Ստամոքսի լապարոսկոպիկ երկայնակի մասնահատման և հետվիրահատական վարման մոդիֆիկացված և ստանդարտ եղանակների արդյունավետության գնահատում III աստիճանի ճարպակալմամբ տարեց հիվանդների մոտ. միակենտրոն ռանդոմացված կլինիկական հետազոտություն
ABSTRACT
Ներածություն. Ճարպակալումը նյութափոխանակության խանգարումների հետևանքով առաջացող բազմաբաղադրյալ հիվանդություն է, որը բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների, ինսուլինակայունությւան, աթերոգեն դիսլիպիդեմիայի, զարկերակային գերճնշման և այլ հիվանդությունների ռիսկը: Դրա տարածվածությունը կայուն աճի միտում ունի` կապված գիրության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքերի աճի հետ: Ստամոքսի լապարոսկոպիկ երկայնակի մասնահատումն (ՍԼԵՄ) իրեն դրսևորել է որպես քաշի կորստի անվտանգ, արդյունավետ և տեխնիկապես ոչ այդքան պահանջկոտ եղանակ՝ այս բարիատրիկ միջամտությունը հանրաճանաչ դարձնելով ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, այն միշտ չէ, որ ապահովում է ավելորդ քաշի և համակցված հիվանդությունների ցանկալի նվազում:
Նպատակը. Սույն միակենտրոն, առաջահայց, ռանդոմացված, «առաջ-հետո» հետազոտության նպատակն է եղել համեմատել մոդիֆիկացված (ՄՍԼԵՄ) և ստանդարտ (ՍՍԼԵՄ) ՍԼԵՄ-ի անվտանգությունն ու արդյունավետությունը III աստիճանի ճարպակալմամբ տարեց հիվանդների մոտ:
Մեթոդներ. Հետազոտությունն իրականացվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում (Երևան, Հայաստան) 2020 թ. փետրվարից մինչև 2022 թ. փետրվարն ընկած ժամանակահավածում: Ներառվել է 40-50 կգ/մ2 մարմնի զանգվածի ցուցիչով (ՄԶՑ) 50 տարեկանից բարձր 168 բուժառու, որոնց կատարվել է ՍՍԼԵՄ ավանդական հետվիրահատական խնամքով և ՄՍԼԵՄ անհատականացված հետվիրահատական վարմամբ։ Վիրահատական միջամտության արդյունավետությունը գնահատվել է հիվանդների ՄԶՑ և կյանքի որակի (Bariatric Analysis and Reporting Outcome System [BAROS]) չափման և համեմատման միջոցով՝ նախքան վիրահատությունը և վիրահատությունից 6 ու 24 ամիս հետո:
Արդյունքներ. Հետազոտությունը չի հայտնաբերել հավաստի միջխմբային տարբերություններ ՄԶՑ և BAROS-ի ցուցանիշների միջև՝ վիրահատությունից անմիջապես առաջ և դրանից 6 ամիս հետո: Կես տարի անց երկու խմբերում էլ հայտնաբերվել են ներխմբային հավաստի տարբերություններ՝ նախավիրահատական համապատասխան ցուցանիշների համեմատությամբ. ՄԶՑ մակարդակի նշանակալի նվազում և BAROS մակարդակի նշանակալի աճ: Ընդ որում, փոփոխություններն ավելի ցայտուն են եղել ՄՍԼԵՄ խմբում: Բուժումը սկսելուց 24 ամիս անց ՄԶՑ և BAROS-ի ցուցանիշների համեմատությունը բացահայտել է հավաստի ներխմբային փոփոխություններ, իսկ միջխմբային համեմատությամբ բացահայտվել են մակարդակների զգալի տարբերություններ երկու ցուցանիշների առումով հօգուտ ՄՍԼԵՄ խմբի:
Եզրակացություն. Այսպիսով, 50 տարեկանից բարձր և 40-50 կգ/մ2 ՄԶՑ-ով հիվանդների մոտ ՄՍԼԵՄ-ը կարող է արդյունավետ այլընտրանք լինել ՍՍԼԵՄ-ին՝ առաջինի՝ մարմնի քաշի նվազմանը և կյանքի որակի բարելավմանը միտված կայուն երկարաժամկետ ազդեցության շնորհիվ: