Ակնեի համակարգային բուժման և բերանի խոռոչի առողջության միջև կապը. գրականության ակնարկ
ABSTRACT
Ներածություն. Ակնեի բուժման նպատակով կիրառվող ներքին ընդունման դեղամիջոցներն ավելի մեծ արդյունավետություն ունեն, քան տեղային պատրաստուկները: Հետևաբար, համակարգային բուժամիջոցները ցուցված են ծանր ձևերի կամ տարածուն բորբոքային հանգուցիկների ու թարախաբշտիկների առկայության դեպքում: Համակարգային բուժամիջոցներից են ռետինոիդները, հակաբիոտիկները և հորմոնային դեղամիջոցները: Չնայած բուժման արդյունավետությանը՝ կարևոր է տեղյակ լինել տարբեր օրգան համակարգերի վրա, այդ թվում՝ բերանի խոռոչում, դրանց հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Գրականության մեջ առկա են առանձին վերցրած ակնեի բուժման և բերանի խոռոչի առողջության վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ, բայց դրանց համակցված ազդեցությունն ուսումնասիրող հետազոտությունների քանակը սահմանափակ է:
Նպատակ. Ուսումնասիրել և քննարկել ակնեի ծանր ձևերի դեմ կիրառվող համակարգային դեղամիջոցների հնարավոր դեղաբանական ազդեցությունը բերանի խոռոչի առողջության վրա:
Մեթոդներ. Օգտագործելով ՄԵԴԼԱՅՆ (MEDLINE), ՓաբՄեդ (PubMed), ԷԲՍԿՕ (EBSCO) և Քոքրեյնի գրադարան (Cochrane Library) տվյալների շտեմարանները՝ իրականացվել է գրականության համապարփակ որոնում: Ընդգրկվել են 1982 թվականից հետո հրապարակված այն հետազոտությունները, որոնք ուսումնասիրել են ակնեի ծանր ձևերի բուժման նպատակով կիրառվող ներքին ընդունման դեղամիջոցների և բերանի խոռոչի դրսևորումների միջև հնարավոր կապը։
Արդյունքներ. Բերանի խոռոչում դեղամիջոցներով պայմանավորված հնարավոր կողմնակի դրսևորումների մասին իրազեկվածությունը մեծ նշանակություն ունի: Հնարավոր կողմնակի դրսևորուներից են քսերոստոմիան, լնդաբորբը (գինգիվիտը), կանդիդոզը, ատամնափուտի (կարիեսի) ռիսկի բարձրացումը և այլ նշաններ: Այսպիսով, բարդացած ակնեի բուժման համար անհրաժեշտ է միջդիսցիպլինար մոտեցում: Մաշկաբանները երկարատև համակարգային թերապիայի ցուցումով բուժառուներին կարող են տեղեկացնել, նոր դեղամիջոցի ընդունմամբ պայմանավորված, բերանի խոռոչում դրսևորվող հնարավոր նշանների և ախտանիշների մասին, ինչպես նաև զգուշացնել ստոմատոլոգի կողմից մշտադիտարկման անհրաժեշտության և ցուցման դեպքում պարբերական ատամնաբուժական մասնագիտական միջամտության մասին: Այս ամենի նպատակն է հնարավորինս շուտ հայտնաբերել, գնահատել և վերահսկել հնարավոր ատամնային և հարատամնային (պարoդոնտալ) խնդիրները և հավասարակշռություն ապահովել օգուտների ու բացասական հետևանքների միջև: Միևնույն ժամանակ, ստոմատոլոգները պետք է հաշվի առնեն բերանի խոռոչում դեղորայքի հետ կապված հնարավոր դրսևորումները` ախտորոշման և բուժման պլանավորման ժամանակ:
Եզրակացություն. Մաշկաբանների և ստոմատոլոգների միջև համագործակցությունը կարևոր է ակնեի համակարգային թերապիայի ընթացքում՝ բերանի խոռոչում դրսևորվող հնարավոր բարդությունները ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում ապահովելու համար:
