DOI: 10.54235/27382737-2024.v4.1-8
EDITORIAL
Հետաքրքրությամբ կարդացինք Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի հայցորդ Արմինե Իսկաջյանի հեղինակած «Սոցիալական ցանցերից կախվածության և ագրեսիվ վարքի փոխհարաբերակցությունը» հոդվածը [1]:
Միանշանակ համամիտ ենք հեղինակի հետ, որ իրոք, Համացանցը, ինչպես գրեթե ցանկացած միջոց, բոլորիս առօրյայում և մարդկության համար խիստ օգտակար գործիք լինելուն զուգահեռ կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, որոնցից թերևս ամենատարածվածը համացանցային կախվածությունն է: Խնդիրն ավելի սուր ու հրատապ է լինում, երբ խոսքը գնում է երեխաների և դեռահասների մասին, երբ այդ տարիքի, դեռևս չձևավորված անհատականությամբ անձինք բախվում են «համաշխարհային սարդոստայնից» եկող ու մեծամասամբ չզտվող տարատեսակ տեղեկատվության և լուրերի հետ: Այդ առումով հատկապես կարևոր է ուսումնասիրել ներկայումս մեծ համբավ վայելող սոցիալական ցանցերի դերը ապագա չափահասների՝ մեր պետության ապագա լիիրավ անդամների կյանքում և դրանց ներգործությունը նրանց հոգեկան առողջության վրա, ինչն էլ հանձն է առել իր ուսումնասիրության մեջ Ա. Իսկաջյանը:
Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը և այն մեր հանդեսի այս համարում գոհունակությամբ տպելով հանդերձ՝ այնու-
ամենայնիվ այս խմբագրականի շրջանակներում կցանկանայիք որոշ նկատառումներ բարձրաձայնել նրա մեթոդաբանական մոտեցումների առումով, որոնք, հուսով ենք հաշվի կառնվեն իր հետագա աշխատանքներում և ավելի արժեքավոր ու հավաստի արդյունքների կհանգեցնեն:
Մասնավորապես, հետազոտության խումբ հանդիսացող անձինք եղել են միայն մեկ բնակավայրից՝ մայրաքաղաք Երևանից: Մինչդեռ Հայաստանի մակարդակով ավելի ընդհանրական պատկերացում կազմելու և գյուղ-շրջան-քաղաք հնարավոր տարբերություններն ի հայտ բերելու առումով ավելի ճիշտ կլիներ ներառել առնվազն 3 խումբ՝ մեկը Երևանից, մյուսը որևէ այլ քաղաքից, երրորդն էլ որևէ գյուղից:
Նաև աչքի զարնեց այն փաստը, որ հարցումների մեջ ընգրկված աղջիկներն ավելի շատ էին, քան տղաները: Դա այնքան էլ չի արտացոլում տվյալ տարիքային խմբում սեռային բաշխվածությունը: Ըստ վիճակագրական տվյալների, «10-19 տարեկան» տարիքային խմբում գերակշռում է արական սեռը (մոտ 1.14 անգամ): Այսինքն, 90 աղջկան պետք է բաժին ընկներ առնվազն 100 տղա, կամ 75 տղային՝ մոտ 65 աղջիկ [2]:
Մեկ այլ կարևոր հարց է հետազոտության էթիկ կողմը: Արդյո՞ք հարցվողները (և նրանց ծնողները, քանի որ մասնակիցներն անչափահաս են) տվել են այս հետազոտությանը մասնակցելու գրավոր իրազեկ համաձայնություն: Ինչպես հայտնի է, հետազոտությունների անցկացման միջազգային կանոնների համաձայն՝ հետազոտությանը մասնակցելուց առաջ մասնակիցը պետք է ստորագրի իրազեկ համաձայնության ձևաթուղթ, որում պետք է մանրամասնորեն ներկայացվի տվյալ հետազոտության նպատակը, դրան մասնակցելու հնարավոր ռիսկերն ու օգուտները: Իսկ անչափահասի ներգրավման դեպքում նրանից բացի պետք է ստորագրի նաև նրա ծնողներից մեկը կամ օրինական խնամակալը [3]: Թեև հետազոտությունն իրենից ներկայացրել է «լոկ հարցում», այնուամենայնիվ այն պետք է հետևի միջազգային և ՀՀ-ում ընդունված նորմերին:
Եվ վերջին նկատառումը վերաբերում է հետազոտության մեջ կիրառված թեստին ու հարցաշարին: Առաջին թեստի («Համացանցային կախվածության թեստ») բնօրինակն անգլերեն է (Internet Addiction Test, IAT): Սույն հետազոտության ժամանակ Ա. Իսկաջյանը կիրառել է IAT-ի հայերեն թարգմանությունը: Սակայն այդ հայերեն տարբերակը դեռևս չի անցել հատուկ միջմշակութային հարմարեցում և վալիդացում, ինչպես դա արվել է, օրինակ, խորվաթերեն [4] կամ թամիլերեն [5] թարգմանությունների համար: Նույնը վերաբերում է նաև Իլյինի-Կովալյովի «Անձնային ագրեսիվություն և կոնֆլիկտայնություն» մեթոդիկային (Методика «Личностная агрессивность и конфликтность»), որը հեղինակներն ի սկզբանե ստեղծել-մշակել են ռուսերենով՝ ռուսախոս բնակչության համար [6]: Ուստի Ա. Իսկաջյանին առաջարկում ենք պաշտոնական թույլտվություն ստանալ վերոնշյալ հարցաշարերի հեղինակներից և կատարել դրանց հայերեն տարբերակների միջմշակութային հարմարեցում, որպեսզի հնարավոր լինի և իրավունք ունենանք դրանք կիրառել նաև հայախոս բնակչության շրջանում:
Բացի դրանից, IAT-ը Ք. Յանգի կողմից մշակվել է 1998 թ. գերազանցապես չափահասների մոտ համացանցային կախվածությունը գնահատելու համար: Հետագայում (2014 թ.) այն ձևափոխվել-պարզեցվել է՝ ստեղծելով «Internet Addiction Test-Adolescence (IAT-A)», որի ձևակերպումներն ավելի հարմար ու հասկանալի են դեռահասներին [7]: Ուստի, այդ տարիքային խմբի համար թերևս ավելի նպատակահարմար կլինի հայերեն թարգմանել ու վալիդացնել նաև IAT-ի այս վերանայված տարբերակը:
Ամփոփելով՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել Արմինե Իսկաջյանի իրականացրած աշխատանքի արդիականությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ ստացված արդյունքները կստիպեն պատկան մարմիններին և հասարակական կազմակերպություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Համացանցի և մասնավորապես սոցցանցերի բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ:
բ.գ.թ., դոցենտ Դավիթ Աբրահամյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Հայ բժշկագիրների ասոցիացիա
բ.գ.թ. Սամսոն Խաչատրյան
Գլխավոր համախմբագիր, Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
Հիմնադիր նախագահ, Քնի խանգարումների հայկական ասոցիացիա
ՀՂՈՒՄՆԵՐ
- Իսկաջյան Ա. Սոցիալական ցանցերից կախվածության և ագրեսիվ վարքի փոխհարաբերակցությունը: ԱԲՀՀ. 2024;4(I):65-72
- Հայաստանի վիճակագրական տարեգիրք. Available at: https://armstat.am/file/doc/99526823.pdf – Accessed: May 28, 2024
- Հելսինկիի հռչակագիր. Available at: https://hy.wikipedia.org/wiki/Հելսինկիի_հռչակագիր – Accessed: May 28, 2024
- Černja I, Vejmelka L, Rajter M. Internet addiction test: Croatian preliminary study. BMC Psychiatry. 2019;19(1):388
- Ariyadasa G, De Silva C, Gamagedara N, Ambagahawita A. Adaptation, translation, and validation of internet addiction test (iat) to detect internet addiction disorder among 15-19-year-old adolescents in Colombo District, Sri Lanka. Am J Interdiscipl Res Innov. 2023;1(3):24-33
- Ильин ЕП, Ковалев ПА. Методика «Личностная агрессивность и конфликтность». Available at: http://vashpsixolog.ru/psychodiagnostic-school-psychologist/69-diagnosisemotional-and-the-personal-sphere/565-method-of-personal-aggression-and-conflict-ilin-andkovalev – Accessed: May 28, 2024
- Internet Addiction Test-Adolescence (IAT-A). Available at: https://emerge.ucsd.edu/r_6xqudtqqkitelhr/#:~:text=The%20Internet%20Addiction%20Test%2DAdolescence,%2C%20sleeping%20patterns%2C%20and%20feelings. – Accessed: May 28, 2024