Armenian Journal of Health & Medical Sciences

Editors 1-1

Հարգելի՛ Ընթերցող,

Ուրախ ենք ողջունել քեզ «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսի» (ԱԲՀՀ) անդրանիկ համարի էջերին։ Հանդեսի նպատակն է դառնալ հայաստանյան առողջապահական և բժշկագիտական իրողության հայելին։ Այն նախատեսում է խթանել բժշկական գիտական աշխատանքների տպագրության ակտիվությունը ԱԱԻ ամբիոնների շրջանում, ընդհանրապես Հայաստանում, ինչպես նաև կծառայի միջազգային գիտական աշխատանքների արդյունքներն արտացոլելու համար։ Ներկայումս այն նախատեսված է որպես գրախոսվող եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պարբերական։

Հանդեսի հեռակա նպատակները շատ են, և դրանցից ամենակարևորը՝ դառնալ միջազգային ճանաչված գիտաբժշկական հանդես։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ դժվար ուղի ենք ընտրել և ինչպիսի բարձր նշաձող դրել, սակայն, ձգտելով գիտական հոդվածների հրատարակման բարձր ստանդարտի, վստահ ենք, որ կարևոր ու խիստ անհրաժեշտ գործ ենք անում մեր Հայրենիքի համար։ Նախատեսվում է հոդվածների շրջանառության առցանց համակարգի կիրառում և անաչառ գրախոսության բարձր մշակույթի ներարկում մեր բժշկագիտական դաշտ։ Հոդվածները կստանան DOI կոդավորում և ինտենսիվ աշխատանք կտարվի ինդեքսավորման տարբեր հարթակներում ԱԲՀՀ ներկայությունն ապահովելու ուղղությամբ։

Հանդեսում նախատեսվում է տպագրել ամենատարբեր տեսակի հոդվածներ՝ գրականության ակնարկներ, օրիգինալ գիտական աշխատանքներ, կարճ հոդվածներ, կլինիկական դեպքերի նկարագրություններ, խմբագրականներ, ուղեցույցներ, կարծիքներ և այլն։ Ինչպես հուշում է հանդեսի անվանումը, ԱԲՀՀ հիմնական ուղղվածություններն են կլինիկական բժշկությունը և առողջապահությունը։ Պատրաստ ենք տպագրել նաև փորձարարական գիտական աշխատանքներ, եթե դրանք հանդիսանում են տրանսլյացիոն գիտության օրինակներ և ունեն անմիջական նշանակություն կլինիկական գիտության համար։

Աշխատանքներ են տարվում միջազգային ներկայացուցչական խմբագրակազմ և գրախոսներ ունենալու համար։ Ուրախ ենք համագործակցել առաջատար հայաստանյան և արտասահմանյան մասնագետների հետ։ Միաժամանակ հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց մասնագիտական դաշտերում ունեն տպագրությունների և գրախոսությունների փորձ, որպեսզի օգնեն մեզ ապահովելու ստացվող հոդվածների բարձրորակ գրախոսություն։

Ապագա հեղինակներին տեղեկացնում ենք, որ հոդվածները կանցնեն պատշաճ գրախոսություն, ինչը կնպաստի նյութի ավելի լիարժեք ներկայացմանը և քննարկմանը, ինչպես նաև ԱԲՀՀ էջերում տեղ գտնող աշխատանքների ընդհանուր բարձր որակին։ Ինչ վերաբերում է հանդեսի առաջին համարին, ապա ասյտեղ հավաքվել է բավականին հետաքրքիր հոդվածների մի բույլ, որոնք հակիրճ կամփոփենք ստորև։

Հաշվի առնելով COVID-19 համավարակի համաշխարհային և տեղական չպակասող հրատապությունը՝ ընթերցողը՝ Հ.Միլիտոնյանի և համահեղինակների գրականության ակնարկի շնորհիվ հնարավորություն ունի ծանոթանալ COVID-19 համավարակի դեմ Հայաստանում առկա պատվաստանյութերին։ Պրոֆ. Է.Համբարձումյանը ներկայացնում է ժողովրդագրության հարցում շատ կարևոր վերարտադրողական ասպեկտի վերաբերյալ Հայաստանում ծառացած խնդիրները, իրավական խոչընդոտները՝ դրանք հաջողությամբ համեմատելով միջազգային փորձի հետ։

Սույն համարում տեղ է գտել նաև Ս.Խաչատրյանի և տեղացի ու առաջատար արտասահմանցի համահեղինակների կողմից ներկայացված մի կարևոր հոդված՝ նվիրված Հայաստանում քնի բժշկության առկա խնդիրներին և դրանց ապագա լուծումներին ու զարգացումներին։ Այն հանդիսանում է դիրքորոշում հաստատող հոդված, որն 2019թ. Հայաստանում անցկացված միջազգային կլոր-սեղան քննարկման ամփոփումն է և կարևոր ուղեցույց կծառայի Հայաստանում քնի բժշկության հետագա զարգացման հարցում։

Մենք միտված ենք լինելու ապագայում ևս հանդեսի ընթերցողին ներկայացնել ուղեցույցներ և նմանատիպ հոդվածներ, որոնք ուղղված են Հայաստանում տարբեր բժշկական և առողջապահական ոլորտների զարգացմանը, կազմակերպմանը և ստանդարտացմանը։

Ա.Հովսեփյանի հոդվածը վերաբերում է իրենց հետազոտական խմբի մի հետաքրքիր ուսումնասիրությանը, որով ցույց են տալիս, որ նույնիսկ համավարակի օրոք կարելի է հասնել կպչուն-սևեռուն խանգարման ուղեկից աղտոտման վախի բարելավման։ Տ.Աստվածատրյանը և համահեղինակները ներկայացրել են իրենց կլինիկայում տակոցուբո կարդիոմիոպաթիայի առաջին անգամ հանդիպած եզակի կլինիկական դեպքը: Կարդալով բուն հոդվածը՝ կիմանաք նաև, թե ինչ է նշանակում այդ յուրօրինակ ճապոնական բառը։

Իրենց կլինիկական փորձի ամփոփմամբ հանդես են գալիս վիրաբույժները։ Մասնավորապես, Հ.Ենոքյանը կիսվում է ռինոպլաստիկայում պյեզովիրաբուժության կիրառման հնարավորությունների սեփական փորձով, իսկ Կ.Պետրոսյանը և համահեղինակները ներակայացնում են վերջույթների և քթի դեֆորմացիաների շտկման յուրահատուկ կլինիկական դեպքեր։ Նշենք, որ հանդեսում նախատեսել ենք հատուկ բաժին՝ նվիրված հայաստանյան բժշկագիտության պատմական և մշակութային ասպեկտներին։ Այդ ավանդույթին սկիզբ է դնում այս համարում վերատպագրված՝ ԱԱԻ հիմնադիր, ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի հեղինակած հոդվածը, նվիրված կարդիոսպազմի ժամանակ էզոֆագոֆունդոանաստոմոզի վիրահատության բարդություններին։ Նշենք, որ այն վերցված է ԱԱԻ կամ այն ժամանակ Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի աշխատանքների հանդեսի 1965թ. լույս տեսած անդրանիկ համարից։ Խորապես համոզված ենք, որ հիշելով և գնահատելով մեր մեծերին, մեր անցյալն ու պատմական փաստերը՝ ավելի լավ կկարողանանք արժևորել ներկան և նախանշել ապագային միտված քայլերը։

Հավատացած ենք, որ այս նախաձեռնությունը կունենա մեծ ապագա և կխթանի հայաստանյան բժշկագիտության կոնսոլիդացիան ու զարգացումը։ Մաղթում ենք հաճելի և օգտավետ ընթերցում։

Դավիթ Աբրահամյան

ԱԲՀՀ գլխավոր համախմբագիր

Սամսոն Խաչատրյան

ԱԲՀՀ գլխավոր համախմբագիր