Օտօպլաստիկայի ավանդական եղանակներ
Կոնվերսի կտրվածք-կարերի մեթոդը հակապարույրի (անտիհելիքսի) վրա կտրվածքների ու կարերի համատեղման եղանակ է՝ հակապարույրի նոր կորության ձևավորման նպատակով: Կիրառվում է ամուր աճառի դեպքում (նկ. 1) [4]:
Ստենստրյոմի-Քրիկելերի-Չոնգչետի մեթոդի դեպքում հակապարույրի աճառին կատարվում են միակողմանի մասնակի ոչ ամբողջական հատումներ, ծալվում է աճառը և ձևավորվում է հակապարույրի նոր կորությունը: Կիրառվում է ամուր աճառի դեպքում (նկ. 2) [5]։
Վիրդայի աճառի բարակեցման մեթոդի դեպքում հակապարույրի աճառը թուլացվում է բորմեքենայի միջոցով, և կորությունը նոր դիրքում ֆիքսվում է չներծծվող կարերով: Կիրառվում է ամուր և ոչ առաձգական աճառի դեպքում (նկ. 3) [6]։
Վալտերի մեթոդը ներառում է ամբողջական կտրվածքներ և աճառի հեռացումներ՝ լարվածության կետերը թուլացնելու, հակապարույրի նոր կորությունը ձևավորելու և ականջը ճիշտ դիրքում ֆիքսելու նպատակով (նկ. 4) [7]։
Պիտանգույի մեթոդը հիմնված է աճառային կղզյակի կտրվածք-կարի տեխնիկայի վրա, որով ձևավորվում է նոր հակապարույր: Գծանշվում է նոր կորության դիրքը, կատարվում է կտրվածք ականջի ետևում և աճառը զգուշորեն բարձրացվում է։ Այնուհետև աճառը կիսալուսնաձև հատվում է և մասամբ առանձնացվում՝ պահպանելով վերնաճառը։ Աճառային կղզյակը ծալվում և կարվում է ներծծվող կարանյութով հակապարույրի նոր կորությունը ձևավորելու համար (նկ. 5)։ Չնայած լավ էսթետիկ արդյունքներին՝ կա հեմատոմայի առաջացման, կարերի բացման և անհամաչափության ձևավորման վտանգ [8]։
Ֆուրնասի մեթոդի նպատակն է շտկել ականջի պարույր-պտկաձևային լայն անկյունը։ Կտրվածք է կատարվում հետականջային շրջանում, հեռացվում է ավելցուկային հյուսվածքը՝ պահպանելով քունքային փակեղը։ Ականջը պտտվում է հետ և ներծծվող կարերով խեցու աճառը ֆիքսվում է պտկաձև ելունի վերնոսկրին (նկ. 6) [9]։
Օտոպլաստիկայի ժամանակ ականջի բլթակը հաճախ չափից դուրս արտացցված է թվում, հատկապես հակապարույրի ձևավորումից հետո։ Գեղագիտական տեսանկյունից այն պետք է լինի ականջի վերին երրորդի հարթությանը հավասար։ Բլթակի դիրքի շտկման (լոբուլոպլաստիկա) համար կիրառվում են տարբեր մեթոդներ՝ հետլբլթակային մաշկի կտրվածքներ (ձկան պոչի, Z-պլաստիկայի կամ էլիպսի տեսքով) (նկ. 7Ա) և կարային տեխնիկաներ։ Սիգերտի մեթոդի դեպքում դրվում է ներծծվող կար՝ բլթակի և խեցու միջև առանց մաշկի հեռացման, ինչն ապահովում է կայուն արդյունք (նկ. 7Բ)։ Սխալ կատարման դեպքում հնարավոր է ականջի տեսանելի ներհրվածություն կամ աղավաղում [10]։
Նվազ ինվազիվ եղանակներ
Ֆրիտշի կարային մեթոդ. Այս մեթոդը ներառում է հորիզոնական կարերի տեղադրում առանց մեծ կտրվածքների՝ ձևավորելով նոր հակապարույր [11]։
Պելեդի անկտրվածք օտոպլաստիկա. Ֆրիտշի մեթոդի ձևափոխումն է, որը համատեղում է կարային տեխնիկան և աճառի կույր քերծումը՝ փոքր մաշկային բացվածքով [12]։
Ռաունիգի խարտոցային մեթոդ. Նախատեսված է հակապարույրի և խեցու աճառի նուրբ թուլացման համար՝ օգտագործելով հատուկ ադամանդե խարտոց [13]։
Բենեդիկտի և Պիրվիցի մեթոդ. Համատեղում է չներծծվող կարերի և հակապարույրի աճառի կույր քերծում Բենեդիկտի գործիքի օգնությամբ [14]։
Օտոպլաստիկայի նվազ ինվազիվ եղանակների առավելություններն ու թերություններն ամփոփված են աղյուսակ 1-ում:
Ոչ վիրահատական շտկման մեթոդներ
Ոչ վիրահատական մեթոդների կիրառմամբ ականջի ձևախախտումների շտկումն ապացուցել է իր արդյունավետությունը նորածինների շրջանում, հատկապես երբ կիրառվում է վաղ՝ կյանքի առաջին շաբաթների ընթացքում։
Ականջի ձևավորման սարքեր (Ear Molding Devices). Օգտագործվում են հատուկ սարքեր (օրինակ՝ EarWell, InfantEar և EarBuddies), որոնք նրբորեն ճնշում են գործադրում ականջի վրա՝ շտկելով դրա ձևը։ Այս մեթոդն առավել արդյունավետ է, երբ սկսվում է կիրառվել կյանքի առաջին 6 շաբաթների ընթացքում։ Վաղ սկսված բուժման դեպքում հաջողության ցուցանիշը հասնում է մինչև 97%։
Կպչուն ժապավենների և մոմի կիրառում. Որոշ դեպքերում, հատկապես երբ հատուկ սարքեր հասանելի չեն, կիրառվում են կպչուն ժապավեններ և ականջի ձևավորող մոմեր՝ ականջի ձևը շտկելու համար։ Այս մեթոդը պահանջում է պարբերական վերահսկում և կարող է արդյունավետ լինել, եթե սկսվում է վաղ՝ կյանքի առաջին շաբաթների ընթացքում։
Հիբրիդային օտոպլաստիկա
Օտոպլաստիկայի վերոնշյալ մեթոդներից որևէ մեկն ունիվերսալ օպտիմալ չէ։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս հիբրիդային մոտեցման առավելությունը, որը միավորում է աճառի ձևափոխման և պահպանման տարրերը՝ բարձր գեղագիտական արդյունքներ և նվազագույն բարդություններ ապահովելու համար [18,21]։ Գոյություն ունեցող տեխնիկաներից առանձնանում է Մուստարդեի մեթոդը (նկ. 8), որն օգտագործում է կարեր՝ աճառի ծալք ձևավորելու համար [16], ինչպես նաև ավելի ինվազիվ միջամտություններ, որոնք կապված են աճառի հատման և ծավալի նվազեցման հետ [17]։ Հիբրիդային տեխնիկան միավորում է երկու մոտեցումների լավագույն հատկանիշները՝ ապահովելով ինչպես կառուցվածքային աջակցություն, այնպես էլ բնական էսթետիկ տեսք [17,21]։
Սույն աշխատությունում նկարագրվում է հիբրիդային օտոպլաստիկայի տեխնիկան՝ աճառի վերահսկվող քերումով և հաջորդող կարերի ֆիքսումով, ինչպես նաև գնահատվում են շտկման արդյունքները և բացահայտվում հնարավոր բարդությունները [22,36-48]։
Այն պահից ի վեր, երբ Մուստարդեն հրապարակել է իր առաջին աշխատանքը [30], հայտնվել են բազմաթիվ այլ մեթոդների նկարագրություններ՝ նպատակ ունենալով կանխել ականջի կրկին դուրս ցցվելու միտումը ժամանակի ընթացքում։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ ոչ ճիշտ ձևով դրված կարերը, երբ չեն ընդգրկում բավարար քանակությամբ աճառ, հանգեցնում են կարի ներծծմանը և ականջի վերադարձին իր նախնական դիրքին [19]: Երկրորդ՝ երբ կարերը չեն ընդգրկում վերնաճառը, դա ևս նպաստում է աճառի ներծծմանը։ Այդ պատճառով հարկավոր է հատկապես ուշադիր լինել՝ ապահովելով կարերի ճիշտ տեղադրումը, քանի որ ականջի կրկնակի շեղման ամենատարածված պատճառը աճառի պինդ և առաձգական կառուցվածքն է։
ՄԵԹՈԴՆԵՐ
Հետազոտության դիզայն և հիվանդների ընտրություն
Կատարվել է հետահայաց հետազոտություն Երևան քաղաքի «Մեդլայն Կլինիկ» և «Ռենեսանս պլաստիկ վիրաբուժության կլինիկա» կլինիկաներում 2022 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում հիբրիդային օտոպլաստիկա տարած բուժառուների հիվանդության պատմագրերի և լուսանկարների վերլուծության հիման վրա։
Ներառման չափանիշներն էին՝ ականջների լոշտակության ախտորոշում (prominauris), նախավիրահատական և հետվիրահատական լրիվ ֆոտոթղթավորում և օբյեկտիվ չափումներ։ Վերլուծության մեջ ներառվել են նաև ռևիզիոն օտոպլաստիկայի դեպքեր։
Վիրաբուժական տեխնիկա
- Նախավիրահատական պլանավորում
Չափումներն իրականացվել են Վոդակի չափանիշներով. արձանագրվել է հակաայծիկից մինչև պտկաձև ելուստ հեռավորությունը վերին, միջին և ստորին մակարդակներում։
Հակապարույրի ցանկալի ծալքի գիծը նշվել է ականջի կողմնային մակերեսին՝ մեթիլեն կապույտով թաթախված 27G ասեղով։
-
- Վիրահատություն
Հիբրիդային օտոպլաստիկայի վիրահատության հիմնական փուլերը ներկայացված է նկար 9-ում:
- Կտրվածք և բացում. Կատարվում է մաշկի սեպաձև կտրվածք ականջի ետևում («8-ձև»), որը գտնվում էր հակաայծիկի եզրից 8-10 մմ ներքև։ Շերտահատումը (դիսեկցիան) իրականացվում է սուպրապերիխոնդրիալ շերտում՝ ականջի արյունամատակարարումը պահպանելու համար [18,47]։ Կոտլի սայրով կատարվում է կտրվածք ականջի աճառի միջով՝ նոր հակապարույրի գագաթից 5 մմ առաջ: Կտրվածքը պետք է լինի կորաձև՝ պարույրի եզրին զուգահեռ, և սկսվի մի կետից, որը գտնվում է պարույրի վերին եզրից մոտ 5 մմ ներքև՝ ձգվելով մինչև դրա պոչը։ Վերջինիս մասնահատումն օգնում է կանխել բլթակի հետվիրահատական ոլորումը։ Կտրվածքի վերին և ստորին եզրերին ուղղահայաց հեռացվում են եռանկյունաձև սեպեր։ Այս փուլում աճառի կողմնային հատվածը միացվում է միջային հատվածին միայն վերին եզրի երկայնքով։ Վերնաճառն առանձնացվում է աճառի առջևի մակերեսից՝ մոտ 1 սմ հեռավորությամբ։
- Աճառի ձևափոխւմ. Փափուկ հյուսվածքների հատումից հետո նույնականացվում են հիմնական անատոմիական տարածքները (fossa triangularis, concha cymba, concha cavum) [21]։ Օգտագործելով Դե Բեյքիի ատամնավոր ծայրով պինցետ և թիվ 15a սայր՝ իրականացվում է աճառի կողմնային մակերեսի զգուշավոր քերում (աբրազիա)՝ դրա առաձգականությունը նվազեցնելու և հակապարույրի կայուն ծալք ձևավորելու համար [18,44]:
- Ֆիքսում կարերով. Տեղադրվում են հորիզոնական մատրացային կարեր (4-0 PDS) Մուստարդեի մեթոդի սկզբունքով՝ հակապարույրի նոր ծալք ձևավորելու համար [16,28]։ Տեղադրվում են լրացուցիչ ֆիքսացիոն կարեր ձևափոխված աճառից պտկաձև ելուստի վերնոսկրին՝ ականջի և գլխի միջև օպտիմալ անկյուն ապահովելու համար [20,33]։
- Կարում. Վերքը փակվում է ներծծվող կարերով (5-0), որից հետո իրականացվում են վերջնական չափումներ՝ համաչափությունը հաստատելու համար [21,22]։
Հետվիրահատական վարում
Կիրառվող օտոպլաստիկայի մեթոդից անկախ անհրաժեշտ է համապատասխան չճնշող վիրակապ՝ ականջի դիրքը պահպանելու համար։ Այտուցի կանխարգելման նպատակով ականջի ակոսներում տեղադրվում է հանքային յուղով ներծծված բամբակ։ Վիրակապը սովորաբար բաղկացած է ցանման փոշուց և Kerlex-ի շերտից, որի վրա ամրացվում է Coban սոսնձվող ժապավեն։ Խորհուրդ է տրվում կիրառել դրենաժներ։ Վիրահատությունից հետո ականջները զննվում են առաջին օրը։
Առաջին վիրակապման ժամանակ հիվանդից խնդրվում է բերել մազերի համար նախատեսված թենիսային գոտի։ Այն վիրաբույժը դնում է վիրակապերը հեռացնելուց հետո և թողնում նույն տեղում մինչև կարերի հանումը՝ մոտ մեկ շաբաթ։
Ականջների պատահական վնասումից խուսափելու համար խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո 2 ամիս շարունակ գիշերը կրել էլաստիկ մազակապ [26,45]։
Արդյունքների գնահատում
Հիմնական ցուցանիշը հակաայծիկից պտկաձև ելուստ հեռավորության փոփոխությունն է 3 մակարդակներում։ Երկրորդային ցուցանիշներն են ականջների միջև համաչափությունը, բարդությունների հաճախականությունը (հեմատոմա, կարերի գրգռում, վարակ) և կրկնավիրահատության անհրաժեշտությունը։ Տվյալների վիճակագրական մշակումն իրականացվել է Բոնֆերոնի ուղղումով զույգ t-թեստի միջոցով (α = 0.05) [23,35]։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հետազոտության մեջ ներառվել է 22 բուժառուի 38 ականջ, այդ թվում 16 հոգի երկկողմանի օտոպլաստիկայով, իսկ 4՝ կրկնավիրահատված։ Ստորև ներկայացված են մի քանի բուժառուների հետվիրահատական արդյունքների նկարներ (նկկ. 10-12):
Նախա- և հետվիրահատական մորֆոմետրիկ չափումները կատարվել են նկար 13-ում ցուցադրված եղանակով, իսկ այդ չափումների միջին ցուցանիշների համեմատությունը ներկայացված է Աղյուսակ 2-ում: Վիրահատության ավարտին դիտվել է նշված ցուցանիշների վիճակագրորեն նշանակալի նվազում՝ բոլոր մակարդակներում։
Երկկողմանի օտոպլաստիկայի դեպքում ականջների միջև միջին տարբերությունը եղել է <2 մմ, ինչը վկայում է գերազանց համաչափության մասին։ Միակողմանի օտոպլաստիկայի երեք դեպքերում հակառակ կողմի ականջի հետ համեմատական վերլուծությունը բացահայտել է միջին տարբերություններ՝ 1.3 մմ (վերին մակարդակ), 3.0 մմ (միջին մակարդակ) և 1.0 մմ (ստորին մակարդակ)։
Բարդություններ
Երկու դեպքում (4.88%) դիտվել է կարերի տարածքում երկարատև գրգռում, ինչը պահանջել է դրանց հեռացում։ Մի հոգու (2.44%) մոտ զարգացել է հեմատոմա, որը դատարկվել է վիրահատության օրը։ Վարակային բարդություններ, մաշկի մեռուկացում կամ էական ախտակրկնություններ չեն դիտվել 22.4 ամիս տևողությամբ միջին դիտարկման ժամանակահատվածում։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հաջող օտոպլաստիկան պահանջում է հակապարույրի բնական ծալքի վերականգնում և ականջախեցու և գլխի միջև անկյան նվազեցում։ Աճառի լրիվ հատում ենթադրող մեթոդները կարող են հանգեցնել անբնական, կտրուկ ուրվագծերի։ Ի տարբերություն դրանց, աճառը պահպանող տեխնիկաները, հատկապես վերահսկվող քերման հետ համատեղ, թույլ են տալիս պահպանել դրա կառուցվածքի ամբողջականությունը՝ ապահովելով ձևի նրբագեղ ուղղում։ Սույն հետազոտությունում նկարագրված հիբրիդային տեխնիկան միավորում է երկու մոտեցումների առավելությունները. աճառի նվազագույն քերում կարերի միջոցով հետագա ֆիքսումով, ինչը նպաստում է կայուն և բնական ծալքի ձևավորմանը։ Հակաայծիկ-պտկաձևային հեռավորության զգալի նվազումը և համաչափությունը, որոնք ձեռք են բերվել տվյալ դեպքերի շարքում, համապատասխանում են գրականության ժամանակակից տվյալներին։ Բարդությունների ցածր մակարդակը հաստատում է մեթոդի անվտանգությունն ու վերարտադրելիությունը, թեև հետազոտության հետահայաց բնույթը և երկու կլինիկաների տվյալները դրա սահմանափակումներն են։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հիբրիդային օտոպլաստիկայի տեխնիկան, որը նկարագրված է սույն հոդվածում, միավորում է աճառի բնական կառուցվածքի պահպանման և դրա վերահսկվող ձևափոխման առավելությունները՝ ապահովելով լոշտակ ականջների անվտանգ, արդյունավետ և վերարտադրելի ուղղում։ Ականջի դուրս ցցվածության զգալի նվազումը, երկկողմանի համաչափությունը և բարդությունների նվազագույն ռիսկը այս մոտեցումն արժեքավոր են դարձնում պլաստիկ վիրաբույժների համար։ Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ հիվանդների ընտրության չափանիշները հստակեցնելու և հետվիրահատական խնամքն օպտիմալացնելու համար՝ արդյունքների կայունությունը բարձրացնելու նպատակով։
Օտոպլաստիկան համարվում է պլաստիկ վիրաբուժության ամենապայծառ և արդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ականջների ձևի ու դիրքի փոփոխությանը։ Վիրահատության հաջողությունը մեծապես կախված է նախավիրահատական խորամուխ վերլուծությունից և չափումների ճշգրտությունից, ինչպես նաև օգտագործվող մեթոդների կանխատեսելիությունից ու վիրահատված ականջի անբնական տեսքի կանխարգելումից։ Թեև ոչ մի վիրաբույժ չի տիրապետում օտոպլաստիկայի բոլոր մեթոդներին, դրա հիմք հանդիսացող սկզբունքների խոր հասկացումը հնարավորություն է տալիս ուղղել լայն շրջանակի ձևախախտումներ՝ տարբեր տեխնիկաներով։
Աղյուսակ 1. Օտոպլաստիկայի նվազ ինվազիվ եղանակների առավելություններն ու թերությունները:
Առավելություններ | Թերություններ |
Քիչ տեսանելի կամ անտեսանելի սպիներ: | Որոշ դեպքերում կարերը կարող են շոշափվել կամ տեսանելի լինել: |
Ավելի կարճ վերականգնման շրջան և նվազ ցավ: | Ոչ բոլոր ականջի ձևախախտումներն են ենթակա այս մեթոդներին: |
Հարմար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: | Երկարաժամկետ արդյունքների վերաբերյալ տվյալները սահմանափակ են: |
Գրականություն
- Alanazi H. Complications of cartilage-sparing otoplasty: A systematic review and meta-analysis. J Craniofac Surg. 2024;35(3):874-8.
- Bracka A, Siebert J. A new method for correction of the prominent ear: Early and late results. Br J Plast Surg. 2002;55(5):406-9.
- Bull TR, Mustarde JC. Mustarde technique in otoplasty. Fac Plast Surg 1985;2(2):101.
- Converse J, Nigro A, Wilson F, Johnson N. A technique for surgical correction of lop ears. PRS. 1955;15(5):411-8.
- Stenström S. A ‘natural’ technique for correction of congenitally prominent ears. PRS. 1963; 32:509-18.
- Weerda H. Chirurgie der Ohrmuschel. Georg Thieme Verlag. 2004. ISBN: 3-13-130181-3.
- Walter C. Special problems and variations in otoplasty techniques. Facial Plast Surg. 1988;5(5):434-50.
- Pitanguy I. The treatment of prominent ears: a 25-year survey of the island technique. Aesth Plast Surg. 1987;11(2):87-93.
- Furnas D. Correction of prominent ears by concha-mastoid sutures. PRS. 1968;42(3):189-94.
- Siegert R. Correction of the lobule. Facial Plast Surg. 2004; 20:293-8.
- Fritsch M. Incisionless otoplasty. Laryngoscope. 1995;105(S70):1-11.
- Peled I, Wexler M. Incisionless otoplasty: a new approach to prominent ears. Aesth Plast Surg. 1998;22(5):349-53.
- Raunig H. Antihelix plasty without modeling sutures. Arch Facial Plast Surg. 2005;7(5):334-41.
- Benedict M, Pirwitz K. Minimally invasive otoplasty. HNO. 2005;53(3):230-7.
- Cohen I, McCoy B. Keloids and hypertrophic scars. In: Rudolph R (ed). Problems in aesthetic surgery. St. Louis: CV Mosby, 1986.
- Converse J, Wood-Smith D. Technical details in the surgical correction of the lop ear deformity. PRS. 1963;31:118-28.
- D’Amico P, Tomasini C, Imola M. Advances in non-invasive otoplasty: Minimally invasive techniques for correction of prominent ears. Cosm Dermatol. 2020;16(1):25-30.
- De la Torre J, Tenenhaus M, Douglas B, Swinburne J. A simplified technique of otoplasty: the temporary Kaye suture. Ann Plast Surg 1998;41:94.
- Ely E. An operation for prominence of the auricles, Arch. Otolaryngol 1981;10:97.
- Farkas L. Anthropometry of normal and anomalous ears. Clin Plast Surg 1978;5:401.
- Fritsch M. Incisionless otoplasty. Facial Plast Surg. 2004;20(4):267-70.
- Furnas D. Correction of prominent ears by conchamastoid sutures. PRS. 1968;42(3):189-93.
- Hasan S, Khorasani M, Karami M. Surgical correction of prominent ears: A review of the literature and current techniques. World J Plast Surg. 2019;8(2):182-90.
- Jordan D. Prominent ears: An analysis of deformities and surgical outcomes. J Am Soc Plast Surg. 2018;132(2):380-9.
- Kang N, Kerstein R. Treatment of prominent ears with an implantable clip system: a pilot study. Aesthet Surg J. 2016;36(3):NP100-16.
- Markey J, Mace J, Anderson Y, Wang T. Hybrid cartilage-modifying otoplasty technique and outcomes. JAMA Facial Plast Surg. 2018;20(1):57-62.
- McDowell A. Goals in otoplasty for protruding ears. PRS. 1968;41(1):17-27.
- Morris D, Cannon T, Sclafani A. Otoplasty with minimal scars: A review of surgical approaches and the role of the minimally invasive method. Aesth Plast Surg. 2015;39(4):448-55.
- Muzaffar A, Sykes J. Otoplasty: Principles, techniques, and complications. PRS. 2011;127(1):9-18.
- Mustardé J. The correction of prominent ears using simple mattress sutures. Br J Plast Surg. 1963;16:170-8.
- Olsen M, Liau J, Lee C et al. Comparison of autologous cartilage versus synthetic implants in otoplasty: A meta-analysis. J Craniofac Surg. 2020;31(4):854-60.
- Ortega J, Finnis C, Ng V et al. Long-term evaluation of cartilage-sparing otoplasty techniques: A cohort study. Aesth Plast Surg. 2021;45(2):429-36.
- Pawar S, Koch C, Murakami C. Treatment of prominent ears and otoplasty: a contemporary review. JAMA Facial Plast Surg. 2015;17(6):449-54.
- Peacock E, Madden J, Trier W. Biologic basis for the treatment of keloids and hypertrophic scars. South Med J 1970;63:755.
- Pilz S, Hintringer T, Bauer M. Otoplasty using a spherical metal head dermabrador to form a retroauricular furrow: five-year results. Aesth Plast Surg 1995;19:83-91.
- Spira M. Otoplasty: What I do now — a 30-year perspective. PRS. 1999;104:834.
- Stal S, Spira M. Long-term results in otoplasty. Fac Plast Surg 1985;2:153.
- Sullivan SR, Lee S, MacGregor JL. Postoperative care and complication management in otoplasty: A clinical review. PRS Global Open. 2017;5(9):e1462.
- Taylor I, Lee H, Kim S. The role of suture techniques in prominent ear correction: A comparative study. Int J Plast Surg Reconstr. 2016;22(1):44-9.
- Yamamoto S, Katsuya H, Yamaguchi T et al. The long-term outcomes of otoplasty for prominent ears: A comprehensive study of surgical techniques and revision rates. Aesthetic Surg J. 2022;42(3):356-65.
- Weerda H. Embryology and structural anatomy of the external ear. Fac Plast Surg 1985;2:85.
- Burres S. The anterior-posterior otoplasty. Arch Otolaryngol Head Neck Surg 1998;124:181.
- Cohen I, McCoy B. Keloids and hypertrophic scars. In: Rudolph R (ed). Problems in aesthetic surgery. St. Louis: CV Mosby, 1986.
- Farkas L. Anthropometry of normal and anomalous ears. Clin Plast Surg 1978;5:401.
- Белоусов А. Пластическая реконструктивная и эстетическая хирургия. 1998.
- Пейпл А. Пластическая и реконструктивная хирургия лица. 2013. 3-е издание, с. 340-52.
- Пшениснов К. Курс пластической хирургии, 2010, том 1, с. 563-76.
- Фаркс Л. Антропометрия нормальных и аномальных ушей. Клиническая пластическая хирургия. 1978;5:401.
