Տարբեր տեղակայման ուռուցքների կրկնակի ճառագայթում. մեկ կլինիկայի փորձը. պրոսպեկտիվ հետազոտության նախնական արդյունքների ամփոփում
ABSTRACT
Նպատակը. Վերլուծելով հիվանդների ապրելիության ցուցանիշները, հնարավոր բարդությունները և կյանքի որակը՝ ուսումնասիրել կրկնակի ճառագայթային բուժման (ՃԲ) նշանակման նպատակահարմարությունը տարբեր պաթոլոգիաների ժամանակ։
Նյութեր և մեթոդներ. Կատարվել է 1 կլինիկայի փորձի վերլուծություն 1050 պացիենտների տվյալների հիման վրա, ովքեր 2019-2021 թթ. ստացել են ՃԲ «ԻՐԱ ՄԵդիքլ Գրուպ» բժշկական կենտրոնում։ Վերլուծության համար առանձնացվել է 42 պացիենտ, ովքեր ստացել են ՃԲ կրկնակի կուրս (ռեիռադիացիա), ինչը կազմում է ընդհանուր պացիենտների 4%-ը։ Հիվանդների տարիքի մեդիանան կազմել է 60,5 տ. (տիրույթ՝ 22-81), 17 տղամարդ և 25 կին: Ուռուցքներն ըստ տեղակայման բաշխվել են հետևյալ կերպ. կենտրոնական նյարդային համակարգի առաջնային քաղցկեղ (n = 12), գլխուղեղի երկրորդային մետաստատիկ ախտահարում (n = 8), գինեկոլոգիական (n = 6), գլուխ-պարանոց (n = 5), ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարում (n = 3), կրծքագեղձի քաղցկեղ (n = 3), այլ տեղակայման (n = 5)։ Ըստ հիվանդության փուլի հիվանդները բաշխվել են հետևյալ կերպ. III՝ 6 պացիենտ, IV՝ 30, չդասակարգվող՝ 6: Երկու կուրսերի միջև եղած միջակայքի մեդիանան կազմել է 34,5 ամիս (տիրույթ՝ 1,5-252): Երկու կուրսերի գումարային համարժեք չափաբաժնի մեդիանան կազմել է՝ 99Գր (տիրույթ՝ 56-121)։ Այս ցանկից գլխուղեղի և ոսկրային համակարգի երկրորդային ախտահարմամբ հիվանդներին բացառելու դեպքում երկու կուրսերի գումարային համարժեք չափաբաժնի մեդիանան կկազմի 102Գր (տիրույթ՝ 84-121): Հիվանդների հսկողության մեդիանան կրկնակի ՃԲ կուրսից հետո կազմել է 9 ամիս (տիրույթ՝ 1-29,5):
Արդյունքներ. Մահացած հիվանդների ապրելիության մեդիանան կազմել է 6,5 ամիս (տիրույթ՝ 1-23)։ Կրկնակի ՃԹ ստացած 42 պացիենտներից 7-ի մոտ, ովքեր ի սկզբանե ունեցել են Կառնոֆսկու ցածր գործակից (60%), ապրելիությունը կազմել է առավելագույնը 3,5 ամիս։ Այդ 7-ին վերլուծությունից բացառելու դեպքում մնացած հիվանդների ապրելիության մեդիանան կկազմի 10 ամիս (տիրույթ՝ 4-23)։ 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ողջ է եղել 21 պացիենտ, որոնց հսկողության մեդիանան կազմել է 11 ամիս (տիրույթ՝ 5-29,5)։ Գնահատվել են նաև հիվանդների հետճառագայթային կյանքի որակը և բարդությունների քանակը։ Կյանքի որակի նվազեցում և բուժման հետ կապված մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Եզրակացություն. Տվյալ պրոսպեկտիվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ, նորագույն տեխնոլոգիաներով կրկնակի ռադիոթերապիայի կուրս անցկացնելով, կարելի է հասնել հիվանդների ապրելիության և կյանքի որակի բարձրացման։ Այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է պլանավորել նույնիսկ երկրորդ կուրատիվ դոզա։ Բուժական կամ նույնիսկ ամոքիչ (պալիատիվ) ռադիոթերապիայի կրկնակի կուրս նախատեսելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ կապված նախկինում ստացած բուժման և հիվանդի անհատական բնութագրերի հետ: Անհրաժեշտ է կատարել հիվանդների մանրակրկիտ ընտրութուն՝ հաշվի առնելով վերոնշյալ գործոնները։ Հետազոտությունն ավարտելուց հետո նախատեսվում է մշակել կրկնակի ճառագայթման ենթակա պացիենտների ընտրության չափանիշների ուղեցույց։