Թոքի քաղցկեղով հիվանդների նախաճառագայթային նախապատրաստումը ճառագայթային թերապիային. ժամանակակից մոտեցումները

Թոքի քաղցկեղով հիվանդների նախաճառագայթային նախապատրաստումը ճառագայթային թերապիային. ժամանակակից մոտեցումները

Լուսինե Մ. Մուրադյան, Պարույր Մ. Անտոնյան
Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք,Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան«ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ճառագայթային թերապիան (ՃԹ) թոքի քաղցկեղով (ԹՔ) հիվանդների 50-80%-ի բուժման հիմնական մեթոդն է, քանի որ նշված ախտաբանությամբ հիվանդների միայն 20-25%-ն է ենթարկվում վիրահատական միջամտության: Վաղ փուլում այս հանգամանքը պայմանավորված է հիվանդների «ֆունկցիոնալ» ոչ բավարար վիճակով կամ վիրահատության ենթարկվելու մերժումով, իսկ ուշացած փուլերում՝ ուռուցքի մեծ չափսերով և մետաստազների առկայությամբ: ՃԹ-ի նպատակն է ուռուցքային բջիջների վերացումը ճառագայթման բարձր չափաբաժինների կիրառմամբ՝ առավելագույնս պահպանելով առողջ հյուսվածքները: Վերոնշյալը հնարավոր է իրականացնել՝ կիրառելով բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ սարքավորումներ: Բուժման ճառագայթային մեթոդների կատարելագործումը կարելի է բնութագրել երկու հիմնական ասպեկտներով՝ ճառագայթման ծավալի փոքրացմամբ, ճառագայթվող հատվածից առավելագույնս բացառելով նորմալ հյուսվածքները, և ճառագայթման չափաբաժնի մեծացմամբ, որը կհանգեցնի ուռուցքի վնասմանը: Այս ամենին կարելի է հասնել կոնֆորմալ ճառագայթային թերապիայի (ԿՃԹ) կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի ճառագայթման դաշտ, որի եռաչափ ձևը և ներքին կառուցվածքը առավելագույնս համապատասխանում է հիվանդի մարմնում ճառագայթվող թիրախի ձևին և կառուցվածքին: ԿՃԹ-ի կիրառման ժամանակ ուռուցքին հարակից առողջ հյուսվածքներին բաժին ընկնող դոզան ցածր է լինում սահմանված հանդուրժելի մեծություններից: Ժամանակակից ՃԹ-ի առաջադեմ մեթոդներից է ճառագայթումը փնջի ինտենսիվության մոդուլացմամբ (Intensity-Modulated Radiation Therapy, IMRT), ստացված պատկերների կառավարմամբ (Image-Guided Radiation Therapy, IGRT), շնչառության սինքրոնացմամբ և ճառագայթող փնջի շեղումների կարգավորմամբ: ԹՔ-ով հիվանդների բուժման նախաճառագայթային փուլը ծավալուն, համալիր գործողությունների շարք է, որը ներառում է ուռուցքի և ուռուցքին հարակից հյուսվածքների անատոմատեղագրական տեղեկատվության ստացում, ճառագայթման աղբյուրի և պայմանների ընտրություն, անատոմատեղագրական պատկերների ներբեռնում պլանավորման համակարգ, վիրտուալ սիմուլյացիայի նպատակով ծավալային պլանավորման ծրագրերի ստեղծում, նախօրոք ընտրված ճառագայթման մեթոդի և պայմանների գործնական իրացում, ինչպես նաև նախաճառագայթային փուլերի որակի հսկողություն: Այսպիսով, ԹՔ-ով հիվանդների կլինիկական տոպոմետրիայի (տեղաչափության) մեթոդների օպտիմալացումը նախաճառագայթային փուլում՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումների և նորագույն մեթոդների կիրառմամբ, ապահովելով ախտաբանական օջախում ճառագայթման էներգիայի տարածական-դոզիմետրիկ ճշգրիտ բաշխումը՝ նպաստում է ծանր ուռուցքային ախտաբանությամբ հիվանդների բուժման հետագա առաջընթացին:

Keywords: նախաճառագայթային նախապատրաստում, թոքի քաղցկեղ, կոնֆորմալ ճառագայթային թերապիա, IMRT, IGRT, շնաչառության սինքրոնացում