Սուր իշեմիկ կաթվածի սեռային տարբերությունները էթիոլոգիայի և ելքերի համատեքստում. ուսումնասիրություն Հայաստանի ամենամեծ համապարփակ կաթվածի կենտրոնում

Սուր իշեմիկ կաթվածի սեռային տարբերությունները էթիոլոգիայի և ելքերի համատեքստում. ուսումնասիրություն Հայաստանի ամենամեծ համապարփակ կաթվածի կենտրոնում

Մարգարյան Մ., Բալասանյան Մ., Մադոյան Լ., Եզոյան Օ., Բարսեղյան Լ., Դանիելյան Ն., Եղիազարյան Ն.
Նյարդաբանության բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀայաստանՆյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Նախաբան. Սեռի ազդեցությունը սուր իշեմիկ կաթվածի (ՍԻԿ) վրա գնալով ավելի մեծ ճանաչում է ստանում։

Նպատակ. Վերլուծել սեռային տարբերությունները ՍԻԿ-ի պատճառագիտության և ելքերի մեջ Հայաստանի խոշորագույն համապարփակ կաթվածի կենտրոնում։

Մեթոդներ. Ուսումնասիրության մեջ ներառվել է 2023թ. սեպտեմբերից մինչև 2024թ.սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ՍԻԿ-ով տառապող բոլոր հիվանդներին, որոնք վերցված էին Էրեբունի բժշկական կենտրոնի Կաթվածի համապարփակ կենտրոնի պլանավորված ռեեստրից։ Կաթվածի ծանրության աստիճանը գնահատվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների կաթվածի սանդղակի (NIHSS) միջոցով, իսկ պատճառագիտական դասակարգումը կատարվել է TOAST-ի (Trial of ORG 10172 in Acute Stroke Treatment) միջոցով։ Գործառութային ելքերը գնահատվել են Ռանկինի ձևափոխված սանդղակի (mRS) միջոցով։

Արդյունքներ. Ընդհանուր առմամբ ներառվել է 1034 հիվանդ, որոնցից 519-ը (39.8%) իգական սեռի ներկայացուցիչ էին։ Կանայք վիճակագրորեն նշանակալիորեն ավելի մեծ էին տարիքով, քան տղամարդիկ (միջին տարիքը կանանց և տղամարդկանց մոտ, համապատասխանաբար՝ 73±10.7 և 68±10.8 տարեկան, p=0.0001)։ Նաև կանայք ընդունվելիս ունեցել են ավելի բարձր NIHSS միավորներ՝ 7.55±6.4 ընդդեմ 6.77±5.9, p=0.04։ Կարդիոէմբոլիկ կաթվածներն ավելի հաճախ են հանդիպել կանանց մոտ (38.2% ընդդեմ 26.5%, p=0.0001), մինչդեռ աթերոսկլերոտիկ կաթվածները՝ տղամարդկանց մոտ (12.4% ընդդեմ 8.3%, p=0.02)։ Լակունար կաթվածները համանման հաճախականություն են ունեցել (24.7% ընդդեմ 21%, p=0.15)։ Չեն հայտնաբերվել էական սեռային տարբերություններ ռեպերֆուզիոն թերապիայի ցուցաբերման (51.1% ընդդեմ 57.1%, p=0.1), դուրսգրման ժամանակ գործառութային անկախության մակարդակի (mRS 0-2՝ 25.0% ընդդեմ 21.3%, p=0.1) կամ հիվանդանոցային մահացության (13.1% ընդդեմ 11.7%, p=0.4) առումով։

Եզրակացություն. Հայաստանի խոշորագույն համապարփակ կաթվածի կենտրոնի տվյալները ցույց են տալիս սեռային տարբերություններ կաթվածի էթիոլոգիայի և ծանրության մեջ։ Այդուհանդերձ, ռեպերֆուզիոն թերապիայի հասանելիությունն ու կարճաժամկետ ելքերը տղամարդկանց և կանանց մոտ համադրելի են։

Keywords: իշեմիկ կաթված, սեռ, սեռային տարբերություններ, կաթվածի պատճառագիտություն, Հայաստան