Ադենոմիոզի ախտորոշման ժամանակակից մոտեցումները. գրականության ակնարկ
ABSTRACT
Չնայած ադենոմիոզի լայն տարածվածությանը, թե՜ կլինիկական, թե՜ հիմնարար հետազոտությունները բախվում են դժվարությունների՝ պայմանավորված տերմինաբանության հակասականությամբ և ախտահարումների համընդհանուր ընդունված ստանդարտացված դասակարգման բացակայությամբ։ Բարձր
լուծունակությամբ պատկերագրման մեթոդների զարգացումը, մասնավորապես մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) և տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունը (ՏՎ ՈՒՁՀ), որոնք ցուցաբերել են ընդհանուր արդյունավետության համանման բարձր մակարդակ, կարևոր շրջադարձային կետ դարձան ադենոմիոզի ըմբռնման համար։ Ադենոմիոզի ուլտրաձայնային հատկանիշները արտացոլում են դրա հյուսվածաբանական առանձնահատկությունները։ ՏՎ ՈՒՁՀ-ն հնարավորություն է տալիս մանրազնին պատկերել էնդոմետրիումի, միացման գոտու և միոմետրիումի վիճակը։ Ադենոմիոզի ուլտրաձայնային պատկերները նկարագրելու համար անհրաժեշտ է օգտագործել MUSA (Morphological Uterus Sonographic Assessment) տերմիններն ու սահմանումները, որոնք մշակվել են 2015 թվականին առաջատար փորձագետների կողմից՝ միոմետրիումի ախտահարումների տերմինաբանությունը միավորելու նպատակով։ Ըստ Կոնսենսուսի՝ ադենոմիոզի ուլտրաձայնային ախտորոշման ժամանակ պետք է արձանագրել 7 պարամետր։ Էնդոմետրիումի և միոմետրիումի հետազոտությունը փորձագիտական մակարդակի ուլտրաձայնային սարքավորումների օգնությամբ հնարավորություն է տալիս հայտնաբերել ադենոմիոզը զարգացման ամենավաղ փուլերում, ինչը հիմք հանդիսացավ հայտարարելու, որ ՏՎ ՈՒՁՀ-ի միջոցով հնարավոր է մեծ ճշգրտությամբ ախտորոշել ադենոմիոզը առանց հյուսվածաբանական վավերացման։ ՈՒՁՀ-ով հայտնաբերվող տարբեր մորֆոլոգիական տիպերը կարող են արտացոլել հիվանդության զարգացման տարբեր փուլեր և տարբեր կլինիկական նշանակություն ունենալ՝ կապված ախտանշանների, բեղմնավորման ունակության, ծննդաբերական արդյունքների և բուժման հնարավորությունների հետ։