Մարդու առողջության պահպանման, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի ապահովումը դարձել է ցանկացած սոցիալական, իրավական պետության կայացման և զարգացաման կարևորագույն նշանակություն ունեցող արժեք, հասարակության և պետության կայուն զարգացման, ազգային և պետական անվտանգության անհրաժեշտ գործոն:
Ժամանակակից պայմաններում իրավունքի հիմնահարցերը դառնում են առավել ուշադրության առարկա ոչ միայն սոցիալ-հումանիտար, այլ նաև բնագիտական և տեխնիկական բնագավառների մասնագետների համար: Կարևորվում են բժշկա-առողջապահական գործունեություն իրականացնող սուբյեկտների իրավագիտակցության ձևավորման և զարգացման հիմնահարցերը մարդու առողջության պահպանման, բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում: Բուժաշխատողների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, և այդ համատեքստում պացիենտների իրավունքների պահպանումը նպաստում է նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ինչը կարելի է համարել որպես կարևոր ցուցանիշ առողջապահության համակարգի արդյունավետ գործառնության համար: Առողջապահության բնագավառի կառուցվածքային-ֆունկցիոնալ ենթահամակարգերի (առողջապահական, բուժական, բժշկագիտական) զարգացման պայմաններում կարևորվում է ինչպես առողջապահության համակարգը կարգավորող օրենսդրության զարգացման, այնպես էլ բժշկա-առողջապահական իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից դրա իմացության հիմնահարցը: Անհրաժեշտ է, որպեսզի բժշկա-առողջապահական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ տիրապետի ոչ միայն մասնագիտական գիտելիքներին, այլ նաև քաջատեղյակ լինի և իմաստավորի այն միջազգային փաստաթղթերը և ներպետական իրավական ակտերը, որոնք անմիջականորեն կարգավորում են իր մասնագիտական գործունեությունը: Այսինքն, առողջապահության բնագավառում մասնագիտական կոնկրետ գործունեություն իրականացնող անձը պետք է իմանա և ըստ էության գիտակցի իրավական գիտելիքների անհրաժեշտությունը տվյալ գործունեությունն իրականացնելիս:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրավագիտակցությունը բուժաշխատողի իրավական մշակույթի ձևավորման բաղկացուցիչ մաս է: «Իրավագիտակցություն» հասկացությունը բնութագրվում է որպես գաղափարների, հայացքների, գնահատականների, զգացմունքների, հույզերի ամբողջություն, որն արտահայտում է մարդկանց վերաբերմունքը հասարակական կյանքում առկա իրավական երևույթների նկատմամբ: Անհրաժեշտ է առանձնացնել բժշկա-առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտներին, առաջին՝ որպես ընդհանուր իրավական մշակույթի կրող սոցիալական խմբի, և երկրորդ՝ մասնագիտական իրավական մշակույթի կրող սոցիալական խմբի: Եթե առաջին տարբերակում հասկանում ենք տվյալ սոցիալական խմբի անդամների իրավագիտակցության մակարդակը, ընդհանրապես, իրավական երևույթների (օրենսդրություն, օրինականություն, իրավակարգ և այլ) վերաբերյալ, ապա երկրորդ տարբերակում իրավական մշակույթի բովանդակությունը բնութագրվում է վերջիններիս կողմից մասնագիտական գործունեության բնագավառը կարգավորող իրավական ակտերի իմացության մակարդակով: Այսինքն, վերջինս այն ցուցիչն է, որը բնութագրում է բուժաշխատողի կողմից բժշկա-առողջապահական գործունեության իր կողմից իրականացվող տեսակների իրավական կարգավորման հիմքերի՝ իրավական ակտերի (օրենք, գործելակարգ, չափորոշիչ, ընթացակարգ և այլ) իմացությունն ու կիրառումը:
Որքան բարձր է բուժաշխատողների մասնագիտական իրավագիտակցության մակարդակը, այնքան ճշտորեն են նրա կողմից կատարվում մասնագիտական պարտականությունները, և այնքան ավելի որակյալ ու արդյունավետ է բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնությունը և սպասարկումը (կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական, վերականգնողական և այլն), քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովումը առողջության պահպանման բնագավառում: Մասնագիտական գործունեությունը կարգավորող իրավական նորմերի խախտման հետևանքները, որպես կանոն, բացասաբար են անդրադառնում բժշկա-առողջապահական գործունեություն իրականացնող ողջ հաստատության գործունեության որակի և հեղինակության վրա:
Իրավական մշակույթն այն անհրաժեշտ պայմանն է, որը կողմնորոշելու է բուժաշխատողին ճիշտ կառուցելու իր վարքագիծը պացիենտների, նրանց հարազատների, ինչպես նաև այլ բուժաշխատողների հետ, տալու իրավաբանորեն հիմնավորված համապատասխան գնահատականներ մասնագիտական գործունեություն իրականացնելիս, ինչը կնպաստի մասնագիտական իրավախախտումներից խուսափելուն: Կարելի է ասել, որ օրենքի իմացությունը կատարում է կանխարգելիչ դեր՝ օգնելով բուժաշխատողին գործել իրավաչափ և ցուցաբերել արժանապատիվ վարք մասնագիտական և կենսական բարդ իրավիճակներում:
Մարդու առողջության պահպանման իրավունքների մասին գիտելիքների տիրապետումը պետք է համարվի մասնագիտական գործունեության իրականացման այնպիսի պարտադիր պահանջ, ինչպիսին հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման բնագավառում մասնագիտական գիտելիքների և ունակությունների տիրապետումն է: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր բժիշկ, բուժաշխատող, ըստ էության գիտակցի համալիր իրավաբանական գիտելիքների կարևորությունն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Կարևոր է, որպեսզի բուժաշխատողը ոչ միայն տեղյակ լինի բժշկա-առողջապահական իրավահարաբերությունները կարգավորող միջազգային և ներպետական իրավական նորմերին, այլ նաև պացիենտին տեղեկացնի դրանց մասին:
Անհրաժեշտ է նշել նաև, որ բուժաշխատողների գործունեությունը կարգավորող իրավական նորմերը պետք է համահունչ լինեն բժշկա-առողջապահական գործունեությունը կարգավորող բարոյական, էթիկական նորմերին և իմաստավորվեն դրանց համատեքստում: Բժշկությունում գիտատեխնիկական առաջընթացն առաջադրեց մի շարք նոր սոցիալական, բարոյական, իրավական խնդիրներ, որոնք դարձան կենսաբժշկական էթիկայի որպես գիտության առանձին ճյուղի ուսումնասիրության առարկա: Ժամանակակից գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների վրա հիմնված որոշ բժշկական միջամտություններ դառնում են կարևոր, սակայն վտանգավոր մարդու համար: Այս առումով կենսաբժշկական էթիկան ուսումնասիրում է բժշկական գործունեության բարոյա-էթիկական, սոցիալական և իրավական խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:
Այսպիսով, կարելի է ասել, որ իրավական և էթիկական նորմերի համակցությունն է հանդիսանում բուժաշխատողների արդյունավետ և հումանիզացված գործունեության հիմքն ու երաշխիքը:
Երևան քաղաքի մի շարք բուժհաստատություններում աշխատող 220 բուժաշխատողների մասնակցությամբ իրականացրել ենք հարցումներ՝ պարզելու, թե վերջիններս ինչպես են գնահատում իրենց իրավագիտակցության մակարդակը, այսինքն՝ բուժաշխատողներն իրենց գնահատմամբ որքանով են տեղեկացված իրենց մասնագիտական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին: Հարցմանը մասնակցած 120 բժիշկներից 95-ը (79%) այն հարցին, թե ինչպես են գնահատում իրենց իրավական գիտելիքների իմացությունը տվել են «բավարար» պատասխանը, իսկ 25-ը (21%)՝ իրենց գործունեությունը կարգավորող օրենքների իմացությունը գնահատել են «անբավարար»: Հարցմանը մասնակցած միջին բուժանձնակզմի 100 ներկայացուցիչներից 82-ը (82%)՝ իրենց գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացությունը գնահատել են «բավարար», իսկ 18-ը (18%)՝ «անբավարար»:
Չնայած այն հանգամանքին, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը բավականին լավատեսորեն է գնահատել առողջապահության բնագավառը կարգավորող ներպետական իրավական ակտերի իր իմացությունը, այնուամենայնիվ ստացված արդյունքները կարելի է համարել նախնական և խիստ սուբյեկտիվ: Դրանք չեն արտահայտում բուժաշխատողների՝ բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, դրա կազմակերպումը կանոնակարգող օրենքների, իրավական գիտելիքների իմացության ծավալը և խորությունը:
Գտնում ենք, որ բուժաշխատողների իրավական պատրաստվածությունը բժշկա-առողջապահական իրավահարաբերությունների արդյունավետ գործառնության անհրաժեշտ պայման է, և առկա է վերջիններիս իրավական գիտելիքների համալրման անհրաժեշտություն, այսինքն՝ մասնագիտական գործունեության իրավական կարգավորման հիմքերի (օրենքներ, գործելակարգեր, ընթացակարգեր, չափորոշիչներ և այլ) առավել իրազեկում:
Նշված ցուցանիշներով չենք սահմանափակվելու, և մեր հետագա հետազոտությունները բժշկա-առողջապահական կրթական և պրակտիկ գործունեության համակարգում առավել կմանրամասնեն խնդրո առարկան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, գտնում ենք, որ բժշկա-առողջապահական մասնագիտական գործունեության իրավական կանոնակարգման հիմնահարցերի մշակումը և դասավանդումը պետք է դառնան ինչպես բժշկական անընդհատ կրթության ողջ համակարգի բարելավման, բուժաշխատողի իրավական մշակույթի ձևավորման, այնպես էլ վերջինիս մասնագիտական պատրաստվածության բաղկացուցիչ մաս:
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N174-Լ որոշմամբ ընդունվել է ՀՀ Առողջապահության համակարգի 2023-2026թթ. զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ռազմավարություն): Ռազմավարությունը նախատեսում է մասնագիտական գործունեության անհատական լիցենզավորման համակարգի ներդրումը, որը կհաստատի առողջապահության ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը մասնագիտական և կրթական չափորոշիչներին և հնարավորություն կտա համակարգն ապահովել որակյալ կադրերով:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2025-2027թթ. ներդրվելու է ավագ բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց համապատասխանաբար անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ինստիտուտը: Անհատական լիցենզիան հնարավորություն կտա ավագ բուժաշխատողներին առողջապահության բնագավառում ինքնուրույն իրականացնելու մասնագիտական գործունեություն: Անցումային անհատական լիցենզիան պաշտոնական թույլտվություն է, որն իրավունք կտա կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն, հսկողության ներքո լիազոր մարմնի սահմանած ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կազմակերպման գործընթացը: Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, ՇՄԶ յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը սահմանվում են առողջապահության նախարարի 26.04.2019թ. N20-Ն հրամանով:
Այսպիսով, առաջարկում ենք, որպեսզի ավագ բուժաշխատողներին, կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համապատասխանաբար անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա, ինչպես նաև բուժաշխատողներին օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր տրվի այն դեպքում, եթե վերջիններս ունեն անհրաժեշտ գիտելիքներ ոչ միայն իրենց ընտրած մասնագիտացման տեսության և պրակտիկայի վերաբերյալ, այլ նաև տիրապետում են բժշկա-առողջապաական բնագավառը կարգավորող օրենսդրությանը, իրենց մասնագիտական իրավունքներին ու պարտականություններին:
ՀՂՈՒՄՆԵՐ
- ՀՀ օրենք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», ընդ.04.03.1996թ., № ՀՕ-42, խմբ. 06.05.20թ., № ՀՕ-268-Ն: Հասանելի է՝ arlis.am: Դիտված է՝ 15 նոյեմբերի, 2024թ.
- ՀՀ օրենք «Հանրային առողջապահության մասին» ընդ.28.02.2024թ., № ՀՕ-114-Ն: Հասանելի է՝ arlis.am: Դիտված է՝ 15 նոյեմբերի, 2024թ.
- ՀՀ օրենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին», ընդ.21.03.2018թ., № ՀՕ-180-Ն: Հասանելի է՝ arlis.am: Դիտված է՝ 10 նոյեմբերի, 2024թ.
- ՀՀ Կառավարության որոշում «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին», ընդ. 17.02.2022թ., №182-Ն: Հասանելի է՝ arlis.am: Դիտված է՝ 15 նոյեմբերի, 2024թ.
- ՀՀ Առողջապահության նախարարի հրաման «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքնչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին», ընդ. 26.04.2019թ., 20-Ն: Հասանելի է՝moh.am/images/legal-1035.pdf : Դիտված է՝ 15 նոյեմբերի, 2024թ.
- ՀՀ Կառավարության որոշում «ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», ընդ. 09.02.2023թ., №174-Լ: Հասանելի է՝ arlis.am: Դիտված է՝ 15 նոյեմբերի, 2024թ.
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Семина Т. Медицинское право: судебная практика в России и за рубежом: монография. Москва: Проспект, 2024. 408 с.
- Старчиков М. Правовой минимум медицинского работника (врача). 2-е изд. Москва: ГЭОТАР-Медиа, 2022. 272 с.
- Скребнева Н, Добровольская Н. Юридическая подготовка медицинских работников и отрасль медицинского права. Государство и право. 2024;3:198-201