում է համապարփակ բարեփոխումներ մասնագիտական պատրաստվածության, գործիքների մշակման և համակարգերի համագործակցության մակարդակներում։
