Հոգեբուժությունը, իր դուալիստական բնույթի պատճառով, ոչ շահեկանորեն տարբերվել է ընդհանուր բժշկությունից, քանի որ չունի բժշկագիտությանը բնորոշ ամբողջականությունը և հանրային վստահությունը: Այս իրավիճակը, ինչպես նաև հոգեբուժության ուսումնասիրության առարկայի «առեղծվածային» բնույթը, բազմաթիվ առասպելների և կարծրատիպերի տեղիք են տվել։
Այդ առասպելներից շատերը գիտական ուսումնասիրության և հիմնավորման կամ հերքման կարիք ունեն, որոշներն էլ պարզապես անլուրջ և ծիծաղելի են։ Սրանց զուգահեռ կան նաև սարսափազդու, վախեցնող առասպելներ, որոնց անհեթեթությունն ու անլրջությունն ազդում են մարդկանց հայացքների և վերաբերմունքի ձևավորման վրա՝ ստեղծելով բազմաթիվ խնդիրներ մասնագիտական օգնության կարիք ունեցող անձանց համար։ Այս կարծրատիպերի ու առասպելների ճնշման պատճառով, նույնիսկ ժամանակակից հոգեդեղաբուժության պայմաններում, հոգեկան խանգարում ունեցող բազմաթիվ անձինք շարունակում են մնալ ինքնամեկուսացած՝ հրաժարվելով հոգեբույժի դիմելուց և անհրաժեշտ օգնություն ստանալուց։
Հոգեբուժության արդի վիճակը բացահայտում է նաև նոզոլոգիական հայեցակարգի անկատարությունը (դեռևս Կրեպելինի կողմից ներկայացված խնդիր), հոգեբուժության առանձին ոլորտների զարգացման անհամաչափությունները և ցույց է տալիս ախտորոշման և բուժման բազմաթիվ մոտեցումների գործնական անարդյունավետությունը, տեղափոխում է շեշտադրումները կլինիկականից դեպի սոցիալական, հոգեբանական և կենսաբանականացնող տեսանկյուններ։ Սրան զուգահեռ, մարդու մասին գիտությունների զարգացումը, ուղեղի և հոգեկանի ուսումնասիրման նոր տեխնոլոգիական հնարավորությունները, ինչպես նաև հոգեբուժության զարգացումը (պարադիգմներ, մեթոդաբանություն, ախտորոշիչ գործիքներ, բուժական մոտեցումներ և հնարավորություններ) հանգեցրել են նոր խնդիրների, որոնց լուծումը պետք է իրականացնի հենց հոգեբուժությունը։
Այս հակասական և անկանխատեսելի միտումների [1-3] լուծումը մենք տեսնում ենք հոգեբուժության մեջ մարդու մասին այլ գիտությունների նվաճումների համարժեք կիրառման և դրա հիման վրա նոր պարադիգմի մշակման մեջ, ինչն էլ վկայում է, որ հոգեբուժությունը չի ապրում «ինքն իր մեջ» և մեկուսացված չէ բժշկությունից և հասարակությունից։ Փորձեր են արվում ստեղծելու նոր հայեցակարգեր (օրինակ՝ ԱՄՆ-ի Ազգային հոգեկան առողջության ինստիտուտի «Դոմենների հետազոտական չափանիշների»՝ RDoC նախագիծը [4]):
Աշխարհում տեղի ունեցող սոցիալական, տնտեսական, քաղաքական և գիտական գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են հոգեբուժության վրա, քանի որ ինչպես այդ գործընթացներն անբաժանելի են մարդուց, այնպես էլ ինքը՝ մարդը՝ նրա կամքը, ցանկությունները, մտքերը, զգացմունքները, անբաժանելի են հասարակական գործընթացներից։ Այսինքն՝ հոգեբուժությունը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական գիտություն է։ Դրա վկայությունն է նաև հոգեբուժության նոր ուղղություններից հանրային հոգեկան առողջության ձևավորումը (տե՛ս ստորև):
Ժամանակակից արդյունաբերական հասարակության մեջ այս գործընթացները բնութագրվում են մասշտաբայնությամբ, փոփոխությունների արագ տեմպերով, ինչը չի նկատվել նախորդ դարաշրջաններում։ Դրանք ազդում են հոգեբուժության մեջ տեղի ունեցող բազմազան գործընթացների վրա, ներառյալ ռիսկի տարբեր գործոնները, մարդկանց վարքագիծը, բուժումն ու աջակցությունը, հիվանդությունների կլինիկական դրսևորումները և այլն։ Հոգեբուժության խնդիրներն ի սկզբանե ներառված են դրա ուսումնասիրության առարկայի՝ հոգեկանի բնույթում՝ սկսած «հոգեկան» հասկացության սահմանման խնդրից մինչև ուղեղի և հոգեկանի գործունեության ֆիզիոլոգիական, մոլեկուլային, կենսաքիմիական մեխանիզմները։
Հոգեբուժության և ուղեղի ու հոգեկանի ուսումնասիրմանը նվիրված այլ գիտությունների զարգացումը, բացահայտելով հոգեկան գործունեության և, հետևաբար, հոգեկան ախտաբանության իմացության նոր գծեր, առաջ է բերում ավելի ու ավելի բարդ հարցեր, ինչը ստեղծում է ակադեմիական հոգեբուժության մեջ հիմնարար ճգնաժամի խորացման տպավորություն [5]: Արդիական են դառնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «արդյո՞ք հոգեբուժությունը սոցիալական գիտություն է (ինչպես, օրինակ, հոգեբանությունը կամ մարդաբանությունը)», «արդյո՞ք այն պետք է հասկանալ որպես հումանիտար գիտությունների մաս (ինչպես փիլիսոփայությունը, պատմությունը և գրականությունը), թե՞ հոգեբուժությունը մնում է բժշկության ճյուղ, որը հիմնված է կենսաբանական, ֆիզիոլոգիական, գենետիկական և այլ օրինաչափությունների վրա»։
Մյուս կողմից, գիտության տարբեր ճյուղերի սահմանները շարունակաբար փոփոխվում են. հայտնվել է «նյարդագիտություններ» ընդհանրացնող եզրույթը։ Ռուսաստանցի ժամանակակից փիլիսոփա Կանկեն (2009) ժամանակակից նյարդագիտությունների դարաշրջանի առանձնահատկությունը համարում է միջգիտակարգայնության (միջդիսցիպլինարության) աճը՝ որպես օրինակներ նշելով նյարդահոգեբուժությունը, նյարդահոգեբանությունը, նյարդակենսաբանությունը, նյարդահոգեվերլուծությունը, սոցիալական նյարդագիտությունը, միջանձնային նյարդակենսաբանությունը և այլն [6]: Ինչպես նշում է Ֆրանսեսը (2013). «հոգեբուժության մեջ, բժշկության մյուս բնագավառների համեմատ, անցումը հիմնարար գիտությունից դեպի կլինիկական պրակտիկա անխուսափելիորեն ավելի դժվար է, քանի որ մարդու ուղեղը տիեզերքում հայտնի ամենաբարդ բանն է և իր գաղտնիքները բացահայտում է դանդաղորեն և փոքր չափաբաժիններով» [7]։
Ի հավելումն իր զուտ բժշկական խնդիրների, որոնք ստեղծում են անհամաչափություններ հոգեբուժության զարգացման մեջ, առկա են նաև մի շարք ոչ բժշկական խնդիրներ։ Փոխվել են ժամանակակից կյանքի սոցիալ-տնտեսական, քաղաքական, գաղափարական, բարոյական և հոգեբանական հիմքերը, արժեքային կողմնորոշումները, ինչի արդյունքում փոփոխություններ են տեղի ունեցել կյանքի տարբեր բնագավառներում. միջանձնային և հասարակական հարաբերություններ, մասնագիտական գործունեություն, առաջացել է աճող տեղեկատվության յուրացման և դրա տարբերակման անհրաժեշտություն, մեծացել է անհատական պատասխանատվությունը ճիշտ ընտրության համար, նույնիսկ մոտակա զարգացումները դարձել են դժվար կանխատեսելի, աճել է տնտեսական անվստահությունը, աշխատանքը կորցնելու, անվարկունակության վախը, ընտանեկան կապերը դարձել են անկայուն։ Այս բոլոր գործընթացներն ուղղակի և անմիջական ազդեցություն են թողնում հոգեբուժության և հոգեկան առողջության վրա։ Արդի հասարակությունում հոգեբույժները նոր իրականության պրիզմայով վերանայում են մարդու գնահատականները, ապրումներն ու վարքագիծը։ Պահպանողականությանը, ավանդույթներին և հիմնարար արժեքներին սկսել են հակադրվել անհատականությունը, բազմամշակութայնությունը, բազմավեկտորությունը և բազմաբևեռությունը [8]:
Տեղի ունեցող գործընթացների արդյունքում հոգեբուժությունից «դուրս է մղվել» «Ես»-ը, որի տեղը զբաղեցրել է «Մենք»-ը, անհետացել է «անհատը», որին փոխարինել է «բազմությունը», այլ կերպ ասած՝ խումբը, պոպուլյացիան, ամբողջությունը (ախտանիշների, անձանց, հիվանդությունների, կանանց կամ տղամարդկանց, գաղթյալների, բնիկների, «տրավմատիկների», «նևրոտիկների» և այլնի)։ Ամբողջ դասական հոգեբուժությունը մնացել է դասագրքերում (ավելին՝ ոչ նորերում)։ Գիտական հետազոտությունները վերածվել են վիճակագրական միատեսակ հաշվետվությունների, «հագել» են համազգեստ, հեղինակները զրկվել են դեմքից ու ինքնատիպությունից։ Մինչ հոգեբուժությունը փորձում է ավելի կամ պակաս հաջողությամբ լուծել իր խնդիրները, բժշկությունն ու առողջապահությունը կանգնած են նոր գիտատեխնոլոգիական թռիչքի շեմին, որը հիմնված է հզոր տեխնոլոգիաների վրա, և լուծում են գոյություն ունեցող և նոր ստեղծվող «ապագայի բժշկության» փոխգործակցության խնդիրները։
Վերջին տասնամյակներում բժշկության և կենսաբանության զարգացման վերլուծության հիման վրա առաջադրվել է 5P բժշկության (5PM) հայեցակարգը [9]: Այն առաջացել է պրեցիզիոն (ճշգրիտ) բժշկության նախագծի հայտնվելուց հետո (անհատականացված բժշկություն, որը հիմնված է հիվանդության գենետիկական, էկոլոգիական և կենսաբանական գործոնների վրա), որն ընդգրկում է առողջապահության նոր գիտատեխնոլոգիական կառուցվածքի տարբեր ասպեկտները, գենոմային և հաղորդակցական հեղափոխությունների նվաճումները, բջջային բժշկությունը, օմիքսային պատկերացումները (կենսաբանական կազմակերպման տարբեր մակարդակներում կենսամարկերների ախտորոշիչ վահանակների ստեղծում), ինչպես նաև հասարակության մեջ տեղի ունեցող կազմակերպական և սոցիալական տեղաշարժերը (փիլիսոփայական, էթիկական, տնտեսական): Մասնավորապես, պատերնալիստական բժշկության դարաշրջանին փոխարինում է հիվանդի և բժշկի փոխգործակցության բժշկությունը (մասնակցային բժշկություն): Սա, անկասկած, հոգեբուժության մեջ ունի իր նրբերանգները, և հաճախ դժվար լուծվող:
Ինչպես նշում են հայր և որդի Շչերբոները (2019), «5P բժշկություն» հասկացության ներմուծումը տրամաբանորեն բխում է բժշկակենսաբանական գիտության զարգացումից, ասոցիացիաների լիագենոմային սքրինինգի անցկացման հետ կապված ճգնաժամերի դասերից և չարդարացված հույսերից («անհետացող ժառանգականության» խնդիրը): Կազմակերպական և կրթական հայեցակետերի տեսանկյունից հեղինակները հարց են տալիս. «Ապագայի բժշկությունը 4P բժշկությունն է (կանխատեսող = հիվանդության կանխատեսում գենոմի հիման վրա, կանխարգելող, մասնակցային = հիվանդի և բժշկի ակտիվ մասնակցությունը բուժման գործընթացին, անհատականացված = հիմնված անհատական առանձնահատկությունների վրա), թե՞ 5P բժշկությունը, որը միավորում է 4P-ն ու պրեցիզիոն (ճշգրիտ) բժշկությունը» [10]: 5PM հասկացության ներդրումը հնարավորություն է տալիս ավելի հստակ սահմանել բժշկության հինգ նշված ուղղությունների նպատակներն ու խնդիրները, ինչը կարևոր է, մասնավորապես, բժիշկների ուսուցման և մասնագիտացման համար:
Առողջապահության նոր ուղղությունների հետ սերտորեն կապված է լաբորատոր բժշկության զարգացումը, և դրված խնդիրներից կախված՝ այն կարող է գործել կենսաբանական կազմակերպման տարբեր մակարդակներում կենսամարկերների տարբեր տեսակներով ու լրակազմերով [11-13]:
Սրանք բժշկության զարգացման միտումներ են, որոնք հոգեբուժության հավանական ուղղություններից են:
Հեռանկարային է նաև հանրային հոգեկան առողջությունը, որը բնակչության մակարդակով հոգեկան բարեկեցության խթանման, հոգեկան խանգարումների կանխարգելման և բուժման ջանքերի համակարգ է, որը ներառում է կանխարգելող միջոցառումներ, վաղ միջամտություն, հասարակության հոգեկան առողջության իրազեկվածություն, հասանելի ծառայություններ [14]:
Հանրային հոգեկան առողջության հիմնական առաջնահերթություններն են.
- Ստիգմայի դեմ պայքարը: Օրինակ, դեպրեսիայով տառապողների 60%-ը չեն դիմում մասնագետների՝ ամոթի կամ խտրականության վախի պատճառով [15]:
- Ծառայությունների մատչելիության խնդիրները: Oրինակ, ԱՄՆ-ում աֆրո- և լատինո-ամերիկացիները 2 անգամ ավելի քիչ հավանականություն ունեն ստանալու հոգեբուժական օգնություն, քան սպիտակամորթները [16]:
- Կապը ֆիզիկական առողջության հետ. դեպրե-սիան ավելացնում է սրտային հիվանդությունների ռիսկը 40%-ով [17]:
Զարգացման հիմնական ուղղություններից է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը: Որպես ամենաակնառու օրինակ կարելի է ներկայացնել հեռաբժշկությունը՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում առցանց հոգեբուժական խորհրդատվությունների թիվն աճել է 300%-ով [18], և նախկինում անլուծելի շատ խնդիրներ այժմ լուծվում են հենց այս միջոցով:
Հեռանկարային է նաև ինտեգրատիվ մոտեցումը բուժման վերաբերյալ, որը ներառում է բուժման, հոգեսոցիական վերականգնման, սոցիալական ինտեգրման բաղադրիչները, որոնց համադրությունն էլ թույլ է տալիս հասնել բուժման և վերականգնման լավագույն տարբերակին՝ ապահովելով անձի կյանքի որակը։
Արհեստական բանականության կիրառումն ամենահեռանկարայինն է և նրա համադրությունը նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող հետազոտությունների վերլուծության հետ կապահովի թռիչքաձև զարգացում, ինչպես ողջ բժշկագիտության, այնպես էլ հոգեբուժության ոլորտում:
Գրականություն
- Anckarsäter H. Beyond categorical diagnostics in psychiatry: Scientific and medicolegal implications. Int J Law Psychiatry. 2010;33:59-65.
- Frances A. The past, present and future of psychiatric diagnosis. World Psychiatry. 2013;12:111-112.
- Katschnig H. Are psychiatrists an endangered species? Observations on internal and external challenges to the profession. World Psychiatry. 2010;9:21-28.
- Sanislow C.A. RDoC at 10: changing the discourse for psychopathology. World psychiatry. 2020;19(3):311-312.
- Di Nicola V, Stoyanov D. Psychiatry in Crisis. At the Crossroads of Social Sciences, the Humanities, and Neuroscience. Springer Cham. 2021; 174 p.
- Канке ВА. Общая философия науки. М.: Омега-Л., 2009. 354 с.
- Frances A. The past, present and future of psychiatric diagnosis. World Psychiatry. 2013;12(2):111-2.
- Самохвалов ВП. Психиатрия и постмодернизм: из прошлого в будущее. Неврологический вестник. 2016;48:63-66.
- Щербо СН, Щербо ДС. Медицина 5П: Прецизионная медицина. Медицинский алфавит. Современная лаборатория. 2015;4:5-10.
- Щербо СН, Щербо ДС. Лабораторная диагностика как основа медицины 5П. Вестник РГМУ. 2019;1:5-14.
- Годков МА. Лабораторная диагностика в эпоху научно-технической революции. Закат или рассвет? Лабораторная служба. 2017;6:5-8.
- Раскина КВ, Мартынова ЕЮ, Перфильев АВ и др. От персонализированной к точной медицине. Рациональная фармакотерапия в кардиологии. 2017;13:69-79.
- Щербо СН, Тогузов РТ. Тенденции развития современной лабораторной медицины (лекция). Клиническая лабораторная диагностика. 2009;3:25-32.
- World Health Organization. Public mental health: evidence, practice and policy. 2022. Geneva.
- Thornicroft G, Sunkel C, Alikhon Aliev A et al. The Lancet Commission on ending stigma and discrimination in mental health. Lancet. 2022 Oct 22;400(10361):1438-1480.
- APA. Mental Health Disparities: Diverse Populations. https://www.psychiatry.org/psychiatrists/diversity/education/mental-health-facts. Accessed: 06 Nov 2025
- World Health Organization. Mental health and physical health. 2021. Geneva.
- Nemani K, Li C, Olfson M, Blessing EM et al. Association of psychiatric disorders with mortality among patients with COVID-19. JAMA Psychiatry. 2021;78(4):380-386.
