Սաստիկ գլխացավը, որպես գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի միակ ախտանիշ. SNNOOP10 մոտեցման հաջողված կիրառման կլինիկական դեպքի նկարագրություն
ABSTRACT
Ներածություն. Գլխացավը ընդհանուր պոպուլյացիայում առավել հաճախ հանդիպող գանգատներից մեկն է, որի տարածվածությունը մոտ 96% է: Երկրորդային գլխացավերի տարածվածությունն աշխարհում գնահատվում է մոտ 18%: Գլխացավի գանգատով ամեն պացիենտի խորհուրդ չի տրվում բազմակողմանի հետազոտել (ներառյալ նեյրոիմիջինգ և լաբորատոր հետազոտություններ), քանի որ կեղծ դրական արդյունքների և պատահական գտածոների հավանականությունը բարձր է։ Երկրորդային գլխացավերի կարմիր դրոշակների բացահայտման համար առաջարկվել է SNNOOP10 հապավումը։ «Ձևի փոփոխությունը կամ վերջերս նոր սկսված գլխացավը» SNNOOP10 մոտեցման կարմիր դրոշակներից մեկն է։ Կլինիկական դեպք. Այս կլինիկական դեպքի պացիենտը ամբուլատոր կարգով դիմել էր մասնագետի՝ ներկայացնելով 3 օր տևող խիստ սաստիկ գլխացավ։ Նա երբեք նման գլխացավ չէր ունեցել և քրոնիկ հիվանդություններով չէր տառապում։ Նեյրոիմիջինգը բացահայտեց գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի նշաններ։ Հիվանդի մոտ հայտնաբերվեց նաև հիպերթիրեոզ, և ենթադրվեց, որ վերջինս հանդիսանում է գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի առաջացմանը նպաստող գործոն, պրոկոագուլյացիոն և հակաֆիբրինոլիտիկ ակտիվության հավանական բարձրացման պատճառով։ Նշանակվեց հակամակարդիչ, հակացնցումային, հակաթիրոիդ, ախտանշանային և աջակցող բուժում։ Պացիենտը դուրս է գրվել 14-րդ օրը, թեթև գլխացավերով և առանց նյարդաբանական դեֆիցիտի։ Երեք ամիս անց վերստուգիչ այցի ժամանակ պացիենտը չի նշել որևէ գանգատ, և համակարգչային շերտագրությամբ գլխուղեղի ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։
Եզրակացություն. Այս կլինիկական դեպքը ցույց է տալիս SNNOOP10 մոտեցման արդյունավետությունը նոր սկսված գլխացավերի համար՝ անհետաձգելի իրավիճակներում։