Ադյուվանտ ռադիոթերապիայի ցուցումները կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. 2021–2022թթ. hայկական կոնսենսուսի արդյունքները

Ադյուվանտ ռադիոթերապիայի ցուցումները կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. 2021–2022թթ. hայկական կոնսենսուսի արդյունքները

Ներսես Քարամյան1,2, Վահե Տեր-Մինասյան2
1 «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ԲԿ, Երևան, Հայաստան,2 Ուռուցքաբանության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
ABSTRACT

Ճառագայթաբուժությունը (ռադիոթերապիան), որպես համալիր բուժման բաղադրիչ, էական դեր է կատարում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ՝ հիվանդության գրեթե բոլոր փուլերում: Սակայն, չնայած բազմաթիվ միջազգային ուղեցույցների և կլինիկական գործելակարգերի (պրոտոկոլների) առկայությանը, Հայաստանում մինչ այժմ գոյություն չունի միահամուռ մոտեցում ճառագայթային բուժման ուղեգրող ուռուցքաբան մասնագետների (վիրաբույժների և բժշկական ուռուցքաբանների) միջև: Մեր հաշվարկների համաձայն՝ Հայաստանում տարբեր պատճառներով չեն ստանում ցուցված ռադիոթերապիան ավելի քան 100 առաջնային հիվանդ տարեկան: Այդպիսի իրավիճակի ստեղծման հիմնական պատճառը հաստատված ազգային կլինիկական պրոտոկոլների բացակայությունն է, որոնք պարտադիր կլինեին պետության կողմից արտոնագրված ուռուցքաբանական բոլոր հաստատությունների համար: Նման դեպքերում կարևոր դեր պետք է խաղան տարբեր մասնագիտական ասոցիացիաները կամ նախաձեռնող խմբերը, որոնք կոչված կլինեն ապահովել բուժման միաձև մոտեցումներ ազգային մակարդակով: Այդ առումով հարմար ձևաչափ է հանդիսանում փոքր աշխատանքային խմբերի ստեղծումը, բաղկացած տվյալ ասպարեզում առաջատար մասնագետներից, որոնք կարող են հասնել կոնսենսուսի խնդրո առարկայի շուրջ:
Այդ նպատակով, 2021թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ մամոլոգիայի և ճառագայթային ուռուցքաբանության փորձագետների աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում մշակվեցին կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ վիրահատությունից և դեղորայքային բուժումից ռադիոթերապիայի նշանակման ընդհանուր սկզբունքները և միասնական մոտեցումները: Տվյալ աշխատանքում ներկայացված են հիմնական եզրակացությունները՝ ձեռք բերված քննարկման ընթացքում կոնսենսուսի ձևաչափով: Ենթադրվում է, որ նշված եզրակացությունները կծառայեն որպես պարտադիր հանձնարարականներ Հայաստանի բոլոր այն բժշկական կենտրոնների համար, որոնք զբաղվում են կրծքագեղձի քաղցկեղի բուժմամբ:

Keywords: Ադյուվանտ ռադիոթերապիա, կրծքագեղձի քաղցկեղ, ցուցումներ, կոնսենսուս