Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգի հատուկ կոնտինգենտի կենսակերպի և կենսապայմանների ուսումնասիրություն

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգի հատուկ կոնտինգենտի կենսակերպի և կենսապայմանների ուսումնասիրություն

Քրիստինե Կ. Վարդանյան1, Արմինե Կ. Բայբուրթյան2, Անահիտ Կ. Հայրապետյան2
1 Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն, Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևան, Հայաստան2 Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Հոդվածում քննարկվում են «Աբովյան», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների (ՔՀ) պայմաններում ապրող հատուկ քանակակազմի կենսակերպի և ապրելու պայմանների հիմնական հարցերը։ Միանվագ ուսումնասիրությանը մասնակցել է 250 դատապարտյալ, այդ թվում՝ 53 կին (21.2%) և 197 տղամարդ (78.8%)։ Հարցման արդյունքներից պարզվել է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը պատիժը կրում է առաջին անգամ, ինչը բավականին դրական է, քանի որ խոսում է երկրում ցածր կրկնահանցագործության օգտին։ Հարցվածների գրեթե կեսն ունեցել է բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն, ճնշող մեծամասնությունն ամուսնացած է եղել, մինչ ազատազրկումը ապրել է առանձին բնակարանում, իսկ մեկ երրորդից ավելին երեխաներ չի ունեցել։ Դատապարտվածների գրեթե կեսը (43.2%) երբեք չի աշխատել։ Հարցվածների 94.8%-ը եղել է աշխատունակ, մնացածը՝ թոշակառուներ տարիքի կամ հիվանդության բերումով։ Ուսումնասիրությունը բացահայտեց անբարենպաստ սանիտարահիգիենիկ պայմաններ և միջատների առկայություն քրեակատարողական հիմնարկներում, ինչը նշել է հարցվածների ավելի քան մեկ երրորդը: Ուշագրավ են նաև սննդի կազմակերպչական և սննդակարգի հարցերը, քանի որ դատապարտյալների ճնշող մեծամասնությունը սնունդ ընդունում է օրական 1-2 անգամ, 64.4%-ը միշտ կերակրի աղ է ավելացնում, ինչը զարկերակային գերճնշման զարգացման ռիսկի գործոն է, ինչպես նաև ավելորդ քաշի և այլն: Քնի խանգարումներ են նշել հարցվածների 77.6%-ը, դատապարտյալների գրեթե կեսը (48.8%) եղել է ծխող, իսկ 58.4%-ը՝ ֆիզիկապես պասիվ։ Դրական է, որ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի աշխատանքի որակը բավարար է գնահատել դատապարտյալների մեծ մասը (68.8%)։ Հարցվածների 60.4%-ի կարծիքով կրթություն ստանալու կամ շարունակելու անհրաժեշտ պայմաններ չկան: Գրեթե կեսը (44.4%) ՔՀ-ում աշխատելու հնարավորությունները համարել է անբավարար։

Keywords: քրեակատարողական բժշկություն, քրեակատարողական հիմնարկներում կենսակերպ, ազատազրկում, բանտային ռեժիմ, քրեակատարողական հիմնարկներում ապրելու պայմաններ, դատապարտյալների սնվելու հարցեր