Armenian Journal of Health & Medical Sciences

Vaginismus as a cause of infertility

Sevada Hakobyan
National Institute of Health of Armenia, Department of Human Reproduction (Yerevan, Armenia)

Abstract

The analysis of the research allows us to conclude that there is a close relationship between sexual constitution and vaginismus. The lower the sexual constitution, the more pronounced depression and psychological and neurotic disorders, as a result of which the expression of vaginismus. In women with vaginismus, the experience of unsuccessful intercourse exacerbates their sexual problems and simultaneously affects the erectile function of their partners. It should be noted that in couples suffering from vaginism for a long time, which in sexology is also called virgin marriage, other disorders of sexual function are recorded, namely premature ejaculation, decreased or absent sexual desire, delayed or difficult ejaculation. In women with infertility, psychotic and neurotic disorders lead to impaired mental regulation of female sexual function. The fear, anxiety, mistrust, and expectation of failure recorded at that time can lead to a decrease or absence of a woman’s sexual desire and the arousal phase, lubrication disorder.

DOI 10.54235/27382737-2024.v4.2-25


Ներածություն

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում ամեն տարի արձանագրվում է շուրջ 2 մլն նոր ամուսնական զույգ՝ անպտղության խնդրով: Ներկայումս համարվում է ապացուցված, որ անպտղության դեպքերի մոտավորապես կեսում առկա է կանացի գործոն: Նաև ապացուցված է, որ տղամարդու անպտղության դեպքերի շուրջ 35 % պայմանավորված է սեռական ֆունկցիայի խանգարմամբ: Կանայք, որոնց սեռական ֆունկցիայի խանգարումը պատճառ է հանդիսանում անպտղության, համարում են իրենց խորապես դժբախտ: Ռեպրոդուկտիվ ֆունկցիայի և սեքսուալ խանգարումների փոխկապվածությունը է ժամանակակից կլինիկական և տեսական բժշկության ակտուալ խնդիներից է՝ համաշխարհային բժշկագիտության և պրակտիկ առողջապահության տեսանկյունից: Առավել տարածված խանգարումների թվին է դասվում վագինիզմը։ Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարւմների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները: Ըստ DSM IV-ի վագինիզմը (306.51) կրկնվող կամ մշտական վիճակ է, որի ժամանակ ոչ կամովի սպազմատիկ կծկվում է հեշտոցի արտաքին մեկ երրորդը՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Այն մեծ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ այլ հիվանդության առկայությամբ: Կնոջ վագինիզմի ազդեցությունը տղամարդու վերարտադրողական համակարգի հոգեսոմատիկ, ֆունկցիոնալ և սեքսուալ վիճակի վրա ուսումնասիրված է չափազանց անբավարար։

Հետազոտության նպատակը

Ուսումնասիրել ռեպրոդուկտիվ և սեքսուալ ֆունկցիաների ցուցանիշների փոխկապվածությունը վագինիզմով տառապող կանանց մոտ՝ անպտղության ժամանակ: Ուսումնասիրել վագինիզմով պայմանավորված անպտղության ժամանակ տղամարդկանց սեքսուալ և վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների միջև փոխկապվածությունը:

Հետազոտման նյութը եվ մեթոդները

Ելնելով պլանավորված հետազոտության նպատակներից և խնդիրներից՝ որպես դիզայն ընտրվել է կոհորտային հետազոտություն: Ընտրանքի ծավալի որոշումը ներկայացուցչական միջին արժեքներ ստանալու համար (նորմալ բաշխմամբ) հաշվարկվել է փորձնական ուսումնասիրությունից հետո՝ օգտագործելով հետևյալ բանաձևը (Maimulov V.G. et al., 1996; Valvachev N.I., Rimzha M.I., 1989): n = t²xδ²/Δ²,որտեղ n-ը պահանջվող ուսումնասիրությունների թիվն է. t – նորմալացված շեղում; δ – ստանդարտ շեղում; Δ – առավելագույն սխալանք: Հետազոտության արդյունքները ենթարկվել են մաթեմատիկական մշակման՝ վարիացիոն վիճակագրության մեթոդներով, օգտագործելով զուգորդված Ստյուդենտի t-թեստ և Պիրսոնի հարաբերակցության վերլուծություն (Maimulov V.G. et al., 1996; Sergienko V.I., Bondareva I.B., 2001): Ուսումնասիրության արդյունքների վիճակագրական մշակումն իրականացվել է Statistica SPSS-12.0 հավելվածի փաթեթի միջոցով: հետազոտության մեջ ընդգրկվել է 70 կին, որոնք դիմել են վագինիզմի և անպտղության գանգատով: Պացիենտների տարիքը եղել է 20-39 տարեկան: Բոլոր պացիենտները դիմելու պահին եղել են ամուսնացած, բացառությամբ 2-ի, որոնք գտնվել են քաղաքացիական ամուսնության մեջ: Նրանց սեռական կոնստիտուցիան որոշվել է վեկտորային սանդղակի համաձայն: Պացիենտներից շատ ցածր կոնստիտուցիա արձանագրվել է 4-ի մոտ (5.7%), թույլ՝ 34-ի (48.6%), միջինի թույլ տեսակը՝ 6-ի (8.6%), միջին՝ 22-ի (31.4%), միջինի ուժեղ տեսակը՝ 4-ի (5.7%): Ուժեղ սեռական կոնստիտուցիայով կանայք սույն հետազոտությունում չեն եղել: Բժիշկ սեքսոպաթոլոգին դիմելու նախաձեռնությունը մեծ մասամբ (72.9%) եղել է ամուսնուց: Բուժառուները բաշխտվել են 2 խմբերում՝ 1-ին խմբում այն 8 (11.4%) պացիենտներն էին, որոնք հենց հետազոտության սկզբում սեքսուալ ֆունկցիայի այլ խանգարումների պատճառով չեն կարողացել մտնել կոպուլյատիվ ցիկլի սկզբնական փուլի մեջ, 2-րդ խմբում՝ 62 (88.6%) հոգի, որոնք ի վիճակի էին մտնել սկզբնական փուլի մեջ: 1-ին խմբի 1 պացիենտի մոտ ի սկզբանե արձանագրվել էր սեռական ցանկության բացակայություն, 3-ի մոտ՝ սեռական գրգռման խանգարում, 2-ի մոտ՝ էրոգեն զգացողության խանգարում: Նրանց զուգընկերներին իրականացվել է էրեկտիլ ֆունկցիայի գնահատման միջազգային թեսթ՝ International Index of Erectile Function (IIEF) և արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. 1-ին խումբ՝ 12.87 միավոր, իսկ հարաբերության փորձից հետո՝ 10.75: 2-րդ խմբում՝ 14.26, իսկ հարաբերության փորձից հետո՝ 14.21: Երկու խմբերի ցուցանիշները համեմատելուց կարելի է նշել, որ 1-ին խմբի պացիենտների զուգընկերների IIEF ցուցանիշները արձանագրում են վիճակագրորեն նշանակալի (p<0.01) վատացում սեռական հարաբերության փորձից հետո, մինչդեռ 2-րդ խմբի ցուցանիշները սեռական հարաբերության փորձից առաջ և հետո միմյանցից չեն տարբերվել (p>0.05): Կարելի է ենթադրել, որ էրեկտիլ դիսֆունկցիան այդ ժամանակ ունեցել է փսիխոգեն ֆունկցիոնալ բնույթ, որը հրահրվել է անհաջող սեռական հարաբերությամբ: Փսիխոգեն գենեզը ակնհայտ է նաև, որ կապված է տևական անպտղության և կանոնավոր սեռական կյանքի բացակայության հետ: Սույն հետազոտության արդյունքները թույլ են տալիս արձանագրելու, որ վագինիզմով կանանց մոտ անհաջող սեռական հարաբերության փորձը խորացնում է նրանց սեքսուալ խնդիրները և միաժամանակ անդրադառնում նրանց զուգընկերների էրեկտիլ ֆունկցիայի վրա: Պետք է փաստել, որ տևական ժամանակով վագինիզմով տառապող զույգերի մոտ, ինչը սեքսոլոգիայում անվանվում է նաև կուսական ամուսնություն, արձանագրվում են սեքսուալ ֆունկցիայի այլ խանգարումներ, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում և բացակայություն, ուշացած կամ դժվարացած սերմնաժայթքում:

Վագինիզմով պայմանավորված անպտղության ժամանակ տղամարդկանց սեքսուալ եվ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների միջեվ փոխկապվածությունը

Մեր կողմից իրականացված հետազոտության ժամանակ առաջ քաշվեց մի գիտական վարկած, թե ինչպիսի ազդեցություն է ունենում վագինիզմի պատճառով անպտղությամբ տառապող ամուսնական զույգի մոտ տղամարդու սպերմոգրամի հետազոտությունը և դրա ցուցանիշների վերլուծությունը:
Այն տղամարդկանց մոտ, որոնց սպերմոգրամն արձանագրել է օլիգոսպերմիա 1-ին աստիճանի, IIEF ցուցանիշը եղել է 14.33 միավորլ: Օլիգոսպերմիա 2-րդ աստիճանի պարագայում IIEF ցուցանիշը եղել է 14.14 միավոր: Օլիգոզոոսպերմիա 3-րդ աստիճանի ժամանակ IIEF ցուցանիշը եղել է 11.28 միավոր:
IIEF ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ 1-ին և 2-րդ աստիճանի օլիգոզոոսպերմիաների ժամանակ IIEF ցուցանիշները գրեթե չեն տարբերվում միմյանցից (p>0.05), իսկ 3-րդ աստիճանի օլիգոզոոսպերմիայի ժամանակ տարբերությունը ակնհայտ է և վիճակագրորեն հավաստի, երբ համեմատում ենք 3-րդ աստիճանի օլօգոզոոսպերմիայի ցուցանիշները 1-ին և 2-րդ աստիճանի օլիգոզոոսպերիայի ցուցանիշների հետ (p<0.05):
Այսպիսի արդյունքներից կարելի է եզրակացնել, որ տղամարդու էրեկտիլ ֆունկցիայի ցուցանիշները զգալի կերպով կախված են սպերմոգրամի ցուցանիշներից: Կարելի է նաև եզրակացնել, որ բուժառուներին սպերմոգրամի ցուցանիշները հայտնելը նրանց մոտ առաջ է բերում տագնապային վիճակ և որպես հետևանք՝ էրեկտիլ ֆունկցիայի իջեցում:
Այս կանխավարկածի ստուգման համար մեր կողմից իրականացվեց երկրորդային վերլուծություն: Բոլոր պացիենտները բաժանվեցին 2 խմբի. 1-ին խումբը ներառեց 8 (11.4%) հոգի, որոնք առաջնային սպերմոգրամի իրականացումից հետո ախտաբանական ցուցանիշների արձանագրումից հետո ունեցան էրեկցիայի հետ կապված խնդիրներ և չկարողացան հանձնել սերմի կրկնակի հետազոտություն, 2-րդ խմբում 62 (88.6%), պացիենտ, որոնք կարողացան հանձնել սերմի կրկնակի անալիզ:
1 պացիենտի մոտ (12.5%) հանտնաբերվեց ասպերմիա, տեռատոզոոսպերմիա, օլիգոպոզիա, նեկրոզոոսպերմիա, 3 պացիենտի մոտ (37.5%) ասպերմիա, օլիգոպոզիա, օլիգոկինեզիա, 2 պացիենտի մոտ (25.0%) օլիգոզոոսպերմիա 3-րդ աստիճանի, տեռատոզոոսպերմիա, օլիգոկինեզիա, 2 պացիենտի մոտ (25.0%) օլիգոզոոսպերմիա 2-րդ աստիճանի, անիզոոսպերմիա, օլիգոպոզիա, օլիգոկինեզիա:
Այսպիսով 1-ին խմբի 8 պացիենտներից 6-ի մոտ (75%), որոնց մոտ ի սկզբանե արձանագրվել էին էրեկցիայի և օրգազմի ֆունկցիայի խանգարումներ, սպերմոգրամի ցուցանիշները ստացվեցին շատ ցածր, ընդհուպ ասպերմիա (4 պացիենտ՝ 50%): 1-ին խմբի պացիենտների IIEF միջին ցուցանիշը եղել է 12.87 միավոր, իսկ սպերմոգրամմայի ցուցանիշները հայտնելուց հետո՝ 10.75 միավոր: 2-րդ խմբի պացիենտների միջին ցուցանիշը 14.26 միավոր է, իսկ սպերմոգրամմայի արդյունքները հայտնելուց հետո՝ 14.21 միավոր:
1-ին և 2-րդ խմբերի IIEF արդյունքները համեմատելիս պետք է արձանագրել, որ 1-ին խմբի պացիենտների մոտ սպերմոգրամի ցուցանիշները հայտնելուց հետո ի հայտ եկավ IIEE միավորների վիճակագրորեն նշանակալի (p<0.01) վատթարացում, միևնույն ժամանակ 2-րդ խմբում IIEF ցուցանիշները էականորեն (p<0.05) չտարբերվեցին միմյանցից սպերմոգրամ հանձնելուց առաջ և հետո:
Կարելի է եզրակացնել, որ այս պարագայում էրեկտիլ դիսֆունկցիան կրում է ֆունկցիոնալ, հոգեբանական բնույթ և պայմանավորված է սպերմոգրամում ախտաբանական շեղումներով:
Անպտղությամբ կանանց մոտ փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումները հանգեցնում են սեքսուալ ֆունկցիայի հոգեկան կարգավորման խանգարման: Այդ ժամանակ արձանագրվող վախը, տագնապը, անվստահությունը, անհաջողության սպասումը կարող են հանգեցնել կնոջ սեռական ցանկության նվազման կամ բացակայության և գրգռման փուլի՝ լյուբրիկացիայի խանգարման: Նշված ոչ ադեկվատ հույզերը նեգատիվ կերպով (բացասաբար) են ազդում սեքսուալ ֆունկցիայի հոգեկան և նեյրոհումորալ կարգավորման վրա: Ինչպես նաև առկա է հակադարձ համեմատական կապ՝ վագինիզմ և կուսական ամուսնություն (վիրգոգամիա) ախտորոշումը պացիենտների մոտ խորացնում է տագնապային վիճակը, հանգեցնում փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումների խորացմանը և որպես հետևանք՝ անպտղության կայուն հաստատմանը: Զույգերը այս պաթոգեն բազմաթիվ գործոնների ազդեցության տակ հաճախ ընդհանրապես հրաժարվում են սեռական կյանքից, ինչը սեքսոլոգիայում բնորոշվում է որպես սեքսուալ ավերսիա:

Եզրակացություն

Մեր հետազոտության արդյունքները թույլ են տալիս արձանագրելու, որ վագինիզմով կանանց մոտ անհաջող սեռական հարաբերության փորձը խորացնում է նրանց սեքսուալ խնդիրները և միաժամանակ անդրադառնում նրանց զուգընկերների էրեկտիլ ֆունկցիայի վրա:
Վագինիզմով կանանց սեռական զուգընկերների էրեկտիլ ֆունկցիայի ցուցանիշները զգալի կերպով կախված են վերջիններիս սպերմոգրամի ցուցանիշներից, էրեկտիլ դիսֆունկցիան կրում է ֆունկցիոնալ, հոգեբանական բնույթ և պայմանավորված է սպերմոգրամում ախտաբանական շեղումներով:
Անպտղությամբ կանանց մոտ փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումները հանգեցնում են կանանց մոտ սեքսուալ ֆունկցիայի փսիխիկ խանգարման: Այդ ժամանակ արձանագրվող վախը, տագնապը, անվստահությունը, անհաջողության սպասումը կարող են հանգեցնել կնոջ սեռական ցանկության նվազման կամ բացակայության և գրգռման փուլի՝ լյուբրիկացիայի խանգարման:

Հետազոտության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ առկա է սերտ փոխկապակվածություն սեռական կոստիտուցիայի և վագինիզմի միջև: Որքան ցածր է սեռական կոնստիտուցիան, այնքան արտահայտված են ընկճախտը և հոգեբանական ու նևրոտիկ խանգարումները, որոնց հետևանքով նաև վագինիզմի արտահայտվածությունը: Վագինիզմով կանանց մոտ անհաջող սեռական հարաբերության փորձը խորացնում է նրանց սեքսուալ խնդիրները և միաժամանակ անդրադառնում նրանց զուգընկերների էրեկտիլ ֆունկցիայի վրա:

Գ­րա­կա­նու­թյան ցանկ

Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգում, կլինիկական նկարագրություն և ախտորոշման ցուցումներ.-Եր., Զանգակ-97, 2001.-264 էջ:
Ա.Հակոբյան, Ն.Ներսիսյան, Ա.Գրիգորյան և այլք. Կլինիկական սեքսոլոգիա: /-Երևան: Տիգրան Մեծ, 2006.-248 էջ:
Эдуард Амбарцумян. Экстракорпоральное оплoдотвoрение в деталях . Ереван 2024, Издательство Зангак. 496 стр.
Кришталь В.В., Григорян С.Р. Сексология. / Международная академия сексологии, 2002. -878
Евстратов А.В. Клинико-физиологическое обоснование комбинированного использования радонотерапии и акупунктуры в коррекции сексуальных расстройств при внутреннем эндометриозе у женщин репродуктивного периода. Автореф. Дис. канд. мед. наук. 14.00.51. 14.00.13. – 2003, 24 с.
Андрология. Мужское здоровье и дисфункция репродуктивной системы: пер. с англ./ под. ред. Э Нишлага, Г.М.Бере. – Москва: 000 “Медицинское информационное агентство”, 2005. – 554 с.
Григорян С.Р. Виргогамия как социопсихофизиологичный феномен нарушения сексуального здоровья (причины, механизмы развития, клиника, коррекция и профилактика): 14.01.16/Украинский институт усовершенствования врачей. – Харьков, 1997. – 48 с.
Рязанов А.В. Разработка комплекса средств коррекции и восстановления донозологических психофизиологических состояний и половых расстройств у летного состава гражданской авиации. Автореф. дис… канд. мед. наук./14.00.32. 14.00.51. – 2003, с 26.
Muthny F.A., Koch U. Kunftige Aufgabenfelder des Psychosomatikers bei chronischen korperlichen Erkrankungen. Psychoatiologischer Spurensucher oder Diener der Organmedizin. In: Speidel H, Straufi B. Zukunftsaufgaben der psychosomatischen Medizin. Springer, Berlin Heidelberg New York, 1989; pp 119-132.
Atfermann D. Androgynie. In: Schorr A. Handworterbuch der angewandten PsychoLogie. Die angewandte Psychotogie in Schlusselbegriffen. Deutscher Psychologen Verlag, Bonn, 1993; pp 15-17.