Օլիգոհիդրամնիոնը որպես ժամանակակից մանկաբարձության չլուծված խնդիր
ABSTRACT
Սակավաջրությունը (ՍՋ) ժամանակակից մանկաբարձության արդի խնդիր է: Սակավաջրության տարածվածությունը տատանվում է 1-ից 5%: Ամնիոտիկ հեղուկի (ԱՀ) առաջացման մեխանիզմները մնում են անհասկանալի։ Ներկայումս չկա հստակ կարծիք ՍՋ-ի գնահատման կլինիկական մեթոդների արդյունավետության վերաբերյալ: Սակավաջրության պատճառներ կարող են լինել՝ մայրական գործոնները (մոր ջրազրկում, հիպերտոնիա, պրեէկլամպսիա, արգանդ-պլացենտար անբավարարություն, քրոնիկ հիպոքսիա, հղիության շաքարային դիաբետ); որոշակի դեղամիջոցների ընդունում (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր); պլացենտար պատճառները; պտղային (պտղաթաղանթների վաղաժամ պատռվածք, քրոմոսոմային անոմալիաներ, միզասեռական համակարգի անոմալիաներ)։ Առանձնացվում են նաև իդիոպաթիկ կամ մեկուսացված սակավաջրություն՝ անհայտ էթիոլոգիայի։ Ներկա փուլում սակավաջրության բուժման ընդհանուր ընդունված մեթոդներ չկան։ Կատարվում են սակավաջրության բուժման մեթոդների որոնում՝ մայրական օրգանիզմի հիդրատացիա, ամնիոինֆուզիա, տրանսաբդոմինալ ամնիոցենտեզ և այլն։ Այսօր սակավաջրությունը շարունակում է մնալ արդի մանկաբարձական խնդիր, որը զգալիորեն ազդում է պերինատալ ելքերի վրա: Սակավաջրությունը և, մեծ մասամբ, ԱՀ-ի լիակատար բացակայությունը կապված են պտղի ներարգանդային արատների, պերինատալ և նորածնային հիվանդացության և մահացության հաճախականության հետ: Նշված տեսակետերը պահանջում են մեծ ուշադրություն և հետագա լայնածավալ հետազոտություն: