ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Կատամենիալ պնևմոթորաքսն ամենայն հավանականությամբ կապված է էնդոմետրիոզի հետ: Էնդոմետրիոզն արգանդի էնդոմետրիալ շերտի (ներարգանդենու) էկտոպիկ տեղակայումն է արգանդից դուրս: Կրծքավանդակում հյուսվածքը կարող է տեղակայվել, ինչպես բուն թոքի պարենքիմում, այնպես էլ պլևրայի (թոքամզի) առպատային և ընդերային թերթիկների, ստոծանու, բրոնխների վրա:
Տերմինաբանություն
Թորակալ էնդոմետրիոզ տերմինն օգտագործվում է կրծքավանդակում հյուսվածաբանորեն հորմոնակտիվ էնդոմետրիալ հյուսվածք հայտնաբերելու դեպքում [1,2]:
Հավանական էնդոմետրիոզ. օգտագործվում է, երբ կրծքավանդակում հյուվածքաբանորեն էնդոմետրիալ շերտին մոտ հյուսվածք է հայտնաբերվում, բայց այն հորմոնակտիվ չէ [1,2]:
Կրծքային էնդոմետրիոզի համախտանիշ. օգտագործվում է, երբ բուժառուն դաշտանի ժամանակ ունենում է այնպիսի գանգատներ, ինչպիսիք են ցավերը կրծքավանդակում, արյունախխումը կամ հայտնաբերվում է պնևմոթորաքս, հեմոթորաքս [1,2]:
Կատամենիալ պնևմոթորաքս (դաշտանային, հուն. καταμένιος` ամենամսյա). օգտագործվում է ժամանակային համադրության դեպքում, այսինքն՝ պնևմոթորաքսն առաջանում է դաշտանի ժամանակ: Գրականության տվյալների համաձայն՝ այն կազմում է կանանց մոտ առաջացող պնևմոթորաքսի 25-30%-ը [1]:
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Աստղիկ բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքում 2022 թ. ախտորոշվել է կատամինեալ պնևմոթորաքսի 2, իսկ 2023 թ. առաջին 6 ամսում՝ 1 դեպք:
2022 թ. պացիենտները եղել են 46 և 38 տարեկան կանայք: Ընդունվելիս առաջին բուժառուն նշել է պարբերաբար ծագող ցավեր կրծքավանդակում դաշտանի ժամանակ՝ ռենտգենաբանորեն հաստատված պնևմոթորաքսի 2 դրվագով (նկար 1). սա երրորդ դրվագն էր՝ նվազագույն պնևմոթորաքսով, առանց դրենավորման անհրաժեշտության: Երկրորդ հիվանդն ընդունվելիս վերոնշյալ գանգատներից բացի նշել է նաև դժվարաշնչություն և հևոց:
Նկար 1. Հիվանդ 1. կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) աջակողմյան պնևմոթորաքսի պատկերով. բուլլաներ չեն վիզուալացվում
Երկու դեպքում էլ կատարվել է վիդեոթորակոսկոպիա, թոքերի ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, վիզուալացվել են ստոծանու բազմաթիվ դեֆեկտներ (նկար 2), կատարվել է ստոծանու մասնահատում գծային կարող-կտրող մեխանիկական ապարատներով:
Նկար 2. Ստոծանու բազմաթիվ դեֆեկտներ մկանային և ջլոնային հատվածների սահմանին ինչպես 1-ին (ա), այնպես էլ 2-րդ (բ) հիվանդի մոտ:
Հետվիրահատական շրջանում կատարված դինամիկ ռենտգենաբանական հետազոտություններով երկու դեպքում էլ թոքերն ամբողջ ծավալով բաց են եղել (նկար 3): Պացիենտները դուրս են գրվել բարելավումով: Հյուսվածաբանական հետազոտությամբ երկու դեպքում էլ նկարագրվել է մեզոթելիալ կիստային բնորոշ պատկեր, հորմոնակտիվ հյուսվածք չի հայտնաբերվել: Հիվանդության ռեցիդիվ չի դիտվել մինչ օրս:
Նկար 3. Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետզոտությունները դուրս գրվելիս. ինչպես 1-ին (ա), այնպես էլ երկրորդ (բ) կնոջ մոտ առկա է թոքերի ամբողջական ծավալի վերականգնում
2023 թ. դիմել է 43 տարեկան կին՝ գանգատվելով դաշտանի ժամանակ կրծքավանդակի շրջանի ցավերից և դժվարաշնչությունից: Անամնեզում՝ 2017 թ. որովայնի և աջ ձվարանի էնդոմետրիոզ, հյուսվածաբանորեն հորմոնակտիվ էնդոմետրիալ հյուսվածք, ինչի կապակցությամբ ստանում է Դիենոգեստ 2 մգ: 2021 թ. դեկտեմբեր ամսին առաջին անգամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությամբ վիզուլացվել է պնևմոթորաքս (նկար 4) և կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում: 2022 թ. ապրիլ (նկար 5) և հուլիս ամիսներին արձանագրվել է ռենտգենաբանորեն հաստատված պնևմոթորաքսի ևս 2 դրվագ: Հետազոտություններն իրականացվել էին Գերմանիայի տարբեր կլինիկաներում, սակայն վերջնական ախտորոշում չէր դրվել:
Նկար 4. Հիվանդ 3. կրծքավանդակի օրգանների ռենտգենագրություն (դեկտեմբեր, 2021 թ.)՝ աջակողմյան պնևմոթորաքս, օդի հաստությունը մոտ 2 սմ:
Նկար 5. Հիվանդ 3. կրծքավանդակի օրգանների ՀՇ (ապրիլ, 2022 թ.)՝ աջակողմյան պնևմոթորաքս, բուլլաներ չեն վիզուալացվում
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Կատամենիալ պնևմոթորաքսը համարվել է հազվադեպ հանդիպող պաթոլոգիա՝ 2.8-5.6% [3], ինչի պատճառով չի արժանացել պատշաճ ուշադրության, այդ թվում և Հայաստանում: Կատարված հետազոտությունների հիման վրա եկել են եզրակացության, որ այն հանդիսանում է կանանց սպոնտան (ինքնաբուխ) պնևմոթորաքսի մինչև 30%-ի պատճառը [2]: Աստղիկ բժշկական կենտրոնում ախտորոշված 3 դեպքում էլ պնևմոթորաքսը եղել է աջակողմյան, ինչը համապատասխանում է գրականության տվյալներին, որոնց համաձայն կատամենիալ պնևմոթորաքսը 88-100% դեպքերում լինում է աջակողմյան [4]: Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությամբ հնարավոր է վիզուալացնել միայն պնևմոթորաքսը, իսկ համակարգչային (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) հետազոտություններով՝ տեսնել նաև ստոծանու փոքր ֆենեստրացիաներրը «օդային պղպջակների» տեսքով [5]: ՀՇ հետազոտությամբ հնարավոր է վիզուալացնել էնդոբրոնխիալ էնդոմետրիոզը [10], թոքային հանգույցներ՝ 0.5-3 սմ չափերի, անհարթ եզրերով, հիմնականում աջակողմյան, որոնք կարող են փոփոխվել դինամիկայում ընդհուպ լրիվ անհետացում: Կլինիկորեն կարող է ընթանալ անախտանիշ կամ ուղեկցվել դաշտանի ժամանակ արյունախխումով և կրծքավանդակային ցավերով [7,8]: Սակայն ախտորոշման ոսկե ստանդարտը մնում է վիդեոթորակոսկոպիան [6], որը հնարավորություն է տալիս թոքամիզը, թոքը և ստոծանին գնահատել ad oculus, վիզուալացնել ստոծանու դեֆեկտները, կատարել վերջինիս մասնահատում, պլաստիկա կամ ամբողջականության վերականգնում, փոփոխված, կասկածելի հատվածներից բիոպսիա, բլեբեկտոմիա, վիրաբուժական կամ քիմիական պլևրոդեզ, մասնակի պլևրեկտոմիա: Հազվադեպ հանդիպող ախտանիշներից են ցավը իպսիլատերալ (նույն կողմի) կրծքում, ուսահոդում, ձեռքում, պարանոցում: Ցավի տեղակայումից ելնելով՝ երբեմն անհրաժեշտ է լինում տարբերակել սրտի իշեմիկ հիվանդությունից: Ստոծանու վնասումների պատճառով հազվադեպ հանդիպում է ստոծանիական ճողվածք [9]:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ելնելով միջազգային փորձից՝ կարելի է եզրակացնել, որ վերարտադրողական տարիքի կանանց մոտ պնևմոթորաքսների դեպքում հարկավոր է առաջին հերթին բացառել կատամենիալ պնևմոթորաքսը՝ ուշադրություն դարձնելով առաջին հերթին ստոծանուն:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Härkki P, Jokinen JJ, Salo JA, Sihvo E. Menstruation-related spontaneous pneumothorax and diaphragmatic endometriosis. Acta Obstet Gynecol Scand. 2010;89(9):1192-6
- Joseph J, Sahn SA. Thoracic endometriosis syndrome: new observations from an analysis of 110 cases. Am J Med. 1996;100(2):164-70
- Alifano M, Trisolini R, Cancellieri A, Regnard JF. Thoracic endometriosis: current knowledge. Ann Thorac Surg. 2006;81(2):761-9
- Bricelj K, Srpčič M, Ražem A, Snoj Ž. Catamenial pneumothorax since introduction of video-assisted thoracoscopic surgery: A systematic review. Wien Klin Wochenschr. 2017;129(19-20):717-26
- Rousset P, Rousset-Jablonski C, Alifano M et al. Thoracic endometriosis syndrome: CT and MRI features. Clin Radiol. 2014;69(3):323-30
- Korom S, Canyurt H, Missbach A et al. Catamenial pneumothorax revisited: clinical approach and systematic review of the literature. J Thorac Cardiovasc Surg. 2004;128(4):502-8
- Lee CH, Huang YC, Huang SF et al. Thoracic endometriosis: rare presentation as a solitary pulmonary nodule with eccentric cavitations. Thorax. 2009;64(10):919-20
- Alifano M, Trisolini R, Cancellieri A, Regnard JF. Thoracic endometriosis: current knowledge. Ann Thorac Surg. 2006;81(2):761-9
- Nezhat C, Main J, Paka C, Nezhat A, Beygui RE. Multidisciplinary treatment for thoracic and abdominopelvic endometriosis. JSLS. 2014;18(3):e2014.00312
- Puma F, Carloni A, Casucci G et al. Successful endoscopic Nd-YAG laser treatment of endobronchial endometriosis. Chest. 2003;124(3):1168-70