Армянский журнал здравоохранения и медицинских наук

Артур Хачикян

Արթուր Խաչիկյանը ծնվել է 1977թ. հոկտեմբերի 27-ին։ Անցել է նեյրովիրաբույժի մասնագիտության ձեռք բերման երկարատև և բարդ ուղի։ Մասնակցել է մասնագիտական տարաբնույթ դասընթացների և վերապատրաստումների հայաստանյան ու արտասահմանյան առաջատար կրթական և բժշկական կառույցներում (ԱՄՆ, Ավստրիա, Ռուսաստան և այլն)։
2013թ. պաշտպանել է գիտական թեզ՝ «Ողնաշարային խողովակի պարանոցային և գոտկային հատվածների կենտրոնական ստենոզի վիրահատական բուժում» թեմայով և արժանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։
2018թ.-ից ստանձնել է «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժության բաժանմունքի վարչի պաշտոնը։
2020թ. հանձն է առել կրթական առաքելություն՝ դառնալով ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի դասախոս ու նեյրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայի ծրագրի ղեկավար։
Անդամակցել է տեղական, ամերիկյան և եվրոպական նեյրովիրաբուժական ասոցիացիաների։ Նեյրովիրաբուժության ոլորտում բազմաթիվ հոդվածների հեղինակ և համահեղինակ էր։
ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնում աշխատելու անգամ այդքան կարճ ժամանակահատվածում իր անփոխարինելի ներդրումն է ունեցել նեյրովիրաբուժության մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի ծրագրի կայացման և տարաբնույթ գիտակրթական ակտիվությունների իրականացման գործում՝ դասախոսություններ, թեմատիկ քննարկումներ, պրակտիկ պարապմունքներ և այլն։ Համագործակցել է արտասահմանյան հայ և այլազգի նյարդավիրաբույժ և հարակից մասնագիտությամբ գործընկերների հետ, ինչի արդյունքում կառուցվել են նոր հարաբերություններ՝ նպաստելով փորձի փոխանակման, հարստացման և ամբիոնում ուսումնամասնագիտական գործունեության առավել արդյունավետ իրականացմանը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատանքային և անձնային ուրույն ձեռագիրն է փոխանցել գործընկերներին և կլինիկական օրդինատորներին՝ բորբոքելով նրանց մեջ մասնագիտական բարձր բարոյական արժեքների կարևորության զգացումը։
Մասնագիտական գործունեության ընթացքում վայելել է սեր ու հարգանք իր գործընկերների և պացիենտների կողմից։ Կորստի վիշտը անջնջելի է, և մեր սիրելի գործընկերն ընդմիշտ կմնա մեր սրտերում որպես վառ, իր ընտանիքին ու մասնագիտությանը նվիրված, բարձր մարդկային արժեքներով օժտված, հրաշալի անձնավորություն։

DOI:10.54235/27382737-2021.v1.2-69