Գեներալիզացված միոկլոնուս երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբով երկու COVID-19 ՊՇՌ-բացասական հիվանդների մոտ
ABSTRACT
Ներածություն. Նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը։ Բայց կան բավականին շատ տեղեկություններ նյարդային համակարգի ներգրավվածության և տարբեր նյարդաբանական դրսևորումների մասին: Վարակի ախտորոշման ոսկե ստանդարտ համարվում է հետադարձ տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՀՏ-ՊՇՌ) սուր նոր կորոնավիրուսային վարակի համար (SARS-CoV-2): Բայց կան կուտակվող տվյալներ թոքերի բնորոշ ախտահարման և ՀՏ-ՊՇՌ բացասական արդյունքների մասին SARS-CoV-2-ի դեպքում:
Դեպքերի նկարագրություն. Նկարագրվում է երկու կլինիկական դեպք (երկու տղամարդ՝ 64 և 69 տարեկան), երբ ըստ կլինիկական, ճառագայթաբանական և համաճարակաբանական տվյալների առկա է եղել COVID-19, որի ֆոնին զարգացել է գեներալիզացված միոկլոնուս, ընդ որում մեկի մոտ հետագայում՝ նաև ցնցումային էպիլեպտիկ ստատուս: Հիվանդների տվյալները վերցվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկական փաստաթղթերից։ Այս ուսումնասիրությունը հաստատվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ներքին վերանայման խորհրդի կողմից։ Պացիենտի նույնականացման տվյալները պաշտպանելու համար գրառումները անանունացվել են: Երկու հիվանդն էլ հոսպիտալացվել են ռենտգենաբանորեն հաստատված երկկողմանի բազմասեգմենտային ինտերստիցիալ թոքաբորբով (COVID-19-ին բնորոշ) և գեներալիզացված միոկլոնուսով: Երկուսն էլ SARS-CoV-2 RT-PCR-ի բացասական արդյունքներ են ունեցել: Գեներալիզացված միոկլոնուսը եղել է ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչներով: Երկուսն էլ հերքել են ալկոհոլի կանոնավոր օգտագործման անամնեզը և հոսպիտալացման պահի դրությամբ նյութափոխանակային լուրջ խնդիրներ չեն ունեցել:
Եզրակացություն. Հայտնի է, որ COVID-19 վարակը կարող է ազդել նյարդային համակարգի գրեթե բոլոր հատվածների վրա և դրսևորվել տարատեսակ նյարդաբանական համախտանիշներով։ Ներկայացված դեպքերը, որոնք առաջին անգամ են հաղորդվել մեր հիվանդանոցից, հուշում են, որ միոկլոնուսի առաջացումը COVID-19 համաճարակի ժամանակ թերևս հազվադեպ երևույթ չէ։ Լրացուցիչ ուսումնասիրություններ են պահանջվում կենտրոնական նյարդային համակարգի վնասման մեխանիզմները և միոկլոնուսի առաջացման համար պատասխանատու հատվածները հայտնաբերելու, ինչպես նաև՝ բուժման օպտիմալ սխեմա մշակելու համար: Նաև դեռևս քննարկման առարկա է՝ արդյոք կապ կա կրծքավանդակի համակարգչային շերտագրության բնորոշ օջախների և քիթ-ըմպանային թեստի բացասական արդյունքների միջև: