Կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտաբանությունների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած բուժառուների համեմատական բնութագիրը
ABSTRACT
Ներածություն. Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքների բուժման ժամանակ ճառագայթային թերապիայի (ՃԹ) կիրառման օպտիմալ մակարդակը տարբեր երկրներում տատանվում է 80-92% սահմաններում։ Չնայած բոլոր ուղղություններով վերջին տասնամյակներում արձանագրված հաջողություններին` ԿՆՀ ուռուցքների ելքի կանխատեսումը շատ դեպքերում մնում է հոռետեսական։
Նպատակ. Ներկայացնել ԿՆՀ տարբեր ուռուցքների կապակցությամբ ՃԹ ստացած բուժառուների համեմատական վերլուծություն:
Նյութեր և մեթոդներ. Տվյալ հետազոտության մեջ ընդգրկվել են ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում 2014-2023 թթ. և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության կլինիկայում 2018-2023 թթ. ԿՆՀ ուռուցքների կապակցությամբ հեռահար ՃԹ ստացած հիվանդները։ Հետազոտության չափորոշիչներին չբավարարող հիվանդներին բացառելուց հետո վերջնական վերլուծության մեջ մնացել է 294 բուժառու (18-84 տարեկան, միջնակ տարիքը՝ 54.5 տարեկան), որոնցից 227-ն (77.2%) ունեցել է չարորակ, իսկ 67-ն (22.8%)՝ բարորակ ուռուցքներին բնորոշ բնութագրեր։ 246 (83.7%) հոգու մոտ ախտորոշումը հաստատվել է ախտահյուսվածաբանական քննությամբ, իսկ 48-ի (16.3%) ախտորոշումը հիմնվել է ճառագայթաբանական տվյալների վրա։ Ըստ ուռուցքի կլինիկահյուսվածաբանական բնութագրերի՝ առաջին տեղում եղել են գլիոբալստոմաները` 31.98% (n = 94), որոնք կազմել են բոլոր չարորակ ուռուցքների 41.4%-ը և գլիալ ծագմամբ ուռուցքների 45.6%-ը։ Հաջորդը եղել տարբեր աստիճանի չարորակության աստրոցիտոմաները՝ 25.14% (n = 74)։ Մենինգիոմաները կազմել են 15.98% (n = 47), որից 30 հիվանդի մոտ մենինգիոման եղել է բարորակ՝ կազմելով բոլոր բարորակ ուռուցքների 64.17%-ը։ Հիվանդները ըստ սեռի բաշխվել են գրեթե հավասարապես՝ 49.32% (n = 145) արական և 50.68% (n = 149) իգական սեռի։ Բոլոր հիվանդների մոտ Կարնոֆսկու միջնակ ցուցանիշը եղել է 80 միավոր (միջակայք` 50-90)։ Ըստ գլխուղեղում անատոմիական տեղակայման՝ ուռուցքներն ամենից հաճախ ախտահարել են քունքային բլթերը (n = 103, 35.03%), ուղեղապատյանները (n = 47, 15.99%) և ճակատային բլթերը (n = 43, 14.63%): Բարորակ ուռուցքների մեծ մասը՝ 43 հիվանդ (64.18%), տեղակայված է եղել ուղեղապատյաններում։
Արդյունքներ. Նախնական արդյունքների ուսումնասիրությունը հուսադրող է և չի զիջում համաշխարհային տվյալներին։ Սակայն արդյունքների վերջնական ամփոփումը նախատեսվում է բուժառուների առնվազն 1-ամյա հսկողությունից հետո՝ 2025 թվականին։ Ծրագրվում է հաշվարկել ընդհանուր ապրելիությունը, հիվանդությունից ազատ ապրելիությունը և առանց խորացման ապրելիությունը։
Եզրակացություն. Տվյալ հետազոտության վերջնանպատակն է օպտիմալացնել ԿՆՀ տարբեր ծագման ուռուցքների ճառագայթային բուժման մոտեցումները՝ հաշվի առնելով ուռուցքի հյուսվածաբանական բնութագրերը, ստացած բուժումը և կիրառված ՃԹ տեխնիկան։ Նաև ակնկալվում է, որ տվյալների ամփոփումից հետո ստացված արդյունքների հիման վրա կորոշվեն ռիսկի և կանխորոշիչ գործոններ՝ բուժման լավագույն մարտավարությունն ու եղանակն ընտրելու նպատակով, ինչը կներկայացվի մեթոդական ձեռնարկի տեսքով։
կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), ուռուցք, քաղցկեղ, ճառագայթային թերապիա