Թոքի քաղցկեղով հիվանդների նախաճառագայթային նախապատրաստումը ճառագայթային թերապիային. ժամանակակից մոտեցումները
ABSTRACT
Ճառագայթային թերապիան (ՃԹ) թոքի քաղցկեղով (ԹՔ) հիվանդների 50-80%-ի բուժման հիմնական մեթոդն է, քանի որ նշված ախտաբանությամբ հիվանդների միայն 20-25%-ն է ենթարկվում վիրահատական միջամտության: Վաղ փուլում այս հանգամանքը պայմանավորված է հիվանդների «ֆունկցիոնալ» ոչ բավարար վիճակով կամ վիրահատության ենթարկվելու մերժումով, իսկ ուշացած փուլերում՝ ուռուցքի մեծ չափսերով և մետաստազների առկայությամբ: ՃԹ-ի նպատակն է ուռուցքային բջիջների վերացումը ճառագայթման բարձր չափաբաժինների կիրառմամբ՝ առավելագույնս պահպանելով առողջ հյուսվածքները: Վերոնշյալը հնարավոր է իրականացնել՝ կիրառելով բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ սարքավորումներ: Բուժման ճառագայթային մեթոդների կատարելագործումը կարելի է բնութագրել երկու հիմնական ասպեկտներով՝ ճառագայթման ծավալի փոքրացմամբ, ճառագայթվող հատվածից առավելագույնս բացառելով նորմալ հյուսվածքները, և ճառագայթման չափաբաժնի մեծացմամբ, որը կհանգեցնի ուռուցքի վնասմանը: Այս ամենին կարելի է հասնել կոնֆորմալ ճառագայթային թերապիայի (ԿՃԹ) կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի ճառագայթման դաշտ, որի եռաչափ ձևը և ներքին կառուցվածքը առավելագույնս համապատասխանում է հիվանդի մարմնում ճառագայթվող թիրախի ձևին և կառուցվածքին: ԿՃԹ-ի կիրառման ժամանակ ուռուցքին հարակից առողջ հյուսվածքներին բաժին ընկնող դոզան ցածր է լինում սահմանված հանդուրժելի մեծություններից: Ժամանակակից ՃԹ-ի առաջադեմ մեթոդներից է ճառագայթումը փնջի ինտենսիվության մոդուլացմամբ (Intensity-Modulated Radiation Therapy, IMRT), ստացված պատկերների կառավարմամբ (Image-Guided Radiation Therapy, IGRT), շնչառության սինքրոնացմամբ և ճառագայթող փնջի շեղումների կարգավորմամբ: ԹՔ-ով հիվանդների բուժման նախաճառագայթային փուլը ծավալուն, համալիր գործողությունների շարք է, որը ներառում է ուռուցքի և ուռուցքին հարակից հյուսվածքների անատոմատեղագրական տեղեկատվության ստացում, ճառագայթման աղբյուրի և պայմանների ընտրություն, անատոմատեղագրական պատկերների ներբեռնում պլանավորման համակարգ, վիրտուալ սիմուլյացիայի նպատակով ծավալային պլանավորման ծրագրերի ստեղծում, նախօրոք ընտրված ճառագայթման մեթոդի և պայմանների գործնական իրացում, ինչպես նաև նախաճառագայթային փուլերի որակի հսկողություն: Այսպիսով, ԹՔ-ով հիվանդների կլինիկական տոպոմետրիայի (տեղաչափության) մեթոդների օպտիմալացումը նախաճառագայթային փուլում՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումների և նորագույն մեթոդների կիրառմամբ, ապահովելով ախտաբանական օջախում ճառագայթման էներգիայի տարածական-դոզիմետրիկ ճշգրիտ բաշխումը՝ նպաստում է ծանր ուռուցքային ախտաբանությամբ հիվանդների բուժման հետագա առաջընթացին: